RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1396, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՂՔԵՐԸ ՆԵՐՎԵՑԻ՞Ն ԱՐԴԵՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

(Ռեպորտաժՙ դեպքի վայրից)

Ինքը հենց այդպիսի երեւույթ ու երեւութականություն էր ակնկալում, Հանրապետության հրապարակը լցնող բազմություն: Կարեւոր չէՙ քանի՞ հազար էին նրանք, 15, 20 թե՞ 25 հազար, ինքնաբո՞ւխ էին եկել, թե՞ բերվել, հակաքոչարյանակա՞ն էին, թե՞ հակասերժական, սորոսակա՞ն, եհովայակա՞ն, կյանքիխոսքակա՞ն, թե՞... Կարեւորըՙ այդ պահին նրանք նիկոլական էին, եկել էին Նիկոլին պաշտպանելու նախկիններից, երեւելի եւ աներեւույթ բոլոր թշնամիներից. միա՛յն Նիկոլին: Թքա՛ծ մյուս բաներըՙ հայրենիք-մայրենիք, պետություն-մետություն, Արցախ ու Սյունիք, զոհեր, անհետ կորածներ ու գերիներ: Նրանք եկել էին երախտագիտություն հայտնելու Նիկոլին, որ պարտվելով փրկել էր իրենց զավակների կյանքը, թեկուզ վիրավոր կամ հաշմանդամ... Չէ՞ որ պատերազմը հրահրել էին նախկինները:

Նիկոլը հենց այդպիսի՛ բազմություն էր ուզում: Ոչ միայն կարոտել էր նրան, այլ կարոտ էր ցույց տալու բոլորինՙ Պուտինին, Էրդողանին, Ալիեւին ու մյուսներին, որ ինքը իրավիճակի տերն է, որ ինքը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ստիպողականություն ունի վարչապետի պաշտոնից հրաժարվելու, քանի որ «ժողովուրդը» շարունակում է իր կողքին մնալ: «Ժողովուրդ», որի միակ պարտականությունը որեւէ մեկի կողքին մնալն է, եւ հատկապես Նիկոլի...

Եվ արդեն, մարտի 1-ին կայացած փաշինյանական այդ հանրահավաքի միակ հերոսը, միակ հռետորը, միակ հարցադրողը, միակ պատասխանողը, միակ ու միակը ինքն էրՙ Փաշինյանը, ժողովրդի պաշտպանն ու ապավենը, հույսն ու հավատը: (Ու դեռ կան մարդիկ, որոնք զարմանում են, թե ինչպես, 68 տարի առաջ, ժողովրդի մեծ մասը սգում-լացում էր «ժողովրդի հայրիկ» Ստալինի դագաղի հետեւից): Մինչդեռ այդ ժողովուրդը, նկատի ունեմ հրապարակում կուտակվածներին, ոչինչ չուներ նրան հարցնելու, առարկելու, ոչինչ ասելու, բացիՙ «Նիկոլ, վարչապետ» գոռալուց: Տարածքային այսքան կորուստներից, այսքան զոհերից, վիրավորներից հետո, միտինգին ներկա հազարավոր այդ մարդկանցից որեւէ մեկը «գերագույն գլխավոր հրամանատարից» ոչինչ չպահանջեց, չհարցրեց անգամ, թե այդ ինչպես եղավ, որ ազգն ու երկիրը հայտնվեցին այս պարտված, բարոյալքված, կիսակործան վիճակում: Փոխարենը, այդ ամբոխը (այո՛, չմտածող, չհարցադրող հավաքականությունը ամբոխ է կոչվում) «դըմփ-դըմփ հո՛ւ» անելով գնաց Փաշինյանի ետեւից Ամիրյան, Մաշտոց, Կորյուն եւ Աբովյան փողոցներով ու հասավ Մեծն Մյասնիկյանի հուշարձանի մոտ, ոչ թե հայոց պետականության ռահվիրաներից մեկին հարգանքի տուրք տալու, այլ վերհիշելու 13 տարի առաջ նույն վայրում Նիկոլի հրահրած բախումները անվտանգության ուժերի հետ, արյունահեղությանը զոհ գնացածներին, անշուշտ մոռացության տալով փաստը, թե իրենց հերոսն ինչպես ծլկեց «դեպքի վայրից», որպեսզի հետագայում այդ դժբախտությունը վերածի կապիտալի, ոչ միայն քաղաքական:

Մինչ այդ Նիկոլը, ինչպես ասվեց, երկար ճառ արտասանեց, իրեն հատուկ սպառնալիքներով, աջուձախ մեղադրանքներով, ինքնարդարացման յուրահատուկ ձեւակերպումներով: Չզլացավ, դարձյալ, մեղադրել իր «սիրեցյալ» ժողովրդին, որի լավի ու լավագույնի ակնկալությունը իբր պատճառ է դարձել, որ իրենք, խնայելով նրանՙ չկենտրոնանան վատի ու վատագույնի միջեւ ընտրության վրա: Մանիպուլյացիայիՙ իսկապես դասական օրինակՙ իրականությունը գլխիվայր շուռ տալու: Փանջունիական կրկնօրինակՙ ձեռքին եղած խաղալիքը քանդելուց հետո «ի՞նչ ըրիր» դիտողությանը «շինեցի» ասելու պես հարազատ:

Նա խոսեց նաեւ իր ձգտումների ու ծրագրերի մասին. Սահմանադրության փոփոխություններ, կիսանախագահական երկիր, հանրաքվե, արտահերթ խորհրդարանական (նորից) ընտրություններ, այլ նաեւՙ վենդետա չլինելու եւ, միաժամանակ, «թավիշից» մեկանգամընդմիշտ հրաժարվելու մասին, ինչը դիմավորվեց առանձնահատուկ ջերմությամբ: Ներկա բազմությունը լավ գիտեր, որ Նիկոլի բառարանում «վենդետա չի լինին» նշանակում էՙ հաստա՛տ կլինի, իսկ «թավիշը» վաղուց թաղիք է դարձել, այսինքնՙ քեչա: Այդ բազմությունը լավ գիտի, որ շուտով իրեն համար լինելու են դիտարժան տեսարաններ, հետեւաբար ոգեւորված է, սպասում է անհամբեր:

Փաշինյանը ընդհանուր խանդավառության մեջ չմոռացավ նաեւ խոսել իր սխալների ու մեղքերի մասին: Ոչ, չթվարկեց դրանք, սակայն գրեթե լալու չափ հուզվածՙ ներողություն խնդրեց Հայաստանի, Արցախի եւ Սփուռքի մեր ժողովրդից: Չգիտեմՙ ներկաներից ո՛վ հասցրեց եւ ո՛վ չհասցրեց ներել նրան, քանի որ այդ պահն այնքան արագ անցավ, որ ինդուլգենցիայի, մեղքերի խոստովանության ու թողության համար ժամանակ չմնաց, իսկ քավարանի մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկույն մթնոլորտը փոխվեց ծիծաղի, խանդավառության, դուխոտ տրամադրության: Նիկոլն ու իր զինակիցները սկսեցին քայլել զվարթ, հպարտ, հաղթական: Նրանք հաղթել էին: Ո՞ւմ. այդպես էլ հայտնի չդարձավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ