RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄ, ՔԵԶ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ...

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիՙ

Գեւորգ Գեւորգյանը ծնվել է 1999թ-ինՙ փետրվարի 14-ին, մեծացել է Երեւանում, մինչեւ 9-րդ դասարան սովորել է Երեւանի Դավիթ Բադալյանի անվան դպրոցում: Այս մասին ինձ հետ զրույցում ասաց հերոսի մայրըՙ Թամարա Գեւորգյանը : «Գեւորգս մինչեւ 14 տարեկան ապրել է Հայաստանում, 14 տարեկանից հետո բնակվել է Գերմանիայում: Այնտեղ շարունակել է զբաղվել իր սիրելի սպորտով եւ բռնցքամարտի չեմպիոն դարձել: Տղաս Գերմանիայում բացարձակ գերազանցիկ էր, իսկ Հայաստանում շատ լավ էր սովորում հայոց պատմություն առարկան. իր հետ զրուցելիս կմտածեիրՙ պատմաբանի հետ ես զրուցում: Գերմանիա տեղափոխվելուց հետո փայլուն խոսում էր գերմաներեն. ուսանելու միակ նպատակը եղել է լեզուներ սովորելը, ցանկանում էր աշխարհի բոլոր լեզուները սովորել»:

Գերմանիայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գեւորգը 18 տարեկանում ընդունվել է բժշկական համալսարան: Տասնութ տարին լրանալուն պես նա ցանկություն հայտնեց վերադառնալու հայրենիք եւ ծառայելու հայոց բանակում: «Ես դեմ էի եւ թույլ չտվեցի, որ նա վերադառնա հայրենիք, քանի որ նա նոր էր սկսել ուսումը եւ չէի ցանկանում, որ ուսումը կիսատ թողնի, ապագայում վիրաբույժ էր դառնալու»,- նշեց Թամարա Գեւորգյանը:

Իր ծննդյան 20 ամյակին Գեւորգը ընտանիքի անդամներին յուրօրինակ անակնկալ արեցՙ Հայաստան վերադառնալու համար տոմս գնեց եւ խնդրեց, որ հարգեն իր որոշումը. «Խնդրեց, որ ընդունենք իր որոշումը, քանի որ ինքը սիրում է իր հայրենիքը եւ պետք է նրան իր պարտքը տա, բայց, ցավոք, պարտքը չտվեց, այլ կյանքը տվեց հայրենիքին»,- ցավով ասում է հերոսածին մայրըՙ հավելելով, որ Գեւորգը ծառայության է անցել 2019թ-ի հուլիսի 1-ին Մեղրիում:

Նա պատերազմի առաջին օրերից գտնվել է Ջաբրայիլում եւ ոչինչ չի պատմել ընտանիքի անդամներին. «Ես անգամ չեմ իմացել, որ ինքը առաջնագծում է. նա շատ փակ տղա էր: Ընկերների պատմելովՙ շատ մեծ պատասխանատվությամբ եւ փայլուն կատարել է իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները, ընկերոջը գերությունից փրկել է, որն էլ հիմա, փառք Աստծու, ողջ է, զոհված ընկերներին էլ երբեք չի թողել մարտի դաշտում»: Պատերազմի օրերին, որ զանգում էր ասում էր. «Մա՛մ ջան, մեր տան դռները երբեք չփակե՛ս, մենք հաղթելու ենք ու տուն ենք գալու...»,- մեծ ցավով պատմում է մայրը:

Հերոսը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 9-ին եւ, չլսելով մոր խոսքերը, հեռախոսը վայր է դրել, որպեսզի վերջինս չլսի ականների պայթյունների ձայները. «Զանգեց ու ասացՙ մա՛մ ջան, քեզ շատ եմ սիրում, եւ չսպասեց էլ պատասխանիս, անջատեց, երեւի մտածեց, որ պայթյունների ձայները չլսեմ եւ չանհանգստանամ... Հոկտեմբերի 10-ին ոչ մի զանգ այլեւս չի եղել, եւ այդ երեկոյան, երբ հրադադար էին հայտարարել ու անջատել էին ՀՕՊ-ը, իրենք մեքենայի մեջից զենք դատարկելիս են եղել ու, ցավոք, անօդաչուն ֆիքսել ու պայթացրել է մեքենան, որի մեջ եղել է Գեւորգս»,- մեծ ցավով ասում է Թամարան:

Ինչպես բոլոր երիտասարդները, Գեւորգը եւս ուներ երազանքներ: Նա սիրած աղջիկ ուներՙ գերմանուհի, որի հետ նշանադրվել էր, երբ արդեն ծառայության էր անցել հայրենիքում. օգոստոսի 21-ին պետք է լիներ նրանց հարսանիքը. «Ամուսնանալուց հետո նպատակ ուներ վերադառնալ Գերմանիա եւ շարունակել ուսումը, բայց ամենամեծ երազանքը եղել էՙ յոթ որդի ունենալ ու նրանց անունները հերոսների անուններով կոչել»,- նշեց հերոսի մայրը:- Տղաս ամենակարեւորը, որ երբեք չմոռացավ օտարության մեջՙ իր հայրենիքն էր: Գերմանիայումՙ իր ննջասենյակի պատուհանից միշտ կախված է եղել եռագույնը, իսկ գրասեղանինՙ Նոր կտակարանը: Երբ որ հետ եկավ Հայաստան, դրանք վերցրեց իր հետ,- եզրափակեց տիկին Թամարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ