RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅԴԵՆԻՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական ԶԼՄ-ները ապրիլի 22-ին անդրադառնում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենիՙ ապրիլ 24-յան պաշտոնական ուղերձում «Հայոց ցեղասպանություն» հավանական որակմանըՙ հիմք ունենալով ամերիկացի իրենց գործընկերներիՙ «Նյու Յորք թայմսի», «Ուոլ սթրիթ ջըրնըլի» մեկ օր առաջ հրապարակած լրատվությունը: Ուրբաթ օրըՙ ապրիլի 24-ին, Բայդենը կկատարի իր խոստումը, եթե վերջին վայրկյաններին իր մտադրությունը չփոխի, փոխանցում են վերոհիշյալ աղբյուրներըՙ ընդգծելով, թե դրանով ԱՄՆ ներկայիս նախագահը կլինի առաջինը: (Առաջինը եղել է Ռոնալդ Ռեյգանը :- Ծ.Խ.)Բայդենի հնարավոր ճանաչմանն անդրադարձած «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» եւ «Բիլդը» ընթերցողների մեծ բանակ ունեն, եւ նրանց անդրադարձում շատ կարեւոր մի փաստի մասին չի խոսվում:

Երբ որեւէ երկիր օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն է աստիճանակարգում, ծրագրում է Թուրքիայի հետ դիվանագիտական ճգնաժամը, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»ՙ հիշատակելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30 պետությունների մեջ ընդգրկված է նաեւ Գերմանիան, որի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւով ոճիրն աստիճանակարգել եւ վավերացրել է «ցեղասպանություն» եզրույթով: Դրան բնականաբար հետեւել է «ԳԴՀ- Թուրքիա ծանր քաղաքական ճգնաժամը», փոխանցում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»: «Բիլդը» մեջբերում է Բայդենի հնարավոր աստիճանակարգման դեմ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ՙ «Հաբերթուրք» հեռուստաալիքի եթերում հնչեցրած զգուշացումը, թե նման հայտարարությունը միայն կվտանգի երկու երկրների հարաբերությունները: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններն արդեն լավ վիճակում չեն, գրում է «Բիլդը»ՙ վկայակոչելով Անկարայիՙ ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգի գնումը, ինչպես նաեւ Էրդողանիՙ Սիրիայի եւ Իրանի հանդեպ քաղաքականությունը, որ հակառակ է ամերիկյան շահերին: «Բիլդն» էլ հիշատակում է Բունդեսթագի ճանաչումը, եւ այն որակում որպես կարեւոր ազդանշանՙ ելնելով այն փաստից, որ Կայսերական Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:

Թերթը հիշեցնում է, թե Բունդեսթագի ճանաչմանը նախորդած ժամանակահատվածում թե՛ Թուրքիայի վարչապես Յիլդիրիմը , թե՛ նախագահ Էրդողանը Գերմանիայի իշխանություններին հստակ փոխանցել էին, որ ճանաչման բանաձեւը խաթարելու է երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, առեւտրային, քաղաքական, ռազմական հարաբերությունները: Ճանաչմանն անմիջապես հաջորդեցին Էրդողանի կտրուկ քայլերըՙ Բեռլինից հետ կանչեց Թուրքիայի դեսպանին, Անկարայից տուն դարձավ ԳԴՀ դեսպանը: Նույն ժամանակ հետկանչվեցին Թուրքիայի դեսպանները Ավստրիայից, Բրազիլիայից, Լյուքսեմբուրգից, հարձագանք այդ պետությունների խորհրդարաններիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման: Բայց սա խորհրդանշական քայլ էր սոսկ, գրում է «Բիլդը»ՙ եզրափակելով, թե ավելի ուշ բարելավվեցին Գերմանիայի եւ Թուրքիայի կապերը, եւ բանաձեւը տեւական բացասական ազդեցություն չունեցավ:

Ինչպես վերեւում ձեւակերպեցինք, շատ կարեւոր փաստ մոռանում կամ շրջանցում են գերմանացի մեկնաբանները. Բունդեսթագի հունիսի 2-ի բանաձեւը իրական ճանաչում չեղավ: 2015- ին եւ 2016-ին «Ազգ»ում մանրամասն գրել ենք Բունդեսթագի բանաձեւի, Գերմանիայում ծավալված բանավեճի, թուրք- գերմանական հարաբերությունների մասին, ուստի նորից չենք անդրադառնա: Թուրքիան շարունակում է ուրանալ, նրա վայրագ ձեռքերն ազատ են, 2020 թվականին էլ Ադրբեջանի միջոցով սկսել եւ շարունակում է իր ոճիրը, իսկ մեղսակցության, համապատասխանատվության մասին բարձրաձայնող գերմանացի քաղաքական գործիչները լուռ են: Բունդեսթագի փաստաթղթում ձեւակերպված դատապարտումը թեեւ միայն անցյալին չէր ուղղված, այլ հայացք էր ուղղում նաեւ ապագային, Գերմանիայի կառավարության համար պարտադիր կիրառման բնույթ չունի: Գերմանիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուստի ԱՄՆ նախագահ Բայդենի ճանաչումը շատ կարեւոր է եւ ազդակ կդառնա նաեւ գերմանացի քաղաքական գործիչների համարՙ վերանայելու պատմությանը պահ տված փաստաթղթի հանդեպ իրենց կրավորական վարքագիծը, բանաձեւում ձեւակերպված արդի հանձնառությունները կյանքի կոչելու հրամայականը: Սպասենք եւ հուսանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ