RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1154, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՄԱՆԻԻ 8-ՐԴ SR ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՄԱՐՏԻ 15-ԻՑ 21-Ը

Հ.Ծ.

Ընդդեմ բռնության եւ ատելության, հանուն սոցիալական ու մարդասիրական խնդիրների դրական լուծմանը նպատակաուղղված ճանաչված դերասանուհի եւ կինոարտադրող Նորա Արմանիի SRFF կինոփառատոնը, հիմնադրված 2014-ին, տեղի է ունենում Նյու Յորքում այս շաբաթ: Մարտի 15-ից 21-ը ցուցադրվելու են 65 ֆիլմեր 33 երկրներից: Օտար ֆիլմերից բացի հայկական հետեւյալ 6 ֆիլմերն են ներկայացվելու: Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Վերադարձ Սյոլեզ» (Back to Soloz) ֆիլմը, որը 1987-ից 2019-ը ընկած ժամանակահատվածում 4 անգամ Ստամբուլից 170 կմ դեպի հարավ գտնվող իր նախնիների այդ գյուղը կատարած այցելությունների արդյունք է: Այնտեղ այժմ հայեր չեն ապրում:

Միակ հայկական ներկայությունը ավերված եկեղեցիներից ու հուշարձաններից պոկված քարերի վրայի հայերեն արձանագրություններն են: Ֆիլմը վավերագրական է, տեւողությունըՙ 65 րոպե:

Երկրորդ ֆիլմը ֆրանսահայ Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին դադարի» գեղարվեստական ֆիլմն է («Si le vent tombe»), որը հաջողությամբ ներկայացվել է Կաննի, Տորոնտոյի եւ Տոկիոյի կինոփառատոներում: Թեման միջազգային վերստուգիչի այցն է Արցախՙ գնահատելու համար նորակառույց օդակայանը գործարկելու հնարավորությունները: Քամին սակայն դադարելու փոխարեն վերածվում է փոթորկիՙ խլելով մարդկանց կյանքը, հույսերը եւ ապագան:

Երրորդըՙ Մարիամ Ավետիսյանի 17 րոպե տեւողությամբ «Ապրելու ցանկությունը» (The Desire to Live) ֆիլմն է, որ պատմում է վերջին պատերազմի ժամանակ բռնի տեղահանվածների ոդիսականը:

Չորրորդըՙ Մարիամ Օհանյանի 22 րոպեանոց վավերագրական ֆիլմըՙ «Ցողիկի կառուցած տունը» (The House that Built Tsoghik) վերնագրով: Պատմում է ճարտարապետ Ցողիկ Արաբյանի (1950-ական թվերին մեծապես ճանաչված) հիշարժան կյանքի մասին:

Հինգերորդըՙ Հարլան Բասմաջյանի «Տրանզիտ» (In Tranzit) կամ «Անցումային շրջան» վավերագրական ֆիլմն էՙ հոր ավանդական սահմանափակումների դեմ որդու ընդվզումների, հայր ու որդի հարաբերությունների, նաեւ ընտանեկան պարտականությունների մասին: Ամերիկահայ Բասմաջյանը (Պասմաճյան) մոտ 20 ֆիլմերի ռեժիսորն է:

Եվ վերջապես վեցերորդ ֆիլմը փառատոնի մտահղացող ու կազմակերպող Նորա Արմանիի «Ներգաղթյալ կանայք» (iMigrant Women) խորագրով 35 րոպեանոց ֆիլմն է, որ ներբողում է օտար ափերում կանանց ձեռնհասությունը:

Չորեքշաբթի օրը հատուկ միջոցառում է կայացել «Լիբանանը կիզակետում» խորագրի ներքո, որն անդրադարձել է այդ երկրի ներկա զարգացումներին:

Փառատոնի մանրամասնություններին կարելի է ծանոթանալ այցելելով «www.ratedsrfilms.org» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ