RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3530, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մուստաֆա Քեմալը Մոսկվայի պայմանագրին ընդառաջ հավաստիացրել է Լենինին

Մարտի 16-ին լրացավ 1921 թ. Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ ստորագրված բարեկամության եւ եղբայրության պայմանագրի հարյուրամյակը: Դրա ստորագրման պատճառաբանությունը շարադրված է նախաբանում, որտեղ մատնանված է. որ ստորագրող կողմերը «բաժանելով ազգերի եղբայրության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջեւ գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, եւ ամբողջովին խանդավառված միմյանց միջեւ մշտական արտաքին փոխհարաբերություններ եւ երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության եւ եղբայրության պայմանագիր»:

Կարծում ենք այս նախաբանի ոգով ստորագրված պայմանագրի բովանդակությունը, հատկապես Հայաստանի տեսանկյունից, մեկնաբանության կարիք չի զգում: Սակայն դրա դրույթները, այնուամենայնիվ, հարցականներ առաջացնում են: Օրինակՙ 1-ին հողվածում նշվում է. «Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թ. հունվարի 28-ին ընդունված թուրքական «Ազգային ուխտի» մեջ»: Մինչդեռ Իգդիրը ուխտի մեջ չէր մտել, քանի որ երբեւէ Օսմանյան կայսրության մաս չի կազմել, ինչի մասին նշել են թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն , պատմաբան Այշե Հյուրը եւ ուրիշներ:

Պայմանագրի 2-րդ հոդվածով «Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթումի նավահանգիստն ու քաղաքը»: Առհասարակ միջպետական հարաբերություններում զիջումը միակողմանի չի լինում: Մանավանդ որ Վրաստանն արդեն խորհրդայնացվել էր, այսինքն քեմալականները Բաթումն իրականում զիջել էին ԽՍՀՄ-ին: Պարզապես չգիտենք, թե Բաթումի դիմաց Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը ի՞նչ է զիջել թուրքական կողմին, չհաշված Իգդիրը: Չգիտենք նաեւ Մոսկվայի պայմանագրի գաղտնի հոդվածների մասին, էլ չենք խոսում դրանց բովանդակությունից: Օր. Լոզանի պայմանագիրը, որ ունեցել է գաղտնի հոդվածներ, թուրք հեղինակները նշում են առանց բովանդակությունը բացահայտելու:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի բոլշեւիկյան իշխանությունների մերձեցումը քեմալականների հետ տեղի էր ունեցել նախքան 1921 թ. Մոսկվայի պայմանագրի ստորագրումը: Որքան էլ թուրք հեղինակները չշոշափեն դրանում գաղտնի հոդվածների գոյության հարցը, այնուամենայնիվ 100-ամյակի առթիվ անդրադարձել են պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին, որոնց ընթացքում կողմերը փոխըմբռման մթնոլորտում քննարկել են Հայաստանի հարցը: Այդ աշխատանքներն որոշակի պատկերացում են տալիս քեմալականների հետ բոլշեւիկների Հայաստանի առնչությամբ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին:

Սակայն, նախքան պայմանավորվածությունների հարցին անդրադառնալը նշենք, որ սույն թվականի մարտի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, տեղի են ունեցել քննարկումներ «Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ին կնքած Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի նախաշեմին» թեմայով: Քննարկումները ելույթով բացել է Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը , ասելով, որ Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը ստորագրումից մեկ դար հետո:

Քննարկումներին մասնակցել է նաեւ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը : Նա իր ելույթում Մեջլիսի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 100-ամյա պայմանագիրը պաշոնապես կոչվում է «բարեկամության եւ եղբայրության» պայմանագիր եւ չնայած վաղեմությանը, այժմեական է եւ պարունակում է մեր օրերերում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը միտված արժեքավոր գաղափարներ:

Մարտի 16-ին պայմանագրի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, որտեղ նշվում է. «Պայմանագիրը, որ կնքվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց, քաղաքական իմաստով կարեւոր է ոչ միայն այդ ժամանակաշրջանի համար, այլեւ իրավական տեսանկյունից վավեր է նաեւ այսօր, դա շատ կարեւոր տեղ է զբաղեցնում ռուս-թուրքական հարաբերություններում եւ ցայսօր չի կորցրել իր արդիականությունը»:

Այս հաղորդագրությանը նույն օրն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՙ ասելով. «Այս նշանակալի տարեդարձը, ինչպես նաեւ երկկողմ դիվանագիտական կապերի հարյուրամյակը, որը նշվել է 2020 թվականին, մենք դիտարկում ենք որպես ռուս-թուրքական գործընկերության կարեւորության փոխըմբռնման պատմական վկայություն: Մեր համագործակցությունը խորապես գիտակցված էՙ հիմնված բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա, եւ կենտրոնացած է համատեղ արդյունավետ աշխատանքի վրաՙ հանուն Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման, հանուն տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության: Վերջին հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական եւ պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման երաշխիքն է»:

Գալով քեմալականների հետ բոլշեւիկներիՙ Հայաստանի առնչությամբ ձեռք բերած պայմանավորվածություններին, ապա դա պայմանավորված է ռուս-թուրքական մերձեցումով, որի հիմքը 1920 թ, ապրիլի 26-ին, Ազգային մեծ ժողովի բացումից 3 օր հետո Լենինին հղած նամակով դրել է Մուստաֆա Քեմալը : Նամակում, ինչպես մարտի 16-ին վկայում է «https://mustafakemalim.com» կայքէջը, նա գրել է. «Բոլշեւիկյան ուժերի Վրաստան արշավելու, վտարելով այնտեղից անգլիական զորքերինՙ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատելու դեպքում Թուրքիայի կառավարությունն էլ պարտավորվում է ռազմական գործողություն ձեռնարկել իմպերիալիստական Հայաստանի կառավարության դեմ եւ ապահովել Ադրբեջանի ընդգրկումը բոլշեւիկյան հանրապետությունների կազմում»:

Այս նամակին դրական է արձագանքում ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինը : Ապա 1920 թ. հուլիսի 19-ին Մոսկվա է հասնում քեմալականների գործուղած պատվիրակությունը Բեքիր Սամիի գլխավորությամբ, կողմերի միջեւ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, որքան էլ վերջիններս միջազգայնորեն ճանաչված չլինեն, իսկ 1921-ի մարտի 16-ին ստորագրվում է Մոսկվայի պայմանագիրը: Ըստ ամենայնի այս պայմանագիրն է կազմել 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հիմքը, որ հենց Մոսկվայում է լուծվել Նախիջեւանի հարցը: Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով կողմերը համաձայնվում են, որ «Նախիջեւանի մարզըՙ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններով կազմի ինքնավար տարածքՙ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»: Ի դեպ, բոլշեւիկները քեմալականների հետ մոտավորապես նույն ձեւով լուծել են նաեւ Թուրքիայի հյուսիա-արեւելյան սահմանների, այսինքն Արդահանի եւ Արդվինի հարցը: Ի դեպՙ Մոսկվայի պայմանագրի Նախիջեւանին առնչվող 3-րդ հողվածը նույնությամբ տեղ է գտել Կարսի պայմանագրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ