RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1553, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԹԱԿ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆՆ Է

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրսի ուսանողուհի

Նորաբաց «Ազգային մոլը» մի տանիքի տակ է հավաքել բոլոր հայ արտադրողներինՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մի խումբ գործարարների կողմից կյանքի կոչված գաղափարը սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու բացառապես հայկական արտադրանքից, ինչպես նաեւ նպաստում է տնտեսության զարգացմանը: Այստեղ, ինչպես նախաձեռնողներն են ասում, կգտնես ինչ մտքովդ անցնի, շատ փնտրելու կարիք չկա:

Մեկ տանիքի ներքո հավաքված աշխատակիցները մեկը մյուսի հետեւից զբաղեցնում են իրենց տեղերն ու ցուցափեղկերին շարում իրենց ապրանքը, ամեն մեկը մի բրենդովՙ հայկական միտք, ձեռագիր ու ոճ:

Մասնագիտությամբ հաշվապահ Գայանեն այժմ շոկոլադագործությամբ է զբաղվում: Նրա ձեռքի գործը տարբերվում է իր գույնով, փայլով, միջուկով ու համով: Սրտիդ ուզած համի շոկոլադը կարող է պատրաստել,նույնիսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար հատուկ շոկոլադներ:

«Կոնֆետըՙ հայկական է, հումքըՙ բելգիական, միջուկն էլ առանց հավելումների:Ամեն շոկոլադի վրա նախշեր են, հատ առ հատ նկարում եմ ամեն մեկի վրա:Սկզբում այն ինձ համար նախասիրություն էր, հիմա վերածվել է բիզնեսի: Հուսամ ամեն ինչ լավ կլինի ու հայկականն ավելի կգնահատվի»,- ասում է նա, ապա ծիծաղով ավելացնում.- «դեռ վաղ է եկամուտը հաշվել, բայց business woman դառնալու ժամանակն է»:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, կառավարական ամառանոց, Արաբական Միացյալ Էմիրություններում Շեյխ ալ Քասիմի առանձնատուն:Կապող օղակը մեկն էՙ ներքին լուսավորությունն ապահովում են հայկական ջահերը:

«Մենք աշխատում ենք պատվերովՙ ըստ չափերի, ինտերիերի: Պատվերն ընդունում ենք աշխարհի որ կետից էլ այն լինի: Ինչո՞վ ենք մենք պակաս Չինաստանից ու Թուրքիայից: Ուզում եմ, որ մենք արտահանող երկիր դառնանք, այդ իսկ պատճառով նախաձեռնության մասին լսելովՙ միացա տղաներին»,- մեզ հետ զրույցում ասում է «Բակլաչյան» ընկերության տնօրեն Արմեն Բակլաչյանը:

Դարչինով խնձորի չրից մինչեւ լոլիկի եւ նարնջի չիր. հայկական յուրաքանչյուր միրգ եւ բանջարեղեն կարող է դառնալ գեղեցիկ փաթեթՙ համեմված յուրահատուկ համով ու բույրով:

«Մեր փունջ փաթեթում 5 տեսակի մրգեր կան, 100 գրամի փոխարեն գնորդը կարող է վերցնել 300 գրամ տարողությամբ փաթեթ, որի մեջ կան բոլոր տեսակի մրգերըՙ համերի բազմազանությամբ եւ սեղանին գեղեցիկ տեսք հաղորդելու համար»,- ասում է գործարար Դանիելը:

«Ազգային մոլն» արդեն իսկ համագործակցում է 250-ից ավելի հայ արտադրողների հետ: Տարածքները տրվում են վարձակալությամբ, ընկերությունները առաջին երկու ամիսներին վճարում են տարածքի վարձակալության գումարի 50 տոկոսը, երրորդ ու չորրորդ ամիսներինՙ 75 տոկոսը, հինգերորդ ամսվանից հետոՙ ամբողջությամբ:

«Կես մետրի համար արտադրողը վճարում է 15 հազար դրամ: Մենք առաջարկում ենք շատ ցածր մարժա, որպեսզի հայ արտադրողները չունենան ֆինանսական դժվարություններ: Տաղավար վարձակալողն ամսական վճարից բացի ուրիշ ոչ մի գումար չի տալիս: Բոլոր ծախսերը հոգում է տնօրենությունը: Կոմունալների ծախսերը մեր վրա են: Մաքրուհին, վաճառողը, խորհրդատուն անցնում են վերապատրաստում»,- նշում է «Ազգային մոլի» հանրային կապերի պատասխանատու Կարինե Միքայելյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ