RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1884, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԲԱՌՈՒԲԱՆԻ ՔՈՒՐՄԸ

ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ


Հայ լեզվի, հայ մշակույթի ազնիվ մշակ էր Լեւոն Սարգսյանը: Նրան ճանաչելու հնարավորություն ընձեռեցին «Ազգ»-ի մշակութային հավելվածում իր հրաշալի հրապարակումները. տարիներ նա թղթակցում էր մեր թերթին, ի մասնավորի հայերենի, մեր գրական լեզվի նկատմամբ որեւէ ոտնձգություն, անգամ աննշան աղավաղում աչքից չէր վրիպում, արձագանքում էր անմիջապեսՙ խստաոճ, խստապահանջ, հանգամանալի, փաստերով, լակոնիկ: Ցավոք, մտավորական մեր միջավայրում այսպիսի սկզբունքային մարդիկ, անգամ մասնագետներ, շատ սակավ են: Եվ ահա այսպես վաղաժամ նա հեռացավ մեր կյանքից:

Իր ֆեյսբուքյան էջում Լեւոն Սարգսյանի գրիչը բոլորովին այլ երանգով երեւացՙ բանաստեղծական, նուրբ քնարերգուի նոտաներով. զգայուն այդ հոգին մաքուր սիրո լարեր էր հնչեցնում: Այս խառնակ, մտատանջ օրերին զգացմունքի այդ տողերը օգնում էին մեր ներսում կուտակված ամպերը մի պահ ցրելու, կյանքի թաքուն հմայքները զգալու:

Եվ հիմա չեմ կարող չհիշել նրա մարդկային նկարագրի մասին վկայող մի դրվագ, նրա վերաբերմունքը «Ազգ»-ի մշակութային հավելվածի դժվարին օրերին, երբ ամիսներ ֆինանսական պատճառով լույս չէր տեսնում: Ինչպիսի անհանգստությամբ էր Վանաձորից զանգահարում խմբագրություն, հետաքրքրվում եւ ոչ միայն. նա նախաձեռնեց վանաձորցի մտավորականների ստորագրահավաքՙ հաջակցություն թերթի այդ էջերի վերաբացման: Ասում էր. «Ափսոս է, մեր օրերի եզակի ամբիոն էՙ լեզվի պահպանման, բարձր մշակույթի քարոզչության»:

Հազար ափսո՜ս...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Մահը կյանքի ընթերական է, որից ոչ ոք խուսափել չի կարող: Այդ գիտակցումն ունեն բոլորը, եւ այնուամենայնիվ մարդկայնորեն անասելի ծանր է հարազատի, մտերմի հավերժ հեռացումը: Միակ սփոփանքը հեռացողի` շրջապատին թողած ջերմության հուշն է, հատկապես երբ հեռացողը իրական արժեքների կրող է:

Ցավալի է, բայց փաստն այն է, որ հետխորհրդային ողջ շրջանում ազգային ծրագրերի երազանքով անկախացած Հայաստանում վտանգված է եղել հայոց արժեքային համակարգն ամբողջությամբ: Ավա՜ղ, շատերը չէ, որ խորությամբ են ըմբռնում դա, եւ այդ քչերից էր Լեւոն Սարգսյանը : Սուր էր Լեւոնի գրիչը, ճշգրտորեն դիպուկ եւ հեռահար: Սրանք ընթերցող հանրությանն ուղղորդող հատկություններ են, որոնք մղում են այդ հանրությանը ազնիվ դիմադրության` ի տես նրա ինքնապահպանման:

Տարոլորտ խնդիրներ է արծածրել Լեւոնի գրիչը, եւ գրածը միշտ էր մասնագիտորեն արտակարգ: Լեզվի մասին գրելիս լեզվաբան էր նա, գրականության մասին գրելիս` գրականագետ, քաղաքականության մասին գրելիս` քաղաքագետ եւ այս ամենով պայմանավորված` խորագետ հրապարակախոս: Իր նախորդ բոլոր մեծերից ազգային արժեքներին տեր ու պաշտպան լինելու մարտական հմտությունն էր ժառանգել: Հայոց լեզվի` մեր իրականության մեջ պաշտոնական մակարդակով համատարած ապականությանը զուգընթաց, խորապես գնահատելով բարբառային հարստությունը` առաջնային եւ անզիջում կարեւորություն էր տալիս գրական հայերենի` իբրեւ ազգային միասնության խորհրդանիշի դերին, նրա պահպանման, «է» օժանդակ բայի քաղաքացիության պահանջին: Պարտավոր եմ տեղեկացնել, որ անցյալ տարվա կրթական չափորոշիչների նախագծի դեմ առաջին սուր ճոճողն էր Լեւոնը: Հակահայկական ծրագրերի դեմ լայնածավալ պայքարի սկիզբը նա՛ դրեց:

Անզուգական են Լեւոն Սարգսյանի քաղաքական դիմանկարները, յուրաքանչյուրը` իրեն արժանի այպանանքով: Կարելի էր, իհարկե, վիճարկել նրա այս կամ այն միտքը, բայց անհնար էր անտարբեր անցնել նաեւ՛ այդ մտքերի կողքով:

Բազմաշնորհ էր Լեւոն Սարգսյանը, եւ այդ շնորհներից էր վերուստ տրված գեղարարի ձիրքը: Եթե հրապարակախոսական հոդվածներում անզիջում մարտիկ էր, ապա բանաստեղծության տիրույթում (հատկապես վերջին շրջանի գործերում) իմաստուն ու նուրբ քնարերգակ էր:

Կյանքի վերջին երեսուն տարին ապրում էր Վանաձորում: Այնտեղ հայտնվելուն պես այնպես ու այնքան էր աշխուժացրել քաղաքի գրավոր մշակույթի տարածքը, որ ցավով պիտի արձանագրեմ` նրա հեռացմամբ մի տեսակ որբացավ նաեւ այդ քաղաքը: Մթնոլորտարար կերպար էր: Երկար տարիներ լինելով Վանաձորի պետական համալսարանի լրատվության բաժնի վարիչը` դասախոսից մինչեւ ուսանող իր սպասելի հյուրն էր դարձել: Քանի՜ քանիսին է օգնել` աներեր ոտք դնելու գրական ճանապարհ: Լեւոնի խմբագրության գողտրիկ սենյակը առողջ մտասերման յուրովի կացարան էր դարձել, մշակութային գունոլորտով լեցուն մի կացարան, որի` իրեն դիմահայաց պատի` պատմական Հայաստանի հատվածական քարտեզին թափանցիկ եւ նկատելի գրով դաջված էր` Ալաշկերտ` պապերուս էրգիր...

Արդ` բարի ե՛րթ քեզ դեպի քեզ սպասող մեզ անհայտ տարածություն, հայոց բառուբանի քուրմ իմ ալաշկերտցի՛ ընկեր:

Քո կորստյան վիշտը միայն հարազատներինդ, ընկերներինդ եւ ծանոթներինդ չէ: Կիսով չափ ամայացավ քաղաքիս գրագիտությունը: Քեզնով, քո արդեն հուշ դարձող գոյությամբ ազգային արժեքների պաշտպան ու պահապան հայ ռազմիկի կորստյան ցավ է ծանրացած հիմա հոգումս...

03.02.2021 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ