RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1308, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

31 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանաբնակներիս զարմացնելու փորձերով նաեւ զայրացնելու տրամադրություն ստեղծելու իշխանական այրերի որոշակի մղումները սովորական երեւույթ են դարձել: Դրանք այնքան պարզունակ ու պարզամիտ են, որ գայթակղության չեն տրվում ոչ միայն պողոսները, այլեւ անգամ տարրական դասարանների տարիքի պատանյակները: Օրերս, օրինակ, ՀՀ վարչապետը կառավարության նիստում որպես աշխարհացունց նվաճում հայտարարեց, որ երկրի տնտեսությունն աննախադեպ աճի նշաններ է ցուցադրում, եւ որպես ապացույց բերեց 2020 եւ 2021 թթ փետրվարի 1-15-ին առեւտրային ցանցում արձանագրված ցուցանիշը. նախորդ տարվա նույն օրերի համեմատ այս տարի կայացել է 600 հազար կտրոնով ավելի առեւտրային գործարք, գումարայինով 31 մլրդ դրամի:

Հայաստանաբնակներս յուրաքանչյուր պահի ենք շփվում մեր իրականության հետ եւ համոզվում, որ առայժմ ոգեւորվելու տեղ ու առիթ չկա, մեր առօրյան առավելապես ընկճող է, անորոշ, անգամՙ հուսալքող: Այս պայմաններում այն նույնիսկ նվազագույնը դրական ներկայացնելն ընդամենը տարօրինակ է, եթե այլ գնահատական չհնչեցնենք: Այդ թվումՙ 31 մլրդ դրամի մասին հիշատակումը: Ի՞նչ է այն: Մեկ-երկու պարզ թվաբանական գործողություն կատարելու արդյունքում ստանում ենք, որ փետրվարի 1-15-ի յուրաքանչյուր օր 1 բնակչի հաշվով միջին հայաստանցին մոտ 660 դրամի առեւտուր է կատարել: Եթե այս թիվը տարածենք համեմատաբար գնողունակ հատվածի եւ առավել համեստ հանրության վրա 30-70 հարաբերակցությամբ, կստանանք մոտ 850 եւ 450 դրամ ցուցանիշեր: Վստահ եմ հասարակության գնողունակ հատվածը կվրդովվի, քանզի հաշվարկված 850 դրամի դիմաց ինքը դրա տասնապատիկն է ծախսում: Իսկ ահա մեր առավել համեստ որակված մասը, որն այլ բառապաշարով աղքատ է համարվում, լռելով կհաստատի իր կարգավիճակը: ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերում է նշվում, որ օրը 1 դոլար ծախսող քաղաքացիներն աղքատ են համարվում: Ընդունում եմ, որ արված թվաբանությունում որոշակի տատանումներ կարող են լինել, սակայն ոչ էական, որն էլ արտահայտվում է հայաստանյան միջավայրում: Հարուստերը մասամբ թե առավել բարելավում են իրենց կենցաղը, իսկ հանրության մնացած հատվածը աղքատանում է, հուսալքության տրվում:

Իսկ թե որտեղից կարող էր ծագել գայթակղիչ լրացուցիչ 31 մլրդ գումարը, հայաստանցիները լավ գիտեն դրա տեղը, անշուշտՙ գնաճից: Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս նման մտապահումներ ունեցել է 2020-ի ողջ տարվա ընթացքում, քանզի ընթերցողներին գների աճի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելը մեր մասնագիտական պարտականությունն է: Մեկ անգամ չէ որ գրել ենք, ասենք, պայմանականորեն «Ալեկոլ» բուսայուղի գնաճի մասին, որը 2020-ի հունվար-մարտ ամիսներին վաճառվում էր 630 դրամով 1 լիտրի դիմաց, տարվա կեսերին արդեն 750-780 դրամով, տարեվերջին 930-950 դրամով, հիմա արդեն 1000 դրամից ավել գնով: Համանման պատկեր է ոչ պակաս առաջնահերթություն համարվող շաքարավազի պարագայում, որի տարեկան սպառումը ՀՀ-ում 70 հազար տոննայի սահմաններում է: 2020-ի տարեսկզբին առեւտրային ցանցում կարելի էր հանդիպել 260-280 դրամ գնի: Իսկ ահա ամռանից սկսած այն կազմեց 320 դրամ, շաբաթներ անց 360 դրամ, տարեվերջինՙ 420-440 դրամ: Գնի ավելացումն անգամ նվազագույն 100 դրամով հաշվառելու պարագայում ունենում ենք միլիարդավոր դրամների կուզեք շորթում համարեք, կուզեքՙ գռփում: Հասարակական սննդի կողմից շաքարավազի ծախսը հանելու պարագայում 4 անձից բաղկացած ընտանիքի հավելյալ ծախսը 5-6 հազար դրամ է կազմում, որը փոքր գումար չէ տասնյակ հազարավոր ընտանիքների համար: Հատկապես եթե նկատի ունենանք նաեւ հաց-հացամթերքների, հավկիթի եւ այլ առաջնահերթությունների գնաճը:

Հանրության որոշակի հատվածը անգամ գնաճի գործընթացը որոշակի ըմբռնումով կընդունի, եթե ՀՀ բյուջեն զուսպ մոտեցմամբ ծախսվի. բանակի սպառազինությունը թարմացվի, սոցիալական բնակարանաշինություն ծավալվի, ուսանողներին կրթաթոշակներ հատկացվեն, մետրոյի նոր կայարաններ կառուցվեն, բազմաբնակարան շենքերն ամրացվեն... Պարզ է, որ նշվածները մեր մարդկանց նվազագույն ակնկալիքների ցանկից են, որոնք այսօրվա իշխանության պլաններում չկան: Այստեղից էլ նրանց թերահավատությունը պաշտոնյա այրերի արածի ու ասածի հանդեպ:

23.02.2021 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ