RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-16 23:38:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 605, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՈՒԹ ՊԱՍԹԱՃՅԱՆՙ ՄԶԿԻԹՆԵՐԻ ՎԱՐՊԵՏ ՁԵՎԱՎՈՐՈՂԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարություն Իսահակ Պասթաճյանը վարպետացել է հայ արվեստագետների համար ոչ բնորոշ մի բնագավառումՙ մզկիթների ձեւավորման մեջ: 47-ամյա լիբանանահայ նկարիչն իր նախնական կրթությունն ստացել է Աշրաֆիեի (Բեյրութ) Հայ Ավետարանական դպրոցում: Ինտերիերի ձեւավորում է ուսանել Ջունիեի (Քեսերուան) Միջազգային ինստիտուտում ու Զուքի Նոտրը Դամ համալսարանում եւ իսլամական արվեստՙ Լիբանանի Ամերիկյան համալսարանում: Քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի հետ վերջինիս «Րաֆֆի» կենտրոնում դեկորատիվ արվեստի ոլորտում աշխատելուց հետո, 1996 թ. հիմնադրել եւ ղեկավարում է «Մզկիթների արվեստ» հաստատությունըՙ զբաղվելով առանձնատների, պալատների եւ մզկիթների ներքին հարդարանքով: Հարութն ինքն է զարդանախշում մզկիթների ինտերիերը եւ դրանց համար պատրաստում դեկորատիվ նկարչության զարդարանքներ (ոսկեզօծում, գեղագրություն, պատինա, քարի եւ փայտի նմանակում): Նա ապրում է Լիբանանի լեռնային շրջանում, կնոջՙ Ալինա Նովիկովայի հետ: Ունի երեք դուստր ու երեք որդի:

- Սիրելի՛ Հարութ, Բեյրութումՙ իմ ամենասիրած քաղաքներից մեկում, որտեղ եղել եմ երեք անգամ եւ կցանկանայի կրկին ու կրկին այցելել, հիշարժան է Մոհամմադ ալ-Ամին մզկիթը: Այցելելով այնտեղՙ այն ժամանակ տեղյակ չէի, որ նրա ձեւավորումն իրականացրել է իմ հայրենակիցը:

- Մուհամմադ ալ-Ամին մզկիթը Բեյրութի կենտրոնի տեսարժան վայրերից է 2005 թվականիցՙ նրա կառուցումից ի վեր: Այն փոխեց Բեյրութի պատկերը: Լինելով Սուրբ Գեւորգ (Սեն Ժորժ) տաճարի կողքինՙ այն դարձավ Լիբանանում կրոնների համակեցության իրական պատկերը: Որպես հայ, երբ իմանում եմ որեւիցե հաջողության հասած հայրենակցի մասին, հուզված եւ հպարտ եմ զգում, եւ համոզված եմ, որ դա այն ճշգրիտ զգացողությունն է, որ մեզնից շատերն ունեն ողջ աշխարհում:

- Համոզված եմՙ անսովոր է, որ ոչ մահմեդական անձն աշխատում է այս զուտ իսլամական արվեստի ոլորտում: Ինչպե՞ս են հավատացյալները արձագանքում դրան:

- Ես սիրում եմ իմ կարիերան: Ես աշխատում եմ որպես նկարիչՙ ապահովելով առավելագույնը, ինչը եւ մշտապես եղել է իմ հիմնական մտահոգությունն ու նվիրվածությունը: Անկեղծ ասած, ոչ միայն Լիբանանում, որտեղ տարբեր կրոններն ու դավանանքները գոյակցում են կողք կողքի, այլեւ Լիբանանից դուրս գտնվող որեւէ վայրում եւս երբեւէ խնդիր չեմ ունեցել իմ կրոնի հետ: Այն հարցին, թե ինչպե՞ս է քրիստոնյան ձեւավորում մահմեդական մզկիթներ, իմ անկեղծ պատասխանը հետեւյալն է. «Աստված աշխատում է խորհրդավոր ձեւերով ու համախմբում է մեզՙ իր պաշտամունքի տանը մեր ներդրումը բերելու համար»:

Վաղ մանկությունից ես հետաքրքրված էի ռիսկային մարզաձեւերով եւ արվեստով, զբաղվել եմ թե՛ լեռնագնացությամբ, թե՛ նկարչությամբ, եղել եմ պարապլաներիզմի արհեստավարժ օդաչուՙ չվախենալով բարձունքներից եւ արվեստի սիրուց: Եվ արկածախնդրության ու արվեստի հանդեպ իմ կիրքը ես համատեղեցի մեծ նախագծերի մեջ:

- Ես տեսել եմ մզկիթների քո ձեւավորումների բազմաթիվ լուսանկարներ: Այս արվեստին տիրապետելու համար, ենթադրում եմ, պետք է իմանալ ոչ միայն ավանդական իսլամական արվեստը, այլեւ փիլիսոփայությունը, հոգեբանությունը եւ այլն:

- Ես այնքան բախտավոր եմՙ ծնված լինելով Լիբանանում, Մերձավոր Արեւելքում, քաղաքակրթությունների եւ կրոնների օրրանում: Ի տարբերություն մեր տարածաշրջանիՙ ԶԼՄ-ների տված պատերազմի եւ ահաբեկչության անհաջող տգեղ պատկերի, աշխարհը լի է լավ մարդկանցով: Մենք ապրում ենք միմյանց հետ, հասկանում ենք իրար եւ ընդօրինակում միմյանց լավ սովորույթները, իսկ փոխադարձ ընդունման այս պարզ գործողությունը վեր է որեւէ որոշակի փիլիսոփայությունից ու հոգեբանությունից: Ինչ վերաբերում է իսլամական արվեստին, այն ունի իր խիստ կանոններն ու փիլիսոփայությունը. պետք է ստեղծագործական լինել այդ անսահմանափակ սահմաններում: Իսկ արաբական գեղագրության գեղեցկությունն իր դիակրիտիկ գեղարվեստական հոսքով կարող է դատարկ դահլիճը գլուխգործոց դարձնել:

- Դու ձեւավորել ես բազմաթիվ մզկիթներ եւ տներ ողջ աշխարհում: Ո՞ր երկրներն են առավել հիշարժանը քեզ համար:

- Ես բախտ եմ ունեցել աշխատել բազմաթիվ երկրներումՙ ԱՄՆ-ում, Պարսից ծոցի, Աֆրիկայի եւ Եվրոպայի մի շարք պետություններում: Երբ որ նոր երկրում եմ, ինձ միշտ հետաքրքրում է այնտեղի աշխատելու եւ ապրելու իրական եղանակը: Բոլոր այդ երկրները դրական տպավորություն են թողել ինձ վրա, բայց իմ սրտում կենսափոխիչ ազդեցություն թողեց ԱՄՆ-ի Միչիգան նահանգումՙ Դիըրբորնում գտնվող Ամերիկայի իսլամական կենտրոնի համայնքում անցկացրածս ժամանակաշրջանը: Այնտեղ ես հանդիպեցի երբեւէ տեսածս մաքրագույն սրտերին, որոնց կյանքի հիմնական նպատակն իրենց շուրջը սեր եւ երջանկություն տարածելն է:

- Հաշվե՞լ ես, թե քանի՛ մզկիթ ես ձեւավորել:

- Հաստատ չգիտեմ: Պետք է ստուգեմ նախորդ տվյալներըՙ մզկիթների քանակը ճշտելու համար (պիտի որ մեկ տասնյակից ավելի լինի): Համոզված եմ, որ մզկիթներում, եկեղեցիներում եւ աշխարհիկ կառույցներում ձեւավորել եմ 42 գմբեթ եւ կիսագմբեթ:

- Ի՞նչ նոր բան կա 21-րդ դարի իսլամական արվեստում:

- Արվեստը դինամիկ է, գտնվում է անընդհատ փոփոխության եւ վերափոխման մեջ: Իհարկե, արդի իսլամական արվեստը նորարարության ճանապարհին է, եւ ժամանակակից մզկիթները դառնալու են գալիք սերունդների գրավչությունը:

- Փորձ ունե՞ս աշխատելու քրիստոնեական արվեստի եւ ճարտարապետության հետ:

- Այո, ես բախտ եմ ունեցել մասնակցելու մի շարք եկեղեցիների ներքին հարդարման, այդ թվումՙ Լիբանանում գտնվող 18-րդ դարի հայկական վանքի որմնանկարների վերականգնման աշխատանքներին:

- Գիտե՞ս այլ հայ արվեստագետների, որոնք հաջողության են հասել իսլամական արվեստում:

- Այո, իհարկե: Երբ անցնում ենք օսմանյան արվեստի պատմություն, կարող ենք հպարտորեն գնահատել Միմար Սինանի եւ Պալյան ընտանիքի անդամների նման ճարտարապետներին: Իսկ վերջերս մի հոդված կարդացի Լիբանանի հյուսիսային առափնյա տարածքում գտնվող մի մզկիթի մասին: Այն ստացել է «հայկական մզկիթ» անվանումը այն բանից հետո, երբ Հակոբ Օքաջյանը հաջողությամբ իրականացրել է նրա արտաքին սալիկապատումը:

- Վստահ եմ, որ ցանկացած մշակույթի գեղարվեստական ժառանգություն արժանի է պահպանման գալիք սերունդների համար: Սա ասելովՙ չեմ կարող չհիշել, որ հայերը վերականգնել են պարսկական մզկիթը Շուշիում, մինչդեռ ադրբեջանցիներն անցյալ տարվա նոյեմբերից նորից սկսեցին ոչնչացնել տեղի հայկական եկեղեցիները, չնայած որ դրանց վերագրում են ոչ հայկական պատկանելություն: Ի՞նչ ես մտածում այս մասին:

- Վերջերս կատարված դժբախտ իրադարձությունները մեզ ուժգնորեն հարվածեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Անկախ իրենց դավանանքից ՙ մարդիկ լավն են եւ միեւնույն Աստծուն աղոթում են տարբեր տեսանկյուններից եւ հանդուրժողականություն ու սեր են տարածում, քանի դեռ ապրում են խաղաղության եւ ներդաշնակության մեջ, բայց, ցավոք, քաղաքական եւ պատմական իրադարձությունները ատելություն ու պատերազմ են ծնում: Պատմությունը չի մոռանա եւ չի ների կրոնական վայրերում պատահած անպատվությունները, որ կատարել են խաչակիրները, օսմանները... Բայց որպես արվեստագետ երբ դիտում եմ Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, կառուցված վեցերորդ դարում, իսկապես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ այն վերածվել էր մզկիթի 16-րդ դարում, այլապես բյուզանդական արվեստի եւ ճարտարապետության այդ հիմնաքարը կվերածվեր փլատակների ու կվերանար: Անվանեք այն եկեղեցի, մզկիթ, թանգարան... այն շարունակում է հոյակապ կերպով իր տեղում կանգնած մնալ:

- Հայաստանի կամ Փոքր Ասիայի ո՞ր մասից են եղել նախնիներդ:

- Տատիկս եւ պապիկս Ադանայից էին, ըստ որոշ վիճելի աղբյուրներիՙ Բասթիա անունով մի շրջանից, որտեղից էլ ծագել է մեր ազգանունը (Բասթաջյան-Պասթաճյան): Նրանց նախնիներն այդ տարածքում աշխատել են ծիրանի տնկարկներում եւ զբաղվել ծիրանի առեւտրով: Ցեղասպանությունից փրկվել են միայն այն վաճառականները, որոնք տվյալ ժամանակ այդ տարածքում չեն եղել: Տատիկս շատ է պատմել Սիրիայի տարածքով իրենց գաղթի մասին, միշտ հիշում էր, թե ինչպես Դեր Զոր անապատում կորցրեց իր եղբայրներին ու քույրերին...

- Չնայած դու սովորել ես հայկական դպրոցում, այժմ քո միջավայրը, ենթադրում եմ, հիմնականում արաբական է: Այնուամենայնիվ, կարողանո՞ւմ ես քո ռուս կնոջն ու զավակներիդ նաեւ որոշ հայկական մշակույթ փոխանցել:

- Ես խոսում, կարդում եւ գրում եմ արաբերեն, հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն, կարողանում եմ դժվարությամբ հասկանալ եւ շփվել ռուսերեն ու թուրքերեն: Ինչ վերաբերում է զավակներիս, նրանք տիրապետում են արաբերենին, անգլերենին, ֆրանսերենին, ինչ-որ չափովՙ նաեւ ռուսերենին: Հայերենը, ցավոք, լրացուցիչ լեզու է նրանց համայնքում, բայց նրանք այն սովորում են մեծ ոգեւորությամբ:

Իմ առաջին այցը Հայաստան 2000-ի սկզբին էրՙ ծնողներիս եւ զավակներիս հետ, այդ ժամանակ Հայաստանը դեռ վերականգնվում էր պատերազմական դժվարություններից եւ տնտեսական ճգնաժամից: Ես շատ լավ ժամանակ անցկացրիՙ այցելելով այնպիսի նշանակալի վայրեր, որոնց մասին գիտեի հայոց պատմության գրքից: Ուղղաթիռով հիշարժան ուղեւորություն կատարեցի դեպի Սեւանա լիճ: Նաեւ սիրահարվեցի Ծաղկաձորին, մի քանի օր այնտեղ ոտքով շրջում էի: Հաջորդ այցս Հայաստան եղավ 2012-ին, Երեւանն արդեն դարձել է արեւմտյան զբոսաշրջության գլխավոր ուղղություններից: Ես զարմացա, թե որքան է փոխվել երկիրը եւ հուզվեցիՙ տեսնելով մի հեռանկարային երիտասարդ սերունդ:

Հայ լինելը ոչ միայն ժառանգություն է, կրոն կամ լեզու. դա այն է, որը հոսում է արյան մեջ ու ձեւավորում քեզ որպես արժանապատիվ աշխատասեր անձ, որը չունի ոչինչՙ բարձր գիտակցությունից բացի, որը կյանքից ստեղծում է ինչ-որ բան, եւ սա է, որ մեզՙ հայերիս, դարձնում է առանձնահատուկ աշխարհի յուրաքանչյուր կետում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ