RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1102, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՙ ԲԱՐՁՐ ԳՆԱՃ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ, ՊԵՏՊԱՐՏՔԻ ԱՃ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ «ՓԱԽՈՒՍՏ»

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով: Դա ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ հատկապես արտաքին պարտքի ավելացմամբ, դրամի արժեզրկմամբ եւ բարձր գնաճով, բնակչության աղքատացմամբ, տնտեսական զարգացման ծրագրերի բացակայությամբ, ներդրումների արտահոսքով: Սրանք Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների հետեւանքներ են, չխոսելով արդեն նրա կողմից մեզ պարտության տանելու հետեւանքով երկրին եւ ժողովրդին պատճառված այն ահռելի կորուստները, որոնք տարիներ եւ գուցե տասնամյակներ զգացնել են տալու մեր կյանքում:

Տնտեսական անկում, որով հպարտանում է էկոնոմիկայի նախարարը, եւ բարձր գնաճ

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 6,7 տոկոս: Ասել, որ դա շատ վատ ցուցանիշ է, նշանակում է ոչինչ չասել: Սակայն, կառավարության ներկայացուցիչները, որքան էլ զավեշտալի լինի, դրա մասին խոսում են հպարտությամբ: Այս մասինՙ քիչ հետո:

Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում անկումը խորացել է, կազմելով 7,9 տոկոս, առեւտրում եւ ծառայություններում տնտեսական ակտիվության անկումը երկնիշ էՙ առաջինում 11,3 տոկոս, երկրորդումՙ 12,5 տոկոս: Միայն շինարարությունում է փոքրՙ 1 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյա պարբերականությամբ: Սակայն, հակառակ այս իրողություններին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե «Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվում է» եւ խոստացել է տարեկան երկնիշ տնտեսական աճ: Նա խոսում է այս տարվա փետրվարին 5,3 տոկոս տնտեսական անկման մասին եւ դրա հիման վրա անում իրՙ վերեւում նշված եզրակացությունը: Մինչդեռ, երկու ամիսների արդյունքում 6,7 տոկոս տնտեսական անկտիվության անկման մասին նա ոչինչ չի ասում, իսկ իր «դարակազմիկ» եզրակացությունն անում էՙ վկայակոչելով անցած տարվա փետրվարի... մեկ օր ավել լինելը: Այս խեղկատակությունը մեկնաբանելը թերեւս անիմաստ է:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարին ՀԴՄ կտրոնների երկնիշ աճ էր ցույց տալիս երկնիշ անկում ունեցող առեւտրի ոլորտից, ասելով նաեւ, որ արտահանումն ու ներմուծումը եւս աճում են: Սակայն, ըստ պաշտոնական ցուցանիշների, արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 5,5 տոկոսով, ներմուծումըՙ 15,8 տոկոսով: Այստեղ եւս հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա:

Վերոնշյալին ավելացնենք, որ այս տարվա փետրվարին եւս մեկ «աննախադեպ» ցուցանիշ է արձանագրվել, գնաճը կազմել է 5,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գնաճն ավելի բարձր է եղելՙ 7,4 տոկոս :

Արտաքին պարտքի 2,3 մլրդ դոլարով ավելացումՙ իշխանության «նվերը» Հայաստանին

Դարձյալ պաշտոնական վիճակագրության համաձայն, փետրվարին, մեկ ամսվա ընթացքում, ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 733,7 մլն դոլարով, 6 մլրդ 68 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 802 մլն դոլարի: Ընդհանուր պետական պարտքըՙ ներքինն ու արտաքինը միասին վերցրած, ավելացել է մոտ 698 մլն դոլարով եւ 8 մլրդ 24 մլն դոլարից հասել 8 մլրդ 723 մլն դոլարի: Ներքին պարտքը որոշ չափովՙ մոտ 35 մլն դոլարով նվազել է:

Այժմ, պատկերացնելու համար, թե որքա՞ն է ավելացել ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, համեմատենք այս թվերը 2018 թ.-ի մայիսի վերջի ցուցանիշների հետ: Այն ժամանակ ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, միայն արտաքին պարտքըՙ 5,5 մլրդ դոլար:

Կատարելով պարզ թվաբանական գործողություններ, կտեսնենք, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական, այսինքն մեր բոլորիս պարտքն ավելացրել է ուղիղ 2 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքի ավելացման չափը կազմել է 2,3 մլրդ դոլար: Ուշագրավ է, որ այժմ միայն արտաքին պարտքն ավելի մեծ է, քան երեք տարի առաջ արտաքին եւ ներքին պարտքը միասին վերցրած: Հիշեցնենք, որ 2018 թ.-ի գարնանը արտաքին պարտքի թեման իշխանությունը գրավելու ընթացքում Փաշինյանի հիմնական քարոզչական թեմաներից էր: Մինչդեռ, Հայաստանն այժմ ավելի ու ավելի խորն է ընկղմվում արտաքին պարտքի մեջ:

Ներդրումները «լքում» են Հայաստանը

Տնտեսական զարգացումն ու սոցիալական վիճակի բարելավումն անհնար է առանց ներդրումների: Չկան ներդրումներ, տնտեսությունը գտնվելու է անընդհատ անկման, իսկ բնակչությունըՙ շարունակական աղքատացման գործընթացում: Այժմ ներդրումները լքում են Հայաստանը: Ընդգծում ենք, խոսքը ոչ թե ներդրումների նվազման, այլ Հայաստանից դրանց դուրս հանելու մասին է: Ընդ որում, դա տեղի է ունեցել մինչեւ պատերազմըՙ անցած տարվա երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) եւ շարունակվել վերջինՙ չորրորդ եռամսյակում:

Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն, 2020 թ.-ի վերջին չորրորդ եռամսյակում Հայաստանից ներդումները շարունակել են «փախչել»: Գրանցվել է բացասական ցուցանիշՙ մեր երկրից դուրս է եկել 2,7 մլն դոլար : Դրան նախորդած եռամսյակում Հայաստանից ներդրողների դուրս բերած գումարը կազմել է 10,3 մլն դոլար: Օտարերկրյա ներդրումների տարեկան ցուցանիշները հեղափոխական երեք տարիներին փոխվել են հետեւյալ կերպ.

2018 թ. 254 մլն դոլար
2019 թ. 254 մլն դոլար
2020 թ. 117 մլն դոլար

Նշենք, որ 2018 թ.-ի ներդրումների ավելի քան կեսը կատարվել էին տարվա առաջին եռամսյակինՙ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, որն ընդհատվեց ապրիլ-մայիսին այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետեւանքով: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում կատարված ներդրումները տագնապալի տեմպով հալվում են: Կառավարության արձագանքը սովորականի նման է: Նույն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այս առնչությամբ մեկ ասում է, որ «ներդրումներին խանգարող հանգամանքեր կան», մեկ էլՙ «3-4 մլրդ դոլար ներդրողներ ամեն օր կան»: Սա այն դեպքում, երբ ներդրումները «փախչում են» Հայաստանից ավելի արագ, քան կառավարության ներկայացուցիչը հասցնում է իր հերթական անհեթեթությունն ասել:

Այսպիսով, մեր երկրի տնտեսությունը շարունակում է անկասելի ընթացքով սլանալ դեպի անդունդ, ստեղծելով ոչ միայն բնակչության կենսամակարդակի անկման, այլեւ երկրի անվտանգության եւ գոյատեւաման հետ կապված խնդիրներ: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր այս կամ այն չափով հավատացել են Փաշինյանին եւ իրենց ձայնը տվել նրան, ապա պետք է հետ գնան երեք տարի եւ ստեղծված վիճակը համեմատեն ներկայիս վիճակի հետ: Հիշեն «թավշյա» վարչապետի խոստումները «թռիչքային տնտեսական աճի», կախարդական փայտիկի, պետական բյուջեն կրկնապատկելու մասին, որոնցից ոչ մեկը չկատարվեց եւ ամեն ինչ ավելի վատթարացավ: Երեք տարի ժամանակ ունենալով իր խոստումները կատարելու համար, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին եւ հայ ժողովրդին «պարգեւել» է պատերազմ, հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր, ավերված տնտեսություն ու աղքատացած բնակչություն :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ