RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1277, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ՆԱՄԱԿ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԻ

https://www.israelnationalnews.com
Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Հրեա եւ իսրայելացի գիտնականների մի խումբ կարծում է, որ Ադրբեջանը կանգնած է Հայաստանը զրպարտելու քարոզարշավի հետեւում եւ հանդես է եկել վերջինիս պաշտպանությամբ

Մենքՙ ներքոստորագրյալներս, հրեա եւ իսրայելացի գիտնականներ ենք Մերձավոր եւ Միջին Արեւելքի ուսումնասիրության ոլորտում: Մենք գրում ենք այս բաց նամակը ի պաշտպանություն պատվի եւ բարի անվան մեր հայրենիքին մոտ գտնվող մի ժողովրդի եւ նրանց երկրիՙ Հայաստանի:

Մենք գրում ենք այս բաց նամակը, քանի որ Իսրայելում եւ հրեական մամուլում քարոզարշավ է եղել, որը, ենթադրում ենք, ֆինանսավորվել է Ադրբեջանի կառավարության կողմիցՙ Հայաստանին զրպարտելու եւ անվանարկելու համար: Մի այսպիսի հոդված հայտնվել է Արուց Շեվայի կայքում (որը, հարկ է նշել, նաեւ հայկական տեսակետը պարզաբանող որոշ հոդվածներ է հրապարակել), 2021-ի փետրվարի 23-ին Փոլ Միլերի գրած հոդվածում («Ջերուսալեմ փոստ»-ում եւ «Թաբլեթ»-ում):

Հայերը հին քաղաքակրթություն են, եւ առաջինն են, որ քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն: Մեր համազգային մայրաքաղաքիՙ Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական թաղամասը գոյություն ունի 1500 տարի: 16 դար հայերը գրում են իրենց լեզվով, որը հեռավոր կերպով հարակից է հունարենին, այբուբենի յուրովի հնչունաբանությամբ, որի կերպը գիտական սրբություն էՙ ընկալելի խորհրդավոր տեսլականում: Նրանք ցանցահյուսազարդեր են փորագրել հրաբխային քարերի վրա, ծաղկել են ձեռագրեր, որոնք համաշխարհային մշակույթի գանձեր են:

Հայերը սիրում են հավաքվել ճոխ, հյուրընկալ ընթրիքներին: Նրանք շատ խիզախ ժողովուրդ են. մինչ նրանց հարեւան ազգերը իսլամադավան են դարձել, իսկ նրանք վերածվել են ներխուժումներից ավերված եւ աքսորից մարդաթափ եղած մի կղզի: Կորցնելով անկախությունըՙ առանց քաղաքական եւ ռազմական ուժի, նրանք, ինչպես մեր ժողովուրդը, ստեղծել են ստեղծագործականության եւ բարի գործերի մի թագավորություն: Լայնասփյուռ հայ համայնքը աչքի ընկավ գործարարության, բժշկության, արվեստի եւ գրականության մեջ: Գաղութի համար նրանց բառը ծագում է եբրայական «գալուտ» բառից: Չնայած Հայաստանում չկա բնիկ հրեական համայնքՙ հրեական կրոնական տերմինաբանության առկայությունը հայերենում ենթադրաբար շատ վաղ արմատներ ունի:

Մեկ դար առաջ, օսմանյան թուրք ազգայնականներն Առաջին համաշխարհային պատերազմը որպես պատրվակ օգտագործեցինՙ հայերին բնաջնջելու համար, որոնք մեղադրվեցին, ինչպես սովորաբար հրեաներն են մեղադրվում, որպես անհավատարիմ «հինգերորդ շարասյուն»: Թուրքերի ադրբեջանցի զարմիկներից ոմանք մասնակցեցին տարբեր վայրերում հակահայկական ջարդերին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շրջանում: Իրադարձություններից մեկ սերունդ անց Լեհաստանի հրեա, իրավաբան Ռաֆայել Լեմկինը հորինեց «ցեղասպանություն» եզրույթըՙ նկարագրելու համար, թե ինչ է արվել հայերի նկատմամբ եւ ինչ էր կատարվում մեր սեփական ժողովրդի հետ Եվրոպայում Երկրորդ աշխարհաամարտի ժամանակ:

Չեխիայի հրեա արձակագիր Ֆրանց Վերֆելը գրեց «Մուսա լեռան քառասուն օրը»ՙ բեսթսելեր թուրքական արտաքսման հրամանին հայ գյուղացիների հաջողված դիմադրության մասին: Գիրքը ոգեշնչեց թե՛ Վարշավայի մեր գետտոյի մարտիկներին 1943-ին, եւ թե՛ մեր Հագանային, երբ Կարմելում պատրաստվում էր վերջին մարտը, եթե նացիստները ներխուժեին Իսրայելի երկիր:

Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով արեւմտյան ուժերը սիրաշահեցին թուրք հանրությանըՙ կոմունիզմի դեմ արշավի համար: Միացյալ Նահանգները հրաժարվեց հայկական ջարդերը վերապրած անտուններին սատարելու քաղաքականությունից: Պատմական Հայաստանի արեւելյան սահմանինՙ խորհրդային կառավարման տակ գտնվող Անդրկովկասում, հիմնվեց վերապրած, փոքր Խորհրդային Հայաստան պետությունը:

Իսրայելի համար ընդունված է ասել, որ նա մեկ քառակուսի մետրի վրա շատ ավելի մղձավանջներ է ունեցել, քան որեւէ այլ երկիր: Հայաստանում մոտավորապես նույնն էրՙ սարսափի հուշերով շրջապատված ընկճված ժողովուրդ, որը փորձում էր ծառեր տնկել, քաղաքներ կառուցել եւ նոր կյանք ստեղծել: Իսրայելում մենք ծաղկեցրինք անապատը, հայերը նույնն արեցին քարքարոտ հողի վրա, բայց նրանք ստիպված էին դիմակայել կոլեկտիվացմանը, ստալինյան զտումներին, հյուսիսային Մեծ Եղբոր ծանր ձեռքին եւ գաղտնի ոստիկանության աչալուրջ ականջին:

Երբ Խորհրդային Միությունը քայքայվեց, ծայրահեղ ազգայնականների գաղափարախոսությունները եւ կրոնական մոլեռանդությունը ներխուժեցին յոթ տասնամյակ պարտադրված կոմունիստական դոգմայից ազատված ուղեղներ: Զսպված էթնիկ հակասությունները, բազում նախկին խորհրդային երկրների թե՛ ներսում, թե՛ դրանց միջեւ, պոռթկացին պատերազմի տեսքովՙ ներառյալ Հայաստան եւ Ադրբեջան հարեւան երկրներում: Երկու նորանկախ երկրները պատերազմ սկսեցին Ադրբեջանի կազմում գտնվող հայ մեծամասնությամբ անկլավիՙ Ղարաբաղի համար, որի բնակչությունն ինքնավարություն էր պահանջել: Մոտ 30 հազար կյանքեր կորսվեցին, իսկ հայերը ձեռք բերեցին ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ այն շրջապատող տարածքներից ռազմավարական, լայն բուֆերային մի գոտի: Մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ ստիպված էին փախչել իրենց տներից եւ ագարակներից:

Նավթով հարուստ արեւմտամետ Ադրբեջանը, որը սահմանակցում է Իրանին, միեւնույն ժամանակ դառնում է Իսրայելի առեւտրային գործընկերն ու դաշնակիցըՙ մեր օդուժին իրանական սահմանին կայանատեղի առաջարկելով: Ներկայիս իրանական ռեժիմը հակահրեական զրպարտություն է դուրս հորդում եւ երդվում է ոչնչացնել Իսրայելը. Երկրորդ աշխարհամարտից հետո խելացնորություն կլիներ նման իրական սպառնալիքներին լուրջ չվերաբերվելը: Բացի այդ, գոյություն ունի Ադրբեջանում մեծ եւ շատ հին հրեական համայնք : Այստեղ ընդգծում ենք, որ չենք վիճարկում մեր երկրի ազգային կենսական շահերը, եւ աշխարհում ոչ ոքից ներողություն չենք հայցում ինքներս մեզ պաշտպանելու համար:

2020-ի աշնանը Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղը ետ վերցնելու համար: Ռուսաստանը երկու կողմերին էլ զենք վաճառեց. Թուրքիան մարդկային եւ նյութական մեծ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, ներառյալ բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ներ: Իսրայելը նույնպես ԱԹՍ-ներ եւ այլ հումք վաճառեց իր դաշնակցին: Ռուսաստանը պաշտպանության դաշնագիր ունի Հայաստանի հետ, բայց քանի դեռ Հայաստանն անմիջականորեն հարձակման չէր ենթարկվել, Պուտինը որոշեց ձեռնպահ մնալ: Այս կերպ նա գուցե Թուրքիային ՆԱՏՕ-ից սիրաշահելովՙ հեռացնելու հեռահար նպատակ էր հետապնդում:

Ադրբեջանը Հայաստանին բացարձակ եւ ջախջախիչ պարտության մատնեց. Ռուսաստանը միջամտեց ամենավերջին պահինՙ հրադադարի պայմանները համաձայնեցնելու եւ իր զորքը տարածաշրջանում որպես խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:

Սա Իսրայելի պատերազմը չէր: Մենք պատշաճ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մենք չպետք որեւէ կողմին սատարենք:

Հակահրեականությունը խոր արմատներ ունի եւ բնորոշ է Հայաստանին, սակայն ոչ ավելի, քան շատ քրիստոնյա հանրություններում: Հայագիտության մեջ մասնագիտացած մեզանից ոմանք, անմիջականորեն եւ տարբեր առիթներով բախվել են նման նախապաշարմունքի: Զարմանալի չէ, որ վերջին պատերազմը Իսրայելի վրա նման հարձակումների առիթ հանդիսացավ հատկապես զանգվածային լրատվամիջոցներում: Օգտվելով սրանիցՙ Ադրբեջանը սաստկացրեց քարոզչական գրոհը հրեական եւ իսրայելական լրատվամիջոցներում: Ակնհայտորեն տարբեր վայրերից, տարբեր հեղինակների կողմից գրված հոդվածները հետաքրքրական կերպով կարծես թե միեւնույն երկու-երեք կետի վրա են խաղում:

Այս հոդվածները նշում են Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Հոլոքոսթի համեստ հուշարձանի հանդեպ վերջերս տեղի ունեցած վանդալիզմը: Դա ճիշտ է, սակայն, ցավոք, դժվար է նշել մի երկիր, որտեղ Հոլոքոսթի հուշարձանները վանդալիզմի չեն ենթարկվել: Բնավ չարդարացնելով վանդալիզմըՙ հարկ է նշել, որ Իսրայելում Հոլոքոսթի ոգեկոչման եւ հետազոտության «Յադ Յաշեմ» կենտրոնը զգուշորեն խուսափում է իր ցուցահանդեսների ժամանակ հիշատակել Հայոց ցեղասպանությունը, չնայած որ Հիտլերը դրանից էր ոգեշնչվելՙ Վերջնական Լուծման համար իր ծրագրերը կազմելիս: Որքան ավելին ենք իմանում նացիստական շարժման մասին, այնքան ավելի կարեւոր է դառնում նախատիպըՙ հայերի սպանդը:

Մյուս հիմնական կետը, որ շեշտում են հոդվածները, այն է, որ Հայաստանը հուշարձաններ է կանգնեցնում կամ այլ կերպ պատվում է Գարեգին Նժդեհիՙ հայկական Հեղափոխական Միավորման կամ Դաշնակցության առաջնորդի հիշատակը, որը նացիստական բանակում հայկական զորամաս է կազմավորել եւ ղեկավարել: Ամերիկայում 1930-ականներին դաշնակցականները կազմավորեցին Ցեղի Երկրպագման Հասարակություն (Ցեղակրոնություն) երիտասարդական շարժումը: Չնայած կուսակցությունը մեծ ժողովրդական հենքի վրա էր եւ դաշնակցականների մեծ մասը չէին մասնակցել ահաբեկչական գործողություններին, դրա քաղաքականությունը հաճախ ծայրահեղական էր: Դաշնակցական մարդասպանները դանակահարելով սպանեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանին, Նյու Յորքի իր եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցելիս: Նրա մե՞ղքը: Նա աջակցության ձայն էր բարձրացրել հօգուտ փոքր, նորածին Խորհրդային Հայաստանի: Ամերիկայի հազարավոր հայեր վրդովված էին սպանությունից, որոնցից շատերը մի քանի տարի անց համազգեստ հագած կռվում էին Հիտլերի դեմ:

Սակայն ահա ի՛նչ կատարվեց: Մի հայ տղաՙ նույնպես Ցեղասպանությունը վերապրած, այն հազարավոր զարհուրած հավատացյալների մեջ էր, որոնք վերին Մանհեթընի Ս. Խաչ եկեղեցում սպանությանը ականատես եղան: Նրա անունը Ավետիս Տերունյան էր, եւ ոճիրը ոգեշնչեց նրան երդվելՙ պայքարել ֆաշիզմի դեմ իրեն որդեգրած երկրումՙ Ամերիկայում: Օգտագործելով Ջոն Ռոյ Կարլսոն անունըՙ նա ներթափանցեց ծայրահեղ աջաթեւյան, հակահրեական կազմակերպությունները («Ամերիկյան առաջին կոմիտե», «Արծաթե վերնաշապկավորներ», «Գերմանա-ամերիկյան միություն», «Հայր Քուգլինի եւ Չարլզ Լինդենբերգի աջակիցներ»): Նրա «Քողի տակ» գիրքը դարձավ բեսթսելեր եւ արթնացրեց ամերիկացիների սթափությունն իրենց տանը նացիստական խռովության սպառնալիքի հանդեպ: Պատերազմից հետո Տերունյանը գնաց Միջին Արեւելք. նրա «Կահիրեից Դամասկոս» գիրքը բացահայտում է կոռումպացված Արաբական ռեժիմի փախստական նացիստների հետ մերձ կապերըՙ հույս ունենալով Իսրայելը ոչնչացմամբ վերջացնելու գործը: Տերունյանը Մքքարթիի ժամանակաշրջանում հետապնդված լինելով հակակոմունիստ դաշնակցականների կողմից (այնուհետեւ դաշնակցականներն իրենց վերանվանեցին «ձախակողմյան» եւ «առաջադիմական»), իր մնացյալ տարիներն անցկացրեց լուռ միայնության մեջՙ հաճախ օրերն անցկացնելով Բնեյ Բրիտ գրադարանում: Ադրբեջանցի պրոպագանդիստները հաճախ թիրախավորում են Տերունյանին: Բայց արդյոք պե՞տք է, որ մենք էլ նույնն անենք:

Մենք համաձայն ենք, որ Նժդեհը հանցագործ էր: Սակայն նա Հայաստանում մեծարվում է ոչ թե երկրորդ համաշխարհային պատերազմում իր գործունեության, այլ դրանից առաջ, 1915-ի Ցեղասպանությունից հետո ծնունդ առնող առաջին Հայկական Հանրապետության պաշտպանության գործում նրա ռազմական դերի համար:

Սակայն հեշտ է պատմությունը խեղաթյուրելը. նացիստական Վերմախթում ներգրավված շատ հայեր պատերազմում Կարմիր Բանակի գերիներ էին, որոնք կսպանվեին համակենտրոնացման ճամբարներում, եթե չմիանային նրա զորամասին: Նրանցից շատերի համար դա անխուսափելի մահից խուսափելու միակ տարբերակն էր, իսկ նրանցից շատերը հետ էին փախչում խորհրդային բանակի շարքեր:

Այս դասալքությունները Հիտլերին Վերմախթի հայկական ստորաբաժանումի հանդեպ այնքան անվստահ դարձրին, որ նա նրանց վտանգավոր եւ կարեւոր առաջադրանք հանձնարարեց... պահպանել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող խաղողի այգիները: Միեւնույն ժամանակ, Խորհրդային Հայաստանի հարյուր հազարավոր հայեր իրենց կյանքը տվեցին Հիտլերի դեմ պատերազմումՙ մարտի նետվելով տանկերով, որոնց վրա գրված էր միջնադարյան էպոսի հերոս Սասունցի Դավթի անունը: Շատերը կռվեցին Մարշալ Բաղրամյանիՙ Բելառուսական ճակատի հրամանատարի, ենթակայության տակ:

Իսկ վերադառնալով Ֆրանսիայինՙ խաղողի այգիների հյուսիսում, բանաստեղծ, գործարանի աշխատող եւ Ցեղասպանությունը վերապրած Միսակ Մանուշյանին Կոմունիստական կուսակցության կողմից հանձնարարված էր ստորաբաժանում կազմելՙ Դիմադրության առանձնահատուկ վտանգավոր հանձնարարությունը իրականացնելու համար: Նրա զինակիցները Լեհաստանի հրեաներ եւ Իսպանիայի քաղաքացիական պատերազմից փախածներ էին: Մանուշյանը եւ հանուն ազատության մարտնչող նրա զինակիցները կալանավորվել, տանջանքի են ենթարկվել եւ սպանվել են Գեստապոյի կողմից: Տարիներ շարունակ Մանուշյանն ու նրա մարդիկ բավականաչափ «ֆրանսիացի» չէին համարվում ընդունվելու համար այն երկրի կողմից, որի համար նրանք զոհվել էին: Այժմ Ադրբեջանի պրոպագանդիստները, հայերին որպես նացիստ պատկերելիս, նորից պղծում են նրանց հիշատակը: Հեշտ է փաստն օգտագործել սուտ ասելու համար, ինչպես Ադրբեջանի ջատագովներն են անում: Մենք նախընտրում ենք այդ փաստերի ճշմարտացի համատեքստը տրամադրել եւ արձանագրել այն իրողությունները, որոնք նրանք բաց են թողել: Դա է գիտության եւ պրոպագանդայի, ճշտի եւ ստի տարբերությունը:

Այս քարոզչական պայքարում Ադրբեջանը ներկայացված է որպես հրեա ժողովրդի լավագույն ընկեր: Կրկինՙ սա չէ իրական պատկերը: Մենք ընդամենը մեկ օրինակ կբերենք, երբ Ադրբեջանի հասարակությունը միտումնավոր եւ առանց պատճառի թշնամաբար է վարվել անօգնական հրեաների հանդեպ: Լեւ Նուսիմբաուն մեծացել է Բաքվումՙ Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ Ռուսական Հեղափոխությունից հետո տեղափոխվել է Բեռլին: Նա դավանափոխ լինելովՙ իսլամ է ընդունել, վերցրել է Կուրբան Սաիդ անունը, եւ ռոմանտիկ վեպ է հրատարակելՙ «Ալի եւ Նինո»: Հերոսը մուսուլման տղա է, իսկ բացասական կերպարը մեծ, սեւ, երկար, հզոր... մեքենայով հարուստ հայ է: Նացիստական ռեժիմի տարիներին Գերմանիայի ադրբեջանական համայնքը շարունակում է խեղճ պարոն Սաիդին Գեստապոյին որպես հրեա ներկայացնել: Նա փախչում է Իտալիա, որտեղ թաքնվելովՙ հրաշքով փրկվում է: Դուք այս նողկալի դեպքը չեք գտնի Ադրբեջանի հրեասիրական գովեստներում:

Մենք չենք կարող շրջանառվող ողջ ապատեղեկատվությունը Բաքվին հասցեագրել: Սակայն մենք կցանկանայինք սույնով հայտարարել, որ մենք, մասնավորապես որպես հրեաներ եւ իսրայելացիներ, աջակցում ենք հայ ժողովրդին իրենց հայրենիքում որպես ազատ ազգ ապրելու իրավունքին: Մենք հարգում ենք նրանց հնադարյան, ազնվագույն, եզակի մշակույթը: Մենք դատապարտում ենք նրանց դեմ ուղղված նողկալի զրպարտությունը: Մենք նաեւ դատապարտում ենք հակահրեականության բոլոր դրսեվորումներըՙ անկախ դրանց պատրվակից: Մենք մերժում ենք հայերի դեմ ագրեսիան եւ կարծում ենք, որ մեր երկիրը դրա հետ ոչ մի կապ չպետք է ունենա: Մենք կշարունակենք լինել նրանց կողքին:

Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Մենք գիտենք դա. մենք նաեւ գիտենք հին հասիդական ասացվածքըՙ «Ճշմարտությունն ամենուրեք է, քանզի ուր էլ նա փորձում է բնակվել, մարդիկ նրան վտարում են»: Եվ այս շարքին կարող ենք ավելացնել այս հայկական ասացվածքը. «Ճիշտն ասելիս մեկ ոտքդ ասպանդակին պահիր» (որպեսզի կարողանաս շուտ փախչել): Շատ պատերազմներ են եղել, եւ դրանք դեռ շարունակվում են, քանի որ բոլոր դրանցում զոհ է ճշմարտությունը : Սակայն ճշմարտությունը ինչ-որ չափով մեզՙ Սուրբ գրքի մարդկանց պես, չի կարող սպանվել: Այն շարունակ վերադառնում է: Բռնակալներ Պուտինն ու Էրդողանը ինչ ուզում ենՙ կարող են անել իրենց ապերջանիկ երկրներումՙ զոհաբերելով անմեղներին իրենց կեղտոտ խաղերը խաղալու համար, բայց ո՛չ այստեղ: Մենք թույլ չենք տա Ադրբեջանի քարոզչական գործարանին, որքան էլ ուզում է նավթադոլարներ վճարի իր գործակալներին, ճշմարտությունը վռնդել Իսրայելից: Եվ մենք մեր երկու ոտքն էլ դուրս ենք հանել ասպանդակից ու ամուր կանգնած ենք այս հողի վրա. մենք կշարունակենք վկայել ճշմարտությունը ու, նաեւ, որեւէ այլ տեղ չենք գնա:

Ջեյմս Ռասել , Մաշտոցի անվան վաստակավոր պրոֆեսոր հայագետ, Հարվարդի համալսարան

Մայքլ Սթոուն . Հայագիտության եւ համեմատական կրոնագիտության վաստակավոր պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան

Յոավ Լոեֆ , Հայագիտության ուսուցիչ, Երուսաղեմի Եբրայական համալսարան

Օդեդ Շտայնբերգ , Միջազգային հարաբերությունների եւ եվրոպագիտության դասախոս, Երուսաղեմի Եբրայական համալսարան

Ռուվեն Ամիտաի , Միջին Արեւելքի պատմության դասախոս, Երուսաղեմի Եբրայական համալսարան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ