RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1130, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՅԻ 100-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻ «ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ». ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ

ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս

«Կան պատմական փաստեր, պետք է անել հետեւություններ: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, պետք է ազգային-պետական շահերը համընկնեն»,- Մոսկվայի 100-ամյա վաղեմության պայմանագրի մասին խոսելիս, ԳԱԱ ակադեմիայի նիստերի դահլիճում հրավիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

Պատմական փաստերն իրար համադրելու եւ մասնագիտական, գիտական մոտեցումները բարձրաձայնելու համար մարտի 18-ին անկացվեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սեղանը:

Քննարկմանը մասնակցեցին ինչպես հայ անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, այնպես էլ ՌԴ-ից հրավիրված բանախոսներ` «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը եւ այլք:

«Հայերի համար այն զգայուն թեմա է, գիտնականներն էլ դրա շուրջ տարբեր մոտեցումներ ունեն: Այս օրերին բազմաթիվ գիտական ձեռնարկներ ու քննարկումներ են անցկացվում, մեզ հետաքրքիր է լսել մեր ռուս գործընկերներիՙ պատմաբանների եւ քաղաքագետների կարծիքը»,- միջոցառման սկզբում նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը :

Մելքոնյանը ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի վավերացման նախապատմությունը, թե ինչպես Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցությունը բարեկամացավ քեմալական Թուրքիայի հետ:

Քննարկման բանախոսներիցՙ պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կռիլովն իր ելույթում ներկաների ուշադրությունն ուղղեց այդ ժամանակի պատմական իրադարձությունների վրա, երբ զուգահեռաբար որոշվում էին Խորհրդային Ռուսաստանի եւ Կովկասի սահմանները:

«100-ամյա պատմական իրողությանը պետք է նայել սթափ հայացքով եւ գնահատականներ տալիս նկատի ունենալ ժամանակի հասարակական եւ քաղաքական իրողությունները»,- հավելեց Կռիլովը:

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով` այն, թե ինչպես են Մոսկովյան պայմանագիրը ընկալում Հայաստանում եւ Ռուսաստանումՙ քաղաքական, գիտական հանրությունները եւ մեդիադաշտը, երկու մեծ տարբերություններ են: Վերջինս իր ելույթում եւս կարեւորեց ժամանակի քաղաքական իրողությունները:

Ռուս- թուրքական հարաբերությունների եւ դրանց վատթարացման արդյունքում հայերի շահելու, Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր շահերից բխող հզորացման մասին ծավալված քննարկման ընթացքում «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովին զարմացնում է հայկական շրջանակներում տարածված այն տեսակետը, թե ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ի նպաստ Հայաստանի կարող է լինել:

«Ռուս-թուրքական լարված հարաբերություններում առաջինը տուժելու է Հայաստանը, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմը հենց այստեղ է լինելու»,- նշեց քաղաքագետը:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ալեքսանդրապոլի պայմանագրին, որն ի դեպք կնքվել է Մոսկվայի պայմանագրից 2.5 ամիս առաջ: Երկու համաձայնագրերի տարածքային տարբերությունները ներկաներին ակնառու դարձավ առաջին անգամ ներկայացված քարտեզներովՙ պատրաստված քննարկման կազմակերպիչների կողմից:

Կրկին հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկումը կազմակերպել էր ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու ՀՊՄՀ-ի «Հայաստանը 1920-1991 թթ.» գիտական լաբորատորիան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ