RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1201, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸՙ ԱՌԱՅԺՄ ԽՈՍՔԵՐՈՎ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Վստահ եմ, որ որոշակի տարիքի հասած որեւէ մեկին դժվար է զարմացնել: 40-ամյան իր համոզումներն ունի, 60-ամյանՙ իր ճշմարտությունը, 80-ամյանՙ իր պնդումները: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հիմնավորել, որ հայերս աշխարհին պետք է ներկայանանք մեր մշակույթով, գիտական ներուժով, օրգանիկ սննդով... Սովորական է նաեւ, որ իրենց ապրածն ու արածը առավել օրինակելի են քան Նաստրադամուսի կամ Վանգայի կանխագուշակումները: Թե ինչո՞ւ եմ այսօրինակ մտորումների տրվել, փորձեմ բացատրել:

Հեռուստաալիքներից մեկում տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողուհու հյուրը միջին տարիքի, խաղողագործների միության նախագահ ներկայացած անձ էր: Թեեւ հաղորդումն ընթանում էր «Խաղողագործները վրդովված են» վերնագրի ներքո, այսուհանդերձ զրուցակիցը ոգեւորված հայտարարեց, որ խաղողն ու դրանից ստացված գինին ու կոնյակը ՀՀ-ում արտադրվողի բրենդների բրենդ են, հետեւաբարՙ լրջագույն հոգածություն են պահանջում: Մարդ իր ոլորտի ջատագովն է, ոչինչ, որ Հայաստանը ոմանք ծիրանի երկիր են կոչում, ինչ-որ մեկն էլ նման անվանումով կուսակցություն է ստեղծել: Զրույցից պարզ դարձավ, որ խաղողագործների վրդովմունքի հիմքում այս պտղի մթերումներն են եւ գինը:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ լրագրողի գործը չէ մատի ու մատանու օրինակով այլոց հարաբերությունների մեջ մտնել. այսուհանդերձ նկատենք, որ խոսքը հայոց հողի մասին է, նաեւ ՀՀ կառավարությունում քննարկված արդյունավետություն կոչվող խնդրի: Զրույցն ավարտվեց... եւ ոչ մի ակնարկ հայաստանաբնակներիս կողմից հայրենական արտադրության գինիների ու կոնյակների օգտագործման գրեթե զրոյական ծավալների շուրջ: Կարծես հայոցս հողն ու ջուրն այլոց վայելքները բավարարելուն է ուղղված, մեր գինե-կոնյակասերներին կարելի է անտեսել, նրանց առօրյան փոքր-ինչ բրենդային վայելքով կազմակերպելն օրակարգային չէ: Հանրահայտ է, որ ՀՀ առեւտրային ցանցում գինիների ու կոնյակների նկատմամբ իրականացվող անգամ «Կես գին» ակցիաները գնորդների մոտ ոգեւորություն չեն առաջացնում, թերեւս գնի ու ու որակի առումներով: Ոմանց այն ինքնահամոզումները, թե ալկոհոլային խմիչքների արտահանումից հարկեր են մուծվում, նայելով ՀՀ բյուջեին դժվար է նման լավատեսություն ունենալ: Դրանք աննշան են, մեր առօրյան չբարեփոխող:

Ծանոթանալով խաղողի վերամշակման հնարավոր գործընթացին, նկատում ենք, որ այս պտղից ստացվում է նաեւ չամիչ, հյութ, դոշաբ, կոմպոտ ու մուրաբա, կորիզից էլՙ ձեթ: Փորձեք այս բազմազանությունից մեր առեւտրային ցանցում որեւէ մեկը գտնելՙ չեք գտնի: Այս սննդատեսակները հիմնականում ներկրվում են, աշխատանք ու ֆինանսներ բերում այլոց, անգամ մեր լավը չուզողներին: Արտառոցն ու տարօրինակն այն է, որ դրանց արտադրությունը տեղում կազմակերպելու փոխարեն ՀՀ էկոնոմիկայի հերթական նախարարը ոգեւորվում է տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ինչ-որ հեռանկարով. իմաՙ արտահանումն է դյուրանալու, թե ինչի՞, չի ասվում: Կարծես ոչ անհատ գինեգործնրի կայացած ջոկատ ունենք, ոչ կոոպերատիվ հիմունքներով կազմավորված ընկերություններ, ոչ էլ գովազդային միջավայր: Մի պահ ընդունենք, որ խաղողագործների վրդովմունք ասվածը տեղին է, աղքատ բյուջեով գործադիրի աջակցությունն աննշան: Իսկ ինչո՞ւ իշխանությունը չի նպաստում խաղողագործների մի մասի ինքնակազմակերպմանը, անհատ ձեռնարկատերերի կազմավորմանը: Հնարավոր է, չէ՞, որ խաղողագործն իր 15 տոննա բերքի 1-2 տոննան անձամբ մշակի, որպես ֆերմերային տնտեսություն առեւտրային ցանց մտնի, մրցակցության հաճույքն ու խնդիրները զգա: Ի վերջո այս ամենը կուղեկցվի որոշակի շահույթով, զբաղվածությամբ, արածը գնահատելով, օրվա ավարտին էլ, ընթրիքի սեղանի շուրջՙ գոհություն Աստծո խոսքերն արտասանելով:

Թեման շատ է ծավալուն: Սկսած խաղողի ներկայիս մոտ 15 հազար հեկտար այգիները 25 հազար հեկտարի հասցնելու տասնամյակների անզորությունից մինչեւ այն հարցի պատասխանի փնտրտուքը, թե ինչո՞ւ, ասենք, վերացվեցին Ոսկեվազի մոտ 230 հեկտար խաղողի այգիները: Կամՙ ինչո՞ւ է որոշ մարզերում խաղողի մթերումը սուբսիդավորվում, այլ տեղերումՙ ոչ: Նշված հարցազրույցի օրերին այս թեմայով մի հետաքրքրական պատում ներկայացրեց ռուսական «Խցւվÿ ՁԹ» հեռուստաընկերությունը: Անգլիացի հայտնի խոհարարը հյուրընկալվել էր ավստրիացի խաղողագործի. հարց ուղղեց, թե ինչով է պայմանավորված զրուցակցի ու նրա գործընկերների այսչափ երջանկությունը, որին ի պատասխան ավստրիացի խաղողագործն ասաց. «Չէ որ մենք գինի ենք ստեղծում: Ավստրիացու մառանում 100-200 լիտր տարողության տակառներ էին դարսված, լեցուն հնեցրած ու վերջին տարիներին ստացված գինով: Դրանց 1 լիտրի գները սկսվում են 1 եվրոյից, նաեւ հասնում աստղաբաշխական թվերի: 1 եվրոյի առումով թերահավատություն ցուցաբերողներին հայտնեմ, որ աշխարհի չորս կողմերում խաղողագործները չունեն մերոնց պարտադիր խաղողաթաղ ու խաղողաբաց իրականացնելու անհրաժեշտությունը, չկա այգին մինչեւ 10 անգամ ջրելու կարիք, բերքը հավաքելու ու մթերման վայր հասցնելու խնդիր, որոնք հարյուր հազարավոր դրամների ծախսեր են կազմում: Իսկ ահա նրանք իրենց բերքը անջրդի, սակայն խոնավ հողերում են աճեցնում, իրենք են խաղողը վերամշակում, շշալցնում, սպառողներ գտնում, որպիսի աշխատաոճը մեր նորօրյա իշխանավորները աշխատանքի արդյունավետություն են հռչակում: Օրերս մի հրապարակման մեջ նշել էի Էստոնիայի կայացած տնտեսության մասին. ոչ մեծ տարածքով այս երկիրը 2019-ին 1,6 մլն տոննա հացահատիկ է արտադրել, մեր ստացածի 10-ապատիկը, երբ մեր պատասխանատուները կորնգանից, առվույտից ու կանեփից են խոսում: Նշեմ, որ ցորենի 1 կգ-ը 1,28 սննդարարություն ունի, կորնգանըՙ 0,50, առվույտըՙ 0,52, կանեփի մասին տվյալ չգտա: Սրանք որտեղ ինչ են օգտագործվում, այլ թեմա է, տնտեսության ու տնտեսվարման որոշելիք, որը մեզանում տարօրինակ դրսեւորումներ է ցուցադրում: Ի վերջոՙ ցորենի ահռելի քանակներ ներմուծող երկիր ենք, պարենանվտանգության հիմնախնդիր ունենք:

Հիմա զարմանա՞լ, թե՞ զայրանալ այս վիճակի համար: Հողի մշակի աշխատանքը դյուրին գործ չէ, եւ այն մոտեցումը, թե խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքերում է, պարզապես անվայելուչ պահվածք է: Եթե այն դիտարկենք, ասենք, լոլիկի առումով, նկատում ենք, որ այն արդեն բաց դաշտավարությունում գրեթե չի իրականացվում, բեռնավորված ավտոմեքենաների հերթեր պարզապես չկան. առեւտրի ցանցում գերակշռում է ներկրված տոմատը: Եվ հարցըՙ արդյո՞ք համանման ապագա չի սպառնում խաղողագործությանն ու այլ գյուղոլորտներին, հնչում է ինքնաբերաբար:

Թե ո՞վ է կոչված պատասխանել այսօրինակ հարցերին, դժվար է պատկերացնել:

16.03.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ