RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 5050, Տպվել է` 189, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՆԱՎՈՐ ԵՌՅԱԿԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիայի արտաքին քաղաքականության կառույցը արտաժամյա է աշխատում համոզելու Բայդենի վարչակազմին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին անցկացվող հիշատակի օրը իր նախորդների նման հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթը արտաբերելուց:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ներկայումս սառն են, քանի որ կողմերի միջեւ մի շարք չլուծված հարցեր են մնացել: Առաջնահերթ խնդիր համարելով եւ իր ջանքերը կենտրոնացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դադարեցնելու վրաՙ Անկարան ցույց է տալիս, թե որքան կարեւոր է այս խնդիրը Թուրքիայի համար: Մինչ Թուրքիան այսքան ներդրում է ունենում այս հարցում, հայկական կողմը, մանավանդ նրանք, ովքեր կասկածի են ենթարկում եւ անտեսում են խնդիրըՙ տարակուսելով, թե ինչ կարող է ճանաչումը փոխել, պետք է նաեւ հասկանան դրա քաղաքական ազդեցությունը եւ հետեւանքները Հայաստանի ապագայի համար: Թուրքական կառավարամետ «Սաբահ» օրաթերթը իր կողմից հայտարարել է, որ նախագահ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի միջոցով կապվել է Սպիտակ տան հետ զգուշացնելու, որ չօգտագործեն «ցեղասպանություն» եզրույթը, առաջ քաշելով չորս կետեր, կարծես թե իրավաբաններն ու պատմաբանները այս հարցում ուսուցանման կարիք ունեն:

Պարոն Քալընը պնդում է, որ հայկական ջարդերը չի կարելի որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանց վերաբերյալ դատարանի այնպիսի որոշում գոյություն չունի, ինչպիսիք կայացվել են Ռուանդայի եւ Սրեբրենիցայի վերջին սարսափելի իրադարձությունների վերաբերյալՙ անտեսելով Ստամբուլի ռազմական տրիբունալների 1919 թվականի դատավճիռները:

Ապա նա հիշեցնում է, որ «ցեղասպանություն» եզրույթը ընդունվել է 1948 թվականինՙ թերեւս ՄԱԿ-ի բանաձեւի կապակցությամբ, որն ամեն դեպքում հետադարձ ուժ ունի: Երրորդ, նա ակնարկում է, որ եզրույթի օգտագործումը կարող է բացասաբար ազդել արդեն վնասված թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. իրականում, ոչ թե Ամերիկան, այլ Թուրքիան պետք է անհանգստանա խաթարված հարաբերությունները վերականգնելու համար: Չորրրոդ կետը այն նույն հին երգն է, ըստ որի նոր իրավիճակը, տվյալ դեպքում Կովկասում, կարող է վատթարանալ:

Նրա առաջ քաշած այս վերջին կետի հետ կապված պետք է ավելացնել նախազգուշական գրառում. Հայաստանի կառավարությունը չպետք է ընկնի թուրքական այն թակարդը, որը թույլ է տալիս Անկարային տարածել այն կեղծ տեղեկությունը, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները շարունակվում են եւ որ երրորդ կողմի որեւէ ներգրավվածություն կարող է վտանգել դրանց արդյունքը: Դա Ցեղասպանությունը ճանաչելու նախկին փորձերի ձախողման պատճառներից մեկն է:

Մենք պետք է վերլուծենք Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պարզելու, թե ինչ պայմաններում անցյալ տարի ԱՄՆ կառավարության երկու օրենսդրական մարմինների կողմից ձայների մեծամասնությամբ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ ընդունեցին: Դա այն ժամանակահատվածն էր, երբ Թուրքիան Հյուսիսային Սիրիայում ռմբակոծում եւ կոտորում էր ՆԱՏՕ-ի քուրդ դաշնակիցներին: Այդ գործողությունները համընկան թուրք-իսրայելական հարաբերություններում հատկապես դժվար ժամանակաշրջանի հետ, երբ իսրայելամետ լոբբիինգով զբաղվող ուժերը հրապարակավ հայտարարեցին, թե հրաժարվում են օգնել Թուրքիային, ինչպես արել են տարիներ շարունակ: Ուստի, այս երկու իրադարձությունների համընկնումը օգնեց բանաձեւի անցկացմանը:

Այսօր պատկերն այլ է: Թուրքիայի կառավարությունը ջանք չի խնայում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Միամտություն է կարծելը, որ այս քայլի միակ շարժառիթը Ցեղասպանության ճանաչումը կանխելն է, քանի որ այդ երկրների միջեւ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Այնուամենայնիվ, Անկարայի համար, իհարկե, Ցեղասպանության ճանաչումը իր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւոր հարցերից է:

«Արաբ Նյուզ»-ի մարտի 31-ի համարում Մենեկսե Տոկայը գրում է. «Թուրքիայի կողմից Իսրայելի հետ դիվանագիտական հաշտության որեւէ փորձ միտված է տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալուն, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին գոհացնելուն»:

Անկարան փորձել է շահել Վաշինգտոնի բարեհաճությունը աշխարհի այլ տարածաշրջաններում եւս այլ քաղաքական եւ ռազմական նախաձեռնություններ սկսելու միջոցով: Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հիթիռների ձեռքբերումը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ձեւաչափը շրջանցելով Ռուսաստանի հետ համատեղ գործողությունները Կովկասում նոր քաղաքական կարգ ստեղծելու համարՙ զայրացրել են Վաշինգտոնին եւ սրել Եվրոպայի հետ այդ երկրի հարաբերությունները, քանի որ այդ գործողությունները համարվում էին ռուսական շահերը սպասարկող: Այնուամենայնիվ, ներկայումս Անկարան միացել է Ուկրաինայինՙ մարտահրավեր նետելով ռուսական ուժերին Սեւ ծովի տարածքում, մասնավորապես Դոնբասում եւ Ղրիմում:

ԱՄՆ-ն Եվրոպայում իր տեղակայված ուժերը բարձր մարտական պատրաստության վիճակում է դրել, սպասելով Ռուսաստանի հետ բախմանը: Թուրքիան ներգրավվել է այս զարգացող ճգնաժամի մեջ Բայդենի վարչակազմի աչքում վերականգնելու որպես ՆԱՏՕ-ի անդամ ունեցած իր վարկը:

Վերջերս Թուրքիայի եւ Ուկրաինայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները ընդհանուր ֆորում ստեղծելու նպատակով խորհրդակցություններ են սկսելՙ հաշվի առնելով վերահաս փոթորիկը: antiwar.com կայքի մարտի 26-ի հրապարակման մեջ Ռիկ Ռոզոֆը ասում է, որ այս խորհրդակցությունները նպատակ են հետապնդում «միավորելու թուրք-ուկրաինական ինստիտուցիոնալ ջանքերը ՆԱՏՕ-ի համար Սեւծովյան շրջանի ընդլայնմանը նպաստելու եւ այդ գործընթացի արդյունքում Ռուսաստանին տարածքից դուրս մղելու ուղղությամբ... Հանդիպման ժամանակ թուրք դիվանագետը հաստատեց իր երկրի պատրաստակամությունը մասնակցելու «Ղրիմի հարթակի» ստեղծմանը, որը կծառայի Ղրիմը հետ նվաճելուն ուղղված միջազգային ջանքերի համախմբմանը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրեց, որ Մոսկվան համապատասխան միջոցներ կձեռնարկի ի պատասխան այդ սադրանքների: Արեւմտյան դիտորդները արդեն նկատել են, որ Ռուսաստանը իր տանկերը տեղափոխում է Ուկրաինայի հետ իր սահմաններ, մինչդեռ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անթաքույց ցինիկությամբ նշել է, որ ոչ ոք չպետք է անհանգստանա, երբ Ռուսաստանը զորավարժություններ է իրականացնում իր սահմանների ներսում:

Այս զարգացումները ոչ միայն պատերազմական հռետորաբանության դրսեւորում են, այլ ավելի շուտՙ նախազգուշացում, եւ Անկարան պատրաստվում է այս հակամարտությունից օգուտներ քաղել:

Երեւանում որոշ վերլուծաբաններ նախազգուշացնում են, որ Ռուսաստանը, ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, կարող է մեկ անգամ եւս Թուրքիային որոշ զիջումներ անել Հայաստանի հաշվին:

Մյուս ճակատում, Թուրքիան իր շարունակական «սեր-ատելություն» հարաբերություններն է կառուցում Իսրայելի հետ:

Այս տեսակի քաղաքական փոխգործակցությունը բնորոշ է հետսառըպատերազմյան միջազգային հարաբերություններին: Սառը պատերազմի ժամանակ քաղաքական սահմանները նշվում էին գաղափարաբանական հարացույցներով: Խորհրդային կայսրության անկումից եւ բազմաբեւեռ աշխարհի ի հայտ գալուց հետո գրեթե բոլոր գլխավոր ուժերը ստիպված էին միկրոկարգավորել իրենց արտաքին քաղաքականությունները, քանի որ միեւնույն ժամանակ ունեին հակասող եւ համընկնող շահեր: Այսպիսով, Թուրքիան տարիներ ի վեր եղել է միակ մուսուլմանական պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ եւ նրանք համագործակցել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական քաղաքականությանը զուգընթաց երկու երկրների հարաբերություններում տարաձայնություններ առաջացան: Մինչ Իսրայելը, Վաշինգտոնի ճնշմամբ, չեզոքացնում էր Պաղեստինում իր քաղաքականության նկատմամբ արաբական ընդդիմությունը, Թուրքիան հայտնվել էր մեկուսացման մեջ, հատկապես «Աբրահամի համաձայնագրեր»-ը կնքելուց հետո, որով դիվանագիտական հարաբերություններ էին ստեղծվում Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Բահրեյնի հետ:

Սակայն տարիներ շարունակ Էրդողանին հաջողվել է հիմարացնել արաբական եւ մուսուլմանական աշխարհըՙ ձեւացնելով, թե սատարում է Պաղեստինյան խնդրի լուծմանը, Իսրայելի առաջնորդ Բենջամին Նեթանյահուին համեմատելով Հիտլերի հետ եւ հետ կանչելով Իսրայելում իր երկրի դեսպանին, բայց շարունակելով վերջինիս հետ առեւտրային հարաբերությունները եւ հատուկ համագործակցելով այդ երկրի հետախուզության մարմինների հետ պաղեստինցիների դեմ տվյալներ հավաքելու հարցում:

Իսրայելը Էրդողանին նույն կերպ չէր պատասխանում, քանի որ Նեթանյահուն համոզված էր, որ Էրդողանի զայրույթի պոռթկումները իր քաղաքական բեմականացման մաս են կազմում: Նաեւ սա է պատճառը, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ բեմի հետեւում վտանգի ենթարկելու շատ ավելի շահեր են թաքնված:

Էրդողանը խորաթափանց քաղաքական գործիչ է եւ գիտի, որ Վաշինգտոնի կողմից Մերձավոր Արեւելքի քաղաքականության յուրաքանչյուր փոփոխություն պետք է արժանանա Իսրայելի հավանությանը: Այդ իսկ պատճառով նա պատրաստ է շտկելու իր հարաբերությունները Իսրայելի հետՙ դեպի Վաշինգտոն ճանապարհ հարթելու համար: Մարտի 31-ին «Արաբ նյուզը» գրել է, որ «Թուրքիան կարող է արագացնել Իսրայելի հետ իր հարաբերությունների կարգավորումը մամուլում հայտնված հրապարակումներից հետո, որոնցում նշվում է, որ Բայդենը ապրիլի 24-ի գալիք տարեդարձին 1915 թվականի հայկական ջարդերը որակելու է որպես «ցեղասպանություն»: Թուրքիան հույս ունի այս հարցում կրկին շահել ԱՄՆ Կոնգրեսում իսրայելական լոբբիի աջակցությունը»:

Իսրայելի հետ Թուրքիայի բարեկամական հարաբերությունների վերականգնման ի պատասխան, Իսրայելը կարող է պահանջել Թուրքիայում գտնվող «Համաս» շարժման առաջնորդների արտաքսումը: «Համասը» վերահսկում է Գազայի հատվածը, որի հետ Իսրայելը լարված հարաբերությունների մեջ է:

Թուրքիան չափավորել է իր թշնամական հռետորաբանությունը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի եւս մեկ դաշնակցիՙ Եգիպտոսի հետ: Այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին տապալեց Մոհամմեդ Մուրսիի իսլամիստական կառավարությունը, որը վայելում էր Էրդողանի աջակցությունը: Այն երկար տարիների ընթացքում, երբ Կահիրեն եւ Անկարան բնականոն դիվանագիտական հարաբերությունների մեջ էին, Թուրքիան Եգիպտոսը վերածել էր հակահայկական քարոզչության էպիկենտրոնիՙ ստանձնելով մի շարք հրատարակչությունների, լրատվական գործակալությունների եւ ակադեմիական կենտրոնների հովանավորությունը: Ալ-Սիսիի հետ Էրդողանի սկանդալային պատմությունից հետո շատ թերթեր, հեռուստաշոուներ եւ գիտական հրապարակումներ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը եւ հարցը նույնիսկ ներառվել է եգիպտական խորհրդարանի օրակարգում: Իսրայելը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Չնայած ակադեմիական շրջանակներից եւ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերինՙ կառավարությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Նույնիսկ բախվելով նման դիրքորոշման հետ եւ հաշվի առնելով Իսրայելի եւ Ադրբեջանի սերտ հարաբերություններըՙ Երեւանը, առանց փոխադարձ որեւէ քայլի ակնկալիքի անվճռական քայլ կատարեց բացելով իր դեսպանատունը Իսրայելում:

Այդ քայլը որեւէ օգտակար նպատակի չծառայեց: Միայն զայրացրեց Հայաստանի արաբական եւ իրանական հարեւաններին: Իսրայելի ակտիվ մասնակցությամբ Ղարաբաղյան պատերազմը տանուլ տալուց հետո արձագանքելով Հայաստանի կողմից իր դեսպանին հետ կանչելուն եւ իսրայելահայերի ցույցերին առնչվող հարցերին, Իսրայելի պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակները բացահայտ նշում էին, որ Իսրայելը հետապնդում է իր սեփական շահերը, եւ որ իրենց համար հետաքրքրական չէ, որ նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի անօդաչու սարքերի պատճառով զոհվել է 5000 հայ երիտասարդ:

Իսրայելի կողմից Արդբեջանին անօդաչու սարքեր վաճառելը իրապես ծառայեց այդ երկրի շահերին, քանի որ արդյունքում Իսրայելը կարողացավ ընդլայնել իր դիտարկման հնարավորությունները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր գրավված տարածքներից: Եվ սա ի լրումն այն նավթադոլարների, որ վաստակել էր հայի արյունը հեղելու պատճառով:

Դեպի Իրանի սահմանի վերջերս ընդլայնված մուտքը նույնպես նվեր էր Իսրայելին` Թուրքիայի կողմից, որը պատերազմ էր վարում Հայաստանի դեմ: Ղարաբաղյան պատերազմը այն մի քանի թատերաբեմերից էր, որտեղ համընկել էին հանցակից դարձած Թուրքիայի եւ Իսրայելի շահերը:

Հաշվի առնելով պատերազմի արյունալի ելքըՙ դժվար է հասկանալ այն հեգնական ցնծությունը, որը դրսեւորեց Իրանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորելով իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Իրանի վարչակարգը անշուշտ տեղյակ է, որ ի լրումն լրտեսման հնարավորություններիՙ Արդբեջանը Իսրայելին տրամադրել է ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներ, որպեսզի վերջինս օգտագործի դրանք Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակում գործելու ժամանակ:

Թուրքիան սպառնում է Հայաստանի գոյությանը: Այդ երկրի արտաքին քաղաքականության հիմնաքարը օսմանյան տարածքային ծավալապաշտությունն է: Էրդողանը հմտորեն իրականացրել է այդ քաղաքականությունը իր ուղերձը իր լսարանին համապատասխանեցնելու միջոցով:

Երբ Էրդողանի խոսափողն ուղղված է իսլամական երկրներին, նա քաղաքական իսլամի չեմպիոնն է: Երբ այդ նույն խոսափողը ուղղվում է Արեւմուտքին, նա դառնում է արեւմտյան ժողովրդավարական արժեքների չեմպիոնը:

Գալյա Լինդենշտրաուսի եւ Ռեմի Դենիելի կողմից «Ռազմավարության գնահատման» մեջ տեղ գտած հետազոտությունը նշում է. «Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում Թուրքիայի գործողությունները ցույց են տալիս, որ մինչ Անկարան պնդում է թե գործնականում հարգում է տվյալ երկրների տարածքային սահմանները, այն խարխլում է սահմանի նշանակալի կետերում դրանց ինքնիշխանությունը»:

Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ է եւ վերջին ամիսներին իր ուժերը կենտրոնացրել է ոչ միայն Հայաստանի հետ իր սահմանների վրա, այլեւ Նախիջեւանում, որը Ադրբեջանի կողմից կառավարվող էքսկլավ է: Թուրքական ուժերը Հայաստանին չափազանց մոտ են հանգիստ լինելու համար:

Տարեսկզբից ի վեր Թուրքիան եւ Ադրբեջանը շուրջ չորս ռազմական զորավարժություններ են իրականացրել Հայաստանի սահմանին: Այս զորավարժությունների նպատակը կարող էր զուտ Հայաստանին ստորացնելը լինել, սակայն Մոսկվայիՙ Հայաստանի ռազմավարական դաշնակցի լռությունը, խնդրին ավելի աղետալի երանգ է հաղորդում:

Եթե Թուրքիան կարող է խախտել իր հարեւանների սահմանները եւ անպատիժ մնալ, ոչինչ նրան չի կանգնեցնի կրկին Հայաստանի դեմ դուրս գալ: Վերջիվերջո Էրդողանը ոչնչով չի տարբերվում իր իթթիհատ նախնիներից: Եթե մի ամբողջ ժողովուրդ աշխարհից ջնջելը, պատմական հողը խլելը եւ աշխարհի կողմից անպատիժ մնալը նրանց համար սովորական մի բան էր, ապա ի՞նչն է խանգարում Էրդողանին նույն կերպ վարվել:

Հայաստանը, Իսրայելն ու Թուրքիան բավականին թունավոր եռյակ են կազմում: Նրանց փոխհարաբերությունների վրա մեծապես ազդում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Իրանը: Մի կողմից Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ բարելավված հարաբերությունները, մյուս կողմից նշված երեք երկրների միջեւ բարձրացնում են թունավորման մակարդակը: Որքան էլ զարմանալի է, այդ երկու խմբի երկրների միջեւ լարված հարաբերությունները կարող են նաեւ նվազեցնել դրանց թունավոր ուժը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ