RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 477, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ

2021 թ. հունվարի 16-ին Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում վախճանվել է անվանի գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան ու նկարիչ Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը): Նա ծնվել է 1937 թ. Երեւանում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.ՙ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.ՙ Հայկական Սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը: 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբումՙ որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետոՙ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ: 1966 թ. պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով եւ դարձել բանասիրական գիտությունների թեկնածու: 1967 թվականից եղել է ՀՀ Գրողների միության անդամ: 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ումՙ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում:

Նրա հիմնական աշխատություններից ենՙ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Հայկական նեոռոմանտիզմ» եւ «Դանիել Վարուժան» գլուխները (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ եւ իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) եւ «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) եւ «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները:

Ստեփան Թոփչյանի վերջինՙ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»ՙ գերմաներենից հայերեն թարգմանությունըՙ ծավալուն ուսումնասիրությամբ, եւ Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը: Նրա «Հայկական նեոռոմանտիզմ» հիմնարար աշխատությունը համարվում է հայ գրականագիտության նվաճումներից մեկը եւ հիմք է ծառայել հետագա բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար:

Ստեփան Թոփչյանը հեղինակ է մի քանի հարյուր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, եւ բազմաթիվ գրքերի առաջաբանների: Որպես ակտիվ մտավորական, նա մշտապես արագորեն արձագանքել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններինՙ տալով իրավիճակների հրատապ ու խորքային վերլուծություններ, բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով ու հարցազրույցներով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Ստեղծագործել է նաեւ որպես նկարիչ:

Լուսանկարըՙ Սամվել Սեւադայի

Ցավակցություն

Գրականագետ, արվեստաբան եւ հրապարակախոս Ստեփան Թոփչյանի մահվան տխուր առիթով «Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է նրա որդիներինՙ Արամ եւ Էդվարդ Թոփչյաններին, եղբորըՙ Ալեքսանդր Թոփչյանին, մյուս հարազատներին եւ ընկերներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ