RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1296, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐՔԱՆՈՎ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՄԻԱՏԵՂՈՒՄԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ապրիլի 7-ին մայրաքաղաքում նորացումից ու արդիականացումից հետո վերաբացվել են ուռուցքաբանության ազգային կենտրոնի երեք բաժանմունքներ: Անշուշտ, սա նոր հնարավորություն է առավել արդյունավետ բուժելու տվյալ ոլորտի հիվանդությունները, որոնց տարածվածության աճը մեր երկրում շարունակում է անհանգստացնող մնալ:

Իսկ ահա հանրապետության երկրորդ այսպիսի մասնագիտացված բուժհաստատությունըՙ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը, որը սպասարկում էր նաեւ Ջավախքի ու Լոռու հիվանդների, լուծարվում է: Կառավարության դեռ նոյեմբերի 17-ին կայացրած որոշմամբ նախ փակվում է վերջինիս ճառագայթային բաժանմունքը (դե, հիվանդներն էլՙ հա՜յդե Երեւան...), քիմիաթերապիայի բաժանմունքի 20 մահճակալներից էլ թողնվում է 12-ը եւ բուժհաստատությունը վերակազմավորվելովՙ տեղափոխվում, միացվում է «Գյումրի» բժշկական կենտրոնին: Պատճառաբանությունները հայտնի ենՙ շենքային պայմաններ, սարքավորումների հնացածություն, այս դեպքումՙ նաեւ ճառագայթման սարքերի լիցքավորման խնդիր:

Թվում էրՙ Գյումրիում այս տարիների ընթացքում տարբեր հիվանդանոցներ, բուժհիմնարկներ այնքան են իրար միացվել ու կենտրոնացվել մի շենքում, մեկ հաստատություն դարձել, որ էլ տեղ չի մնում: Բայց ինչպես երեւում էՙ երկրի հին ու նոր կառավարությունները այս եւ այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելու այլ ելք հաճախ չեն տեսնում: Այս քաղաքում ժամանակին լուծարել էին, օրինակ, մաշկաբանական կենտրոնը, միավորել ինֆեկցիոն հիվանդանոցն ու հակատուբերկուլյոզային դիսպանսերը, իսկ երկրաշարժից դեռ հազարավոր անօթեւան ընտանիքների առկայության պայմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնի մեծածախս կառուցումից հետո իրենց շենքերից հանել եւ դրան էին միացրել նաեւ Շիրակի մարզային, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական, «Սամարիթեր» հիվանդանոցները: Իսկ շենքերը, ինչպես նախատեսվում է նշված ուռուցքաբանական դիսպանսերի պարագայում եւս, հանձնվել էին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Բուժհիմնարկների այսպիսի գերկենտրոնացումը մեկ հաստատության կազմում ու մեկ շենքում, կարծում ենք, թեկուզ ամենաբարի նպատակներով արվելու դեպքում երկու անընդունելի կողմ ունի: Նախ, դա հիվանդին, բուժհաստատություն դիմելու կարիք ունեցող քաղաքացուն զրկում է ընտրություն կատարելու հնարավորությունից: Մեկ բուժկենտրոնը, նրանում ընդունված այս կամ այն կարգը, այս կամ այն ծառայության որակը, բուժանձնակազմի վերաբերմունքը, գները եւ այլն կարող են մարդուն չգոհացնել, եւ նա ընտրություն կատարելու իրավունք պետք է ունենա, որն այս կերպ խիստ սահմանափակվում է: Բայց կա նաեւ խնդրի հատկապես անհանգստացնող կողմը: Ուժեղ երկրաշարժավտանգ գոտում, չավարտված պատերազմի երկրում մեծ քաղաքի գրեթե միակ բուժկենտրոնի շենքի վնասվելը, Աստված չանի, ինչի՞ առջեւ կարող է կանգնեցնել...

Այս տեսակետից երեւի եզակի դրական օրինակ է Գյումրու ծննդատան նույնպես կատարվող միավորումը «Գյումրի» ԲԿ-ի հետ: Ճիշտ է, դրա պատճառները ե՛ւ անցած տարիներին ծնունդների ցավալի նվազումը, ե՛ւ բուժական սահմանափակ հնարավորություններն ու կուտակված մեծ պարտքերն են: Սակայն այս դեպքում միավորումը կատարվում է միայն վարչականորեն, իսկ ծննդատունը մնում է իր շենքում: Այժմ այստեղ նորոգման աշխատանքներ են կատարվում, լուծվում են նաեւ բուժաշխատողների վճարման հարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ