RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 588, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ...

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Պատերազմից հետո Արցախ գնալը անհրաժեշտություն է, որպեսզի քո աչքով տեսնես ինչ է կատարվում, եւ թե ինչպես ես թշնամու «քթի տակով» անցնում ու գնում զինվորիդ մոտ:

Առաջին անգամ էի Սյունիքի ճանապարհով Արցախ գնում, եւ չհասկացա, թե որտեղից սկսվեց Արցախի սահմանը, որովհետեւ մինչ այդ սովոր էի տեսնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը...

Արցախի սկիզբը այս կողմից Բերձորն է, որտեղ մտնելուն պես չկար ո՛չ Արցախի դրոշը, ո՛չ էլ Հայաստանի, այլ ծածանվում էր Ռուսաստանի դրոշը, ինչից էլ հասկացա, որ այդտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք կանգնեցնում են անցնող մեքենաներըՙ ստուգում փաստաթղթերը եւ բարեհամբույր բարի ճանապարհ մաղթում: Խաղաղապահներից շատերն էլ արդեն հայերեն բառեր գիտեին:

Բերձորի ճանապարհով անցնելիս միանգամից աչքի է ընկնում պատերազմի ժամանակ պայթեցրած կամուրջը, ինչը նորից կառուցում էին:

Պատերազմից հետո շատ ճանապարհներ ու տներ են քանդվել, բայց այդ ամենը կարգավորվող է բացի մի բանիցՙ տներ կան այնպես քանդված, որ այլեւս չես կարող վերակառուցել, թվում էՙ այդ տների լույսն ընդմիշտ է մարել...

Ճանապարհը շարունակվում էր, եւ որքան մոտենում էինք Շուշիին, այնքան անցակետերը շատանում էին:

Ճանապարհին ամեն մանրուք փորձում էի նկարել, եւ այդպես նկարելով հասանք մինչեւ Շուշի...

Չկար այն մեծ եւ ճերմակ տառերով գրված Շուշին, փոխարենըՙ կանաչ տառերով ինչ-որ խզբզանք: Շուշիում ակտիվ շինարարական աշխատանքներ էին կատարվում, իսկ մինչեւ այնտեղ հասնելը Քարինտակ տանող ճանապարհը վերակառուցվում էր:

Երբ ես նկարում էի, ադրբեջանցի զինծառայողները մեր մեքենայից երկու-երեք մետր հեռավորության վրա էին գտնվում, որոնք ռուս խաղաղապահներին ասացին, որ նկարում եմ իրենց... Ռուս զինվորը մեքենան կանգնեցրեց, հեռախոսը վերցրեց ինձնից, բոլոր նկարները ջնջեց եւ զգուշացրեց, որ չի կարելի նկարել:

Այդ անցակետն էլ անցանք...

Չհասած Ստեփանակերտ նայեցի հետՙ հեռվում երեւում էին միայն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները, եւ միայն այդ ժամանակ հասկացա, որ իրոք Շուշին մնացել է հեռվում...

Բոլոր անցակետերում շունչս պահում էի... Ոչ, վախից չէր, այլ իրականության գիտակցումից:

Բայց շուտով ծանր մթնոլորտը թուլացավ, երբ հասանք Ստեփանակերտ, որտեղ վերջապես երեւացին մեր եռագույնները:

Հասկացա, որ ամեն բան չէ որ կորցրել ենք, եւ որ ամենակարեւորըՙ քաջ զինվորդ Ասկերանում քեզ է սպասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ