RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՐՏԱՍԱՆԻ՞ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Խնդիրը թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող լարվածությունը չէ, այլ ճանաչման հասունացումը ԱՄՆ-ում

Յուրաքանչյուր տարին Թուրքիայում սկսում էր Ապրիլի 24-ին ընդառաջ «նախապատրաստական» աշխատանքների կազմակերպումով: Դեռ հունվարից Միացյալ Նահանգներ էին գործուղվում Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատվիրակությունները, կատարելու բացատրական աշխատանքներ ԱՄՆ Կոնգրեսում, կառավարության անդամներն ուղեւորվում էին Վաշինգտոն, որ բանակցություններ վարեն ամերիկյան վարչակազմի հետ: Գործուղումները շարունակվում էին մինչեւ Ապրիլի 24-ը: Այդ ընթացքում թուրքական համալսարանները, ռազմավարական կենտրոնները, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները հրավիրում էին «գիտաժողովներ», հանդես էին գալիս հայտարարություններով, թե «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է», դատապարտելով հայկական սփյուռքին եւ Հայաստանին:

Թուրքական թերթերը հրապարակում էին Ցեղասպանության փաստը հերքող բազմաթիվ հողվածներ, հայերին հասցեագրված սպառնալիքներով: Եթե Մեջլիսի պատվիրակություններին չէր հաջողվում Կոնգրեսի օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման որեւէ բանաձեւ կամ հասնել ընդունված բանաձեւի չեղարկմանը, ապա գործի էին լծվում կառավարության ներկայացուցիչները, բանակցություններում համոզում ԱՄՆ-ի վարչակազմին, որի ճնշման տակ Կոնգրեսը տեղի էր տալիս:

Այս տարի, սակայն, Թուրքիան օրենսդիր թե գործադիր իշխանությունների որեւէ պատվիրակություն չի գործուղել ԱՄՆ: Պարզապես ԱՄՆ-ում «Թուրքական Ֆորում»-ի հովանու ներքո գործող առանձին կազմակերպություններ դիմել են նախագահ Ջոզեֆ Բայդենին, նախազգուշացնելով որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նրա կողմից խորապես կվշտացնի ԱՄՆ-իՙ շուրջ կես մլն. թուրք քաղաքացիներին եւ բացասաբար կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Բավականին զուսպ են նաեւ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները: Թերեւս ապրիլի 21-ին Աֆյոնի համալսարանը «Թուրք-հայ հարաբերություններ» թեմայով սիմպոզիում էր կազմակերպել, զեկուցումներում ընդգծելով հայերի եւ թուրքերի խաղաղ գոյակցությունը սելջուկյան եւ օսմանյան շրջանում, հավանաբար ընդգծելու համար հայերի «ապերախտությունը», իսկ նախորդ օրըՙ նախագահականի հանրային կապերի վարչությունն էր միջոցառում կազմակերպել «1915 թ. իրադարձությունների միջազգային կոնֆերանսը» վերնագրով, որում բացման խոսքով հանդես են եկել վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը եւ Թուրքական պատմական ընկերության նախագահ պրոֆ. Բիրոլ Չեթինը , մասնավորապես ասելով, որ Աշխարհամարտի տարիներին Օսմանյան կալսրությունում զրկանքներ են կրել բոլոր ժողովուրդները, հետեւաբար ցավալի իրադարձություններին պետք է գիտական մոտեցում ցույց տալ եւ դրանք ուսումնասիրել պատմական հարթության վրա, միջազգային իրավունքի տեսանկյունից:

Կոնֆերանսին մասնակցել է Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Maxime Gauin-ը: Նա ելույթում նշել է, որ «իրականության չեն համապատասխանում Անատոլիայի հայերի անհետացման» թեզերը: Նրա կարծիքով, եթե հայերը իսկապես անհետացել են իրենց բնակավայրերից, ապա դրա պատասխանատուն ցարական զորքերն են եւ հայ ազգայնականները: Նրան հավելել է Բաքվի լեզվաբանության ինստիտութի պրոֆ. Օլեգ Կուզնեցովը , թե միջազգային իրավունքի տեսանկյունից առաջինը ցեղասպանության ենթարկվել են Բալկանների թուրքերը, 1915-ի իրադարձությունները յուրահատուկ չեն սոսկ հայերին, Աշխարհամատի տարիներին բազմաթիվ ժողովուրդներ ռազմական անվտանգության նկատառումներով նույնպես տեղահանվել են: Ի դեպՙ ինչպես նշել էինք «Ազգ»-ի մարտի 25-ի համարում, այս ռուս գիտնականը Ցեղասպանության թուրքական ժխտողականությունը հիմնավորելու համար «ահաբեկչությունը» համարում է հայկական ազգայնականության գաղափարախոսությունը:

Գալով թուրքական մամուլի հոդվածներին, դրանք այս տարի համեմատաբար զուսպ են: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Gazete Duvar»-ի ապրիլի 19-ի համարում «Ապրիլի 24-ին ընդառաջ» վերնագրով հրապարակված հոդվածին, որտեղ հոդվածագիր Հաքան Օքչալը , որ պաշտոնաթող դեսպան է, հայերի զանգվածային տեղահանության որոշումը վերագրում է Էնվեր փաշային, որոշման հրահանգըՙ Թալեաթ փաշային, իրականացումըՙ Բեհաէթդին Շաքիրին: Նա ընդգծում է, որ հայերը, հակառակ թուրքական պաշտոնական տեսակետների, «ռուսական զորքերի հետ համագործակցելու պատճառով» սոսկ արեւելան վիլայեթներից չեն արտաքսվել, այլեւ զանգվածաբար կին, երեխա, ծեր անխտիր, առանց անվտանգության միջոցառումների, տեղահանվել են նաեւ արեւմտյան վիլայեթներում, ավելացնելով. «Տեղահանված հաերի մեծամասնությունը ճանապարհին համաճարակից մահացել կամ համատարած սպանվել են, դարձել ավազակախմբերի զոհը, կանալք ենթարկվել են սեռական ոտնձգությունների , երեխաներին խլել իրենց ընտանիքից, փողն ու ոսկեղենըՙ խլել նրանց ձեռքից: Տեղահանությունից հետո 1.5-2 մլն. բարեկեցիկ թուրքահայ համայնքից ողջ է մնացել ընդամենը 100 հազարը, այն էլ գլխավորապես Ստամբուլում»:

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առումով բարենպաստ այս զարգացումները, ինչ խոսք, կարելի է պայմանավորել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությամբ: Պատճառները բազմազան են, որոնցից կարելի է առանձնացնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աննախադեպ մերձեցումը Ռուսաստանին, ռուսական S-400 հակօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերումը եւ այլն:

Սակայն, այդ լարվածությունը սոսկ մերձեցմամբ կամ S-400-ներով չի կարելի պայմանավորել: Ինչպես ապրիլի 19-ին «Tele1.com.tr» կայքէջում գրել է Յըլմազ Փոլաթը, Թուրքիայում մտահոգված են, որ ԱՄՆ նախագահն Ապրիլի 24-ի ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը: Նա հիշեցնում է Հայոց ցեղասպանության 2019 թ. հոկտեմբերի 29-ին, (Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրն է), Ներկալացուցիչների պալատում, իսկ դեկտեմբերի 12-ին Սենատում ճանաչման փաստերը, ընդգծում է, որ երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունը ներկա պահին Սպիտակ տան հետ որեւէ շփում չունի, Էրդողանի եւ նախագահ Բայդենի միջեւ որեւէ հեռախոսազրույց առ այսօր չի կայացել, ավելինՙ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան նշանակված Մուրադ Մերջանին ավելի քան մեկ ամիս է, ինչ չի հաջողվում իր հավատարմագիրն հանձնել ԱՄՆ նախագահին, նա այցելեց կոնգրեսականներ Մարկ Գրոսմանին, Ջեյմս Ջեֆրիին, Ռոբերտ Պիրսոնին, Ջիմ Ռիշին եւ Ադամ Սմիթին, բայց չկարողացավ համոզել նրանց: (Մենք էլ հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջոզեֆ Բայդենին նախագահ ընտրվելու առնչությամբ շնորհավորել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 10-ին):

Ո՞ր հարցում չի համոզել դեսպանը, հոդվածագիրը չի նշում: Սակայն, անկախ դրանից, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ում արդեն հասունացել է: Երկրի 50 նահանգներից 49-ը վաղուց արդեն ճանաչել է պատմական փաստը: «Ազատություն» ռադիոկայանի ապրիլի 22-ին հաղորդած տվյալներով 100-ից ավելի կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչ այդ նրանք այդպիսի կոչ արել էին մարտի 22-ին: Երկու օր անց Սպիտակ տան աղբյուրները հայտնել էին նախագահի Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:

Համանման հայտարություններ են արել նաեւ պետքարտուղար Բլինկենը : Ըստ երեւույթին նախագահ Բայդենի այդ մտադրության բարերար ազդեցությամբ պետք է պայմանավորել «Վառնավա» հիմնադրամի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ապրիլի 9-ի կոչն Անգլիայի վարչապետին, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից երկրի վարչապետին ուղղված նույն օրվա համանման կոչը, ինչու չէ նաեւ Կալիֆոռնիայում Բըրբանքի քաղաքային խորհրդիՙ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը:

Պուտին-Էրդողան-Ալիեւ համագործակցությամբ պատերազմի հետեւանքով հայկական զորքի պարտությունը, ավելինՙ պարտությունից զատ նաեւ չարաբաստիկ եռակողմ հայտարարությամբ պարտադրվածՙ հայ ռազմագերիներով իշխանությունները կաթվածահար արված, իսկ ժողովուրդն ահաբեկված Հայաստանին խիստ անհրաժեշտ է այդ ճանաչումը: Այլապես ռազմավարական դաշնակցից հիասթափված հայ ժողովրդը կմատնվի հուսահատության, այլեւս նա չի կարող ազատվել իր իսկ ստեղծած «փրկարար Ռուսաստանի» պատրանքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ