RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1189, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔՆ ՕՐԵՑՕՐ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

Հայաստանում տարեցտարի արձանագրվող պարենամթերքի գների բարձրացումն առաջին հերթին ազդում է բնակչության կենսապայմանների եւ բարեկեցության վրա: Գնաճի ֆոնի վրա բնակչությանն առավել շատ հուզում է այն հարցը, թե իրականում որքանով է թանկացել իրենց կյանքը:

ՀՀ-ում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճըՙ 2021թ. մարտըՙ 2020-ի մարտի հետ համեմատած, կազմել է 5,8%, իսկ անցած ամսվա նկատմամբՙ 1,0%:

Հանրապետության բոլոր քաղաքներում 2021թ. մարտին, փետրվարի համեմատ, սպառողական գներն աճել են 0,5-1,1%-ով, եւ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում:

Հարցն ավելի խորքային ուսումնասիրելու համար դիտարկենք միջին եկամուտ ունեցող ընտանիքի օրինակը:

Մնացականյանների ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 150 հազար դրամ:

«Իմ աշխատավարձով հոգում ենք կոմունալ ծախսերը եւ տան վարձավճարն ենք տալիս, իսկ կնոջս աշխատավարձով առաջին անհարաժեշտության սննդամթերքն ենք գնում եւ մի քանի այլ ծախսեր հոգում»,- ասում է 35-ամյա Հայկը:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մեկ տարվա ընթացքում հանրապետությունում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7,4% գնաճ է արձանագրվել, իսկ 2021թ. փետրվարի համեմատՙ 0,9%:

Ընտանեկան գնումները մեծ մասամբ կատարում է Գայանեն եւ մեզ հետ զրույցում ներկայացրեց այն թանկացումները, որոնք ակնհայտ երեւում են առանց Վիճակագրական կոմիտեի հաշվարկների:

«Եթե նախկինում մեկ լիտրանոց ձեթը գնում էի մոտ 600 դրամով, ապա հիմա ամենաէժան ձեթը 1150 դրամ է, ձվի շուկայում կատարված թանկացումները բոլորին են հայտնի, մեկ շաբաթ առաջ ամուսինս, առանց գինը ստուգելու, ձու էր գնել: Տանը հաշվարկ անելուց հետո պարզեցինք, որ ձվի մեկ հատը 230 դրամով է գնել: Ակնհայտ թանկացումներ եմ նկատել նաեւ կանաչեղենի շուկայում. եթե նախկինում շուկայից համեմը գնում էի 100 դրամով, ամենաթանկըՙ 150, ապա հիմա գնում եմ 250 դրամով»,- պատմում է 31-ամյա Գայանեն, ապա հավելում, որ ինչքան էլ դժվար է, բայց փորձում է ընտանեկան եկամուտը ճիշտ կառավարել եւ գտնել «փակուղուց» դուրս գալու ճանապարհը, առայժմ ապարդյուն:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների թանկացմանը, այստեղ, այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 8,4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատՙ 1,6% գնաճ:

«Փետրվար ամսին ռեգուլյար տեսակի բենզինի գինը մոտ 340-390 դրամ էր, հիմա արդեն 410-450 դրամ է դարձել»,- ասում է Հայկը:

2021թ. մարտին, փետրվարի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 8,2% եւ 11.2%-ով: Իսկ մեկ տարվա ընթացքում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով:

Կյանքն օրեցօր թանկանում էՙ այլեւս չզարմացնելով ու չզայրացնելով տարիներ շարունակ «գնաճային թերապիայի» ենթարկվող բնակչությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ