RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 443, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Ա. Բ.

«Լ"Արմատան» հրատարակչությունը մարտի սկզբին լույս է ընծայել «Աստծո ներշնչանք: Հայ Աստվածաշնչի եւ կրոնական պրակտիկայի մեկուկես հազարամյակը» անգլերեն հատորը գերմանաբնակ հայագետներ Բալինթ Կովաչի եւ Վահե Թաշճյանի խմբագրությամբ: Այն 2019 թվականին Բուդապեշտի Սեչենյի ազգային գրադարանում կազմակերպված ցուցահանդեսի կատալոգն էՙ լրացված նույն թեմայով աշխատությունների ժողովածուով: Հատորում հայերեն Աստվածաշունչը վերլուծվել եւ գնահատվել է տպագրության, մշակութային պատմության եւ աստվածաբանության տեսանկյունից: Ներկայացված է նաեւ հայ առաքելական, բողոքական եւ կաթոլիկ կրոնը, մասնավորապեսՙ Օսմանյան կայսրությունում եւ Կարպատների հայ համայնքներում: Աստվածաշնչյան ձեռագրերը եւ առաջին հայերեն տպագիր Սուրբ Գրքերը, որ ներկայացված են սույն հատորում, լրացված են նաեւ կրոնական ավանդույթի առարկաներով, որոնք արտացոլում են հայ հասարակության մշակութային, լեզվական եւ կրոնական բազմազանությունը:

Դոկտոր Բալինթ Կովաչը Լայպցիգի Արեւելյան Կենտրոնական Եվրոպայի պատմության եւ մշակույթի կենտրոնի ավագ գիտաշխատող է, որտեղ համակարգում է «Հայերն Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» հետազոտական նախագիծը: Բուդապեշտում ուսանել է պատմություն, կաթոլիկ աստվածաբանություն եւ իրավունք: Հետաքրքրությունները ներառում են Արեւելյան Եվրոպայի (հատկապես Տրանսիլվանիայի), Կովկասի եւ հայ սփյուռքի մշակութային պատմությունը: Կովաչը հրատարակել է «Հայ կաթոլիկ հավաքական արխիվներն Արմենոպոլիսում» (2012, համահեղինակՙ Ռիտա Բեռնադ , անգլերեն, ռումիներեն, հունգարերեն), «Եղիսաբեթուպոլիսի հայկական գրադարանի կատալոգ» (2012, համահեղինակներՙ Արմենուհի Դրոսթ-Աբգարյան , Տիբոր Մարտի , անգլերեն) եւ «Արարատից հեռու. հայ մշակույթը Կարպատյան ավազանում» (2013, համահեղինակՙ Էմեսե Պալ , անգլերեն) հատորները:

Լիբանանում ծնված Վահե Թաշճյանը պատմության եւ քաղաքակրթության գիտությունների թեկնածուի կոչման է արժանացել Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում: Նա Բեռլինում հիմնված «Հուշամատյան» կայքէջի (www.houshamadyan.org) գլխավոր խմբագիրն է, մի գիտական նախագիծ, որի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության հայերի տեղական պատմությունը եւ նրանց հիշողությունները: Որպես հեղինակ եւ խմբագիր հրատարակել է «Ֆրանսիան Կիլիկիայում եւ Վերին Միջագետքում ՙ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմաններին, 1919-1933 թվականներին» (2004, ֆրանսերեն), «Հայկական բարեգործական ընդհանուր միություն. հարյուրամյա պատմություն» (հատոր 1-2, համախմբագիր, 2006, անգլերեն), «Կիլիկիայի հայերը. բնակավայր, հիշողություն եւ ինքնություն» (համահեղինակ, 2012, ֆրանսերեն), «Օսմանյան հայերը. հատոր 1. կյանքը, մշակույթը, հասարակությունը» (2014, անգլերեն), «Ամենօրյա կյանքն անդունդում. Ցեղասպանության օրագրեր, 1915-1918» (2017, անգլերեն) հատորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ