RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2377, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿՈԲ ԳԵՈՐԳԻԻ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՙ ԱՀԱ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ճակատագրի կամոք օտար ափերում ապաստանած եւ առողջ ծիլեր տված հայի զարմանալի տեսակի օրինակներՙ որքան ուզեք: Նրանք ամենուր են` աշխարհի չորս անկյուններում: Եվ որտեղ էլ նրանց նետել է բախտի անիվըՙ աշխատասիրության, նպատակասլաց ու ջանասեր բնույթի շնորհիվ` ոտքի են կանգնել, դրսեւորել իրենց` զարմանք ու հիացմունք պատճառելով տվյալ երկրի մարդկանց, շրջապատին: Նման ուժեղ կամքի տեր հայը մեկ թուլություն ունի` Հայրենիքի հանդեպ կարոտը, եւ այնտեղից ստացվող լավ լուրը կարող է թեւեր տալ, երջանկացնել մարդուն, եւ հակառակըՙ վատ լուրից թեւաթափ են լինում ու խամրում, մեկուսանում շրջապատից: Այլ խոսքովՙ որտեղ էլ ապրում է հայը, նրա սիրտը միշտ Հայաստանում է, եւ օրերս ինձ բախտ վիճակվեց հանդիպել հենց այդպիսի մի հայրենակցի:

Հակոբ Գեորգիի Հակոբյանը շուրջ 45 տարի է ապրում եւ գործունեություն է ծավալում Ռուսաստանում: Նա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի «Նաիրի»  հայ համայնքի ղեկավարն է, 2018 թվականից համանուն շրջանի պատվավոր քաղաքացի է, 2003 թվականիցՙ տեխնիկական գիտությունների թեկնածու, 1991-ի ապրիլից աշխատում է Ռամենսկի «Էներգիա» էլեկտրատեխնիկական գործարանում, վերջին քսան տարում Ռուսաստանում հայտնի այդ ձեռնարկության գլխավոր տնօրենն է:

Հակոբ Հակոբյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է պետական պարգեւիՙ «Բարեկամության» շքանշանի, չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ռամենսկիի շրջանային խորհրդի պատգամավոր եւ այսօր էլ կատարում է իր ընտրողների առաջ ստանձնած պարտավորությունները:

Զրուցակիցս խոսում է գրագետ, անթերի հայերենով, եւ նրա խոսքին առանձնահատուկ համուհոտ է հաղորդում թիֆլիսյան բարբառը:

- Հարգարժան պարոն Հակոբյան, խնդրում եմ մեր թերթի ընթերցողներին համառոտակի ներկայացրեք ձեր կենսագրությունը:

- Ծնվել եմ 1958 թվականի նոյեմբերի 13-ին, Թբիլիսիում: Պապս եւ տատս գաղթել են Արեւմտյան Հայաստանից եւ մանկության տարիներին լսած նրանց պատմությունները, մանավանդՙ տատիկիս պատմածներն ու խրատները մեծ դեր են խաղացել իմ հետագա աշխարհայացքի ձեւավորման եւ հայրենասիրական դաստիարակության գործում:

Հայրս Թիֆլիսում հարգված մարդ էր, հայտնի արհեստավոր, նրան դիմում էին ուստա պատվավոր կոչումով, մայրս ավանդական հայ ընտանիքի նվիրված կին էր, մեր բոլորի պահապանը:

Մենք երեք եղբայր ենք, եւ երբ լրացավ իմ 16 տարին, հայրս ինձ Թիֆլիսից ուղարկեց Ռուսաստանՙ ասելով. «Գնա սովորի, մինչեւ չսովորես հետ չգաս...»: Եվ ես ճամփա ընկա անծանոթ ու հեռավոր մի աշխարհՙ ինձ հետ տանելով դպրոցական տարիներին տատիկիս տված այն պատգամը, թե ինչ պետք է անի, ինչպես պիտի իրեն դրսեւորի հայը օտար երկնքի տակ, օտար միջավայրում. «Դու պետք է այնքան լավ սովորես, այնքան հարուստ գիտելիքներ ունենաս, կիրթ ու քաղաքավարի շարժուձեւ, որ օտարները զարմանան ու հարգեն քեզ, հավասարը հավասարի վերաբերվեն»:

Այդպես եկա Ռուսաստան, 1981-ին ավարտեցի Մոսկվայի ոռոգման եւ մելիորացիայի ինստիտուտը եւ գործուղվեցի աշխատանքի Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջան: Ջրային շահագործման վարչությունում ինժեներ էի, իսկ 1982-ի հոկտեմբերին արդեն նույն վարչությունում նշանակվեցի որպես մեքենայացված ջոկատի պետ:

Իմ ակտիվ մասնակցությունը ձեռնարկության սոցիալական կյանքին եւ մի շարք նախաձեռնությունները չվրիպեցին կոմերիտմիության Ռամենսկի քաղաքային կոմիտեի ուշադրությունից եւ 1984-ի հոկտեմբերին ինձ հրավիրեցին այնտեղ աշխատանքիՙ որպես կազմակերպչական բաժնի ղեկավարի տեղակալ, իսկ 1986-ի հունվարինՙ բաժնի վարիչ:

Իմ անմիջական մասնակցությամբ ստեղծվել են կոմերիտական երիտասարդական ջոկատներՙ գյուղատնտեսական տեխնիկայի Դավիդովսկու գործարանը եւ Վսկրեսենսկու քիմիական գործարանը կառուցելու համար, մեծ աշխատանք է կատարվել մարզի գյուղատնտեսական ձեռնարկություններին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Այնուհետեւ աշխատանքի եմ անցել Ռամենսկի քաղաքային կուսակցության կոմիտեում որպես հրահանգիչ, որտեղ աշխատել եմ 1986-1991 թվականներին:

1991-ի ապրիլից արդեն տեղափոխվեցի Ռամենսկի «Էներգիա» էլեկտրատեխնիկական գործարան, որպես փոխտնօրեն: Ես 1987-ին ավարտել էի երկրորդ բուհըՙ Մոսկվայի պետական ​​ինստիտուտիտնտեսագիտությանֆակուլտետը: 2000-իմարտիննշանակվել եմ «Էներգիա» ԲԲ-ի գլխավոր տնօրեն: «Էներգիա»-ն Ռուսաստանի էլեկտրական սարքավորումների արտադրության առաջատար ձեռնարկություններից մեկն է:

- Ես տեղեկացա, որ դուք պարգեւատրվել եք պետական ​​պարգեւներով, այդթվումՙ«Հայրենիքինմատուցածծառայություններիհամար II աստիճանի շքանշան», «Բարեկամություն» շքանշան, բազմիցս խրախուսվել եք Մոսկվայի մարզի, Մոսկվայի տարածաշրջանային դումայի եւ Ռամենսկի քաղաքային շրջանի պարգեւներով, իսկ 2018-ի օգոստոսին ձեզ շնորհվել է Ռամենսկի քաղաքային շրջանի պատվավոր քաղաքացու կոչում: Դուք ինչպես նախկինում, այսօր էլ զբաղվում եք բարեգործությամբ, հասարակական աշխատանքով, բարեգործական օգնություններ եք կազմակերպում վետերաններին, կրթական եւ մարզական հաստատություններին, եկեղեցիներին, եղել եք շրջխորհրդի պատգամավոր Մի ամբողջ կյանք ապրել եւ աշխատել եք Ռուսաստանում, ամբողջովին թաթախված եք, այսպես ասած, տեղական հոգսերով, այս ամենից զատ, ինչպե՞ս եք ժամանակ գտնում զբաղվելու հայապահպանության հարցերով, հայկական համայնք եք ստեղծել

- Վեց տասնամյակից ավելի, երկար ու ձիգ տարիներ, ես առաջնորդվել եմ պապիս, տատիս, ծնողներիս խորհուրդներով ու պատգամներով. ահա՛ իմ հաջողության գաղտնիքը: Ընդհանրապես, հայը արարչագործ մարդ է, եւ աշխարհի որ ծայրում էլ լինի` նվիրական երազանք ունի` բարի հետք թողնել երկրի վրա: Մյուս կողմից էլ, աշխարհահռչակ Վիլյամ Սարոյանը, որ գրում էր անգլերենով, բայց նրա ոգին հայկական էր, ասում էրՙ «Ուր որ կերթասՙ պոռա Հայաստան»։ Ես եւ ինձ նման հազարավոր հայեր չենք գոռում, այլ ներքուստ ցնծում ենք, որ հայ ենք, մեր լավ գործերով ենք դա ապացուցում, եւ կարծում եմՙ Սարոյանը հենց սա էլ նկատի ուներ:

Ծնվելով եւ հասակ առնելով Թբիլիսիումՙ ես միշտ զգում էի, որ հեռվում, սարերից այն կողմ, Հայրենիք ունեմ, եւ այդ միտքը ինձ ջերմացնում էր:

Հետո առաջին ու էլի մի քանի այցելությունները Հայաստան. մենք բարեկամներ ունենք Գյումրիում, Մարտունիում, Երեւանում: Ես ավելի սիրեցի Հայաստանը, հետագա տարիներին բազմաթիվ անգամներ այցելել եմ եւ այն մինչեւ օրս իմ սրտում է:

Երկար տարիներ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե Հայաստանից հեռու ինչպես է դասավորվելու այստեղի նոր սերնդի հայ ազգաբնակչության ճակատագիրը: Հայապահպանության առումով: Վերջապես 4 տարի առաջ հաջողվեց իրականություն դարձնել Ռամենսկի շրջանում հայ համայնք ստեղծելու երազանքս, որին հավանություն տվեցին տեղական իշխանությունները, աջակցեցին «Նաիրի» հայ համայնքի անհրաժեշտ փաստաթղթավորման եւ կայացման գործում:

Մեր շրջանում շուրջ 2000 հայ է բնակվում, բոլորը մեծ ուրախությամբ ընդունեցին լուրը, բազմաթիվ շնորհավորանքներ, երախտիքի խոսքեր հնչեցին, եւ մեր առաջին գործը եղավ հայկական դպրոցի հիմնումըՙ անվճար ուսուցմամբ: Մեր երեք ուսուցիչները չորս տարի շարունակ հայոց լեզու, հայերեն գրել-կարդալ եւ հայոց պատմություն էին ուսուցանում 5-ից մինչեւ 60 տարեկան բոլոր ցանկացողներին: Դպրոցում նաեւ ազգային պարի խմբակ է գործում: Մարդկանց  ոգեւորությունը շատ մեծ էր, կարողացանք նաեւ Հայաստանից համերգային ծրագրեր ապահովել: Ցավոք, կորոնավիրուսը խառնեց բոլորիս գործերը, համավարակի չեզոքացումից հետո աշխատանքները կվերսկսվեն: Ծրագրեր շատ ունենք եւ դեռ առիթներ կլինեն արդեն կատարված աշխատանքների մասին պատմելու:

- Պարոն Հակոբյան, ես տեղյակ եմ, որ դուք, չնայած ձեր բազմազբաղվածությանը, ուշի-ուշով հետեւում եք նաեւ Հայաստանում կատարվող իրադարձություններին, եւ գիտեմ, որ արցախյան պատերազմի օրերին ձեր ղեկավարած հայ համայնքը աջակցություն է ցուցաբերել մեր զինվորներին:

- Ռուսաստանում ապրելու 45 տարիների ընթացքում իմ միտքը միշտ Հայաստանում է: Ցավում եմ այնտեղ տեղի ունեցող անարդարությունների, սոցիալ-տնտեսական անվերջանալի ճգնաժամերի, ոչ պրոֆեսիոնալ կառավարման, դիվանագիտական ոչ ճիշտ քայլերի համար: Ես ամեն օր հետեւել եմ պատերազմի ընթացքին, մենք ամեն շաբաթ դրամական օգնություն ենք ուղարկել Արցախ, հեռադիտակներ, զրահաբաճկոններ, մեքենաներ ենք ուղարկել պատերազմող մեր եղբայրներին: Շատ ծանր տարա պարտությունը, հազարավոր տղաներ զոհվեցին, ջահել կյանքեր կործանվեցին: Կատարվածը խելագարվելու բան էրՙ խայտառակ ու ամոթալի: Այսպես այլեւս շարունակել չի կարելի: Մենք պետք է նորից ազգ դառնանք, ուժեղ ազգ: Մեր կրթությունը, մշակույթը, գիտությունը, բանակը, դիվանագիտությունը պետք է գիշեր ու զօր զարգանան, մեր ազգի հարատեւության համար հուսալի կռվան դառնան, որպեսզի իրենց պրոֆեսիոնալիզմով աշխարհ զարմացնեն:

Մենք պետք է հասկանանք նաեւ մի պարզ ճշմարտությունՙ ո՞ւմ հետ ենք ճանապարհ գնում: Մենք այս աշխարհում ուրիշ ընկեր չունենք, որպեսզի դժվարին պահերին ապավինենք: Միայն մի ազգ կաՙ Ռուսաստանը, ում հետ կարող ենք գնալ առաջ: Այդ ճշմարտության մեջ մենք համոզվեցինք նաեւ պատերազմի ամենածանր ժամին, երբ կանգնած էինք ամբողջ Արցախը կորցնելու վտանգի առաջ: Ո՞ր պետությունը  տեղից շարժվեց, ո՞ր պետությունը կանգնեց մեր կողքին: Շնորհակալություն Ռուսաստանին, շնորհակալություն նախագահ Վլադիմիր Պուտինին, որ կանխեց հետագա արյունահեղությունը, դադարեցրեց պատերազմը, իսկ այսօր էլ ռուսական խաղաղապահ զորքը Արցախում պահպանում է մեր հայրենակիցների խաղաղությունն ու անվտանգությունը:

Այս երկրում ռուսները շատ լավ են վերաբերվում հայերին, ինձ նման հազարավոր հայեր բարձր պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանում, այստեղ խտրականություն չկա, չարություն չկա մեր հանդեպ: Հետեւապես, նման վերաբերմունքը պետք է փոխադարձ լինի, պարզորոշ արտահայտվի բոլոր մակարդակներում: Թշնամիներով շրջապատված տարածաշրջանում մենք պետք է արժանին մատուցենք մեր ճշմարիտ բարեկամներին:

- Գաղտնիք չէ, որ պատերազմը ծանր հետեւանքներ ունեցավ նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Որպես երկար տարիների փորձառու ղեկավար, արտադրության կազմակերպիչ եւ տնտեսագետՙ ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը հաղթահարի առկա ճգնաժամն ու առաջընթաց արձանագրի:

- Մեզ հիմա առաջին հերթին համախմբում է հարկավոր, ամբողջ աշխարհի հայերը պետք է միանան Հայաստանը ոտքի կանգնեցնելու, հզորացնելու անչափ կարեւոր առաքելությանը:

Երկիրը պետք է երկիր դարձնենք, բանիմաց կառավարում չկա, դիվանագիտությունը չի գոհացնում, տնտեսությունը անկում է ապրում: Գործից հասկացողների թիմ է անհրաժեշտ, հարկավոր է երկրի Սահմանադրության մեջ, օրենքներում բարեփոխումներ մտցնել: Եվ որ ամենակարեւորն էՙ պետք է Հայաստանը սփյուռքի հայերի համար հայտարարվի ազատ տնտեսական գոտի, թույլ տան, որ հայերը արտերկրից գան, ներդրումներ կատարեն, գործարաններ կառուցեն, հարկեր չվճարեն որոշ ժամանակ:

Կարծում եմ նպատակին չի ծառայել ոչ ՀՀ սփյուռքի նախարարության գործառույթը, ոչ էլ հիմիկվա սփյուռքի գործերով հանձնակատարի ինստիտուտն է հաջողություններ գրանցում: Ես գտնում եմ, որ պետք է խորհուրդ ստեղծվի, որը չենթարկվի, հաշվետու չլինի երկրի իշխանություններին: Ոչ քաղաքական կառույց լինի եւ մեկական ներկայացուցիչներ ունենա ամեն երկրից, կես տարի ժամանակով, որպեսզի բացառվեն չարաշահումներն ու կոռուպցիան: Խորհրդի նախագահը մշտական կապի մեջ է լինում ներկայացուցիչների հետ, կապը գործում է օպերատիվ. ի՞նչ է անհրաժեշտ տվյալ երկրիցՙ հայթայթում են եւ ուղարկում Հայաստան: Սփյուռքի մեր հայրենակիցը պիտի համոզված լինի, որ ամեն կոպեկը նպատակային է օգտագործվում, ամեն հայ պետք է օգնի իր երկրին: Իսկ հիմա ի՞նչ վիճակ է Հայաստանում, մանավանդ հեռավոր գյուղերում: Համատարած աղքատություն, խայտառակ ու ամոթալի պատկերներ: Ջուր չկաՙ ասում են սարերից դժվար է բերելը: Այդ ինչպե՞ս: Ամոթ մեզ, մենք շենացրինք ամբողջ երկրագունդը, բայց մեր տունը քանդված է, ամոթ մեզ, որ այսպես աղքատ ենք ապրում:

Վրաստանում նայում եմ գյուղերինՙ հիանում եմ, ասֆալտ, բարեկարգ փողոցներ, միանման տանիքներ: Սիրտս պայթում է: Այդ ամենը հո օդի՞ց չի ընկել, վրացիներն են օգնել, ժողովուրդն է հանգանակել: Մենք պետք է վերանայենք մեր բոլոր պատկերացումները Հայրենիքի մասին: Պետք է պետական մոտեցում ցուցաբերվի ամենուրեք: Հայաստանին գրագետ, բանիմաց, ժողովրդի հոգսերով ապրող ղեկավարություն է անհրաժեշտ:  

- Պարոն Հակոբյան, խնդրում եմ համառոտակի պատմեք նաեւ ձեր ընտանիքի մասին:

- Կինս հայ է, ունեմ երկու զավակ, տղա եւ աղջիկՙ Գեորգին եւ Միլենան: Երեխաներիս կնքել ենք Ս. Էջմիածնում: Տղաս բարձրագույնն ավարտելուց հետո ինձ մոտ է աշխատում, երկու տարի առաջ ամուսնացավ ռուս աղջկա հետ, մեր ռուս խնամիների հետ երեխաների հարսանիքը անցկացրինք Հայաստանում, անկրկնելի ժամանակ ենք անցկացրել, խնամիներս ու նրանց բարեկամները սիրահարվեցին Հայաստանին:

Աղջիկս Մոսկվայում բարձրագույնն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի դիզայներական բարձրագույն դպրոցում, հիմա մոսկովյան հայտնի GEOMi արհեստանոցում դիզայներությամբ է զբաղվում, կանանց, երիտասարդության համար նորաձեւ հագուստներ են արտադրում:

Մեր ընտանիքը շատ է սիրում ճամփորդել, եղել  ենք աշխարհի բազմաթիվ երկրներում, շատ եմ հավանում Իսպանիան, Իտալիան, Արգենտինան: Բայց ամեն անգամ տուն վերադառնալիս ասում եմՙ մեր տնից լավ տեղ չկա: Հիշում եմՙ այդպես էինք ասում նաեւ Թիֆլիսումՙ այս կամ այն բարեկամի տնից հայրական տուն վերադառնալուց հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ