RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ՉՍԹԱՓՎԵՆՔ` ՎԱՂԸ ՈՒՇ ԿԼԻՆԻ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Իմ սերունդը, որ այսօր ավագ է համարվում, կյանքի կեսից ավելին ապրել է խորհրդային համակարգում, այսօր մի տեսակ շփոթված է, զայրացած ու զարմացած այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում: Չեմ ուզում այդ տարիների գովքն անել, կարոտախտով էլ չեմ տառապում: Պատմաբան եմ եւ գիտեմ բոլոր ցավոտ կեռմանները, որոնք շատ անգամներ պատուհասել են մեզ, երբ Ռուսաստանը չի օգնել, «ուշացել է» մի քանի օր, խորհրդավոր նահանջներ իրականացրել, մեր հաշվին ձեռքբերումներ ունեցել Բալկաններում կամ մեկ այլ տեղ: Սակայն ինձ թույլ եմ տալիս նաեւ ենթադրել, թե ինչպիսի արմատական փոփոխություն եւ անհավատալի ձեռքբերումներ կունենայինք այսօր, եթե 1828 թվականին ամբողջ Արեւմտյան Հայաստանը եւս միանար Ռուսական կայսրությանը ու թեկուզ ենթարկվեր ցարական դաժան շահագործման: Մեծ հարցական է նաեւ, որ եթե դա տեղի ունենար, արդյո ք հայ ժողովուրդը կցեղասպանվեր, արդյո ք այսօր չէինք ունենա 40-50 միլիոնանոց Հայաստան եւ ո վ կլիներ գլխավոր խաղացողը Հարավային Կովկասում...

Ինչու հանկարծ մտաբերեցի խորհրդային տարիները, երբ ամենուր իշխում էր ռուսերենն ու ռուսականությունը, երբ եթե հրաշքով թույլտվություն էինք ստանում (ինձ այն տրվեց մեծ դժվարությամբ, ութ ամիս քաշքշուկից հետո եւ այն էլ երջանկահիշատակ ակադեմիկոս Լ. Խուրշուդյանի կոշտ միջամտությունից հետո միայն) ազգային գրադարանի հատուկ ֆոնդից օգտվելու, ապա չտեսի նման հարձակվում էինք հետապնդումների տարիներից հրաշքով պահպանված եւ մեզ հասած մտավորականների հուշերի վրա, կլանում դրանք, ժամանակի մամուլն էինք փորփրում եւ հետո միայն մեր թեմաները... Երբ ֆիլմերում տեսնում էինք ապրանքալեցուն ու գույնզգույն լույսերով զարդարված խանութները, երբ զարմանում էինք, որ փողոցները լուսավորվում էին գովազդների լույսերով, երբ հասարակ ջինսը պաշտամունքի առարկա էր, երբ...գործում էին հազար ու մի սահմանափակումներ ու արգելանքներ, բայց իմ սերունդը ոչ միայն չէր ընկճվում այդ ամենից, այլ ատամները սեղմած սպասում էր հարմար պահի: Երբ այն եկավ, միանգամից դուրս եկավ եւ անկախ պետություն վերստեղծեց, կռվեց ու հաղթեց: Հաղթեց 1991-1994 թվականներին, երբ հայերս գրեթե առանց գեներալների եւ լիարժեք ձեւավորված բանակի ստիպեցինք ազիկներին ճանաչել Արցախի փաստացի ինքնուրույնությունը եւ զինադադար խնդրել: Իսկ 2020-ին, երբ ունեինք ավելի քան չորս տասնյակ գործող գեներալներով տարածաշրջանում ամենամարտունակ ճանաչված բանակը, պարտվեցինք ու «վերադարձրինք» ոչ միայն գրավյալ յոթ շրջանները, այլեւ թշնամուն նվիրեցինք Արցախի յոթանասունհինգ տոկոսը, մնացյալ Արցախը թողնելով «խաղաղապահ դաշնակցի» ողորմածությանը: Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ պարտված պետության մեջ բոլոր քաղաքական ուժերի համախմբման, բանակի վերականգնման ու մնացած հայրենիքի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու փոխարեն, գրեթե ոչինչ չի ձեռնարկվում պարտության պատճառների ու տեղ գտած դավաճանական փաստերի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ավելինՙ այս դեպքում նույնպես շարունակվում է սեւ-սպիտակ հակադրությունը: Մոռանալով երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրներըՙ իշխանական թեւն իրար հաջորդող ռեվերանս-խոնարհում-զիջումներ է անում աջ ու ձախ, իսկ ընդդիմադիր քաղաքական դաշտը լծված է պարտված գեներալների հերոսացման ու վարչապետի վարկաբեկման-հրաժարականի պահանջներով: Ակամա հարց է առաջանում. արդյո ք Ճակատը կազմալուծած ու պարտված գեներալները երբ հերոսի կոչումների են արժանանում, արժեհամակարգը չի արժեզրկվում: Իսկ ամենացավալին այն է, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ այդ շքերթը հայտնի ու անհայտ հայաստանյան բարեկամներով գլխավորում են օտարները: Իսկապես «Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, զի թագավորդ մանուկ է», ողբամ, քանի որ երեկվա քոչվորների ծաղրուծանակի առարկան ենք դարձել: Լավ, մի թե հայ ժողովուրդն այնքան է ծերացել, որ այլեւս ՆԺԴԵՀՆԵՐ չի ծնելու:

Կասկածից դուրս է, որ որ գլխավոր շտաբը զինված ուժերի ուղեղն է, «Յուրաքանչյուր երկրում ամենաինֆորմացված կառույցներից մեկը: Հատկապես Հայաստանի նման 30 տարի պատերազմական վիճակում գտնվող երկրում` Շտաբն ունի ավելի մեծ ինֆորմացիոն-վերլուծական հնարավորություններ, քան շատ այլ երկրներում, որոնք երբեք չեն գտնվել պատերազմում: Եվ եթե ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը, ուրեմն` վերջինս վերջնականապես ավերել է ե՛ւ բանակը, ե՛ւ սպառազինության մատակարարումը, ե՛ւ տնտեսությունն ընդհանրապես ու վիրավորել է ամբողջ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Այսինքնՙ նրա հրաժարականի պահանջը` ունի շատ լուրջ հիմքեր եւ հիմնավորումներ: Նրանք ունեն որոշակի ինֆորմացիա, որի հիման վրա ներկայացրել են վարչապետի հրաժարականի պահանջը: «Նրանք պարտավոր չեն կիսվել այդ ինֆորմացիան հասարակության հետ, ուղղակի մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե Շտաբը մի բան պահանջում է` ապա հարցը հրատապ է եւ հիմնավորված» (ՌԴ ԶՈՒ Գլխավոր Շտաբի նախկին սպա, ԶՈԻ գնդապետ, ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարիոնոկ ):

Բացի այդ, գրեթե բոլոր զինհրամանատարները պնդում են, որ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից պատերազմի ընթացքում զինված ուժերի ամբողջ համակարգը ղեկավարվում էր անտանելի, մահացու եւ ուղղակի անտաղանդ կերպով: Ծառայությունից հատուկ հեռացվում էին նրանք, ովքեր ավելի մարտունակ էին, ովքեր սովորել էին ՌԴ զինվորական ակադեմիաներում: Այսինքնՙ նա լրիվ դեմ է Ռուսաստանի հետ դաշինքին: Մինչեւ պատերազմը եւ դրանից հետո էլ չէին կազմակերպվում ուսուցողական զինավարժություններ, մարտավարական հնարքներ, այլ զբաղվում էին միայն սրան-նրան դատելով: Դրա համար էլ ի վերջո այս ամենը հոգնեցրեց բանակին, որը, համոզված եմ, հայ ազգի անվտանգությունն ապահովող ամենակարեւոր ինստիտուտն է:

Իսկ ուր է տանում եւ ինչի կհանգեցնի վարչապետ-ԳՇ այս առճակատումը: Հարց, որը փաստորեն դարձել է վճռական ու անկյունաքարային հետագա զարգացումների գործում: Կարելի է ենթադրել, որ եթե նախագահը չհաստատի վարչապետի որոշումը, ապա նա էլ կդիտարկվի որպես հեղաշրջման կողմնակից եւ վարչախումբը կպահանջի ՀՀ նախագահի հրաժարականը: Իսկ ընդդիմադիրները կպաշտպանեն նախագահին եւ դարձյալ կպահանջեն վարչապետի հրաժարականը: Վարչապետն էլ կհայտարարի, որ երկիրը չի ուզում տանել ցնցումների եւ հրաժարվի իր ստորագրած որոշումից: Բայց հազիվ թե, քանի որ նա ուղղակի հետ չի կանգնում իր որոշումներից: Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ ԳՇ պետն ու Փաշինյանը հանդիպեն եւ մի հայտարարությամբ շեշտեն, որ այլեւս գեներալիտետը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը եւ կոնկրետ ժամկետներ նշեն արտահերթ ընտրությունների համար: Սա կլինի ամենագերադասելի տարբերակը: Դատելով տարածաշրջանում գլխավոր խաղացողների «անհանգստությունից» կարող են նաեւ դրսից այլ սցենարներ էլ պարտադրվել, որոնց համաձայն Օ. Գասպարյանը հրաժարական տա ու դրանով կթոթափի իրեն պարտված համարելու եւ վարչապետի որոշմամբ հրաժարվելու ոչ հաճելի բեռը: Սակայն այդ ամենով հանդերձ անվարան կարելի է պնդել, որ ՀՀ-ում հնարավոր չէ ոչ մի իշխանափոխությունՙ առանց արտաքին գործոնի, իսկ թե Ռուսաստանումՙ Թուրքիայի հետ համատեղ ի՛նչ կծրագրվի, դժվար է ասել: Մի բան միայն անվարան կարելի է պնդել, որ եթե Օ. Գասպարյանը խոհեմ մարտավարություն ընտրի եւ հանուն երկրի անվտանգության հրաժարական տա, ապա իշխանությունն ու ընդդիմությունն իրար հանդեպ այնքան ատելությամբ են լցված, որ հազիվ թե դրանով խնդիրը փակվի: Ռազմական հեղաշրջումը Հայաստանում բացառվում է, որովհետեւ մենք արդեն մանավանդ արցախյան վերջին պատերազմից հետո գրեթե կորցրել ենք մեր ինքնուրույնության վերջին դրսեւորումները: Ուրեմն խնդրի կարգավորումը կախված է ավելի շատ արտաքին գործոնից, մի հանգամանք, որը մատնանշում ենք ահավոր ցավով եւ դառնությամբ:

Այս զարգացումների հետնախորքի վրա իմ կարծիքով ամենավտանգավոր իրողությունն այն է, որ երեսնամյա մեր անկախության տարիներին Հայաստանի ներքին գործերին բացահայտ չխառնված Թուրքիան նախագահի, արտգործնախարարի եւ նույնիսկ «Գորշ գայլեր» կազմակերպության առաջնորդի ամենաբարձր մակարդակներով հայտարարեց ու պարզ հասկացրեցՙ իմ տարածքում եք բնակվում եւ ձեզ ուղղակի խելոք պահեք, թե չէ խիստ կպատժվեք: Հասկանում եմ, մենք բարեկամներ չենք եղել ու չենք էլ լինի, որ այդտեսակ հայտարարությունները թեեւ միջազգային իրավանորմերի կոպիտ ոտնահարում են, բայց լինում են: Այստեղ ամենավտանգավորն ու եղկելին այն էր, որ ՀՀ իշխանությունները որեւէ կերպ չարձագանքեցին ու կարծես իրենց լռությամբ պատժված աշակերտի նման ընդունեցին դիտողությունը: Անչափ վտանգավոր է նաեւ այն, որ մեր ԶԼՄ-ներն էլ լավ չպատկերացնելով այդ հայտարարությունների մեծ վտանգըՙ դրանք պարբերաբար կրկնելով մեր ականջների համար սովորական են դարձնում ու անուղղակի դրանց հետ հաշտվելու հոգեվիճակ ձեւավորում:

Ես լավ եմ պատկերացնում, թե ինչ վայնասուն կբարձրացնեին, ինչ աղմուկ ու հազարատեսակ մեղադրանքներ կհնչեցնեին ռուսաֆոբները, եթե այդպիսի հայտարարություններով հանդես գային ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները: Ակամա հարց է առաջանումՙ ի՞նչ է, այս ամենն իրոք արեւմտամետ, սորոսապաշտ կամ որ նույնն էՙ թուրքամետների սրտո՞վ է...: Այ հենց այստեղ է թաղված շան գլուխը, հենց այս պատճառով հոդվածի սկզբում ներկայացրի իմ սերնդակիցների մոտեցումները հիմնախնդրի վերաբերյալ: Իրականության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ուշադիր հետեւեցի նաեւ ընդդիմադիրների ելույթներին եւ ի մեծ ցավ ինձՙ նրանք եւս բացի թռուցիկ անդրադարձներից, ոչինչ էական չասացին այս խնդրի մասին: Համոզված եմ, որ խելոք ու լուռ անկյունում կանգնած աշակերտին, այսինքնՙ Հայաստանին, այդ նույն ոգով ու նախկին հայտարարությունների օրգանական շարունակության տեսքով դիմեց նաեւ Ալիեւը: Վերջինս առանց որեւէ ձեւականաության, մատ թափահարելով եւ պատժի անթաքույց սպառնալիքով մոտավորապես հետեւյալը շեշտեցՙ եթե Հայաստանը չհամաձայնի «մեր նախկին հող Զանգեզուրի» տարածքով միջանցք տրամադրելուն, ապա մենք կստիպենք նրան դա անելու: Պատերազմի հանցագործ Ալիեւի «Հայաստանը չի կամենում միջանցք տրամադրել» արտահայտությունը թվում է վերացական ինչ որ բան է, մինչդեռՙ ավելի որոշակի ու միաժամանակ նենգ ակնարկ երբեւէ չի եղել: Սրանով պարզ ուրվագծում է իր եւ Թուրքիայի առաջիկա նկրտումները եւ դրանք իբրեւ օրինական հրամցնելու կեղծ հիմքերը.... Այս ո՜ւր ենք գնում, Աստված իմ...Իսկապե ս Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, որի ղեկավարությունը հանդիսանում է հավաքագրածների ներկայացուցիչ:

Աստված իմ, միթե իսկապես իրավացի է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, երբ գրում է. «ՀՀ իշխանությունը գործում է ոչ թեՙ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով, այլՙ իրենց հավաքագրած տերերի շահերով», ապա պարզաբանում, որ այդ տերերն այսօր ուզում են բավականին ուժեղացնել Թուրքիային: Նրանց խնդիրն այն է, որպեսզի վերացնեն Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքըՙ զուգահեռաբար աշխատանքներ տանելով նաեւ Հունաստանի դեմ: Այս ամենի համատեքստում, բնական է, որ ՀՀ իշխանությունը համաձայնում է, որպեսզի օկուպացվի ոչ միայն Արցախըՙ իր ֆիզիկական ու ռազմական ուժով, այլեւ Հայաստանըՙ տնտեսական ու աշխարհաքաղաքական մեթոդներով: «Առհասարակ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը,-նշում է Գ. Հարությունյանը, Սյունիքի նկատմամբ հետապնդում է այդ նպատակը: Այսինքնՙ նրանք ծառայում են ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, դրա համար էլ, բնականաբար, չեն արձագանքում Ադրբեջանից եկող հոխորտանքներին»:

Հայտնի իրողություն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը լավ են տիրապետում հոգեբանական, տեղեկատվական մեթոդներին, եւ այն ամենը, ինչ ասում է Ալիեւըՙ ուղղված է ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ ժողովրդին, որպեսզի ստեղծվի այնպիսի տպավորություն, որ եթե Ալիեւի ասածը չանեն, ապա կգան ու բոլորին կոչնչացնեն: Այս իրավիճակում մենք պետք է լավ հասկանանք, որ ռուսական ներկայությունն էլ հաստատուն ու մշտական չէ եւ մենք պետք է ինքներս պատրաստվենք դիմակայելու թշնամուն: Ինչպես նաեւ այն, որ Թուրքիան նեոլիբերալ տոտալիտարիզմի իշխողների համար «կծան շուն» է, որին երբեմն քսի են տալիս անհնազանդություն ցուցաբերողների վրա, բայց հաճախ այդ «քարտ բլանշը» վարպետորեն օգտագործում է հօգուտ իրեն: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա Արցախ մտավ ոչ թե նրա համար, որ Փաշինյանն իր դաշնակիցն էր, այլ որպեսզի փրկեր Հայաստանը, ինչպես արել էր 200 տարի առաջ:

Ամփոփելով նշեմ, որ քաղաքական ու տնտեսական ծայրագույն վտանգավոր իրավիճակում ենք, ուստի բոլորիս սթափվել է պետք, թե չէ վաղը ուշ կլինի...

01-10.03.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ