RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021



Տեղադրվել է` 2021-02-12 22:06:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2165, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԻՇԻ ԴԺՈԽՔԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԴՐԱԽՏՆ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերն էլ չհակառակվեցին իմքայլականների ու նրանց առաջնորդի հայտարարությանը: Ասել է թե արտահերթ ընտրությունների էջը պատռեցինք-գցեցինք մի կողմ ու շարունակում ենք ապրել Փաշինյանի նախանշած զրոյական կետից: Իշխանությունը գոհ է, ընդդիմությունըՙ նույնպես, կարծես թե ամեն օր գլխներիս թափվող դժոխքին վարժվում ենք, քաղաքական վերնախավը կա՛մ խղճում-կարեկցում է պատառ-պատառ եղած երկրին, կա՛մ շրթունքները լպստելով սպասում, թե երբ է կտակը բացվելու, որ իմնանանՙ ում, ինչ ժառանգություն է բաժին հասել:

Ամիսներ առաջ նույն ընդդիմությունը բողոքի ցույցերի, ելույթների ժամանակ ու ֆեյսբուքյան գրառումներում բացահայտ ու տողատակերով հաթաթա էր տալիսՙ պետք է ժամ առաջ ազատվել դավաճանից ու նրա թիմից, նոր «Նեմեսիս» է լինելու, գտնվելու է մի տղամարդ, որ վերջ դնի ազգային խայտառակությանըՙ պետական դավաճանից վրեժ լուծի եւ այլն, եւ այլն: Գեղարվեստական արտահայտչամիջոցներով հագեցած վերամբարձ խոսքերի ու արդարության պահանջի, դավաճանին պատժելու կոչերի ու հորդորների պակաս այս ամիսների ընթացքում չենք զգացել: Անհնազանդության ակցիաների ավանադական վերջաբանը բերման ենթարկվելն ու մի քանի ժամից ազատ արձակվելն էր. ու այդպես մի քանի ամիս, մինչեւ որ եկավ սպասված հանդուրժողականության ու անպտուղ պայքարից հրաժարվելու հոգեբանական հանգրվանի ժամանակը, այսինքնՙ այսօրը: Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից ոչ մի արտառոց բան չի կատարվել: Ամեն ինչ ընթացել ու ընթանում է ՙ ըստ ծրագրվածի, ըստ կոնսենսուսի: Եվ դրա հերթական ապացույցն արտահերթ ընտրություններից հրաժարվելուՙ ըստ սցենարիՙ լուռ համաձայնությունն էր: Անգամ այդտեղ բոլորըՙ դիմություն, թե ընդդիմություն, վատ խաղացին, գոնե ձեւական ջղաձգումներ ու ճղճղոցներ չեղան:

Չենք տեսնում, բայց զգում ենք. բոլորին խաղաթղթերը նախօրոք են բաժանված, խաղաթղթերի վրաՙ դերերի անուններ, իսկ սեղանինՙ սցենարական պլանն է, իշխանությունների սիրելի բառապաշար ու օրակարգ ներմուծված ճանապարհային քարտեզը: Սցենարական պլանը մշակված է ըստ գերագույն ծրագրիՙ ամեն գնով երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Գործող անձանցից յուրաքանչյուրին բաշխված է դերՙ ըստ դերասանական շնորհքի ու ծառայություններ մատուցելու ընդունակությունների:

Մեկը հացադուլ է հանձն առել, մյուսըՙ վրանների տակ գիշերակացով «պայքարը», երրորդըՙ Փաշինյանին քրեական պատասխանտվության ենթարկելու փաստահավաք գործունեությունը, չորրորդն ապահովում է Փաշինյանի քաղաքական երկարակեցությունըՙ ռեքվիեմային ազդանշաններով: Բոլորն անխտիր իրենց դերակատարումն ունեն. կան գլխավոր ու երկրորդական դերակատարներ: Դերերի հերթականությունը սահմանող կոճակը Կրեմլում է: Հենց գալիս է գլխավոր դերակատարների պրոֆեսիոնալ խաղի հերթը, հանրության բնազդները սրվում են, իսկ կառավարությունում սպասում են. հենց որ հանրությունը դրամատիզմով հագեցած պրոֆեսիոնալ խաղը մարսելու նշաններ ցույց տա, անմիջապես ետնաբեմից արձագանքենՙ հը՜, հո չե՞ք ուզում, որ նախկին կյանքը վերադառնա:

Սգո պսակները վիզը գցած ժողովուրդն է՛լ ուժ չունի, Եռաբլուրից անտիկ ողբերգությունների, դանթեական հառաչներ են հնչում, ժամանակակից քաղաքական տրագիկոմեդիաներն էժանագին աթոռակռիվ տվողների համար են արժեք ներկայացնում, բայց ոչ մի ամբողջ սերունդ մատաղ արած ժողովրդի: Դրա համար էլ երբ իմքայլականները ժողովրդի անունից խոսեցին ու ասացին, թե լայն զանգվածների շրջանում ընտրությունների պահանջ չկա, հանրությունը չընդդիմացավ, չբողոքեցՙ էդ ո՞ւմ անունից եք խոսում ախր, դուք մեզ հարցրե՞լ եքՙ ընտրություներ ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Չընդդիմացան, որովհետեւ ժողովուրդն ընտրազանգվածից վերածվել է արնաքամ, ծվեն-ծվեն եղած, որդի կորցրած հավաքական մոր կերպարի, որը չի վերագտնում ապրելու իմաստը: Որդու հետ նրա պորտալարը կտրվել է, կտրվել է բիրտ, դաժան կերպով, պորտալարի հետ կտրվել են նաեւ կյանքին կապող թելերն ու իմաստավորված հանգույցները:

Գրողի ծոցը գնացեք բոլորդՙ անխտիր: Պորտալարը կտրել եք, ձեր սեւ գործն արել-պրծել եք, գոնե հիմա ծորացող արյունը մի՛ ծաղրեք, մի՛ պղծեք հազարավոր կորսված որդիների հիշատակը: Դուք մեծ-մեծ խոսում ու նկարահանվում եք, ձեր թանկ շորուկոշիկը ցույց տալիս, դրամատիկ ժեստերով «իմաստավորված» ձեր դեմքերը տեղադրում հեռուստաէկրանների շրջանակների մեջ ու անկոչ հյուրի պես մտնում նահատակված տղաների սգավոր տները:

Իսկ նրանք մի կարգին լուսանկար էլ չունեն, տեսանկարահանված մի կարգին կադր էլ չունեն. նրանք անգամ «Վերջին զանգ» չունեցան, անգամ չհասցրին սիրած աղջիկա ձեռք բռնել, մի կարգին շորուկոշիկ մաշել, ուսանողական նստարանին նստել, ուսանողական տոմս էլ չունեցան:

Դուք թույն եք լցնում նրանց մայրերի արցունքի ծովի մեջ, անարգում եք Եռաբլուրը:

Դուք ձեր կյանքում ամեն ինչ հասցրել եք ունենալ, բազմապատկել ու հազարապատկել, հասցրել եք զգալ կյանքի հաճույքները, կյանքի փոփոխականության վրա հիմնված ձեր բարգավաճումն ու ճկունության վարպետությունը: Դուք հասցրել եք զգալ ձեր անգերազանցելիությունը:

Նրանք միայն ընդհատված կյանքեր չեն, նրանք չասված սիրո խոսքեր են, չկայացած հարսանիքներ, չկարդացած գրքեր, չստացած դիպլոմներ, չկազմված ընտանիքներ, չծնված երեխաներ: Նրանք չապրած, ոչնչացված, անարգված, պղծված կյանքներ են: Ու դո՛ւք եք մեղավոր, բոլորդՙ անխտիր: Դուք ամենավերջին հանցագործն ու եղկելի երեխայասպանն եք: Դուք ուրիշի դժոխքի վրա ձեր դրախտն եք ստեղծում հենց հիմա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ