RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



ԳԵՐՄԱՆԻԱ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1106, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ Է ԱՎՏՈՐԻՏԱՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՍՐՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Անգլերենից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

«VICE» պարբերականի հետազոտությունը բացահայտել է, որ քչերին հայտնի հեռուստաալիքը եւ խոշոր գումարները Գերմանիայում Ադրբեջանի իմիջի բարձրացմանն ուղղված լոբբիինգի ռազմավարության մաս են կազմում:

Անգելա Մերկելիՙ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության միջեւ աջ կենտրոնամետ դաշինքում վերջերս բռնկվել է ներքին խժդժությունների եւ սկանդալների համաճարակը: Սակայն երկրում շատ ավելի խոշոր սկանդալ է մոլեգնումՙ «Ադրբեջանի գործը»:

«VICE»-ի հետազոտությունը բացահայտում է պահպանողական գերմանացի պատգամավորների վրա ավտորիտար վարչակարգի ազդեցության աստիճանը: Նավթով հարուստ եւ քննադատներին բանտ նետելու հակում ունեցող Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է Եվրոպայում իր համար ավելի լավ իմիջ գնել:

Դա իրականացվել է սպորտային միջոցառումները հովանավորելու եւ քաղաքական գործիչներին կաշառելու միջոցով եւ միշտ չէ, որ պսակվել է հաջողությամբ: Օրինակՙ 2020 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահպանողական անդամ Լուկա Վոլոնտեն մեղադրվել է Ադրբեջանի դեմ քննադատական բանաձեւի ընդունումը կանխելու համար մոտ երկու միլիոն եվրո գումար ստանալու մեջ եւ Միլանի դատարանի կողմից դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Փորձագետների համոզմամբ, Վոլոնտեն «սառացաբեկորի վերին շերտն է միայն»: Գերմանիայում քննություն է ընթանում մի շարք գերմանացի պատգամավորների նկատմամբՙ ներառյալ Կարին Շթրենցն ու Աքսել Ֆիշերը, որոնք Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ են:

Խնդիրը մի փոքր փորփրելուց հետո տեսնում ենք, որ Բեռլինի վրա Ադրբեջանի ազդեցությունը ներառում է քաղաքական գործիչների եւ լոբբիստների հսկայական բանակ: Գերմանացի քաղաքական գործիչների (հիմնականում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցություններից) կողմից ադրբեջանամետ յուրաքանչյուր հայտարարություն մեծապես ողջունվում է Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների կողմից: Պատճառն այն է, որ հանրապետությունում խիստ կարեւորում են արտասահմանում իրենց երկրի գովազդումը: Տասնյակ տարիներ Ադրբեջանը իր հարեւան Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ է եղել: Անցյալ տարի, Ադրբեջանը արյունալի պատերազմ սկսեց Հայաստանի դեմՙ Լեռնային Ղարաբաղի վիճարկվող տարածքների համար: Կորուստների թիվը, ըստ տվյալների, հազարների է հասնում:

«Հյուման ռայթս վոթչը» «ուշագրավ» է համարել այն փաստը, որ այդքան շատ գերմանացի պահպանողական պատգամավորներ Ղարաբաղյան հակամարտության հարցում ակնհայտորեն Ադրբեջանի կողմից են եւ շարունակում են սատարել Ալիեւի վարչակարգինՙ հաշվի չառնելով Ադրբեջանում տիրող ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Պատգամավոր եւ խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարեյսը, կանցլեր Մերկելի տնտեսական քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը, քանիցս այցելել է Ադրբեջան: Իսկ անցյալ տարի, COVID-19-ի առաջին ալիքի գագաթնակետին նա զբաղվում էր Ադրբեջան թոքերի արհեստական շնչառության ապարատներ ուղարկելու լոբբիինգով: Քանի-որ Գերմանիայում արհեստական շնչառության ապարատների քանակը սուղ էր, խնդրանքը մերժվեց: Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության մեկ այլ պատգամավորՙ Օլավ Գուտտինգը շարունակաբար ուշադրություն է գրավել Ադրբեջանի մասին իր դրական արձագանքներով: Կայացած առաջին գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումին իր ելույթում նա գովաբանել է Ադրբեջանի «ժողովրդավարության երկարատեւ պատմությունը»: Սակայն հավանաբար այդ տեսակետը չեն կիսում Իլհամ Ալիեւի վարչակարգիՙ բանտարկված քննադատները: «VICE»-ի հետազոտության համաձայն Գուտտինգի խորհրդարանական գրասենյակում վերապատրաստություն էր անցնում ադրբեջանցի մի երիտասարդ, որն իր ֆեյսբուքյան հրապարակումներում Ալիեւի հասցեին մի շարք քծնողական գրառումներ է կատարել, իսկ հայերին անվանել է «անասուններ» կամ «շներ»: Ներկայիս ընտրաշրջանի 22 ամիսների ընթացքում Գուտտինգը հայտարարագրել է 450 000 եվրոյի (մոտ 380 000 դոլարի) լրացուցիչ եկամուտՙ ի հավելումն իր խորհրդարանական աշխատավարձի: Որպես փաստաբան, նա իրավունք ունի քողարկելու իր հաճախորդներին եւ եկամտի մանրամասները:

Գուտտինգի նման պատգամավորները պարբերաբար հայտնվում են Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին իրենց դրական արձագանքների համար: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի լրատվամիջոցները հաճախ են հեռարձակում գերմանական TV Berlin հեռուստաալիքի հարցազրույցները: Գերմանիայում մեծ անուն չունեցող, սակայն այնուամենայնիվ հայտնի եւ մայրաքաղաքում մեծ կապեր ունեցող TV Berlin-ը 2013 թվականին հազիվ խուսափեց սնանկացումից: Հեռուստաալիքի այցեքարտը Փիթեր Բրինքմանն էՙ տարիքն առած մի լրագրող, որ, ըստ լուրերի, մասնակցել է Բեռլինի պատի փլուզմանը:

Արդեն 30 տարի է, Բրինքմանը կարծես թե կորցրել է հավատը քննադատական լրագրության հանդեպ, մանավանդ, երբ խոսքը գնում է Ալիեւի բռնապետական վարչակարգի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս թեման հեռուստաալիքը լուսաբանում է զարմանալիորեն հաճախ եւ զարմանալիորեն կանխակալորեն: Գերմանացի լրագրող Շտեֆան Նիգգեմայերը 2015 թվականին TV Berlin-ը անվանել է «Ադրբեջանի կառավարության ալիք»:

Այդ նույն թվականին Բրինքմանը հարցազրույց է վերցրել ՔԴՄ պատգամավոր Շտրենցից, որն է այս ամսվա սկզբին կնքեց իր մահկանացուն: Հարցազրույցը ցույց էր տալիս, թե ինչպես չպետք է քաղաքական հարցազրույցներ վարել. դրանցում չպետք է լինի քննադատություն, այլ միայն գովասանք: Հարցազրույցից հետո Շտրենցը Բրինքմանին անվանել է «լրագրության իրական լեգենդ»:

Շտրենցը «Ադրբեջանական գործի» առանցքային դեմքերից էր, մինչ այն պահը, երբ հիվանդացավ եւ մահացավ մարտի 21-ին Կուբայից թռիչքի ժամանակ: Ֆրանկֆուրտի պետական դատախազությունը Շտրենցի դեմ քննություն էր սկսել կաշառակերության, ընտրված պաշտոնյաներին կաշառելու եւ փողերի լվացման կասկածանքով: Նա Ադրբեջանից 2014-ից 2015 թվականներին ստացել է առնվազն 15 000 եվրո (մոտ 12 700 ֆունտ ստերլինգ) գումար: Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում էր 5 տարվա ազատազրկում:

Բացի Շտրենցիցՙ TV Berlin-ը նաեւ հարցազրույցներ է վերցրել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից, ուրախ ռեպորտաժներ է հրապարակել Ալիեւի Գերմանիա կատարած այցի վերաբերյալ եւ գրավիչ վավերագրական ֆիլմեր է հեռարձակել այդ երկրի եւ դրա մշակույթի մասին: ՅուԹուբի մի մեկնաբան ի մի է բերում այն բոլոր տարրերը, որոնք ակնհայտորեն բացակայում են վավերագրական ֆիլմերից. «Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանում տիրող անարդարության մասին, մամուլի ազատության բացակայության մասին, իսկ ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ընդդիմության ներկայացուցիչներին սպանում են հենց իրենց տների շեմերին»: Գերմանիայում իր քարոզչության նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար համեմատաբար փոքր լինելովՙ հեռուստաալիքը իդեալական միջոց է Ադրբեջանի լոբբիինգի համար: Մինչդեռ Բաքվում «TV Berlin»-ը կշիռ ունի եւ հեշտությամբ տարածվում է պետական մամուլում: Հեռուստաալիքի ծրագրերի ղեկավարը հրաժարվեց մեկնաբանություն տալ VICE-ին, սակայն «TV Berlin»-ի ղեկավարությունը հեռախոսային հարցազրույց ունեցավ մեզ հետ վերջնաժամկետից քիչ առաջ: Բրինքմանը նույնպես հրաժարվեց պատասխանել Ադրբեջանի եւ դրա վարչակարգի նկատմամբ իր հատուկ հետաքրքրության մասին հարցերին: «TV Berlin»-ի արտադրական գործընթացին ծանոթ ինսայդերներից (ներքին օղակների մարդ, յուրային) մեկը VICE-ին պատմել է, որ շատ հաղորդումներ պատվիրվել եւ անուղղակիորեն ֆինանսավորվել են Ադրբեջանի կառավարության կողմից: «TV Berlin»-ին մոտ կանգնած այլ աղբյուրներ հաստատել են դա: Մենք «TV Berlin»-ին խնդրեցինք տրամադրել մեղադրանքների վերաբերյալ գրավոր հայտարարություն, սակայն վերջնաժամկետի ավարտին պատասխան չստացանք: Միջնորդավճարներն ու ֆինանսական միջոցները գալիս Էին «Եվրոպական Ադրբեջանական հասարակություն» (TEAS) լոբբիստական կազմակերպությունից, որը լուծարվել է: VICE-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը հաստատում են գործարար կապերը: 2008-2018 թվականներին Բաքվում տեղակայված TEAS ընկերությունը լոբբիստական գործունեություն է ծավալել Լոնդոնում, Փարիզում, Ստամբուլում, Բեռլինում եւ Բրյուսելում: Կազմակերպությունը ստեղծվել է Նիջաթ եւ Թալե Հեյդարովների կողմից, որոնք Ադրբեջանի արտակարգ իրավիճակներիՙ ազդեցիկ նախարար Քամալադդին Հեյդարովի որդիներն են: Հիմնական նպատակը եղել է ընդգծել երկրի տնտեսական ներուժն ու «ԼՂ հակամարտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը»:

Կազմակերպության անդամները նկարագրում են լոբբիինգը, որպես նվազագույն հասարակական ներկայացվածությամբ, հավանական ամենաբարձր ազդեցության հասնելու բալանսի ապահովում: Եվ արդարեւ, TEAS-ի գործունեությունը գրեթե չի շոշափվել մամուլում, բացառությամբ իրենց կազմակերպության գերմանացի ղեկավար Շահին Նամաթիի վերաբերյալ մի քանի հրապարակումների:

Լոբբիինգի փորձագետների նկարագրությամբ Նամաթին իրանա-ադրբեջանական ծագում ունեցող մի փայլուն գործարար է Էսսենից, որ հայտնի է իր «քեֆչի» բնավորությամբ եւ Գերմանիայի խորհրդարանում ազդեցիկ կապերով: Ցանկացած պահի պատգամավորների գրասենյակներ մուտք գործելու անցաթուղթ ունենալովՙ Նամաթին պարբերաբար շրջել է Գերմանիայի խորհրդարանի միջանցքներում: Բավական հաճախ նա աշխատել է վարչակարգի կողմնակից պատգամավորների հայտարարությունների վրա, որոնք հետագայում տեղ են գտել ադրբեջանական կայքերում: Նամաթին նաեւ դեպի Բաքու տուրեր է կազմակերպել ընտրյալ քաղաքական գործիչների համար, ինչպես նաեւ խնջույքներՙ Hotel de Rome-ում: ՁժԸS-ի կողմից կազմակերպված ջազային համերգների ժամանակ նա փորձել է ուշադրություն հրավիրել ադրբեջանցի փախստականների վրա (կարեկցանք մուրալուՙ վարչակարգի հիմնական մարտավարությունը): VICE-ի աղբյուրների համաձայնՙ Նամաթին ու հաղորդավար Բրինքմանը նաեւ լավ ընկերներ են: Նամաթին այդպես էլ չպատասխանեց TEAS-ին, TV Berlin-ին եւ Ադրբեջանից Բեռլին գումարի արտահոսքի վերաբերյալ մեր հարցերին: Գուտտինգը նույնպես հրաժարվեց VICE-ի հետ հարցազրույցից: Շտրենցի մահվանից երկու օր առաջ, VICE-ը էլեկտրոնային նամակ էր ուղարկել նրանՙ Ադրբեջան իր վերջին ուղեւորությունների եւ TEAS-ի ու TV Berlin-ի հետ իր կապերի վերաբերյալ հարցադրումներով եւ պատասխան չէր ստացել:

Մենք փորձեցինք նաեւ Ֆինանսների նախարարության խորհրդարանական քարտուղար Բարայսից պարզել Ադրբեջան իր այցելությունների եւ Նամաթիի հետ ունեցած կապի մասին: Բարայսը պատասխանեց, որ հինգ անգամ է եղել Ադրբեջանում եւ որ այդ այցերի մասին պաշտոնապես զեկուցվել է խորհրդարանին, քանի որ դրանք որպես խորհրդարանի քարտուղար իր պարտավորությունների մաս են կազմել: Հայաստանում նա միայն մեկ անգամ է եղել: Նա ասաց նաեւ, որ որեւէ կապ չի ունեցել TEAS-ի կամ Նամաթիի հետ, եւ ո՛չ ուղղակիորեն եւ ո՛չ էլ անուղղակիորեն գումար կամ այլ շահույթներ չի ստացել TEAS-ից:

Ի տարբերություն պահպանողականներիՙ «Կանաչների» ներկայացուցիչ քաղաքական գործիչները Ադրբեջանցի լոբբիստների համար հասանելի չեն: Լրատվամիջոցը զրուցել է «Կանաչներ»-ից պատգամավոր Թաբեա Ռոսների հետ, որ Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամ է: Ռոսները 2015 թվականին խորհրդարանական խմբի պատվիրակության կազմում Շտրենցի հետ մեկնել է Բաքու: Ալիեւի հետ հանդիպումից առաջ Ռոսները հիշում է, որ Շտրենցը պնդել է, որ խոսակցությունը չափավորեն: Ավելի ուշ Ռոսները կրկին ականատես է եղել, թե ինչպես է Ալիեւը հյուրանոցի մոտ համբույրով ողջունել Շտրենցին:

Կարեւոր է նշել, որ Ադրբեջանին նվիրված գերմանացի բոլոր պատգամավորնեը չէ, որ կասկածելի հեղինակություն ունեն: Կան նաեւ այնպիսիք, ովքեր մտածում են ոչ միայն սեփական շահի, այլեւ երկրի մասին: Սակայն եթե նրանք մտածում են Ադրբեջանի մասին , պետք է պայքարեն նաեւ մարդու իրավունքները, օրինակՙ Մոհամմեդ Միրզալի իրավունքները, պաշտպանելու համար:

Հայտնի աքսորյալ ադրբեջանցի բլոգգերին մարտի կեսերին Ֆրանսիայի Նանտ քաղաքում մի քանի հանցագործներ դանակահարել էին: Վերջինս իր յութուբյան ալիքում 250000 հետեւորդ ունի: Միրզալին իր զեկույցներում պարբերաբար խոսում է իր հայրենի Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների հետապնդման եւ կոռուպցիայի մասին:

Հայտնի է, որ հանցագործները փորձել են կտրել նրա լեզուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ