RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԹԱՓՎԵՔ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Հայոց պատմությունը հարուստ է ինչպես հերոսական, այնպես էլ բարդ ու խճճված դրվագներով: Ցավոք, քիչ չեն եղել նաեւ անելանելի, փակուղային պահերը: Հայ ժողովուրդն այսօր էլ ապրում է իր պատմության դժվարին ժամանակներից մեկը, բայց ոչ ամենադժվարին: Այսօր լավ-վատ պետություն ունենք, բանակ, մտավորականության զգալի մասն իսկապես կիրթ է ու սթափ մտածող: Իսկ ամենակարեւորը, չնայած նրա մեջքը կոտրելու արտաքին ու ներքին ուժերի բոլոր ձգտումներինՙ հայրենասեր ու հաշվենկատ երիտասարդություն ունենք, որն անսասան հավատ ունի իր ուժերի եւ լուսավոր ապագայի հանդեպ:

Ամեն անգամ վճռական պահերին աշխարհի գույները ճիշտ ընկալելու համար դիմում եմ մասնագիտական կարողություններիս եւ ստիպված եմ կրկնելՙ հայ ազգն աստվածատուր է եւ մեծ առաքելություն ունի իրականացնելու: Այս անգամ էլ ստեղծված բարդ քաղաքական խորապատկերում մեր տեղը, իրական հնարավորություններն ու պատմական առաքելությունը հնարավորինս ճիշտ ըմբռնելու համար պիտի հիշեցնեմ, որ հայ ժողովուրդն այն էթնոհանրույթն է եղել, որն իր հայրենիքի ու քաղաքական շահի համար հավասարը հավասարի կարգավիճակում կռվել է հին աշխարհի հզորների դեմ: Ում թագավորըՙ փաստորեն լինելով տարածաշրջանում ամենահզոր երկրի ղեկավարը, կրել է արքայից արքա տիտղոսը: Ում մասին խոսելիս արեւելքի հզորներից Դարեհն ստիպված է եղել ընդունել, որ հայերին ուղղակի հնարավոր չէ հաղթել: Անտիկ աշխարհի ամենահզոր ճառասաց Ցիցերոնն էլ ստիպված է եղել փաստել, որ «Հայ զինվորը շատ անգամ քաջ է հռոմեացուց»: Իսկ Բյուզանդիայի ամենափառավոր կայսրերից Մորիկը տրտնջացելՙ համարելով հայերին խոտոր ու անհնազանդ ազգ: Առավել բնորոշ ու հետաքրքրական է նաեւ այն, որ բյուզանդացի ժամանակագիրը համոզված կանխատեսել էՙ շուտով Բյուզանդիան կկործանվի, քանի որ պաշտոններում սկսել են քիչ տեղ տալ արիասիրտ եւ արդարամիտ հայերին:

Բայց հետո սկսվեցին փորձություններն, ու մենք ստիպված կռիվ էինք տալիս աշխարհի տարբեր ծայրերից մեր տարածաշրջանում հայտնված քաղաքակրթության համար վտանգ ներկայացնող վայրենի ու կիսավայրենի ցեղերի դեմ: Մեր վրա ընդունելով նրանց առաջին եւ հուժկու գրոհները, կասեցնում էինք հետագա առաջընթացը, զսպում ամեն ինչ հողին հավասարեցնելու նրանց բնազդները, փրկում մարդկությանը իրական կործանումից: Այդտեսակ հարձակումներին դիմագրավելով հետո սկսեցինք թուլանալ եւ շեղվեցինք մեր բնատուր, դասական հատկանիշներից: Ստեղծված իրավիճակում գոյատեւելու համար, նոր ու դաժան փորձությունների հորձանուտում նյութապաշտությունը տիրեց մեզ ու ապականեց այնքան, որ Անիում տիրող բարքերը տեսնելովՙ մեր պատմիչը տագնապով գրեց, թե Աստված չի ների այս ամենը եւ պատիժ կուղարկի մեզ:

Ու պատիժը չուշացավՙ եկավ թուրքի տեսքով: Հոգեւոր հայրերի Նեռի նկարահրությունն էլ համընկավ թուրքի կերպարին եւ միջնադարյան կրոնական միստիկայի հոգեկերտվածքի կրող զինվորը վախեցավ, չկռվեց, իսկ թուրքը Բուդապեշտ հասավ: Այդ պահից սկսած հայը սրբազան պայքար սկսեց նախ գոյատեւելու, ապա նաեւ թուրքի դաժան բռնատիրությունից ազատվելու համար: Իսկ աշխարհի հզորները փոխանակ մեզՙ առաջին հարվածների կրողի ու ներխուժողների ախորժակը չափավորողների, օգներ, անդրկուլիսային խարդավանքներով, միմյանցից կանայք փախցնելով ու պալատական կեղծ արժեքներ քարոզելով էր զբաղված:

Իսկապես, թուրքը հատուկ ուղարկված միջոց է, հատուկ ստեղծված մեծաքանակ եւ ուժեղ, որպեսզի մենք հարկադրաբար համախմբվենք, ձգվենք, միաբանվենք, հզորանանք այն աստիճան, որ ունակ լինենք հաղթահարել նրան: Այդ դեպքում միայն մենք կվերագտնենք մեզ ու կվերադարձնենք մեր բնատուր, դասական հատկանիշներն ու դերը աշխարհում: Հստակ է, որ լացող ու տկար հայությունը պետք չէ ո՛չ մեզ, ո՛չ մարդկությանը, ո՛չ էլ Աստծուն, եւ այն կվերանա երկրի երեսիցՙ հենց Աստծո կամքով: Այնպես որ, հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի վերստին դառնանք այն տեսակը, ում մասին կասենՙ նրան հնարավոր չէ հաղթել, նա քաջ է ամենքից, նա արիասիրտ է եւ արդարամիտ...: Չմոռանալով նաեւ, որ ինչպես Հովհաննես Քաջազնունին էր արձանագրում. «Փաստն այն է, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության եւ բնաջնջման եւ Թուրքահայաստանի ամայացման: Այս է ահռելի իրականությունը» («ՀՅ Դաշնակցությունը անելիք չունի այլեւս», Ե.-1994, էջ 8): Իսկ մենք փոխանակ վերլուծելու, սխալները վեր հանելու ու դրանցից դասեր քաղելու, «Զայրացած ու սարսափած, որոնեցինք հանցավորներին եւ գտանք իսկույն. ռուս կառավարության նենգ քաղաքականությունը: Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված մարդկանց հատուկ անհետեւողականությամբ, մի ծայրահեղությունից ընկանք մյուս ծայրահեղության մեջ: Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն էին վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշեւիկներին, ամբողջ աշխարհին). կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջություն, որ ինքներս այնքան միամիտ անհեռատես ենք եղել, որ դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ» (Նույնը, էջ 10):

Օրվա իշխանություններն էլ, չգիտեմ ում թելադրանքով, այսքան դաժան փորձությունից դեռ չսթափված հայ ժողովրդին քարոզում են փոխել հարեւանների հետ հարաբերություններըՙ ինչքան հնարավոր է դարձնելով դրանք բարիդրացիական: Չխորշելով արդարացումներ փնտրելուցՙ նաեւ շեշտում, որ ժողովրդի շահը պահանջում է անկեղծ լինել, բացատրել խնդիրը, ասել, թե իրականում ինչ է պահանջում մեր շահը: Որ հարկավոր է նրանց հետ գնալ բանակցությունների ու քաջություն ունենալ ասելու, որ սա ամենաճիշտ լուծումն էՙ հակառակ դեպքում մենք ցավալի կորուստներ էլի ենք ունենալու: Ըմբռնել, որ նրանք անթաքույց հայտարարում ենՙ դու պարտված կողմ ես, բայց դնում ես տարածքների դեօկուպացիայի հարց, շատ հետաքրքիր էՙ ինչպե՞ս ես դա անելու, եւ առաջարկում են, որ այսուհետեւ մենք չպետք է լինենք բացահայտ հակաթուրք եւ պարզաբանումՙ հայ ժողովուրդն այժմ գտնվում է էմոցիոնալ դաշտում, իսկ ազգային անվտանգության ճիշտ մարտավարությունը պահանջում է, որ թե թշնամիների, թե բարեկամների հետ գործես առանց էմոցիաների: Այս իրավիճակում առաջնահերթություն է նաեւ այն, որ Հայաստանն ունենա ուժեղ, իշխանության հավակնող եւ իշխանության համար իրական պայքար մղող ընդդիմություն: Որ իշխանությունը «մրսի» այդպիսի ընդդիմությունից, որ հազար անգամ չափ ու ձեւ անիՙ նոր արտահայտվի կամ գործի: Որ իշխանությունը (անկախ նրանից, թե ո՛ր ուժը կամ ուժերն են իշխանություն) լինի հետեւողական եւ ընկալելի: Մյուս կողմիցՙ գաղտնիք չէ, որ թույլ ընդդիմությունը կարող է «օգտագործվել» իշխանության կողմից արտաքին հարաբերություններում որպես Հայաստանի վահան: Իսկ այդ դեպքում իշխող է դառնում անվստահության տեւական զգացումը, որը ծնում է տագնապ, տագնապը վերածվում է խուճապի, խուճապը` անկանոն եւ ամոթալի փախուստի: Իսկ այդտեսակ վիճակի հաղթահարման ակունքը գտնվում է միայն վստահության վերականգնման մեջ:

Իհարկե, այս վարչախմբին մեղադրելով հիմնախնդիրը չի լուծվի: Հարկավոր է հստակ գիտակցել, որ բոլորս ունենք մեղքի մեր բաժինը: Բայց կարեւոր է նաեւ իմանալ, որ դասեր չքաղելով Քառօրյայից, չորս տարի էշի ականջում քնելով, ստացանք 44-օրյա պատերազմ, ունեցանք 44 անգամ ավելի շատ զոհերՙ 5000-ից ավելի, եւ կորցեցինք 1000 անգամ ավելի մեծ տարածքՙ 8000 քառ. կմ-ից ավելի: Այսինքնՙ պատմությունը հերթական անգամ ցույց տվեց, որ տարբեր շրջափուլերում «Գորշ գայլը» հանդես է եկել տարբեր թիկնոցներով, բայց ոգին ու մղումները մնացել են ու մնալու են նույնը, ինչպես նաեւ այն, որ ախորժակն ուտելուց է բացվում: Իսկ դրա կողքին նաեւ գիտակցել, որ միշտ ունեցել ենք տգետ հայեր, որոնք թշնամուց ավելի վտանգավոր են: Այս երկու գործոնները պետք է միշտ հաշվի առնել Թուրքիայի հետ հարաբերություններում «շտկումների» անհրաժեշտության մասին խոսելիս: Իսկ ընդհանրապես հետաքրքրական էՙ ի՞նչն են շտկում եւ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին:

Հիշեցի, որ մեր անկախության տարիներին, որքան ինձ հայտնի է, Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բարելավելու նպատակով թուրքերը սակավաթիվ փորձեր են արել (ֆուտբոլային դիվանագիտությունը լուրջ չեմ համարում): Առաջինը 1919 թ. ամռանն էր, երբ Մուստաֆա Քեմալը ամերիկացի զորավար Հարբորդի միջոցով ՀՀ կառավարությանն առաջարկեց բարելավել հարաբերությունները: Երկրորդը 2005 թ. ապրիլին Էրդողանի նամակն էր ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին: Նկատենք, որ այդ երկու դեպքում էլ թուրքերը գտնվում էին ոչ բարենպաստ իրավիճակում: Երկու դեպքում էլ ՀՀ-ի դիրքերը եղել են բարենպաստ: Երկու դեպքում էլ թուրքերի առաջարկին ընթացք չի տրվելՙ լավ հասկանալով մեր Դատի եւ թուրքական դիվանագիտության առանձնահատկությունները: Իսկ մնացած բոլոր դեպքերում թուրքերը եղել են թելադրողի, պարտադրողի, կեղծ բանակցողի ու այդ բանակցությունների ընթացքում դավադիր խփողի եւ, վերջապես, ցեղասպանի դերում: Իսկ ցեղասպանությունը առաջին հերթին հանցագործություն էՙ դրանից բխող բոլոր հետեւանքներով (հանցագործի անխուսափելի պատասխանատվությամբ եւ զոհի իրավունքների վերականգնմամբ): Ասվածի հաստատում է Կովկասյան ճակատում թուրքական զորքերի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշայի 1918 թ. հետեւյալ խոսքերը, որոնք այսօր էլ ավելի քան ծրագրային են ու արդիական. «Մենք պետք է տարածվենք դեպի արեւելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը եւ մեր լեզուն: Մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքեստանում եւ Ադրբեջանում են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի այնտեղ: Եվ դուքՙ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին: Պահանջելով Վանըՙ դուք փակում եք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը, դուք արգելք եք դառնում մեր ճանապարհինՙ իջնելու Քռի հովիտը եւ գնալու դեպի Բաքու: Կարսն ու Ախալքալակը փակում են մեր ճամբան դեպի Ղազախ ու Գանձակ :

Դուք պետք է մի կողմ քաշվեք եւ մեզ ճամփա տաք:

Մեզ պետք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարավորություն տան մեր բանակներին առաջ շարժվելու եւ պաշտպանվելու: Մի ճամփանՙ Կարս-Ախալքալակ-Բորչալու-Ղազախն է, որը տանում է դեպի Գանձակ, մյուսը գնում է Շարուր-Նախիջեւան-Զանգեզուրով Քռի հովիտը:

Դուք կարող եք մնալ դրանց մեջտեղը, այսինքնՙ Նոր Բայազետի եւ Էջմիածնի շուրջը»: Ակնհայտ երեւում է, որ մեր «խաղաղասեր» հարեւանները մեծահոգաբար, ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ հիմա մեզ թողնում են նույն տարածքը: Այսինքնՙ ոչինչ ըստ էության չի փոխվել:

Թուրքի առջեւ խոնարհվողներին ուզում եմ նաեւ հիշեցնել, որ միակողմանի սիրաշահումները խնդրի լուծում չեն, թուրքն էլ է հարգում արժանապատիվ կեցվածքը, ուստի, նախ, ձգտեք գոնե նույնչափ սիրել սեփական ազգն ու Հայրենիքը, ինչպես թուրքն է դա անում: Արցախին վերաբերվեք այնպես, ինչպես թուրքն է անվերապահորեն վերաբերվում Ադրբեջանին: Ազգային հերոսներին ու գործիչներին նսեմացնելու ու հետապնդելու փոխարեն, հարգանքի տուրք մատուցեք նրանց, աղանդավորներին ու նմանաբնույթ շեղվածներին վերաբերվեք այնպես, ինչպես թուրքն է վերաբերում նրանցՙ ղեկավարվելով իր համազգային շահերով, եւ, վերջապես, ճիշտ վայրում մեղավորներ փնտրեք ...Սկսում եմ մտածել, որ «Պարզապես մենք դեռ այնքան չենք բարձրացել, որ ունակ լինենք մեր կողքին հերոսներ տեսնելու եւ հանդուրժելու նրանց: Պարզապես մահվան աչքերով ենք մենք տեսնում, սիրում, գնահատում մեզնից լավին»:

Ուղղակի զարմանում ես, թե ինչպես կարող է նորմալ, մտածող ու Հայոց պատմության գոնե այբբենարանին ծանոթ մարդը հույսեր փայփայել հայ-թուրք բարեկամության մասին: Ուշքի եկեք, սթափվե ք, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մեզ հարգող, մեր ցավը կիսող ու մեզ սատարողներ են մնացել, քանի դեռ մեր հոգու կորովն ու հաղթանակի նկատմամբ հավատը ունենք:

01-07.04.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ