RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 447, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Մեր թերթի էջերում առաջին անգամն ենք հյուրընկալում պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանին: Նեղ մասնագիտությամբՙ սփյուռքահայ գաղթօջախների եւ առաջին հերթինՙ պարսկահայ գաղութի պատմության մասնագետՙ հույս ունենք, որ նրա այս եւ հաջորդ հոդվածները կհետաքրքրեն մեր ընթերցողներին:

Խմբ.

2020 թվականի սկզբից աշխարհին պատուհասած համավարակը դարձել է հայկական սփյուռքի տարբեր համայնքների արձագանքման եւ կարողության փորձություն-ստուգատես: Այդ կերպ կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է իրականացվում համայնքների գործունեությունը եւ առողջապահական համակարգի վերահսկողությունը կարանտինային միջոցառումների պայմաններում, այդ թվումՙ հարեւան եւ բարեկամ Իրանում, որտեղ իր գործունեությունն է ծավալում հայ հինավուրց համայնքը:

Իրանական հասարակության համար նոր իրավիճակն ավելի քան մտահոգիչ է, քանի որ տասնամյակներ շարունակ տնտեսական տարբեր պատժամիջոցներին դիմագրաված հասարակությունը պետք է փորձի ապացուցել իր դիմացկունությունը այս անգամ առողջապահական ճգնաժամում: Մյուս կողմից նշելի է, որ պատժամիջոցների պայմաններում իրանական հասարակությունը ձեռք է բերել կազմակերպվածության որոշակի մակարդակ: Համավարակի պայմաններում երկրում չի նկատվել ծավալուն խուճապ:

Դեռեւս 2020 թվականի փետրվար ամսին Իրանում կտրուկ աճել է վարակակիրների թիվըՙ ուղեկցվելով առաջին մահվան դեպքերով: Հետաքրքրական է, որ նույն ամսի վերջին Այսրկովկասի երեք երկրները փակեցին իրենց սահմաններն Իրանի հետ, բայց միեւնույն ժամանակ երեք երկրներում էլ հայտնվեցին Իրանից ժամանած վարակակիր մարդիկ: Մարտի 12-ին Ադրբեջանում գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահը. մահացավ Իրանից վերադարձած մի կին:

Իրանի հայ համայնքի, որպես կրոնական փոքրամասնություն, անցումը բնականոն կյանքից դեպի մեկուսացում տեղի է ունեցել բարդությունները հաղթահարելու ցանկությամբ, ինչպես նաեւ համայնքային հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների հորդոր-կոչերով, որոնք պարբերական բնույթ են ստացել: Այդ կերպ հայությունը եւս փորձում է «ինտեգրվել» համաշխարհային եւ համաիրանական նոր միտումներին ու դառնալ նրա մի մասը: Վիրտուալ աշխարհ են տեղափոխվել համայնքում նախապես որոշված բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրականացվում են համացանցի տարբեր հարթակներում, իսկ որոշ անհետաձգելի ձեռնարկներ էլՙ սահմանափակ մարդկանց մասնակցությամբ: Ըստ էության հայության համայնքային աշխույժ կյանքն այս պայմաններում տեղափոխվել է հեռակաՙ տեսա-լսողական տիրույթ:

Ակնհայտ է, որ համավարակը փորձության է ենթարկել Իրանի հայ համայնքըՙ կենսունակության եւ նոր մարտահրավերների առջեւ նրա ճկունության ստուգման կամ դիմացկունության տեսանկյունից: Դեռեւս 2020 թվականի փետրվարի 29-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիվանը հրապարակել է առաջին հաղորդագրությունը համավարակի վերաբերյալ: Այնուհետեւ հաջորդական հաղորդագրություններով իրազեկվել է ազգային իշխանության ծավալած աշխատանքների մասինՙ համայնքին հորդորելով խստագույնս հարգել առողջապահական կանոնները:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանավորությամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնությամբ նույն թվականի փետրվարի 27-ին Թեհրանի հայկական բոլոր դպրոցները եւ մանկապարտեզները թեեւ փակ էին, բայց դրանց տրամադրվել է հիգիենիկ անհրաժեշտ ապրանքներ: Կրթական խորհրդի նախաձեռնությամբՙ հայերեն առարկաների առցանց դասերի հնարավորություն է ընձեռնվել հայ աշակերտների համար:

Իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանի որոշմամբՙ «Հակոբյան» արդյունաբերական կենտրոնն իր հոսքագծերից մեկը հատկացրել է համավարակը կանխարգելող հատուկ զգեստի արտադրմանը, որը հիվանդանոցներում հարկավոր է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին: Մեկ այլ իրանահայ գործարար, Իրան-Հայաստան առեւտրական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի նախաձեռնած բարեգործությամբ էլ 120 միլիոն թուման արժողությամբ հիգիենիկ պարագաների օգնություն է տրամադրվել կորոնավիրուսով հիվանդներին:

Համայնքում շարունակում է իր ազգանվեր գործունեությունը ծավալել «Ա. Ավետիսյան» ազգային բարեսիրական բուժարանը, որը համավարակի առաջին իսկ օրերից ամենօրյա ռեժիմով շարունակում է սպասարկել բոլոր հիվանդներին: Բուժարանն առաջնորդվում է բուժկենտրոններին հրահանգված պետական չափորոշիչներով, Բժշկագիտության համակարգի կազմակերպության եւ «Շահիդ Բեհեշթի» բժշկագիտական համալսարանի ու միջազգային կենտրոնների հայտարարություններով: Բավական է նշել, որ բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետ Արմինե Սեթխանյանի տվյալներովՙ միայն 2020 թվականի մարտի 5-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում բուժարանը սպասարկել է 1789 դիմողների:

Հարկ է նշել, որ չնայած Իրանում որոշ բուժկենտրոններ առկա դժվարություններից ելնելով կրճատել են իրենց անձնակազմը, եւ կամ փակման եզրին են կանգնել, «Ա. Ավետիսյան» բուժարանը շարունակում է իր առաքելությունըՙ տնօրենի, փոխտնօրենի, 31 մասնագիտացած անձնակազմի, 34 բժշկական կազմի, ինչպես նաեւ բուժքույրերի սրտացավ աշխատանքի շնորհիվ: Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի նյութական աջակցությամբ Խնամակալ մարմինը սատարում է այս կենտրոնի անձնակազմին:

Բացի վերոնշյալից, Իսլամական խորհրդարանում իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանի եւ Ռոբերտ Բեգլարյանի համատեղ ջանքերով պետական աջակցություն է հատկացվել հայ համայնքին, իսկ Թեհրանի Հայոց թեմի կարիքավորներին օժանդակող մարմինն էլ աջակցել է համավարակի հետեւանքով տուժած եւ գործազուրկ հայրենակիցներին, ինչպես նաեւ հատուկ խնամքի կարոտ ընտանիքներին:

Եթե ամփոփենք Իրանի հայ համայնքիՙ համավարակի պայմաններում վերջին մեկ տարվա հիշարժան գործունեությունը, ապա կստանանք հետեւյալ պատկերը. Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ սահմանափակ թվով համայնքային գործիչների մասնակցությամբ ոգեկոչման արարողության իրականացում, հունիսի 22-ին «Նոր Ջուղայի պատմության ուղիներում» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում եւ այլն:

Ցավոք, ոչ բոլոր ծրագրերն են իրականացվել, դրանցից ենՙ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի պահանջատիրական երթի չկայացումը, ինչպես նաեւ Նոր Ջուղայում իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի չեղարկումը:

Իրանի հայ համայնքում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված մշակութային որոշ միջոցառումներ կազմակերպվել են համացանցի հարթակներում: Այդպիսիք ենՙ 2020 թ. հոկտեմբեր ամսին Հ. Ուս. «Չհարմահալ» միության 90-ամյակին եւ նոյեմբերի 9-ին Հայ համալսարանականների ընդհանուր միության նախաձեռնությամբ եւ Իրանի արդի աստղագիտության մայր եւ Թեհրանի պետական համալսարանի առաջին կին ֆիզիկոս դասախոս, պրոֆեսոր Ալենուշ Տերյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ-երեկոյի առցանց միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Հատկանշական է, որ հայազգի անվանի գիտնականի հոբելյանը կազմակերպել են Իրանի Իսլամական Հանրապետության Գիտությունների ակադեմիան, Թեհրանի պետական համալսարանըՙ ազգային ու պետական կառույցների համագործակցությամբ:

Համայնքի հոգեւոր-մշակությաին կյանքում որոշակի լիցքեր հաղորդեց 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության ցուցակում նաեւ Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի տարեկան եռօրյա ուխտագնացության արձանագրումը:

Այդպիսի պայմաններում պետությանՙ համայնքի հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքի հերթական դրսեւորման մասին է վկայում Իրան-Իրաքյան պատերազմի նահատակ Հրաչ Հակոբյանի մասունքներիՙ Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը զետեղումը:

Ինչ վերաբերում է կրթական հարցերին, ապա նշենք, որ 2020 թ. սեպտեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության կրթության նախարարության որոշմամբ սկսվել է 2020-2021 ուսումնական տարին, համավարակի կանոնների պահպանմամբ: Հայկական ազգային վարժարանների պաշտոնական բացումը եւս տեղի է ունեցել այդ օրը:

Ուշագրավ է, որ համայնքը թեեւ գտնվում է համավարակի օջախ դարձած Իրանում, այդուհանդերձ չի կտրվել համահայկական օրակարգից, ավելինՙ տարբեր առիթներով իր մասնակցությունն է բերում դրանցում: Այսպես, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը 2020 թ. օգոստոսի 6-ին արտահերթ նիստ է գումարել Լիբանանի հայ համայնքին զորակցելու նպատակով: Ս. Սարգիս եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, իսկ «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի բակում կատարվել է նվիրահավաք:

Համայնքը որոշակի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին, երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է լայնածավալ պատերազմ եւ ռազմակալել Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը:

Օրերս Իրանում բռնկված համավարակի նորՙ 4-րդ ալիքն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ իրանական հասարակության մի մասը կազմող հայ համայնքում պատճառ է դարձել հերթական խիստ սահմանափակումների կիրառմանը: Ահա թե ինչու Թեհրանի Հայոց թեմը ապրիլի 10-ին տարածել է հետեւյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Նկատի ունենալով երկրում տիրող համավարակից գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ այդ բերումով Ազգային առաջնորդարանի պաշտոնեության աշխատանքային ժամերի սահմանափակումը, որոշում ընդունվեց դիմողների թիվը նվազեցնելու նպատակով, բոլոր ծառայությունները հնարավորինս կատարել հեռակա կարգով»:

Ակնհայտ է, որ Իրանում ահագնացած համավարակի պայմաններում որոշակի դժվարություններ կստեղծվեն նաեւ հայ համայնքում: Բոլոր դեպքերում, մեկ տարվա կտրվածքով կարելի է ասել, որ համայնքային կառույցները կարողացել են ինչ որ կերպ հարմարվել ստեղծված իրավիճակինՙ իրենց գործունեությունը մասամբ համապատասխանեցնելով համավարակի պահանջներին: Պետական եւ մասնավոր միջոցներով պարբերաբար կազմակերպվել եւ իրականացվել է կարիքավոր ընտանիքների համար աջակցության ծրագրեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ