RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1045, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Ապաշրջափակման դեպքում ո՞վ է ապահովելու ուղիների անվտանգությունը

Օրերս Հայաստանում սկսել է հաճախակի արծարծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները, որոնց անդրադարձել են ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը , ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը , պաշտոնատար այլ անձիք: Այվազյանի եւ Գրիգորյանի անդրադարձը Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի հայկական սահմանը բացելու պատրաստակամությամբ բարելավելու թուրքական միտումներին ընդառաջելու ենթատեքստ ունեն: Որքան էլ Թուրքիայի անունը չհիշատակի, այդ միտումների ընդառաջման պատրաստակամությունը, ըստ երեւույթին, խորթ չէ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանում համոզվելու համար կարելի է հետեւել Անվտանգության խորհրդի մարտի 30-ի նիստում Փաշինյանի ունեցած ելույթին:

Նա, ինչպես վկայում է «Արմենպրես»-ը, շեշտել է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում նոր իրավիճակի ստեղծումը, ապա ասելՙ «Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ ու մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար: Իհարկե, տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից:

Մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով եւ մյուս կողմիցՙ իհարկե պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, մենք պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության»:

Վերջում ՀՀ վարչապետը էական է համարում հաղորդակցության ուղիների բացումը եւ եզրակացնումՙ «Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատեւ, կայուն զարգացումը, նաեւՙ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»:

ՀՀ վարչապետի հետեւություններից ակնհայտ է դառնում, որ եթե Այվազյանն ու Գրիգորյանն պատրաստակամ են ընդառաջել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման թուրքական միտումները, ապա Փաշինյանն էլ ունի համանուն միտումների ընդառաջման տրամադրվածություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն մարտ ամսվա մեջ ադրբեջանցի հրոսակն ավերել է Հադրութի գերեզմանոցը, իսկ Մեխակավանի Սբ. Աստվածածին եկեղեցինՙ ոչնչացրել, դեռ ավելինՙ Լաչինի միջանցքով մեր զինվորների աճյունը տեղափոխող մեքենաներն է քարկոծում, էլ չենք խոսում հայ ռազմագերիների մասին, որոնց Ադրբեջանն ոչ մի կերպ չի համաձայնվում վերադարձնել, բայց ռուս խաղաղապահներն «ողջամտորեն» անտեսում են քարկոծման դեպքերը, իսկ Մոսկվանՙ գերիների հարցում եւս շարունակ հանդուրժում է Բաքվի կամակորությունը:

ՌԴ նախագահը, արտաքին գործոց եւ պաշտպանության նախարարները, փոխանակ դատապարտելու չարագործությունը, Ադրբեջանի հետ համագործակցելու կոչ են անում Հայաստանին: Կնշանակի ելույթում Փաշինյանի մատնանշած «համագործակցային տրամադրվածությունը» ծառայելու է ոչ թե Հայաստանի եւ Արցախի, այլ Ռուսաստանի շահերին: Եթե որեւէ չարագործություն չի դատապարտվում, ակամա քաջալերվում է չարագործը: Մանավանդ որ Մոսկվան Իլհամին Հայաստանն ահաբեկելու գործիք է դարձել իր ձեռքին, որ շարունակի կաթվածահար վիճակում պահել հայաստանյան իշխանություններին:

Խնդիրը, սակայն, սոսկ չարագործին քաջալերելու ՌԴ ղեկավարության նկրտումները չեն, այլ չարագործություններին ՀՀ կառավարության արձագանքը: Մինչ հայատյացության անասնական բնազդով տառապող ադրբեջանցի հրոսակը հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցներն էր ոչնչացնում, ռազմագերիները դեռ մի կողմ, նույնիսկ զոհված հայ զինվորների աճյունը Հայաստան տեղափոխող մեքեմաներն անարգել քարկոծում, իսկ ՀՀ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը, այն էլ սիրիական «SANA» գործակալոիթյան հավաստմամբ, մարտի 28-ին հայտարարում է, որ ռուս խաղաղապահ ուժերի ներկայությունն ունի «կայունության» նշանակություն հակամարտության գոտում, եւ ելնելով իր իսկ դատողությունիցՙ ռուսական կոմին կոչ է անում հնարավորինս երկարաձգել այդ խաղաղապահների տեղակայման ժամկետն «Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի շրջանում», իհարկե, առանց հաշվի առնելու Լաչինում ավտոմեքենաների ռուս խաղաղապահ ուժերի աչքի առջեւ քարկոծումն ու այն, որ դրանք չունեն ՄԱԿ-ի մանդատը, ոչ էլ, ըստ ամենայնի, կստանան:

Եթե ռուս խաղաղապահները չեն ապահովում իրենց վերահսկողությանն հանձնված Լաչինի միջանցքի անվտանգությունը, մնում են ի՞նչ անեն, քար մատակարարե՞ն ադրբեջանցի մարդասպան հրոսակին: Գրիգորյանին հաջորդ օրը «Sputnik»-ի կայքում լրացրել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը: Ահա թե ինչ է ասել նա ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում. «Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմը վերջ է գտել շնորհիվ Ռուսաստանի ջանքերի: ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ հարցում անհաջողության են մատնվել: Գուցե դա ոմանց դուր չգա, բայց ճշմարտություն է: Հակառակ դեպքում կարող էինք հայտնվել բոլորովին այլ իրավիճակում»:

Այնուհուհետեւ Այվազյանը դատապարտել է Մինսկի խմբի եռանախագահներից ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ասելով, թե պատերազմը երեւան հանել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ձախողումը. ապա շարունակելՙ «Մինսկի խումբը հակամարտությանը սոսկ բանակցությունների միջոցով լուծում գտնելու համար չի կազմավորվել, այլ հակամարտության ռազմական միջոցներով կարգավորումը կանխարգելելու եւ այդ հարցում ձախողվել են համանախագահող մյուս երկրները»: Ուշագրավ է ՀՀ արտգործնախարարի եզրակացությունը, թե Հայաստանը շահագրգիռ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, սակայն դրա համար Երեւանին անհրաժեշտ է ոչ թե զուտ ստեղծված իրավիճակը արձանագրող, այլ խաղաղ կարգավորման գործընթացը կառավարող եռանախագահություն:

Թերեւս կարելի էր ընդունել Այվազյանիՙ պատերազմի Ռուսաստանի ջանքերի շնորհիվ դադարեցման կարծիքը, եթե այդ պատերազմի հետ Հայաստանին պարտադրված չլիներ նաեւ պարտությունը, Մոսկվան Շուշիի ու Հադրութի հետ Ադրբեջանին չհանձներ չարաբաստիկ եռակողմ հայտարարության ստորագրման պահին հայկական զորքերի վերահսկողության տարածքում գտնվող եւս 100 հայկական բնակավայր, ռուս խաղաղապահները, տեղակայված լինելով հակամարտության գոտում, ադրբեջանցի մարդասպան հրոսակին թույլ չտային շարունակել խաղաղ բնակիչների առեւանգումն ու հայ զինվորների գերեվարումը եւ, վերջապես, Կրեմլը գոնե մեկ անգամ, փոխանակ խրախուսելու, դատապարտեր Ադրբեջանի չարագործությունները:

Ի դեպ, Մինսկի խմբի եռանախագահ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից մշտապես դժգոհ է եղել հայատյացության անասնակամ բնազդով տառապող Իլհամը: Հետեւաբար Մինսկի խնբից դժգոհելիս ՀՀ արտգործնախարարը ոչ միայն ձայնակցում է Իլհամին կամ տուրք է տալիս Մինսկի խմբին գործընթացից դուրս մղելու եւ դրանով չեզոքացնելու համար ԱՄՆ-ին ու Ֆրանսիայի փաստի առջեւ կանգնեցրած Ռուսաստանի ջրաղացին, այլեւ մոռանում է, որ երբ Ռուսաստանը Պուտինի թեթեւ ձեռքով ոչնչացնում էր Արցախի Հանրապետությունը, Ֆրանսիան, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի , հայտարարեց հակամարտության գոտում 1994 թվի սահմանները վերականգնելու անհրաժեշտության մասին, իսկ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն այն սահմանները, որոնք ձեւավորվեցին պատերազմում Մոսկվայի հայկական կողմին պարտադրած պարտության արդյունքում:

Ավելինՙ երբ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը եւ Պետդուման, ռուսական մանուլն ու լրատվամիջոցները, Ռուս ուղղափառ եկեղեցին, ռուս «գիտնականները», ներառյալՙ Մոսկվայի պետական համալսարանի, թուքումուր էին թափում Հայաստանի եւ հայերի գլխին, ԱՄՆ-ի Կոնգրեսը եւ Եվրոպական միության երկրների խորհրդարանները Իլհամին դատապարտեցին Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու, իսկ իսկ Էրդողանին Թուրքիայից զատ նաեւ վարձական ահաբեկիչներին պատերազմի մեջ ներգրավելու համար: Այդ ընթացքում ԱՄՆ Կոնգրեսում եւ ԵՄ-ի երկրների խորհրդարաններում հայտնվեցին Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանն առնչվող բանաձեւեր, դրանց մի մասը ստացավ դրական ընթացք, ինչպեսՙ Ֆրանսիայի խորհրդարանում: Ավելինՙ ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներ, եվրոպական երկրներում Փարիզի գլխավորությամբ տասնյակ քաղաքներ, համայնքներ եւ շրջաններ, նաեւ Ավստրալիայում, ճանաչեցին Արցախի անկախությունը:

Հատկանշական է, որ մինչ ԱՄՆ Կոնգրեսում եւ ԵՄ-ի երկրների խորհրդարաններում Իլհամին ու Էրդողանին դատապարտող որոշումներ էին ընդունվում եւ Թուրքիայի նախագահը բացեիբաց հայտարարում էր, որ պատերազմի մեջ ներգրավվել է «1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը Հայաստանում ավարտին հասցնելու» մտադրությամբ, Հայաստանի դաշնակից Ռուսաստանի նախագահ Պուտինը նրան ի լուր աշխարեւհի հռչակեց իր լավագույն ընկերը: Ըստ երեւույթին հիմա էլ նա ձեռնամուխ է եղել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման քողի տակ «կարգավորել» հայ-թուրքական հարաբերությունները, ինչ խոսք, Էրդողանի պահանջներին համապատասխան:

Մանավանդ որ հայաստանյան իշխանությունները ներկայումս կաթվածահար վիճակում են, այսինքն պահը շատ նպաստավոր է նրանց կամք թելադրելու, թուրքական սահմանի բացման դիմաց նոր նախապայմաններ առաջադրելու համար, ստեղծված նոր իրավիճակի ոգուն համապատասխան: Ավելին Ապրիլի 24-ն էլ դեռ առջեւում է, եւ նախագահ Ջոզեֆ Բայդենը պետքարտուղար Բլինքենի հավաստմամբ հակված է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Համենայն դեպս, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը առանց այդ էլ բարդ խնդիր էր, դրանում ՌԴ նախագահ Պուտինի ներգրավվածությամբ է՛լ ավել է բարդացել, իսկ թուրքական կողմի դրանց կարգավորմամբ պայմանավորված պահանջները դարձել են ավելի քան բազմազան, ուստի հարցը մասնավոր մոտցում է պահանջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ