RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4460, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՋՔԸ ՇՏԿԵԼՈՒ ՓՈՐՁ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Որտեղի՞ց եմ ուժ գտնում, որ գիշերվա մղձավանջից, որդուս պատկերը երազներիս մեջ անդադար որոնելուց հետո առավոտյան աչքերս բաց եմ անում: Նոր օր եմ սկսում, որպեսզի Էդգարիս նկարները վերադասավորեմ, թարմ ծաղիկներ դնեմ նրա պատկերի առաջ ու շտապեմ գերեզմանՙ նրան տեսնելու»,- ընկերուհուն ասում է 18-ամյա Էդգարի 39-ամյա սեւազգեստ մայրը:

Բայց արդեն մեկ շաբաթ է, գերեզման գնալուց հետո նա տուն չի վերադառնում. պայուսակը թեւի տակ պինդ սեղմած, Արտաշատ-Երեւան ավտոբուսն է նստում ու գնում: Ճանապարհին պայուսակից բժշկական թղթեր ու տեղեկանքներ է հանում, սկսում անալիզների պատասխաններն ուսումնասիրել: Երեկոյան վերադառնում է տուն, աչքերը տասներկուամյա դստեր հայացքից փախցնելովՙ շտապում Էդգարի անկյունըՙ նրա նկարի հետ անձայն զրուցելու:

...Նոյեմբերից մինչեւ հիմա չսափրված ամուսինը գրկեց սեւազգեստ կնոջ ուսերը: «Լուիզ, լա՞վ ես մտածել, Էդգարս ո՞նց կզգար, եթե իմանար, որ հայրն ու մայրն այս տարիքում որոշել են երեխա ունենալ»:

«Արդեն մի շաբաթ էՙ Էդգարիս հետ ցերեկները դրա մասին եմ խոսում, գիշերը երազումս սպասում եմ նրա պատասխանին: Մի շաբաթ լուռ էր, իսկ այս գիշեր նորածին երեխայի կապույտ շորեր տվեց ինձ ու ասացՙ մամ, եղբորս բարուրը պինդ կկապես, որ ձիգ, բոյով լինի ինձ պես»,- հեկեկաց կինն ու փլվեց ամուսնու ուսերին:

Երեւանյան կլինիկաներից մեկում երեխա ունենալու նպատակով վերջին մեկ ամսում արդեն 33 կին է հետազոտվել. բոլորն էլ զոհված զինվորների մայրեր են. նրանց փաստաթղթերն առավել խնամքով ու առանձին են պահվում:

18-ամյա Մհերի մայրը հոկտեմբերի 15-ից որդու շապիկը գրկած է ման գալիս, օրը հազար անգամ հոտ է քաշում ու մրմնջումՙ հոտիդ կարոտ մնացի, բալե՜ս:

Հոկտեմբերից մինչեւ հիմա նա առաջին անգամ գնաց հարեւանի տուն, ապրիլյան պատերազմում զոհված Արամայիսի մորՙ Նարինեի հետ փակվեց նրա սենյակում: Երկու ժամ կանայք փսփսացին, ա՜խ քաշեցին ու դուրս եկան: Երկուսի ուսերն էլ արցունքներից թրջվել էին:

«Ապրես, Արփինե ջան, ճիշտ որոշում ես կայացրել: Ա՜խ եթե Արամայիսիս զոհվելուց հետո մեկն ինձ գլխի գցեր նորից երեխա ունենալ... հիմա որդիս 5 տարեկան կլիներ, ես էլ ապրելուս իմաստը գտած կլինեի: Հանկարծ չփոշմանես, մտքիդ դրածն արա, Արփինե, երկող տարի էս ժամանակ մի ղոչ տղա թող քնի-արթնանա Մհերիդ մահճակալի մեջ»,- հարեւանուհուն սիրտ տվեց Նարինեն ու արցունքների միջից ժպտալովՙ նրան ճանապարհեց մինչեւ դարպասը:

Արփինեն մտավ որդու սենյակը, պահարանից նորից հանեց նրա շապիկը, մոտեցրեց քթին ու շշնջաց. «Շորերիցդ քո նորածին ժամանակվա հոտն եմ առնում, Մհերս: Դու ձեռքս բռնածՙ ինձ առաջ տար, դու ասաՙ սիրտդ ինչ է ուզում, ես կզգամ ու կհասկանամ»:

Որդեկորույս երիտասարդ մայրեր, ամուսին կորցրած երիտասարդ կանայք. դեռ երբեք պատերազմում մահն այսքան ջահելացած չէր եղել: Արկադիի 28-ամյա կինն ամուսնու զոհվելուց երկու ամիս հետո է որդուն լույս աշխարհ բերել ու անունը կնքելՙ Արկադի:

Գեւորգի 30-ամյա կինն ամեն երեկո երեք տարեկան որդու գրկից հազիվ է հանում հոր ճմռթված լուսանկարը: Նարեկը մինչեւ չի քնում, նկարը ձեռքից բաց չի թողնում: Երեկ էլ հոր 32 ամյակը լրացավ, քրոջ հետ թռչկոտելով փչեց հոր ծննդյան տորթի մոմերն ու հենց լսեց դռան զանգը, գոչեցՙ պապան գոյծից եկա՜վ:

Տորթը տարան Եռաբլուր, երբ Նարեկը տեսավ, որ բոլորը լաց են լինում, հոր նկարն ու հողաթումբը շոյում, մորը հարցրեցՙ պապան էստեղ ա՞ գոյծի եկել:

Գեւորգի 30-ամյա կինը աշխատանք է փնտրում: Լացըՙ լաց, բայց երկու երեխաներն իրեն են նայում: Իր սյուն ու ապավեն Գեւորգը չորս ամիս էՙ չկա. հրամանատար էր, վիրավորվել էր, բայց չգնաց հոսպիտալ, որ զինվորներն իրենց անտեր չզգան: Գեւորգն ընկերների հետ մինչեւ վերջ պաշտպանեց Մարտունին, մի քանի ժամ հետո դիպուկահարը կրակեց գլխին, ու հրամանատարը մահացու վերք ստացավ: Մարտունին Գեւորգի ու նրա նմանների շնորհիվ չընկավ: Գեւորգը պիտի որ երջանիկ լինի երկնքում, որովհետեւ հազարավոր տղաներ իր նման մինչեւ վերջ կռվեցին, հողն իրենց արյամբ ներկեցին, բայց հիմա այդ հողը թուրքն է տրորում: Իսկ Գեւորգի պաշտպանած Մարտունին կա: Նա իզուր չի զոհվել:

Գեւորգի կինն ամեն ամիս հիմնադրամից նպաստ է ստանում, գումարի կեսը տան վարձ է տալիս, մնացած 150 հազարով դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում: Պիտի աշխատանք գտնի, երեխաներին արժանավայել պահի-մեծացնի, կոտրվելու, ընկճվելու իրավունք չունի, Գեւորգն ա՞յդ տղան էր, որ իր կինն ու երեխաները վիզները ծուռ ման գան:

Գեւորգը պետք է Պաշտպանության նախարարությանը դիմեր. տուն ստանալու համար հերթագրվելու թղթերն էր պատրաստում, երբ պատերազմն սկսվեց: Տասը տարի տնից տունՙ վարձով են ապրել, երազում էր սեփական տանիքն ունենալ: Մի երեկո նրա կինը թիվ ու հաշվարկ արեց, գումարեց-բաժանեց ու հասկացավ, որ էլի շարունակելու է վարձով ապրել. նպաստով տուն չի առնի:

Գեւորգի քույրն էլ է անտուն-անտեղ: Ամուսնու, չորս երեխաների հետ Շուշիում էր ապրում: Պատերազմի ժամանակ նկուղներում մնացին, բայց պետք էր հեռանալ, քաղաքը ռմբակոծվում էր: Անգամ լվացքը չհավաքեց. հագի շորերով դուրս եկան Շուշիիցՙ վստահ, որ անպայման վերադառնալու են:

Հայաստանում հենց արցախցու անուն են լսում, դժվարությամբ են համաձայնում վարձով տուն տալ, բայց աննակարագրելի բարի մարդիկ էլ կան, որ անշահախնդրորեն իրենց տան դռները բաց են անում տեղահանված արցախցիների առաջ:

Գեւորգի քույրը Շուշիի իր տունն է ուզում, երեխաներըՙ նույնպես: Նոյեմբերի 9-ին Աստղիկը եղբորը հողը դրեց ու մի քանի ժամ հետո լսեց, որ Շուշին էլ չկա: Աշխարհը փուլ եկավ գլխին: Մի չարաբաստիկ օր ջնջեց իր երջանկությունը, տակնուվրա արեց կյանքն ու ապագան:

Աստղիկը կոշտ նամակ է գրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որն առավոտից երեկո սիրալիրաբար հրավիրում է արցախցիներին վերադառնալ ու շենացել իրենց հայրենիքից մնացած վերջին բեկորը: Աստղիկին պատասխանել ենՙ դու ընտանիքիդ հետ արի Արցախ, մի բան կմտածենք, սկզբում կապրեք մանկապարտեզի շենքում: Սա է Արցախի կառավարության ապահով, բարեհամբույր առաջարկըՙ չորս անչափահաս երեխաների հետ համեցեք ապրելու մանկապարտեզի շենքում:

Աստղիկը պայքարելու է. նա Հայաստանի ու Արցախի իշխանություններից պահանջում է տուն տալ իրեն ու եղբոր ընտանիքին: Պաշտպանության նախարարության կադրային որակյալ սպան, որն իր արյամբ է պաշտպանել Մարտունին, պետք է ըստ արժանվույն գնահատվի, նրա ընտանիքը չպետք է դրսում մնաՙ տնվորի կարգավիճակով:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները Շուշիի տներից մեկում դաշնամուր նվագում: Դա Աստղիկի տունն է, Աստղիկի դաշնամուրն է: Նրա երբեմնի երջանիկ ու իմաստալից կյանքը կորցրել է գույնն ու իմաստը: Հանուն իր երեխաներիՙ Աստղիկը պարտավոր է ապրել ու ապրուստ հոգալ, բայց Հայաստանի ու Արցախի իշխանությունները պարտք են նրան:

Աստղիկն իր պարտքն է ուզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ