RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1144, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

Ապրիլի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի «Մանեժի» կենտրոնական ցուցասրահում հրապարակել է Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձը:

Ռուսաստանի նախագահը սկսեց առողջապահությունիցՙ նշելով, որ միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք պայքարում էին կորոնավիրուսի տարածման դեմ, աշխատում էին արագ, որակով եւ խղճով: Նախագահի կարծիքովՙ կորոնավիրուսը վերջնականապես չի հաղթահարվել եւ մնում է ուղղակի սպառնալիք, բոլոր սահմաններն անհրաժեշտ է պահել վերահսկողության ներքո: Ընտանիքը, բարեկամությունը, փոխօգնությունն ու համախմբվածությունը Ռուսաստանում առաջին պլանում են, երկիրը միշտ կպաշտպանի այդ արժեքները: Պուտինը ռուսաստանցիներին կոչ արեց առավելագույնս պատասխանատվությամբ կատարելու բժիշկների հանձնարարականները համավարակի դեմ պայքարի համար:

ՌԴ նախագահը առողջապահական հարցերից հետո անցավ կրթությանը, ասաց, որ պետք է որոշ շտկումներ անել պատմության դասագրքերում, խոսեց տնտեսությունից: Նշեց, որ պետք է օգնել այն շրջաններին, որոնք այսօր պարտքեր ունեն, ներկայացրեց նոր վարկային ծրագրեր:

Վլադիմիր Պուտինն իր ուղերձում նոր վճարումներ խոստացավ, օրինակՙ հղի կանանցՙ ամսական 6000 ռուբլու չափով, դպրոցահասակ երեխաների ծնողներինՙ 10 հազար ռուբլու չափով:

Ուղերձի մեծ մասըՙ մեկ ժամից ավելին, նվիրված էր ներքին, մեծամասամբ սոցիալական հարցերին, իսկ վերջին 20 րոպենՙ արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը:

Ուղերձում Պուտինը հերթական անգամ անդրադարձավ Արեւմուտքին, ասելովՙ եթե որեւէ մեկը փորձի Ռուսաստանի հանդեպ անցնել «կարմիր գիծը, ապա նրանք այնպես կզղջան, ինչպես երբեք չեն զղջացել ոչ մի բանի համար»: Պուտինը նշեց, թե կարմիր գիծը Ռուսաստանն է գծելու ամեն կոնկրետ դեպքի համար:

Պուտինի խոսքերովՙ Ռուսաստանը չի ցանկանում այրել կամուրջները, բայց եթե որեւէ մեկը բարի մտադրությունը որպես թուլություն ընկալի եւ մտադրվի վերջնականապես այրել, կամ նույնիսկ պայթեցնել կամուրջները, ապա պետք է իմանա, որ պատասխանը կլինի «արագ եւ խիստ»:

Վլադիմիր Պուտինը ապրիլի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում խոսեց նաեւ ղարաբաղյան հակամարտության մասինՙ նշելով, որ ՌԴ-ն եղել է Ղարաբաղում անցյալ տարվա աշնանը սանձազերծված պատերազմը դադարեցնելու հարցում գլխավոր դերակատարը:

Պուտինի խոսքովՙ Ռուսաստանը ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը եւ արդեն շատ բան է արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: «Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել այն հարցում, որ հաջողվել է դադարեցնել զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում»,- ընդգծեց Պուտինը:

Պուտինի ուղերձը նախատեսածից երկար տեւեցՙ 1 ժամ 20 րոպե: Դահլիճում նստած պատգամավորները, պաշտոնյաները, հասարակական եւ մշակութային գործիչները ակտիվ ծափահարում էին, ոմանքՙ գրառումներ անում:

Միջոցառման ավարտին ԶԼՄ ներկայացուցիչներիս հնարավորություն ընձեռնվեց հանդիպելու եւ հարցեր ուղղելու ՌԴ Պետդումայի պատգամավորներին, որոնք կարեւորեցին երկրի նախագահի ուղերձում նշված մեծածավալ փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրատապությունը: Ռուս մի քանի պատգամավորներ էլ ինձ հավաստիացրին, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խստորեն պահպանելու եւ կյանքի կոչելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմըՙ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ