RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՏԵՂԱԿԱՆԻ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

- Գյուղացին չգիտիՙ ինչ մշակի, ինչ ցանի, որ վնաս չկրի:Նախկինում թուրքական ջերմոցային բանջարեղենն էր «գցում» հայկականի գինը, հիմա էլՙ իրանականը:

Թուրքական լոլիկի փոխարենՙ իրանական. գյուղացիները բողոքում են, նույնիսկ գազի իջեցված սակագինը, որից օգտվում են ջերմոցատերերը, նրանց թույլ չի տալիս ազատ մրցակցել իրանական ներմուծման հետ:

«Իրանական լոլիկի մեկ կիլոգրամը վաճառվում է 200-300 դրամով, իսկ տեղականըՙ 750-800 դրամ:Մենք նման գին պարզապես չենք կարող ստանալ, ստիպված էժանացնում ենք ապրանքը, իսկ այդ դեպքում էլ գազի պարտքերն ենք դժվարանում մարել:Ստիպված ենք աշխատել նվազագույն եկամուտով կամ էլ ընդհանրապես եկամուտ չունենալով»,-ասում է ջերմոցատերերից մեկը:

Ամռանը տեղական միրգն ու բանջարեղենը բավական էժան են ներմուծված ապրանքների հետ մրցակցելու համար: Սակայն գարնանը մրցակցությունը սրվում է: Այդ ժամանակահատվածում շուկայում վաճառվում է ոչ թե դաշտային, այլ ջերմոցային բանջարեղեն: Իսկ Թուրքիայում եւ Իրանում դրանք աճեցնելն ավելի էժան է, քանզի այդ երկրների հարավային շրջաններում նույնիսկ ձմռանը կարելի է բանջարեղեն աճեցնել դաշտերում, առանց ջերմոցների եւ ջեռուցման ծախսերի:

«Թուրքիայից էլ է գալիս լոլիկ: Էդ որ ասում ենՙ սահմանը փակ է եւ այլն,դա այդպես չէ: Ես խանութներում տեսել եմ թուրքական լոլիկ: Արկղից ակնհայտ է դառնում, որ դա թուրքական է: Պարսկաստանից էլ կարող է գալ: Այն տարածքներում, որտեղ հնարավոր է առանց ջեռուցման լոլիկ աճեցնել, այդ արտադրանքը շատ էժան է: Իսկ մեր լոլիկի արտադրանքի ինքնարժեքի 70 տոկոսը կազմում են միայն էներգակիրները»,- նշում է«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Բերբերյանը ՙ հավելելով, որ այս պայմաններում մեր տեղական արտադրանքը չի կարող մրցակցել ներկրվող լոլիկի հետ, որը աճեցվել է առանց ջեռուցման:

Արդյունքում տեղացի ջերմոցատերերը ստիպված են լինում «կռիվ տալ» գազի հաշիվների հետ: Ամեն տարի նրանցից մեկը կա՛մ փակում է տնտեսությունը, կա՛մ սեզոնն է բաց թողնում, որպեսզի վճարի պարտքերը:

«Նախկինում լոլիկ էի մշակում, հիմա արդեն սկսել եմ կարտոֆիլ աճեցնել:Ժամանակի ընթացքում պետք է վերադասավորենք մեր գործունեությունը, տեսնենքՙ ինչի կարիք կա, ու սկսենք դա արտադրել: Սա լուրջ վնասներ չկրելու միակ ելքն է, հակառակ դեպքում սկսելու ենք 90-ականների նմանՙ Արարատյան դաշտում փոքր հողերի վրա ցորեն ցանել, որ հաց ունենանք, ապրենք»,-ասում է գյուղատնտեսությամբ զբաղվող Սամվելը :

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում 120 հեկտար ջերմոց կա: Գյուղատնտեսները համոզված են, որ դա բավարար է ներքին սպառման համար: Վստահ ենՙ կարող են անգամ արտահանել, եթե արհեստական բարդություններ չստեղծվեն սահմանին: Սակայն, ցավոք, արտահանման հնարավորությունը «արտոնյալների» համար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ