RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Ակնհայտ է, որ իշխող վարչախմբին գահընկեց անելու «Հայաստանի փրկության շարժման» (ՀՓՇ) գործադրած ջանքերն ի դերեւ ելան, քանի որ խելամիտ ընդդիմությունը հեղափոխության 90 տոկոսն անում է մինչ իշխանության գալը: Պատճառներից գլխավորն այն էր, որ պարտված լինելու եւ մեծաթիվ զոհերի կսկիծը որքան էլ խորն էր, ժողովրդի զգալի մասը այդ շարժման թիկունքում տեսավ դեռ այնքան ատելի նախկին իշխանության առաջին դեմքերին, որ նրանց վերադարձի հնարավորությունից ավելի գերադասեց պարտված իշխանության մնալը, որ ՀՓՇ-ն չունեցավ արտաքին լուրջ հենարան, որ նրանց առաջնորդ Վազգեն Մանուկյանը ժողովրդի մեջ նստած չէր որպես խարիզմատիկ կերպար: Հետո էլ անկախ այն հանգամանքից, թե նա՞ կգար իշխանության, թե՞ մեկ ուրիշը, միեւնույնն է, տվյալ պարագայում անելու էր այն, ինչ ցանկանում են ռուսները: Ի վերջո մեծաքանակ կրակոտ ճառերից եւ երկար քննարկումներից հետո հաղթեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների (դրանց հավանականությունը խիստ ցածր եմ համարում) գաղափարը: Իսկ ամենահետաքրքրականն այն էր, որ արտահերթ ընտրությունների գնալու որոշումը լրիվ համընկավ ՍԴ որոշման հետ, որով Ռ. Քոչարյանի դատական գործի հիմքը, 300.1 հոդվածը, համարվեց հակասահմանադրական: Աստիճանաբար սկսեց ուրվագծվել մի խճանկար, որին ժողովուրդն արդեն ծանոթ է նախորդ ընտրությունների փորձից: Կարճ բնութագրմամբ դա քաղաքական ուժերի միջեւ նախընտրական «բազառներն» են` առեւտուրը, խորհրդարանում ստանալիք տոկոսների շուրջ:

Կարծում եմ, որ ընտրական պայքարը կընթանա երկու հիմնական բեւեռների միջեւՙ գործող իշխանական «Իմ քայլի» եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի միջեւ: Քանի որ որեւէ քաղաքական ուժ հազիվ թե մենակ կառավարություն կազմելու չափ ձայներ վաստակի, ուստի միանշանակ է, որ կազմվելու է կոալիցիոն կառավարություն: Իսկ այս հետնախորքի վրա կարեւոր դերակատարություն են ստանում մյուս քաղաքական ուժերը:

Արդեն զգացվում է, որ Ծառուկյան-Բարգավաճի եւ Մարուքյան-ԼՀԿ դեպքերում պայմանավորվածություն կա ու վերջիններս կմտնեն խորհրդարան: Բայց եթե իսկապես այդպիսի պայմանավորվածություն կա, ուրեմն մենք վերստին գլորվում ենք հետՙ մինչիշխանափոխության ժամանակշրջանը, երբ նախապես որոշվում էր, թե ո՞վ է գնալու խորհրդարան: Եթե իսկապես նման բան լինի, դա ազգային ողբերգություն է, հավատի կորուստ ամեն ինչի ու ամենքի նկատմամբ: Իսկ դա բոլոր առումներով կործանարար կարող է լինել մեր պետականության ու ժողովրդի համար:

Գաղտնիք չէ, որ Պուտինի համար Քոչարյանը, թերեւս, ավելի «սրտամոտ» է, բայց պետություններն առաջնորդվում են ոչ թե լիդերների անձնական համակրանքով, այլ պետական շահերով: Արձանագրենք նաեւ, որ Հայաստանի ներկայիս վարչապետը որեւէ ձեւով չի հակադրվում Կրեմլի կամքին եւ «հեզությամբ» իրականացնում է այն ծրագրերը, որոնք Հարավային Կովկասի համար մշակել է Պուտինը իր վստահելի բարեկամ Էրդողանի հետ: Մենք այնքան միամիտ չենքՙ չհասկանալու համար, որ Պուտինի հետ համաձայնեցված թուրքական ծրագիրը նախատեսում է միայն Սյունիքի մարզով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելը, որքան էլ «միջանցք» բառը մեր իշխանությունները հերքեն: Իսկ Փաշինյանը դեմ չէ այդ ծրագրին: Կարծում եմ, որ եթե Քոչարյանն էլ վարչապետ դառնա, նրա վարքագիծը այլ չի լինի: Ուրեմն ի՞նչ տարբերություն Կրեմլի համար, թե ով է նստելու Հայաստանի գահին: Դեռ ավելին, Քոչարյանն ավելի անկանխատեսելի է, քան պարտված Փաշինյանը: Պարտված ասացի եւ հիշեցի, որ, 1945թ. հուլիսին վարչապետ Չերչիլը ելնելով այն պարզ հաշվարկից, որ հաղթել էր պատերազմում եւ հետեւաբար անվերապահ քվեի ու հաղթանակի հույս ուներ, նշանակեց խորհրդարանական ընտրություններ, թեեւ ընդդիմադիր լեյբորիստները խնդրում էին հետաձգել դրանք: Չերչիլը չլսեց, գնաց ընտրությունների եւ.... պարտվեց, որովհետեւ պատերազմի հիմնական ծանրության կրող միջին անգլիացին չէր մոռացել, որ ժամանակին հենց պահպանողականների սխալ քաղաքականության հետեւանքով էր, որ Գերմանիան Եվրոպայում ստացել էր «ձեռքերի» ազատություն եւ այդքան դժբախտություններ բերել ժողովուրդներին: Այսինքնՙ պատմությունը նաեւ հաղթողին է պատժում, էլ ուր մնաց, թե ների պարտվողին: Իսկ դա հրաշալի գիտեն նաեւ քաղաքագետներն ու կառավարիչ այրերը եւ պարտվողի հետ կվարվեն ինչպես ուզենան: Հետո էլ հին, բայց արդիական մի ճշմարտություն կա. սեփական պետությանն ու ժողովրդին թշնամու ողորմածությանը հանձնած առաջնորդին ոչ ոք ոչ միայն չի հարգում, այլեւ բանի տեղ չի դնում:

ՀՀ արտահերթ ընտրությունները, որոնք արտաքին ուժերի խրախուսանքի, աջակցության եւ ներքին ուժերիՙ արտաքին թիկունք ձեռք բերելու որոնումների չարդարացման հետեւանք էր, կարծես թե այլընտրանք չունեն: Իսկ երկրորդ նախագահի հարցազրույցը Պոզների հետ թերեւս վերջին շանսն էր նրա կողմից Ռուսատանին իր անափ նվիրվածության ցուցադրության: Բայց ցավոք այն ընթացավ ազգային արժանապատվության որոշ դեպքերում ստորադասման գնով, նույնիսկ այն աստիճան, որ կարծես թե վերջին պատերազմի, մեր պարտության եւ թուրք-ազերիների հայատյացության գլխավոր պատճառը մենք էինք: Ում համար պարզ չէ, որ ռուսական քաղաքական նավից այդ աստիճանի կախյալությունն արդեն խփում է մեր ազգային արժանապատվությանը: Ռուսների հանդեպ մեր քաղաքականությունն անկասկած պետք է շատ նուրբ լինի, քանի որ նրանք ու թուրքերն են այս տարածաշրջանի հիմնական խաղացողները: Արդ, կա՛մ հակառուս ենք, կա՛մ հակաթուրք: Երբեք հակաարեւմտյան կուրս չունենք, որը ճիշտ է, բայց պետք է, ի վերջո, լրջորեն քննության ենթարկել Արեւմուտքի մեզ համար բերած օգուտներն ու վնասները:

Կասկածից դուրս է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ ընտրությունները տեղի ունենան, որովհետեւ ճիշտ է համարում մեկ անգամ եւս հասատել Ն Փաշինյանի լեգիտիմությունը: Պուտինի համար ներկայիս վարչապետն առայժմ հանդիսանում է այն անձը, որին չի փոխելու ոչ մեկի հետ: Թուրքիան նույնպես դա ցանկանում է: Նա նույպես չի տեսնում մեկ այլ անձի, որի հետ առավել հեշտորեն կգործի հօգուտ այս տարածսշրջանում իր ազդեցության ուժեղացման: Անկասկած հայերը հակաթուրք են, բայց ճշմարիտ է նաեւ, որ աջ ու ձախ այդ մասին բարձրաձայնելով ոչինչ չենք շահում: Ավելին, նման հարցադրումներ անողներն ու դրա մասին անհարկի աղաղակողները շատ ավելի թուրքամետ են, քանի որ չեն հասկանում, թե դրանով ինչ վնաս են բերում մեր պետությանը: Ընտրություններին կողմ է նաեւ Արեւմուտքը, քանի որ հոգնել է մեր դիմում-բողոքներից, ցեղասպանությունը ճանաչելու մեր անզուսպ ցանկությունից: Նա խաղաղություն է ուզում եւ հաշտություն: Նաեւՙ առանց կողմնապահության եւ երկու կողմից իր շահերը ճիշտ հաշվարկելովՙ չի տեսնում այլ անձնավորություն, որն ավելի հեշտությամբ կընդառաջի տարածաշրջանում նոր քաղաքական հայեցակարգեր բերելու իր ձգտումներին: Ժողվուրդն էլ «Իմ քայլին» շատ ձայներ կտա եւ նրանց թիմը խորհրդարանում մեծամասնություն կլինի, բայց ոչ այն աստիճանի, որ միայնակ կառավարություն կազմի եւ ստիպված որեւէ ուժի հետ կգնա կոալիցիայի: Նույնը կարելի է ասել նաեւ Ռ Քոչարյանի դեպքում: Իսկ ՀՅԴ-ն հեղինակությունը որոշ չափով վերականգնելու համար ճիշտ կլինի, որ առանձին գնա ընտրությունների ու եթե խորհրդարան էլ չմտնի, կկարողանա որոշ չափով մեջքը շտկել: Իսկ քանի որ մեզանում քաղաքական իրադարձությունների շարժիչ ուժը փողն է, ուստի բացառված չէ նաեւ, որ մի գիշերվա մեջ հայտնվի այնպիսի ուժ, որի մասին անգամ չենք էլ հասցրել մտածել (ինչպես եղավ 2003թ., երբ հայտարարվեց ՌԱԿ-ի հաղթանակի մասին, բայց խորհրդարան մտավ ՄԱԿ-ը):

Բոլոր դեպքերում կարծում ենք, որ ներքաղաքական իրավիճակը չի կայունանա, քանի որ պարտվող կողմը հայտարարելու է, որ ընտրությունները կեղծվել են, իսկ հաղթող կողմը դա համարելու է զրպարտանք: Ցավոք, ներքին կայունության մասին խոսելը միշտ էլ մնում է երազանք, եւ դրանում իրենց լուրջ ավանդն ունեն աշխարհը կառավարող գրասենյակների կողմից մեջտեղ նետած ժողովրդավարության մասին կեղծ թեզերը: Թող Աստված մեզ հեռու պահի ազգային միասնությունը եւ պետությունը քանդող ժողովրդավարական այդ թեզերից: Դրանք մեզ զրկում են հավաքվելու, միակամվելու հնարավորությունից, իսկ վերամիավորվելու համար հապաղելը, հարմար պահի սպասելը մահացու է, քանի որ հերթական մսխված վայրկյանը մեզ մի քայլ էլ է մոտեցնում կորուստի շեմին: Ոչ միայն ռազմական, այլեւ հոգեբանական պարտությունը մեր մեջ այնքան ատելություն է առաջացրել, որը թոթափելու համար դեռ քանի՜ տասնամյակ, կամ ի՛նչ մեծ հաղթանակ է պետք գալու այն հաղթահարելու համար: Հաղթանակ, որը հայ ազգը կվերադարձնի արժանապատիվների շարքը: Քանի դեռ մեր ամեն մի վայրկյան ապրած կյանքն անջատում է միացնելու փոխարեն ու հեռացնումՙ փոխանակ համախմբելու, մենք ոչ թե հաղթելու, այլ հետագայում չպարտվելու զուր հույսեր չպիտի ունենանք: Երազային է, բայց ուզում եմ հավատալ, որ առաջիկա ընտրարշավը միանալու, հետագա վերելքի, ինքներս մեր ատելությունը միմյանց հանդեպ հաղթահարելու հնարավորություն էՙ դեպի ապագան տանող ճանապարհ: Աստված իմ, որքան ապրված, տեղին ու ճշմարիտ է Հրանտ Մաթեւոսյան-Վարպետի խոսքը. «Բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս... Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս` 1000-ը խնայես, մի գյուղ տաս` 1000-ը պահպանելու համար: Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»: Հետաքրքրական է, հիմա ինչ կասեր, թե՞ ուղղակի չէր դիմանա...

Ընտրությունների մասին դեռ շատ է գրվելու: Այնքան ենք սեւուսպիտակել, որ կարծում եմ մոտ ապագայում մեր համախմբվելն էլ դժվար թե իրականանա: Ուրեմն ինչ, գահավիժումը պիտի շարունակվի...: Ոչ, չեմ կարծում, քանի որ պատմաբանիս հոտառությունը հիշեցնում ու հուշում է, որ ամեն անգամ «երբ դանակը ոսկորին է հասել», հայ ազգն սթափվել է, իր մեջից դուրս է վանել տականքին եւ մեծ դժվարությամբ կարողացել է շտկել մեջքը, նորանոր ու արժանապատիվ հաղթանակներ կռել: Ես անուղղելի լավատես եմ եւ հավատում եմ այդ հաղթանակաշատ ապագային:

04-12.04.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ