RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2612, Տպվել է` 135, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԴԱՏԱՐԿ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

19-ամյա ժամկետային զինծառող Իսրայել Ակինյանը Ջաբրայիլում թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է հոկտեմբերի 2-ին, մի քանի օրով տեղափոխվել Երեւանՙ իբր բուժում ստանալու, բայց այդպես անշարժացած, վիրավոր ձեռքով էլ նորից ուղարկվել Ջաբրայիլՙ դարձյալ մասնակցելու թեժ մարտերին: Մի քանի ընկերներով տեղեկացրել են հրամանատարին, որ այդ տարածքը օրեր առաջ թշնամին գրավել է, ինչո՞ւ են իրենց նորից նույն տեղը տանում: Հրամանատար Հ.Օ. -ն սկսել է հոգեբանական ճնշումների ենթարկել: Նա եզդի զինվորին ասել էՙ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը կտրել են ու մարմինը խոշտանգել, բա դու չե՞ս ուզում նրա վրեժը լուծել: Տղայի վիրավորված ինքնասիրությունը գլուխ է բարձրացրել, նստել է բեռնատարը, թեՙ քշի, գալիս եմ: Իսրայել Ակինյանն ու մյուս զինծառայողներն էլ ընկերոջը մենակ չթողնելու համար նրա հետ գնացել են անհայտ ուղղությամբ: Այս ամենը Իսոն հեռախոսով պատմել է հարազատներին. նրանց հետ խոսելուց երկու ժամ հետո հարվածային ԱԹՍ-ները յոթ ընկերներին բառացիորեն ոչնչացրել են այնպես, որ նրանցից մասունքներ են միայն մնացել: Իսկ հրամանատարը տղաներին թողել-գնացել է:

Իսոյի քույրըՙ Արմինեն , պատմում էՙ նախ, իր եղբայրն արմունկից վիրավոր է եղել, ձեռքն ընդհանրապես շարժել չի կարողացել: Բուժում չստացածՙ ո՞վ է որոշել, որ նա պետք է մի ձեռքով կռվի անօդաչուների դեմ, երբ բոլորին է հայտնի, թե Ջաբրայիլում ռումբերի ու արկերի ինչ կարկուտ է տեղացել: Բոլորին է հայտնի, որ ավտոմատի, անգամ թնդանոթի ու գնդացրի կռիվ չի եղել այնտեղ: Պատերազմի 4-րդ օրն արդեն իսկ թշնամին մեր ՀՕՊ-ն այնքան անվրեպ է ոչնչացրած եղել, որ Ջաբրայիլում 2200 հոգանոց զորքից ողջ է մնացել ընդամենը 80 հոգի, այն էլՙ վիրավոր, հաշմանդամ, կեսմարդ դարձած. շատերըՙ հոգեկան լուրջ շեղումներով: Այս թվերը Պաշտպանության նախարարությունը չի հայտնում, սակայն Ջաբրայիլում զոհված յուրաքանչյուր զինվորի ծնող տիրապետում է ամենասարսափելի ինֆորմացիայի ու ահասարսուռ թվերի:

Պատերազմի առաջին օրերին ժամկետային զինծառայող Հակոբ Բողարյանը զանգել է մորն ու հարցրելՙ դուք մինչեւ հիմա քանի՞ զինվորի մահվան լուր եք ստացել: Մայրը պատասխանել էՙ 173: «Մամ, կեղծ թվեր են. 173-ը մեկ վայրկյանում են զոհվում»:

Ծնողները տեղեկությունների շտեմարան են, չէ՞ որ իրենց որդիների մահվան պատճառն իմանալու, նրանց մարմինները գտնելու համար նրանք բոլորին են հարցուփորձ արել, ամբողջ Արցախն են «սանրել»: Պատմում են, որ նույն Ջաբրայիլում պատերազմի առաջին իսկ օրերին հարյուրավոր զոհված զինվորների մարմիններ են պահվել, որպեսզի հետագա օրերին մաս-մաս հանվեն եւ ուղարկվեն Հայաստանՙ հարազատներին, սական Ջաբրայիլն օրեր անց հանձնվել է թշնամուն, իսկ մեր զինվորների մարմիններն այդպես էլ մնացել են նկուղներում: Ադրբեջանցիներն այդ տարածքը տրակտորով վարել-հարթեցրել են: Այդ է պատճառը, որ այսքան շատ անհետ կորածներ ունենք: Թշնամու ԱԹՍ-ները երկնքից հնձել են ժամկետային զինծառայողներին, իսկ ՄՕԲ-ի տղաները եկել-տեսել են իրավիճակն ու պուկ փախելՙ հասկանալով, որ կենդանի ուժի կռիվ չէ սա. երկնքից բառացիորեն կրակ է թափվում, որի դեմ միայն հակաօդային պաշտպանությունը կարող է պայքարել: Իսկ ի՞նչ անեին ժամկետային զինծառայողները, նրանք կամավորներ չէին, իրենց գլխի տերը չէին. մինչեւ վերջին վայրկյանը մնացել են դիրքերում ու անիմաստ նահատակվել:

Իսոյի հարազատները պատմում են, որ 7 զինվորներին բեռնատարով անհայտ ուղղությամբ տանելով ու այնտեղ թողնելովՙ հրամանատարը ոտքով է վերադարձել, որպեսզի անօդաչուները մեքենայի մեջ իրեն չխփեն: Նրանք երկու հրամանատարի անուն են տալիսՙ Հ.Օ. եւ Ա.Ք. , որոնց էլ մեղադրում են յոթ զինվորների մահվան մեջ:

Ծնողներից մեկը պատմում էր, որ մի ժամկետային զինծառայողի կիսաայրված մարմին են գտել. նա մոխրացած ձեռքով պինդ բռած է եղել ավտոմատը: Անգամ այդ ծայրահեղ վիճակում զինվորը ենթագիտակցորեն մտածել է, որ զենքը չի կարելի թողնել, դրա համար պատիժ է սահմանված:

Իշխանությունները փորձում են լռեցնել բոլորին. օրենքի այն նախագիծը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում, եթե ինֆորմացիայի աղբյուրը չի նշվում, հենց դրան է ծառայում: Ինֆորմացիայի աղբյուրը պետք է լինեին ՊՆ-ը, Ռազմական ոստիկանությունը, պետական կառույցները, որոնք պետք է փաստահավաք լուրջ գործունեությամբ զբաղված լինեին, բայց հենց նրանք են փորձում կոծկել եղելությունը, այլապես հիմա հազարավոր դատավարություններ կլինեին: Այնինչ անպատժելիությունն ու ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ հայ տականքը համացանցում ներկայացել է որպես ադրբեջանցի եւ գերեվարվածների իգական սեռի հարազատներից նրանց մերկ լուսանկարներն է պահանջելՙ սպառնալով գերիներին սպանել:

Զոհվածների հարազատներն ամեն օր հանցագործության մասին տեղեկություն են հաղորդում, անուններ, դեպքի վայր, ժամ ու հանգամանքներ են նշում. ձայն բարբառո հանապատի: Մինչեւ հիմա ոչ մի կառույց նրանց հաղորդումների հիման վրա որեւէ ուսումնասիրություն չի սկսել, դատական գործ չի բացվել, որովհետեւ դրանք բանավոր պատմություններ են: Նրանք իրեղեն ապացույց չունեն, բոլոր զինվորները զոհվելուց առաջ զանգել-պատմել են, թե ինչ անտերություն է տիրել կռվի դաշտում, ինչպես են հրամանատարներն իրենց մենակ թողել ու փախել կամ սխալ հրամաններ են տվել, ինչի պատճառով էլ բոլորը զոհվել են: Հարազատները երկու-երեք ամիս փնտրել են իրենց որդիներին, Արցախը ոտքի տակ տվել. Ջաբրայիլն այնքան մեծ տարածք չէ, որպեսզի մարդկային ողբերգության պատմություններն այնտեղ անհետ կորչեն: Այդ պատմությունները հաճախ խաչվում են, Հայաստանի տարբեր վայրերում ապրող ծնողների պատմածները նույնանում են. հաճախ նշվում են նույն հրամանատարների, բարձրաստիճան սպաների անունները, ու պարզ է դառնում, որ նրանց վկայություններից ավելի հստակ իրեղեն ապացույց չի կարող լինել: Պարզապես նրանց լսող չկա, իսկ մեղավորները շարունակում են համակարգում աշխատել, հաց ուտել, գլուխները բարձին դնել-քնել, քեֆերի ու հարսանիքների գնալ, կնոջ ու երեխաների հետ նկարվել. նրանց համար կյանքը շարունակվում է, իսկ նրանց պատճառով զոհված երիտասարդ զինվորների ընտանիքներում կյանքը քարացել-անէացել է: Նրանց հարազատներն ամեն Աստծո օր Եռաբլուր են գնում, իրենց որդիներին կոնֆետներ, թանապուր, տոլմա տանում, 19 ու 20 ամյակները նրանց շիրիմներին նշումՙ ծննդյան տորթի մոմերն իրենք վառելով ու իրենք փչելով: Երազանքի փոխարեն էլ Աստծուն խնդրում ենՙ թող որդուս հոգին քո թագավորությունում խաղաղություն գտնի:

Իսկ ձեզնից շատերն այսքան ժամանակ գոնե մեկ անգամ Եռաբլուր չեն գնացել, որ հանկարծ հոգեկան ցնցում չապրեն, սթրես չտանեն, հանկարծ աչքները չթացանան, հանկարծ գիշերվա քունը չխանգարվի: Չդատված մեղավոր-հանցագործնե՛ր, չգնա՛ք Եռաբլուր, չպղծե՛ք մեր տղերքի շիրիմները:

Միքոյիցՙ Միքայել Ազարյանից , պատերազմից երկու օր առաջ ստորագրություն են պահանջել, որ իբր նա լիովին առողջ է ու ինքնակամ կմասնակցի կռիվներին: Միքոն 19 տարեկան էր, բայց արյան բարձր ճնշում, հարթաթաթություն, այլ հիվանդություններ ուներ: Միքոյենց դասակը երեք օր սոված է մնացել. ասել ենՙ ո՞նց հաց բերենք ձեզ, բա որ ԱԹՍ-ները հարվածեն մեր մեքենային: Ուժից ընկած Միքոն ընկերներին ասել էՙ թիկունքս պահեք, ես ուտելիք գտնեմ-բերեմ: Ու ինչ-որ տեղից պահածոներ է գտել: Սկզբում տղերքը կռվել են Ջաբրայիլում, հետոՙ Հադրութում: Մեկ ամիս կռվել ենՙ առանց դադարի ու հանգստի: Ամբողջ դասակից ոչ ոք ողջ չի մնացել: «Եթե Միքոս զրահաբաճկոն ունենար, կվիրավորվեր, բայց չէր մահանա: Բեկորներից մեկը ոտքն է վնասել, մյուսըՙ սրտին խփել: Եթե զրահաբաճկոն լիներ հագին...»,- կոկորդը սեղմելովՙ պատմում է մայրը:

Տղաների հարազատները պատմում են, որ սաղավարտներն այնքան անորակ են եղելՙ երկու մատով սեղմեիր, ծռվում էին, իսկ հատկապես մկանուտ տղաների հագով զրահաբաճկոնները փոքր են եղել: Ռազմաճակատում պատերազմի օրերին աշխատած բժիշկներն էլ են փաստում, եթե զինվորները զրահաբաճկոններ ունենային, որովայնային, կրծքավանդակային մահացու վնասվածքներից կփրկվեին: Վիճակագրական տվյալներովՙ 10-15 տոկոսով քիչ զոհեր կունենայինք: Իսկ եթե հաշվի առնենք, որ 18-20 տարեկանների մի ամբողջ սերունդ ոչնչացվեց, ողջ մնացածների մեծ մասն էլ հաշմանդամություն կամ աշխատունակության վրա ազդող վնասվածքներ է ձեռք բերել կամ հոգեկան խանգարումներ ստացել, ապա այդ փրկված 10-15 տոկոսը մեր ցավը մեծապես կմեղմեր:

Պատերազմից անմիջապես հետո, երբ Սյունիքի ինքնապաշտպանությունն էր կազմակերպվում, իսկ կամավորներն ու զինվորները վրանների, քնապարկերի զրահաբաճկոնների, գիշերային տեսահսկող սարքերի, զինվորական ճտքավոր կոշիկների ջերմատեսիլ սարքերի կարիք ունեին, համացանցումՙ առուվաճառքի կայքերում, ակտիվորեն վաճառքի էին հանվել վերոնշյալ ապրանքները: Որեւէ մեկի մտքով անցա՞վ ստուգելՙ ինչպե՞ս են դրանք որոշ մարդիկ ձեռք բերել ու անթաքույց վաճառքի հանել: Որեւէ մեկի դեմ քրգործ հարուցվե՞լ է, բացահայտվե՞լ էՙ ինչու դիրքապահներն առաջին անհրաժեշտության իրեր այդպես էլ չստացան, մինչդեռ դրանք ազատորեն վաճառքի էին հանված ինչ-ինչ մարդկանց կողմից:

Լրագրողներս պարբերաբար բողոքներ ենք ստանում, որ թեժ կռիվներին մասնակցած կամավորների ու ծանուցագրով պատերազմ մեկնած պահեստազորի մասնագետների զինգրքույկներերում ոչինչ գրված չէ, կամ առավելագույնը նշված է, որ պատերազմի ժամանակ եղել են վարորդ: Դեպքերը եզակի չեն, այլ համատարած բնույթ են կրում: Եթե համատարած բնույթ են կրում, ուրեմն ենթադրելի է, որ միտումնավոր է արվել, որպեսզի այդ անձինք ինչ-ինչ արտոնություններից չօգտվեն:

Պատերազմի հետ անգամ նվազագույն առնչություն ունեցած մարդիկ ամեն պահի կարող են հանցագործության մասին տեղեկություն հաղորդել. արդյո՞ք մինչեւ հիմա անհրաժեշտություն չի առաջացել, որպեսզի ձեւավորվեր փաստահավաք առաքելություն իրականացնող միասնական մարմին, ստեղծվեր տեղեկությունների, նաեւ գաղտնի ինֆորմացիայի հավաքագրման միասնական բազա: Այնպիսի տպավորություն է, ասես պետությունն ուզում է ժամանակ շահել, որպեսզի հանցագործության մասին տեղեկությունները հետզհետե մարեն ու մոռացվեն: Ի վերջո, անհետ կորածների, զոհված զինծառայողների հարազատները մի օր սկսելու են համակերպվել իրենց անդարմանելի ցավի հետ ու նրանց համար այլեւս անիմաստ է դառնալու վերջին ճիգերով պայքարըՙ հանուն արդարության: Հիմա արդեն շատերն են ասումՙ զավակիս կորցնելուց հետո ինձ համար միեւնույն էՙ ով է մեղավոր, ով կպատժվի, ովՙ ոչ: Իմ ամենաթանկը գնաց անվերադարձ: Նրա գնալուց հետո ամեն ինչ անիմաստ է, անգամՙ կյանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ