RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 559, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԳԵՐԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆՙ ՇՈՒՇԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

Շուշիի գորգերի թանգարանի «բնակիչները» իրենց ժամանակավոր բնակությունն են գտել Երեւանի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Թանգարանի փայտե դռներից այն կողմ ցուցադրված են 17-20-րդ դարերի գորգերի, ասեղնագործությունների, ասեղնագործ գորգերի ու կարպետների 71 նմուշներ:

Շուշիի գորգերի թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, որն արդեն 10 տարվա պատմություն ունի: Այն ներկայացնում է հնագույն եւ ժամանակակից գորգեր: Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-ըՙ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Ծաղկած խաչեր» եւ այլն. սրանք մշտական ցուցադրության ներկայացվող գորգերն են, որ հնարավոր եղավ փրկել քաղաքի լքման-գրավման ժամանակ:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը պատմում է. «Հոկտեմբերի 20-ին դեռ չէի ուզում, ինձ ասացին տեղափոխենք, ասացի` մի քիչ էլ սպասենք, բայց արդեն վերջին օրերին` հոկտեմբերին թանգարանի մոտ շատ հզոր հրթիռ պայթեց, որ ամբողջը ավերեց` պատուհաններ, դռներ, ամեն ինչ ջարդված էր, ես արդեն ստիպված էի տարհանել: Մի 100-120 գորգ մնաց, չհասցրեցինք տարհանել, կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարը, քարե դարը մնացին այնտեղ»: Նրա հաղորդմամբՙ Շուշիից հաջողվել է դուրս բերել շուրջ 160 գորգերի ցուցանմուշներ: Տեղափոխության ընթացքում որեւէ նմուշ չի վնասվել, տարհանված գորգերի մի մասն էլ շարունակում է մնալ Ազգային թանգարանի պահեստներում: Իսկ այստեղ ցուցադրված նմուշները դեռ մի քանի ամիս հասանելի կլինեն այցելուների համար:

«Գորգը ժողովրդական արվեստ է, իսկ ժողովրդական արվեստը, որպես կանոն, հեղինակ չի ունենում, ժողովուրդն է դրա հեղինակը: Այս պարագայում, երբ հայտնի է` ո՛ր գորգը ո՛ր գյուղից է, շատ դեպքերում նույնիսկ, թե ո՛ր ընտանիքի կանայք են գործել այդ գորգը, մենք կարող ենք ասել, որ այն բացառիկության կնիք ունի իր վրա: Դրանից բացի, այսքան մեծ ցուցահանդես, այսքան ներկայացուցչական ցուցադրություն ես չեմ հիշում, որ Երեւանում էլի անցկացված լինի», ասաց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը :

Գունագեղ ու բազմաթիվ նախշերով հագեցած գորգերի մեջ աչքի են ընկնում հազվագյուտ նմուշներ, որոնք հարյուրավոր տարիների կյանք ունեն, ամենահինը 350 տարվա պատմություն ունի. «Ամենահինը 17-րդ դարի ասեղնագործություն է մետաքսի վրա, ամենաբարձր մակարդակի տեքստիլի աշխատանքն է, օրիգինալ վիճակում է, չենք վերանորոգել», իր խոսքում նշեց Վարդան Ասծատրյանը:

Թանգարանի «բնակիչներից» ամեն մեկը իր պատմությունն ունի, որն էլ յուրահատուկություն է տալիս դրանց: Թանգարանի հիմնադրի խոսքովՙ նմուշների 90 տոկոսի սկզբնաղբյուրը հայտնի է:

Ժամանակին թանգարանի ստեղծումը նպատակ է ունեցել փրկել արցախյան ավանդական գորգերը մոռացությունից ու Ադրբեջանի յուրացումից. «Չէի կարող նման հաճույք պարգեւել հարեւաններինՙ այս ամենը այնտեղ թողնելով: Փոքր ժամանակվանից աչքիս առաջ է եղել` ինչպես էին ադրբեջանցիները գյուղերով, տներով շրջում ու հին գորգերը գնում, նորերը տալիս, եւ իրենց թանգարանի 70 տոկոսը Ղարաբաղի հայկական գորգեր են», ասում է թանգարանի հիմնադիրը:

Թե ինչ վիճակում են հիմա Շուշիում մնացած նմուշները, Վարդան Ասծատրյանը հստակ տեղեկություն չունի, միայն լուրեր կան, որ ադրբեջանցիները գորգերը հանել են թանգարանից եւ դրանց վրա նամազ են անում: Որեւէ նոր նմուշ դուրս բերելու հույս Վարդան Ասծատրյանը չունի:

Այսքանից հետո պետք է աշխատանքային շաբաթն ամփոփել ու այցելել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ու ծանոթանալ Շուշիի գորգերի պատմությանը ու նրանց անցած ոդիսականինՙ Շուշիից մինչեւ Երեւան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ