RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՆ Ո՞ՒՂՏ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ, ԹԵ՞...

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, 3-րդ կուրս լրագրության բաժին

Արտագաղթի նոր ալի՞ք, թե՞ ժամանակավոր արտագնա աշխատանք. ա՞յս է ողջ խնդիրը: Մեկամյա դադարից հետո Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների համար մեկ ամսով բացել է օդային սահմանը: Որոշ փորձագետներ սահմանները բացվելուն պես զանգվածային արտագաղթ են կանխատեսում, իսկ մյուսները դա համարում են ճնշող իրավիճակ ստեղծելու փորձ եւ խորհուրդ են տալիս լուն ուղտ չսարքել:

«Մարդիկ տուն-տեղ են ծախել, որ տոմս առնեն: Մնանք կործանվե՞նք, մի բառով փախչում ենք, փախչում ենք հուսահատությունից: Պատերազմից հետո երկրի իրավիճակը տեսնելով էլ ո՞ւր մնանք, ապագա չկա էստեղ, դեպի կործանում ենք գնում»,- մեզ հետ զրույցում ասաց 42-ամյա Սարգիսը :

Ուղեւորահոսքի աճին զուգահեռ կտրուկ թանկացել են նաեւ ավիատոմսերը, հասնելով 360 000 դրամի, մինչդեռ նախկինում գները սկսվում էին 85 000 դրամից: Սակայն արժեքից ոչ մեկը չի բողոքում, ասում ենՙ փրկության համար պատրաստ են ամեն գնով վճարել:

«Օդային ճանապարհների բացմանն ավելի շատ սպասում էին արտագնա աշխատանքի մեկնողները: Համավարակի պատճառով անցած տարվանից շատերս մնացել էինք անգործ: Սեզոնին գյուղի տղամարդկանց մեծ մասը գնում է, ընտանիքները մնում են գյուղում: Միայն թե չգիտենքՙ այս տարվա դրսի աշխատանքը ինչպես կլինի, տնտեսական վիճակն այնտեղ էլ լավ չէ: Արտագնա աշխատանքի մեկնողներիս մեծ մասը գործատուների հետ պայման ունենք, մեկնելու տոմսի գումարը գործատուն ինքն է վճարում»,- նշում է Ա. Գրիգորյանը :

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ չնայած գործող իշխանությունների բազմաթիվ սխալներին, ձախողված տնտեսական իրավիճակին եւ երկրում քաղաքական գործընթացներինՙ զանգվածային արտագաղթ չի լինի: Նրա կարծիքով, բոլոր նման կանխատեսումները չափազանցված են եւ առաջ են մղվում ընդդիմադիր ուժերի կողմիցՙ իրավիճակը սրելու համար:

Զանգվածային միգրացիայի վերաբերյալ մտահոգություններն անհի՞մն են, թե՞ ոչ, խոսեցինք նաեւ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ:

«Հասարակության միջին խավերի ներկայացուցիչները կլքեն երկիրըՙ ելնելով իրենց քաղաքական հայացքներից, Արցախի հարցում հիասթափությունից, բայց ամենաշատը կհեռանան նրանք, ովքեր ի վիճակի չեն իրենց ապահովել: Մտավախություն կա նաեւ, որ կարտագաղթեն բանակում ծառայությունից խուսափելու համար, իսկ դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին»,-ասաց նա:

Այսպիսով, Հայաստանին արտագաղթի ճիրաններում չթողնելու եւ դրա տեմպերը նվազեցնելու համար իշխանությունները, ներկա թե գալիք, պետք է համալիր աշխատանք տանեն եւ բարեփոխումներ իրականացնելու միջոցով ցույց տան, որ երկիրը պաշտպանող կա: Մարդիկ պետք է իրենց պաշտպանված զգան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ