RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1754, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

60-ԱՄՅԱԿ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

«Ես քեզի չեմ գովեր, արժէքներդ կուտամ»

Գրիգոր Զոհրապ

Լրացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Աղասիի Մելքոնյանի 60-ամյակը: Հոբելյան, որը յուրաքանչյուր մարդու կյանքում կարեւոր սահմանագիծ է, ապրած տարիների յուրակերպ ամփոփման եւ նոր ու ավելի հասուն քայլեր կատարելու շրջափուլ: 60-ը շատ է, թե՞ քիչ: Եթե հարցը դիտարկենք մեր ծնողների չափորոշիչներովՙ 60-ը պատկառելի տարիք էր, նույնիսկՙ ծերություն: Իսկ մեր օրերում երկրի նախագահ են դառնում 78 տարեկանում: Ավելին, գերզարգացած երկրներում թեւավոր խոսք է դարձելՙ «թոշակի գնալուց (այդպիսի տարիք է համարվում 60-ը) հետո է սկսվում իսկական կյանքը»: Վստահ եմ, մեր Աշոտը թեեւ արդեն պատկառելի գիտական վաստակ ունի, մշտապես ունեցել է ամենաակտիվ դիրքորոշում գրեթե բոլոր համապետական ու ազգային հիմնախնդիրներ շոշափող հարցերի նկատմամբ, դեռ շատ աշխատություններ կպարգեւի ընթերցողին եւ իր ազգաշահ ակտիվ կեցվածքովՙ ուսանելի դասերՙ հայ մարդուն:

Դեռ ուսանողական նստարանից Ա. Մելքոնյանը նվիրվեց հարազատ ժողովրդի պատմության լուսաբանմանը, պատմագիտությանը եւ հայագիտության զարգացմանը: Հանրապետությունում եւ Սփյուռքում նրան ճանաչում են որպես ականավոր գիտնականի, գիտության եւ կրթության ոլորտի փորձառու մասնագետի, ուղղամիտ մարդու եւ իսկական քաղաքացու: Նա ընտրելով իր մասնագիտությունը, գիտական գործունեության ամբողջ ընթացքում, տասնամյակների անխոնջ աշխատանքով ծանրակշիռ ներդրում է ունեցել գիտության զարգացման գործում եւ դրանով իսկ խոշոր ծառայություն մատուցել հայագիտությանը, հետեւապեսՙ Հայրենիքին: Ա. Մելքոնյանի եւ պատմության ինստիտուտի աշխատակազմի անդուլ ջանքերով կյանքի կոչվեց արտակարգ պատասխանատու ու արժեքավոր այնպիսի գործ, ինչպիսին «Հայոց պատմություն» ակադեմիական նոր բազմահատորյակի հրատարակությունն է:

Բազմավեկտոր է Ա. Մելքոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը, այն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանը, Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը, Ջավախքի պատմությունը, հայ-վրացական հարաբերություն-ները, պատմական ժողովրդագրության հիմնահարցերը, Հայոց պետականության պատմությունը եւ այլն: Ա. Մելքոնյանը գիտաքաղաքական կարեւորագույն նշանակություն ունեցող Հայաստանի նահանգների վարչատարածքային եւ ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրության նախաձեռնողներից է: Նրա ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործել է թեմատիկ խումբ: Նրա ուղղորդմամբ էլ այդ ուղղությամբ աշխատանքները լայն ծավալ ընդունեցինՙ ընդգրկվելով արդի գիտական շրջանառության մեջ: Առանց երկմտելու կարելի է ասել, որ Ա. Մելքոնյանը մեզանում ժողովրդագրության դպրոց ստեղծեց: Նրա ղեկավարությամբ մեծ թվով գիտական թեզեր պաշտպանվեցին, որոնք լույս են սփռում Հայաստանի տարբեր մասերի բնիկ հայկական լինելու հարցի վրա: Բավական է նշել, որ նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 14 թեկնածուական ատենախոսություն, որոնք նվիրված են եղել Հայաստանի պատմական ժողովրդագրության, ցեղասպանության եւ այլ թեմաներին:

Մեկ մարդու համար անհավատալի մեծ է Ա. Մելքոնյանի գիտական վաստակը: 60 տարեկանում նա 18 գրքի եւ 450-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գիտական խմբագրությամբ լույս են տեսել տասնյակ աշխատություններ, ժողովածուներ, դպրոցական դասագրքեր եւ բուհական ձեռնարկներ: Բազմիցս մասնակցել է հանրապետական եւ միջազգային գիտական հեղինակավոր խորհրդաժողովների, 4 տասնյակից ավելի երկրներում հանդես է եկել ելույթներով եւ դասախոսություններով, որոնց շնորհիվ մեծ ճանաչում է ստացել ոչ միայն հայության, այլեւ արտասահմանի մասնագետ-պատմաբանների շրջանում: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ նա արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլխավոր մրցանակինՙ «Երիտասարդ գիտնական-94» անվանակարգով, «Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին»ՙ «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի դրամաշնորհին եւ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին եւ այլն:

Մեծահարգ գիտնականը գլխավորում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական եւ պատմության ինստիտուտում գործող 004 Հայոց պատմության մասնագիտական խորհուրդները, անդամակցում է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի գիտական խորհուրդներին, հանդիսանում է նաեւ մի շարք գիտական հանդեսներիՙ «Հայոց պատմության հարցեր» (խմբագիր), «Պատմաբանասիրական հանդես» (խմբագիր), «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության», «Վէմ», «Կանթեղ», «Բանբեր Հայաստանի արխիվների», «Вестник гуманитарных и юридических наук (Ставрополь Северо-кавказский федеральный университет)», «Регион и мир» խմբագրական կազմերի անդամ: Գիտությանը զուգահեռ, Ա. Մելքոնյանը մտահոգված է մեր երկրի հոգսերով, իրականացրել եւ իրականացնում է հասարակական-քաղաքական արդյունավետ գործունեություն:

Մեր հանրապետության քաղաքացիները քաջածանոթ են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ նրա դիրքորշմանը: Քաղաքացիական արիության ու սեփական հավատամքին անդավաճան մնալու վառ օրինակ է ՀՀ Ազգային ժողովում «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներին նրա ելույթը: Ա. Մելքոնյանն ազնիվ է, շիտակ, սկզբունքային, ընկերասեր: Անմնացորդ հայրենասիրության յուրահատուկ դրսեւորումներ են 1997 թվականից նրա ուխտագնացություններն Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա, որոնց գագաթնակետը հանդիսացավ նրա վերելքը «Հայոց անմահության խորհուրդ» Սուրբ Արարատ լեռը:

Իր կուտակած անսպառ գիտելիքները Ա. Մելքոնյանն անմնացորդ նվիրաբերում է երիտասարդ սերնդին կրթելու հայրենանվեր գործին: Նա դասավանդել ու դասավանդում մի շարք համալսարաններում: Բարձր է գնահատվել Ա. Մելքոնյանի ծառայությունները Հայրենիքին եւ գիտությանը: Նա պարգեւատրվել է բազմաթիվ մրցանակներով, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների կառավարական բարձր պարգեւներով, ի թիվս որոնցՙ Երեւանի բժշկական համալսարանի «Ոսկե» (2005 թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե, (2010 թ.), «Ակսել Բակունց» (2011 թ.), ԵՊՀ-ի ոսկե (2011 թ.), «Մանկավարժական համալսարան» ոսկե (2011 թ.), ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» (2011 թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2013 թ.), «ԼՂՀ ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակի առթիվ» (2013 թ.), «Արգիշտի Առաջին» (2015 թ.), «Վաչագան Բարեպաշտ» (2018 թ.) հուշամեդալներով եւ մեդալներով: Պատմագիտության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Ա. Մելքոնյանին շնորհվել է «Մովսես Խորենացի» (2003 թ.), Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համարՙ ՀՀ վարչապետի (2005 թ.) մեդալները:

***

Ծննդյանդ օրը տխուր էիր, սիրելի ընկեր, շփոթված, ծանրագույն մտորումների, ապրումների, հույզերի եւ հույսերի մեջ: Համեստորեն շնորհակալ էիր լինում շնորհավորողներին, ստիպված ժպտում, բայց ես լավ գիտեմ, որ Արցախը քեզ համար գերագույն արժեք էր եւ է, իսկ կորուստըՙ դաժան ցավ: Մեր օրերում մեկ-երկու գրքույկ են գրում, մի քանի հոդված եւ հանկարծՙ մեծ շուքով հոբելյաններ են տոնում, աշխարհով մեկ անում: Ինձ համար քո գոյությունն արդեն տոն է, հոբելյան, փառք ու պատիվ: Շնորհավորում եմ, պարոն Մելքոնյան, մաղթում եմ առողջ լինես միշտ, երբեք չկորցնես հոգուդ կորովն ու լավատեսությունը, իսկ ամենակարեւորըՙ 2020-ի նման տարի այլեւս չտեսնես ու միշտ հավատաս մեր անխուսափելի հաղթանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ