RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Օրերի հետ

Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1330, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՎՈՒՆՔԻ՞ ՈՒԺԸ, ԹԵ՞ ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կեսօր է, ճիշտ այն ժամը, երբ Երեւանի փողոցները խիստ խճողված են լինում։ Մեքենայով շտապում եմ կարեւոր մի ժամադրության։ Սարալանջի փողոցից թեւանցող աղեղնաձեւով մտել եմ թունելՙ դուրս գալու դեպի Հերացի։ Հենց այդտեղ, հատման այդ կետում, որը վարորդների բնորոշմամբ ամենամուխաննաթն է Երեւանում, մի ջահել ոստիկան փայտիկով կանգնեցնում է մեր ընթացքը. հասկանալի էՙ ինչ-որ «բարձրաստիճանի» անցումն են ապահովում Մյասնիկյանից Հերացի եւ այլուր։ Ոստիկանը ինձ եւ մյուս մեքենաների վարորդներին ձեռքով նշան է անում շարժիչները անջատելու։ Հըմ, ուրեմն մի քիչ երկար ենք սպասելու։ Ետեւի մեքենայի վարորդը գլուխը պատուհանից դուրս հանածՙ խնդրում է ոստիկանին թույլ տալ անցնել. մեքենայում հիվանդ ունի, պետք է հասցնի 20 մետր այն կողմ գտնվող Առաջին հիվանդանոց։ Ոստիկանը անդրդվելի է, թավշյա ժպիտով արգելում է որեւէ առաջխաղացք։ Րոպեներն անցնում են։ Վարորդներից մի քանիսը դուրս են եկել մեքենաներից ու խոսում-քննարկում են։ Մոնումենտից ու Նորք-Մարաշի վերեւներից սկսած անշարժացել են հազարավոր մեքենաներ, ասում են։ Իրենք գիտեն ով է անցնում։ Անշուշտ Նիկոլը։ Նախկիններն էլ նույնն էին անում, ասում է վարորդներից մեկը, բայց էսքան երկար չէին սպասեցնել տալիս, ասում է մյուսը։ Արդեն 15 րոպե էր անցել, վարորդներն արդեն պատրաստվում էին անցնել օրվա գլխավոր թեմայինՙ Օնիկ-Նիկոլ հակամարտությանը, երբ հեռվից լսվեց ոստիկանական մեքենաների ահասարսուռ շչակների, ապա բարձրախոսների գոռում-գոչումըՙ «ձախը ազատիր»։ Ոչ ոք չվախեցավ սակայն, ընդհակառակըՙ ուրախ էին բոլորը, ես էլ։ Ամեն մեկն անցավ իր մեքենայի ղեկին։ Հերացին անշարժացավ. անցնում էր հրոսակախուբը, ներողությունՙ շքախումբը, չգիտեմՙ իրավունքի՞ ուժով, թե՞ ուժի իրավունքով։ Հարցնելու ժամանակ չկար։ Բոլորով, հայավարի, առաջինը անցք տվեցինք հիվանդ փոխադրող մեքենային, որի ետեւից սլացանք առաջՙ ամեն մարդ իր գործին, եսՙ ժամադրությանս։

Պատմածս երեքշաբթի օրն էր պատահել, այսինքն այն օրը, երբ Բաղրամյան պողոտան արդեն 11 օր փակած, վրանավորված Փրկության շարժման աջակիցները, իսկ նրանց դիմաց դիրքավորված ոստիկանական ուժերը սպասում էին նոր զարգացումների, առաջիններըՙ զանգվածային հարձակման ենթարկվելու, երկրորդներըՙ Գերագույնի երեւակայելի եւ աներեւակայելի հրամաններին։ Մինչ այդՙ ամեն ինչ տեղի էր ունեցել այսպես կոչվածՙ օրենքի ուժով։ Այսինքն, Կառավարության շենքից Բաղրամյան 26 էր գնացել Գերագույնի հրաման-նախագիծը Սպայակույտի պետին պաշտոնազրկելու մասին, բայց Բաղրամյան 26-ից վերադարձվել էր Կառավարության շենքՙ համապատասխան առարկություններով։ Գլխավորը, որ մինչ այդ նման անարգանքի չէր հանդիպել, հրամանագիր-նախագիծը նույնությամբ վերադարձրել էր Բաղրամյան 26-ի Տիրոջը, ասել ուզելով, որ Իր որոշումը ենթակա չէ առարկությունների, Ինքը սովոր չէ նման բաների։ Մինչ այդ, արդեն չքայլող քայլականները, Գերագույնին համահունչՙ ալելույական էին բարձրացրել, թե բանակը, այս պարագայումՙ ԶՈՒ Շտաբի պետն ու մյուս գեներալները իրավունք չունեն երկրի վիճակի մասին որեւէ կարծիք հայտնելու, իսկ վարչապետի հրաժարականի նրանց պահանջը հակասահմանադրական է եւ համազոր է ռազմական հեղաշրջման փորձի։ Ալելույա երգողներն ու նրանց ձայնակցողները բնավ չէին ուզում հասկանալ, որ իրենց պնդումները կարելի էր հետահայաց տարածել նաեւ Սպարապետ Վարդան Մամիկոնյանի վրա, որ 1500 տարի առաջ ընդվզել էր Մարզպետ Վասակ Սյունիի կամքի դեմ եւ հայրենիքի օրհասական պահին իր զինվորականի հալով «խառնվել էր» քաղաքականությանը։ Նույնը կարելի էր տարածել նաեւ Ղեւոնդ Երեցի վրա, որ իր տերտեր հալով պարսիկների դեմ մարտի էր առաջնորդել աշխարհազորայիններին։ Եկեղեցին ի՞նչ իրավունք ունի քաղաքականության մեջ քիթը կոխելու։ Բարեբախտաբար մեր պատմիչներից որեւէ մեկը նման հիմարություն թույլ չէր տվել իրեն...

Դժվարին վիճակ էր ստեղծվել նաեւ Բաղրամյան 26-ի Տիրոջ համար։ Նա չէր կարող, առաջին հերթին, պաշտոնազրկումը հաստատել մի մարդու հենց այն հայտարարության համար, որը ինքն էր արել մեկուկես ամիս առաջ։ Երկրորդՙ չէր կարող մասնակից լինել մի վեճի, որը հետզհետե ինստիտուցիոնալից վերածվում էր անձնամիջյան վեճի, ավելի շուտՙ բախման։ Հետեւաբար նա ընտրեց միջամտության այլ ուղիՙ հարցը տանել Սահմանադրական դատարանՙ փաթեթային տեսքովՙ Կառավարություն-Բանակ սահմանադրական հարաբերությունները հստակեցնելու, օրենքի բացթողումները շտկելու, միաժամանակ կասկածի տակ դնելով մինչ այդ կատարված նման պաշտոնազրկումների օրինականությունը։ Արդարեւ, ներքաղաքական իրավիճակի լարվածությունը չթուլացնող, ընդհակառակըՙ սրող մի ուղի էր ընտրել Բաղրամյան 26-ի Տերը, որը, սակայն, առավելությունն ունի խնդիրը սահմանադրական լուծման պարունակի մեջ պահելու, թույլ չտալով բանակի տրոհում, ներքին բախումներ։

Այսուհանդերձ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե համբերատար սպասեր Գերագույն դատարանի վճռին։ Կրկին կնիկական քմահաճ որոշմամբ Նա, իբր, իրավունքի ուժով նոր որոշմնագիր ուղարկեց Բաղրամյան 26, այս անգամՙ Սպայակույտի պետ նշանակելով մի անձնավորության, որին հենց Ինքն էր ուժի իրավունքով պաշտոնազրկել դեռ մի քանի ամիս առաջՙ Իր սարքած «դիմակահանդեսի» կանոնները չհարգելու համար։ Նա կանխավ գիտեր, որ Բաղրամյան 26-ի Տերը չի հաստատելու Իր նոր որոշումը։ Նրա բուն նպատակն էր եւ էՙ պառակտել Բանակը եւ ընդդիմությանը ստիպել բիրտ քայլերի։ Այսինքնՙ ներքաղաքական վիճակը հասցնել լարվածության գագաթնակետիՙ «կա՛մ ես, կա՛մ ոչ ոք» մեզ ծանոթ սկզբունքով։ Թույլ չտալու համար նման բանՙ Բաղրամյան 26-ի Տիրոջը մնում էր մեկ բանՙ վաղը, մարտի 13-ին, վարչապետին, ԱԺ խմբակցությունների եւ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցական հանդիպմանՙ «իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելու փոխընդունելի լուծումներ գտնելու»։

Նիկոլը կգնա՞ հանդիպման. կասկածում եմ, խիստ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ