RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1135, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՋԱԿՑԵԼՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՔԱՐԻՙ ԱՄՆ-Ի ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Անշեղորեն սրվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, ստեղծելով ռազմական բախումների համար անհրաժեշտ նախադրյալներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , պաշտոնական Interfax.ru եւ Ria Novosti գործակալությունների վկայությամբ, ապրիլի 21-ը մատնացույց էր արել որպես այդ բախումների սկզբավորման ժամկետ: Ինչպիսին կլինի հակամարտության ընթացքը, դժվար է կռահել: Բայց որ դրանում ներգրավված է ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջը անհաշտ մրցակցության մեջ են մտել ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը, ակնհայտ է:

Դա, ինչ խոսք, նոր երեւույթ չէ: Ռուսաստանը, զորք մտցնելով դեռեւս 2015-ի սեպտենբերին Սիրիա, Արեւմուտքի հետ Ուկրաինայում ծավալվող մրցակցությունը տեղափոխել էր սիրիական տարածք: Սակայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի փոխարինումը Ջոզեֆ Բայդենով խախտեց ռազմաքաղաքական առկա հավասարակշռությունները ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Բայդենը դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, երբ հայտնի էր դարձել ընտրություններում նրա հաղթանակը, հայտարարեց, որ իր նախագահությամբ ԱՄՆ-ի քաղաքական առաջնահերթությունը լինելու է ԵՄ-ի հետ տակնուվրա եղած հարաբերությունների կարգավորումն ու պայքարն աշխարհում բռնատիրական վարչակարգերի դեմ:

Նախագահ Բայդենն այդ հայտարարոuթյունը կրկնեց փետրվարի 19-ին, առցանց մասնակցելով Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, հրավիրված ԵՄ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նա մասնակիցներին ասաց, որ ԱՄՆ-ը վերադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին, վերադառնում է նաեւ տարածաշրջան, ապա Ռուսաստանին համարեց սպառնալիք աշխարհի ժողովրդավարական վարչակարգերի համար:

Այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին որակեց «թշնամի» պետություն, այլ ոչ թե հակառակորդ, ինչպես ընդունված էր: Այդ առումով Բլինքենին նախորդել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլթենբերգը : Փետրվարի 17-ին նա իսպանական թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել էր Մոսկվային. «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի եւ ամրության վրա: Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ միամտությունն անթույլատրելի է: Եթե Ռուսաստանը բախման է ձգտում, մենք այդ բախմանը պատրաստ ենք»:

Փետրվարին ռազմաքաղաքական իրավիճակը սկսեց սրվել Ուկրաինայի արեւելքում: Հրադադարի ռեժիմը հաճախակի խախտվում էր, Ռուսաստանը հավելյալ զորք էր կուտակում Դոնբասի սահմանին, Լուգանսկում եւ Ղրիմում: Նախագահ Բայդենիՙ Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերականգման հավաստիացումները պաշտոնական Կիեւին, սրեցին նաեւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Հավաստիացումների հարցում անվերապահորեն Վաշինգտոնին պաշտպանեցին վերջինի եվրոպական դաշնակիցներն ու ողջ ՆԱՏՕ-ն: Այսպիսով, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը վերաճեց ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության եւ փոխադրվեց ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման հարթություն:

Մարտի 17-ին նախագահ Բայդենը հանկարծ «մարդասպան» անվանեց Պուտինին, իսկ 19-ին Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին հայտարարեց. «ԱՄՆ նախագահը չի զղջում Պուտինին մարդասպան անվանելու» համար:Նույն օրը, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, Բայդենը մերժեց Պուտինի անհապաղ հանդիպելու առաջարկը: Մարտի 30-ին ուկրաինական զինված ուժերի գլխավոր շտաբը Ռուսաստանին մեղադրեց զորավարժությունների պատրվակով Ուկրաինայի սահմաններին զորքեր կուտակելու մեջ:

Ապրիլի 12-ին Մեծ յոթնյակի (G-7) երկրների` ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Կանադայի արտգործնախարարները դատապարտեցին Ուկրաինայի սահմանին եւ Ղրիմում ռուսական զորքեր տեղաբաշխելու դրսեւորումները, կոչ անելով Մոսկվային դադարեցնել սադրանքները: Ապրիլի 14-ին, մինչ միջազգային լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում Սեւ ծովում ռուսական ռազմանավերի, իսկ Ղրիմի մոտակայքում ուկրաինական զորքերի զորավարժությունների մասին, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում էր Սեւ ծով ուղարկել երկու ռազմանավ, հանկարծ հայտարարվեց, որ ամերիկյան կողմը հետքայլ է կատարել եւ դա հաստատել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Թուրք մեկնաբանները դա պայմանավորեցին խնդրո առարկա նավերը գերժամանակակից նավերով փոխարինելու Պենտագոնի մտադրությամբ, կամ էլ Բայդեն-Պուտին վերահաս հանդիպումով որեւէ չեզոք երկրում, օրինակՙ Իսլանդիայում: Ըստ երեւույթին իրատեսական է հանդիպման տարբերակը, չնայած Պուտինի ի լուր աշխարհի «մարդասպան» հռչակմանը ԱՄՆ-ի նախագահի կողմից: Այլ կերպՙ Պուտինը զիջել է նախագահ Բայդենին, դրան նոր զիջումներ կհետեւե՞ն, թե՞ ոչ, ցույց կտա առաջիկա հանդիպումը: Սակայն, անկախ դրա արդյունքներից, դեռեւս 2014-ին Ղրիմի գրավումով սկսած ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի ընթացքում զոհվել էր ավելի քան 13 հազար մարդ, ըստ երեւույթին դեռ կծավալվի:

Ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում Թուրքիան հայտնվել է երկու քարիՙ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արանքում: Մանավանդ որ Էրդողանը, ինչպես ապրիլի 14-ին հաղորդել է «Ամերիկայի ձայնը», Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» պաշտպանելու դիրքորոշումըՙ քննարկելով վերջինի հետ ուկրաինական նավատորմը թուրքական անօդաչու սարքերով համալրելու հարցը:

Ռուսական կողմը կոշտ պատասխան տվեց Թուրքիային: Ապրիլի 12-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրեց թուրքական կողմին զերծ մնալ Ուկրաինայի ռազմատենչ տրամադրություններին տուրք տալու փորձերից, իսկ 15-ին պահանջեց հրաժարվել ուկրաինական կողմին անօդաչու սարքեր տրամադրելու գայթակղությունից: Դրան ի պատասխան Անկարան հայտարարեց, որ ցանկության դեպքում կարող է այդ սարքերից տրամադրել նաեւ Ռուսաստանին: Խնդիրը սակայն սարքերը չեն, այլ «մարդասպաններին զենք տրամադրելու» պարագային Թուրքիային պատասխան հարված հասցնելու Ռուսաստանի սպառնալիքը, ինչի մասին ապրիլի 11-ին հայտնել էր https://howto-news.info/rossiya- կայքը, ընդգծելով, որ այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Համենայն դեպս, օրերս թուրք դիտորդները «Halk TV»-ի էկրանից հայտարարել են, որ Թուրքիան է ամեն կերպ ջանում Արեւելյան Միջերկրականում լեզու գտնել ԵՄ-ի, իսկ Սեւ ծովումՙ ԱՄՆ-ի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ