RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1321, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵՏԻՍ ԶԵՆՅԱՆ

Ա. Բ.

(1935-2021)

Փետրվարին Մոսկվայում կյանքի 87-րդ տարում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական կինոյի օպերատոր Ավետիս Զենյանը :

Նա ծնվել էր 1935-ին, Բեյրութում, Ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում: Հայրըՙ Նազար Զենյանը, հետագայում դարձել է ճարտարագետ, անդամագրվել կոմունիստական կուսակցությանը: Ավետիսը, որ երեք եղբայրներից կրտսերն էր, հիշում է, թե ինչպես է մի անգամ հայրը մոր հետ գաղտնի զենք լցրել ֆայտոնի մեջՙ փոխադրման համար: Հալեպում նա հաճախել է ֆրանսիական դպրոց, երգել եկեղեցում: 1946-ին մոր եւ եղբայրների հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Բաթումում նրանց իրերի մեծ մասը չեն վերադարձրել: Ընտանիքին ուղարկել են Տավուշի Ուզունթալա (այժմՙ Այգեհովիտ) գյուղը: Այնտեղ ձյուն-ձմեռ էր, մինչդեռ Ավետիսը եւ եղբայրները շոգ Սիրիայից եկել էին կարճ տաբատներով: Ապրուստ վաստակելու համար մայրը կոտլետ եւ փախլավա է պատրաստել, իսկ փոքրիկ Ավետիսը վաճառել է շուկայում: Մի անգամ գումար վաստակելու համար դիմել է խորամանկության. մարդկանցից հավաքել է անվավեր մթերային քարտեր, ռետինից դրոշմ է պատրաստել եւ վրան գրելով տարբեր խանութների համարներՙ կնքել է քարտերը: Դրանցով նա ձեռք է բերել 50 կիլոգրամ շոկոլադ եւ վաճառել: Շուտով նվեր ստանալով լուսանկարչական սարքՙ Ավետիսը ամառները շրջել է պիոներական ճամբարներում ու դրամ վաստակել լուսանկարչությամբ: Բեյրութից հայրենադարձված մի լուսանկարիչ ընկեր, որն Ավետիսից քսան տարով մեծ էր, շատ բան է սովորեցրել նրան: Նրա խորհրդով էլ Ավետիսը մեկնել է Մոսկվա եւ 1954-ին ընդունվել ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը: Եղել է նույնպես ուսանող Լյուդմիլա Գուրչենկոյի, Վասիլի Շուկշինի եւ այլոց ընկերական շրջապատում: Իր դիպլոմային աշխատանքը ցանկացել է նկարահանել Արման Մանարյանի հետՙ հայ հայրենադարձների մասին: Նրանք Գառնիում նկարահանել են մի դրվագ Մարտիրոս Սարյանի եւ Իլյա Էրենբուրգի մասնակցությամբ, սակայն հայրենադարձների հետ ոչինչ չի ստացվել, որովհետեւ վերջիններն անկարող էին կոծկել իրենց դժվարին կյանքը: Զենյանը մասնակցել է Մանարյանի դիպլոմային աշխատանքիՙ «Տժվժիկի» նկարահանմանը, սակայն նրա անունը ենթագրերում բացակայում է: Երեւանում չունենալով բնակարանՙ Զենյանը վերադարձել է Մոսկվա: Մարկ Հովսեփյանի հետ նկարահանել է տեսարաններ Մոսկվայից, այն ՎԳԻԿ-ի դիպլոմային աշխատանքների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, եւ Զենյանին աշխատանքի են հրավիրել «Մոսֆիլմ»: Այդ ժամանակ Բոնդարչուկը սկսել էր նկարահանել հետագայում օսկարակիր դարձած իր «Պատերազմ եւ խաղաղություն» կինոէպոպեան եւ Զենյանին աշխատանքի հրավիրել որպես բեմադրող օպերատոր: Նա միակ օպերատորն էր, որն աշխատել է ֆիլմի բոլոր չորս մասերի վրա: Զենյանն է գործի դրել ինը կինոխցիկները, կես միլիոն ժապավեն է անցել նրա ձեռքով, որոնք նա հայտածել է եւ տպել, այնուհետեւ ստեղծել ֆիլմի օրինակները արտասահմանի համար: Տարիներ անց Բոնդարչուկը, հանդիպելով նրան, գրկել է եւ ասել. «Ներիր, որ քեզ այդքան տանջել եմ»...

Որպես օպերատոր Զենյանն աշխատել է նաեւ Ալեքսանդր Միտտայի «Վառվիր, վառվիր, աստղ իմ», «Սա Հաղթանակի օրն է», «Խոպան», «Հեղափոխությամբ ծնվածը», «Ընկեր Սիբիր» ու այլ ֆիլմերում: Եղել է նաեւ օպերատոր Դավլաթնազար Խուդոնազարովի խորհրդականը «Ռուստամ եւ Զոհրաբ» ֆիլմում: Զենյանն է նաեւ 1986-ին ուղղաթիռից նկարահանել Չեռնոբիլ քաղաքն աղետից անմիջապես հետո: Նա շատ է աշխատել նաեւ խորհրդային դասական կինոնկարների («Ուրախ տղաներ», «Չապաեւ», «Ալեքսանդր Նեւսկի», «Իվան Ահեղ») վերականգնման վրաՙ հաճախ իրագործելով տեխնիկական «հրաշքներ» հին ժապավաններին նոր կյանք տալու գործում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ