RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1115, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՆԵՈ-ՕՍՄԱՆՅԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՔՐԻՍՏԻԱՆ ՄԱԼԱՐ

Օսմանաշունչ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգայնական ջիղը փորձում է հյուսել արտաքին սադրանքների միջոցով, քանզի երկրի ներսում նրա իշխանությունը թուլացել է մահամերձ տնտեսության եւ շարունակ անկում ապրող նրա ժողովրդայնության պատճառով: Սա վտանգավոր խաղ է, քանի որ նա ցանկանում է դուրս գալ իր սահմաններից եւ կրկին փորձում է հաշիվներ մաքրել իր պատմական թշնամիներիՙ հայերի հետ, որոնց 1915 թվականի ցեղասպանության համար պատասխանատու է Թուրքիան: Դա ժխտում է Էրդողանը. եւ դա խայտառակություն է:

Մյուս կողմից, Էրդողանը մարտահրավեր է նետում Եվրոպային, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, որի անդամ է, եւ հատկապես Ռուսաստանինՙ երեք ճակատով. Սիրիայում, որտեղ նա ռազմական օգնություն է ցուցաբերում Կրեմլի աջակցությունն ունեցող Բաշար Էլ Ասադի թշնամի իսլամիստ ապստամբներին, Լիբիայում, որտեղ նա աջակցում է Վլադիմիր Պուտինի հակառակորդ կողմին եւ Կովկասումՙ Ռուսաստանի նախագահի ազդեցության ոլորտի կենտրոնում:

Իր հերթին ՆԱՏՕ-ն բացարձակ թուլություն է ցուցաբերում` հրաժարվելով նրա դեմ պատժամիջոցներ կիրառել: Անկասկած, վախենալով, որ իրենից կհեռանա Միացյալ Նահանգներից հետո Ատլանտյան դաշինքի երկրորդ հզորագույն բանակը:

Տարածաշրջանի դիվանագետների մեծ մասն այն կարծիքին է, որ Էրդողանը նոր ճակատներ է բացումՙ ուշադրություն շեղելու նպատակով, քանի որ նրա ցուցիչը դրված է 2023 թ. նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա երկյուղած է արաբական գարունների հետեւանքներից: Նա դեռ հիշում է, թե ինչպես 2013 թվականին, մեկ տարի պաշտոնավարելուց հետո, բանակը վտարեց իր հանգուցյալ ընկերոջըՙ եգիպտացի մահմեդական եղբայր Մոհամեդ Մուրսիին:

Նաեւ պետք է հիշել, առաջին հերթին, որ ռուս-թուրքական դաշինքն անբնական դաշինք է, թեկուզեւ վերջին տարիներին նրանք աշխարհաքաղաքական շատ տարաձայնություններ են վերացրել: Պատմությունն այստեղ էՙ հիշեցնելու համար, որ Օսմանյան եւ Ռուսական կայսրությունները բազմաթիվ պատերազմներ են մղել Մերձավոր Արեւելքի տիրապետության համար: Մինչ այժմ նրանց լավ հարաբերությունների հիմքում եղել է Արեւմուտքին հակամարտության գոտիներից դուրս մղելու եւ Մերձավոր Արեւելքում Դոնալդ Թրամփի Ամերիկայի թողած բացից օգտվելու ընդհանուր ցանկությունը:

Այսօր երկու հարց է ծագում. արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կնքեց այս աշխարհաքաղաքական անբնական դաշինքի վերջը, եւ արդյո՞ք Վլադիմիր Պուտինը կցանկանա (եւ կկարողանա) շարունակել օգտագործել Թուրքիայինՙ ՆԱՏՕ-ն պառակտելու համար: Հիրավի, Կովկասում բացելով երրորդ ճակատը Ռուսաստանի դեմՙ Էրդողանը հարցականի տակ դրեց ստատուս քվոն, ինչը Վլադիմիր Պուտինը պահում էր այս տարածաշրջանում:

Եթե Թուրքիան ուժերի հավասարակշռությունը փոխելու ցանկության հարցում շարունակի համառել, ապա Վլադիմիր Պուտինն, անկասկած, դուրս կգա իր զսպվածությունից: Եվ հակաարեւմտյան քաղաքականությունն այլեւս չի բավարարիՙ քողարկելու համար Անկարայի հետ հարաճուն տարաձայնությունները:

Իրավիճակը լավ չէ նաեւ Ֆրանսիայի հետ: Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական եղբայր է, հետեւաբար եւՙ իսլամիստ: Եվ որպես այդպիսին, նրա համար անընդունելի է Էմանյուել Մակրոնի ելույթն Արեւմուտքի ու դրա արժեքների դեմ ելած իսլամիստական համաճարակի:

Եվ այդ ո՞ւմ է ծաղրում Էրդողանի հաղորդակցության տնօրեն Ֆարեթին Ալթունը, երբ հայտարարում է, թե «ծաղրանկարների ստոր քաղաքականությունը, մուսուլմանների հանդեպ խտրականությունը եւ մզկիթներում կատարվող խուզարկությունները կապ չունեն խոսքի ազատության հետ»: Ա՛յն Էրդողանի, որ իր իշխանությունը հաստատելու համար վերացրեց հազարավոր զինվորականների, փաստաբանների, դատավորների, քաղաքական գործիչների, լրագրողների, քուրդ ակտիվիստների եւ այլն... Մի՞թե նա է խոսքի ազատության լավագույն դասեր տվողը:

Նախաձեռնելով Օսմանյան կայսրության վերածնունդըՙ Էրդողանը ցանկանում է վիճարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 1924 թվականից սկիզբ դրած աշխարհիկ ժառանգությունը: Նա ձգտում է հանդես գալ որպես ամբողջ աշխարհի մուսուլմանների լավագույն պաշտպանը եւ սուննիների առաջնորդ, փորձելով մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ, որին նա դասում է հակաթուրքական առանցքի շարքերում, Միացյալ Նահանգների, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Իսրայելի կողքին: Ինչպես Վլադիմիր Պուտինը, նա նույնպես օգտվում է Մերձավոր Արեւելքից ամերիկացիների հեռանալուցՙ մեծացնելու համար իր ազդեցությունն ու տարածքային ծավալապաշտությունը:

Միջազգային ասպարեզում այսպիսի սրման միջոցով Էրդողանը նպատակ ունի ուշադրությունը շեղել իր երկրում տիրող քաոսային տնտեսական իրավիճակից. գործազրկությունը հասնում է 13% -ի, եւ այն վերաբերում երիտասարդների 26% -ին: Եվ դոլարի նկատմամբ փլուզվում է թուրքական լիրան. այն աստիճան, որ Էրդողանի շուրջ չկա այլեւս բացարձակ միասնությունՙ չնայած նրա ունեցած բոլոր հնարավորություններին: Նրա վարկանիշը մարում է, նրա իսլամական-պահպանողական կուսակցությունըՙ AKP-ն, պառակտված է 2019 թվականի համայնքային ընտրություններում պարտություն կրելուց հետո, նրա նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եւ էկոնոմիկայի նախկին նախարարն անցել են ընդդիմության կողմը: Եվ եթե 2023-ի հունիսին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա նա կպարտվեր իր հանրապետական մրցակից Էքրեմ Իմամօղլուից, որ նրանից խլել էր Ստամբուլի քաղաքապետարանը, որը 25 տարի իսլամական-պահպանողականների ձեռքին էր:

Իր երկրի ներսում լինելով աննախադեպ չափով թուլացած, Էրդողանը փորձում է վերագտնել իրենՙ բազմապատկելով սադրանքներն ու անպատկառությունները միջազգային հարթակներում: Սակայն այժմ մի հարց է դրվում նրա առաջ. արդյո՞ք Ջո Բայդենի իշխանության գալը կստիպի նրան վերանայել Թուրքիայի արտաքին քաղաքականությունըՙ երկրի ներսում իր համար այսքան կարեւոր պահի:

Մեկ տարի առաջ Ջո Բայդենը Էրդողանին անվանեց «ավտոկրատ» եւ խոստացավ աջակցել թուրքական ընդդիմությանը: Իսկ վերջերս, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախագահի միջամտության ժամանակ, Բայդենը «անպատասխանատու» անվանեց Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությունըՙ ընդհուպ սիրիացի ջիհադիստ վարձկանների օգտագործումը հայ բնակչությանն ահաբեկելու համար:

Այսօրվա իրավիճակում Էրդողանն իրեն խաղաղամիտ է ներկայացնում, սակայն չպետք է խաբվել նրա խարդավանքներին: Ինչպես միշտ: Նա հույս է դնում այն բանի վրա, որ Ջո Բայդենն, իր բոլոր նախորդների նման, կպահպանի Թուրքիայի հետ իր հարաբերությունների կայունությունը, որպեսզի չթուլանա Ատլանտյան դաշինքը, որը Թուրքիայի տարածքում ունի մի քանի հարյուր միջուկային մարտագլխիկներով հրթիռներ:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ