RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 4641, Տպվել է` 139, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՆԴ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ապրիլի 8-ին դեռեւս Բաքվում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների ընտանիքները հույսով սպասում էին Բաքվից Երեւան ժամանող ինքնաթիռին։ Սակայն նրանց խորը հիասթափություն էր սպասվում, քանի որ ինքնաթիռից դուրս չբերվեց եւ ոչ մի գերի։ Ինքնաթիռի միակ ուղեւորը Ղարաբաղում եւ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարՙ գեներալ լեյտենանտ Ռուսլան Մուրադովն էր։ Զայրացած ծնողները իրենց դժգոհությունը արտահայտեցին Պաշտպանության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիայի միջոցով, ինչպես նաեւ փակելով Գյումրի-Երեւան ճանապարհը, քանի որ գերիների մեծամասնությունը ծնունդով գյումրեցի է, իսկ մյուս մասըՙ Շիրակի մարզից։ Ինչո՞ւ տեղի ունեցավ այս սրտաճմլիկ դրաման։ Ապրիլի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երկար սպասված այցը կատարեց Ռուսաստան եւ հանդիպեց նախագահ Վլադիմիր Պուտինին։ Քննարկումները տեւեցին 4 ժամից ավելի, սակայն ամենաանհետաձգելի հարցը հայ ռազմագերիների ճակատագիրն էր, որոնք դեռեւս պահվում են Ադրբեջանում 44-օրյա ղարաբաղյան պատերազմից հետոՙ վերջիններիս ընտանիքներին առավելագույն հոգեբանական տրավմա պատճառելու ակնհայտ նպատակով։

Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդած թույլ հույսը առաջացել էր գերիների հարցը լուծելու համար զգալի քայլեր ձեռնարկելուՙ Պուտինի խոստման հետեւանքով։ Էլ ավելի հուսադրող էր այն նորությունը, որ Պուտինը հեռախոսային խոսակցություն էր ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ակնկալիքների շղթան եզրափակում էր գերիներին Երեւան վերադարձնելու հստակ առաքելությամբ գեներալ Ռուսլան Մուրադովի թռիչքը Բաքու։

Թեեւ Բաքվում պահվողների մոտալուտ ազատման մասին լուրը տարածել էր Մոսկվան, Երեւանի պաշտոնատար անձինք նույնպես հաստատել էին դաՙ մեծացնելով հանրության ակնկալիքները։ Սակայն լրատվամիջոցները մոռացել էին լուսաբանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Աբդուլահ Բոզկուրտի այցը Բաքուՙ Իլհամ Ալիեւի հետ բանակցելու նպատակով։ Վարկած կա, որ հենց այդ այցն էր դարձել բանտարկյալներին ազատ արձակելու պլանների խափանման պատճառը։

Երեւանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուսահատված ընտանիքներին հայտնել էր, որ ռազմագերիների ժամանումը հետաձգվել է, մինչդեռ գեներալ Մուրադովը հանդիմանել էր Հայաստանի կառավարությանը ընտանիքներին կեղծ հույսերով կերակրելու համարՙ ակնարկելով, որ իր Բաքու կատարած այցը ռազմագերիների խնդրի հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Դա ռուսական կողմի համար ակնհայտորեն իր «դեմքը փրկելու» համար արված հայտարարություն էր, որը մինչ այդ տարփողում էր, որ նախագահ Պուտինը հսկայական ջանքեր է ներդրել ռազմագերիների հարցը լուծելու համար։

Ալիեւի զայրույթը էլ ավելի էր բորբոքվել այն փաստից, որ Հայաստանի Սյունիքի մարզով Բաքուն Նախիջեւանին կապողՙ իր երազած միջանցքի կառուցման ծրագիրը որոշակի խութերի է հանդիպել։

Վերլուծաբանները կարծում են, որ այս հարցերը չեն կարող բավարար պատճառ հանդիսանալ Ադրբեջանի լռության համար, քանի որ բեմի հետեւում դրանք մանիպուլացվում են Անկարայի կողմից, որը Հայաստանից հետագա զիջումներ է ակնկալում։ Հիշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս նշել է, որ Անկարան կարող է վերացնել շրջափակումը, պայմանով որ Հայաստանը իրեն պահի «ինչպես հարկն է»։ Քաղաքագետները հետազոտել են այն պայմանները, որոնցով կարելի է ձեւակերպել այդ «ինչպես հարկն է»-ի սահմանումը։ Թուրքիայի պահանջը, հատկապես այս վճռորոշ ժամանակաշրջանում, նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանությունը աշխարհին ճանաչել տալու նկրտումներից։

Երեւանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ գերիների հարցը մոտ ապագայում չի լուծվի եւ որ Ալիեւը չի վերադարձնի ռազմագերիներին նույնիսկ նախագահ Պուտինի պահանջով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը խնդրանքով դիմել է դատարան, որպեսզի վերջինս միջոց կիրառի Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող 240 գերիների վերաբերյալ։ Դրանց 90 տոկոսը արդեն հաստատվել է փաստաթղթերով, լուսանկարներով եւ տեսանյութերով։ Նախագահ Ալիեւը, մյուս կողմից, փաստել է, որ ավելի քան 70 գերի է վերադարձվել Հայաստան եւ միայն 60-ն են դեռեւս պահվում Ադրբեջանում, քանի որ նրանք գերեվարվել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը կնքելուց հետո։

Մյուս կողմից, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում մնացած ձերբակալվածները համարվում են ահաբեկիչներ եւ դատվելու են Ադրբեջանի օրենսդրության համաձայն։ Ռուսական կողմի շփոթմունքը թաքցնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը որոշել է «հալած յուղի տեղ ընդունել» այդ հայտարարությունը եւ վերջերս կայացած մի մամլո ասուլիսի ժամանակ որպես արդարացում նշել է, որ «Ադրբեջանի իշխանությունները նրանց ահաբեկիչներ են համարում»։ Նախագահ Պուտինը անձամբ է կազմել եւ ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով կոչ է արվում փոխանակել ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նշված է հայտարարության 8-րդ կետում։

Հայկական կողմը, հավատալով, որ դա կնվազեցնի տուժած ընտանիքների տառապանքըՙ շտապեց վերադարձնել 69 կալանավորված անձանց, իր մասով կատարելով պայմանավորվածությունը։ Ադրբեջան վերադարձածների թվում էին երկու դատապարտված հանցագործներ Դիլգամ Ասկարովը եւ Շահբազ Գուլիեւը, ովքեր դեռ նախքան պատերազմը կալանքի տակ էին վերցվել Ղարաբաղյան իշխանությունների կողմից։

Այժմ Թուրքիան նախագահ Պուտինին նեղը գցելու լրացուցիչ շարժառիթ ունի, քանի որ պաշտոնապես իր ռազմական ուժերը միավորել է Ուկրաինայի զինված ուժերի հետ Ռուսաստանին Սեւծովյան տարածաշրջանից եւ Ղրիմից դուրս մղելու համար։ Այս վերջին քայլը խիստ համահունչ է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու եւ Ուկրաինային Ռուսաստանի հետ ընդհարման դրդելուՙ Բայդենի վարչակազմի նոր արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից, հիմա, երբ ղարաբաղյան պատերազմը ավարտվել է Հայաստանի պարտությամբ, Ադրբեջանի անզիջողականությունը պետք է դիտարկել Ռուսաստանի եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամանքի համատեքստում։ (Սակայն Թուրքիան փորձում է հիմարացնել Արեւմուտքին ասելով, որ հաղթանակը տարել են Ռուսաստանի նկատմամբ)։

Ապրիլի սկզբին Թուրքիայի եւ Ադրբեջանի միացյալ ուժերը զորավարժություններ էին անցկացնում Հայաստանի սահմանին։ Սրանք այդպիսի չորրորդ զորավարժություններ են այս տարվա սկզբից ի վեր։ Իսկ ո՞ր երկիրն է այդ զորավարժությունների ընտրված թիրախը։ Սա Հայաստանի նկատմամբ շարունակական ճնշման մարտավարություն էՙ հետագա զիջումներ կորզելու նպատակով։ Ռազմագերիների հարցը եւ Թուրքիայի ռազմական քաղաքականությունը նաեւ նպատակ ունեն ազդել Հայաստանում հունիսին կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Հիշենք, որ նախագահ Էրդողանը մայիսին կայցելի Շուշիՙ որպես Հայաստանին վախեցնելու եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր ընդհանուր քաղաքականության անքակտելի մաս։

Նախագահ Ալիեւը կարծում է, որ ինքն է հաղթել Ղարաբաղյան պատերազմում եւ «հայերին շների նման դուրս է շպրտել Ադրբեջանի հողից». բայց պարզվում է, որ նա թանկ է վճարում «իր» հաղթանակի համար»։ Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի զոհերի ընտանիքները ցույցեր են անում, այլ խմբեր կոչ են անում, որ ռուսական զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից։

Ի լրումն այդ ամենի, Ղարաբաղի ռուսականացումն ավելի մեծ թափ է ստանում։ Ռուսերենը այնտեղ պաշտոնական լեզու է դարձել։ Ղարաբաղի քաղաքացիներին ռուսական քաղաքացիություն շնորհելու հեռանկարը արագորեն կյանքի է կոչվում, ճիշտ այնպես, ինչպես արվեց Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում։ Մոսկվայում քաղաքական կարծիքներ են հնչում, որ Ղարաբաղը պետք է անցնի Ռուսաստանի հովանու ներքո, ինչպես Արկադի Վոլսկու կառավարման օրոք էր։ Եվ շատ շուտով Էրդողանի արջի գրկախառնությունը չափից դուրս «կիպ» է լինելու հարմարավետության զգացում առաջացնելու համար։

Պարզվում է, որ Ղարաբաղի կորուստը բացասաբար է ազդել թե հայերի եւ թե ադրբեջանցիների վրաՙ սահմանի երկու կողմում էլ մնացել են սգացող ընտանիքներ, իսկ Էրդողանը քմծիծաղ է տալիս եւ հաշվարկում է իր հաջորդ քայլը պանթուրանական ծրագրերի իրագործման ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ