RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 435, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՍ ՀԻՄԱ ՄԵՌԱԾ ԿԼԻՆԵԻ»

Ա. Բ.

Ըստ teckbote.de կայքիՙ գերմանաբնակ գրող Արմին Սենգյուլը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում քրիստոնյաների հետապնդումների մասին: Կայքէջը նրան բնութագրում է որպես մի հիմնովին քաղաքականացված անձնավորություն, որի ծննդյան թվականինՙ 1955-ին, Ստամբուլում արմատական իսլամիստները վայրագություններ են իրականացրել նրա ընտանիքի հայ անդամների հանդեպ:

Մահմեդական, թուրք հոր եւ քրիստոնյա հայ մոր զավակ Արմին Սենգյուլը (իսկական անունըՙ Հյուսեին Սենգյուն) Գերմանիայում բնակվում է 1982-ից: Տասը տարի էՙ գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթում: Կեղծանունով հրատարակել է յոթ վեպ, որոնք անդրադառնում են Թուրքիայի նորագույն պատմությանը եւ ունեն որոշակի ինքնակենսագրական ատաղձ: Այսօր նա այլեւս չի կարող մեկնել իր ծննդավայրը, որտեղ նրա անունն արգելված է: Ավելի քան 20 տարի առաջ իր վերջին ուղեւորության ընթացքում նրան ամեն քայլափոխի հետեւել է ոստիկանությունը: «Եթե նորից գասՙ վերջդ կգա», ասել են նրան:

Սենգյուլին հուզում է նաեւ թուրքերի սխալ կենսակերպը Գերմանիայում: «Մարդիկ ապրում են այստեղ, բայց հետեւում են Թուրքիայի եղանակին,- ասում է նա:- Ոմանք արդեն 50 տարի է, ինչ Գերմանիայում են, բայց գլուխները դեռ Թուրքիայում է»: Ինքը ժողովրդավարության եւ ազատության ջատագով է, դավանում է քրիստոնեություն եւ պարբերաբար մասնակցում է բողոքական եկեղեցիների պատարագներին: Ըստ Սենգյուլիՙ «Արաբական երկրներում մարդու իրավունքներ չկան: Փոխարենը ամենուր սարսափ է տիրում: Տասնամյա աղջիկների հետ ամուսնությունն անմարդկային է: Իմ այս խոսքերը ոմանց ագրեսիվ են դարձնում: Հավատացե՛ք ինձ, Թուրքիայում ես հիմա մեռած կլինեի»:

Հենց իրավիճակը թույլ տաՙ Արմին Սենգյուլը ցանկանում է իր սցենարով նկարահանել մի նոր ֆիլմՙ «Հիսուս» խորագրով: Պատմությունը տեղի է ունենում 1955 թ. սեպտեմբերի 6-ին եւ 7-ին: Դա «Ստամբուլի ջարդի» օրն է, որի ընթացքում տեղի ունեցան բարբարոսական անկարգություններ ընդդեմ քրիստոնյա, հատկապես հույն փոքրամասնության, բայց նաեւ հրեաների ու հայերի դեմ: Հետապնդվողներից շատերը լքեցին Թուրքիան եւ ապաստանեցին տարբեր երկրներում: Ովքեր չկարողացան փախչել, փորձեցին իրենց կրոնը գաղտնի պահել: Կինոնկարը պատմելու է մի հայ ընտանիքի ճակատագրի մասին, որը ջարդից հետո մնում է Թուրքիայում: Գլխավոր հերոսները երկու եղբայրներ են, որոնցից մեկը Ստամբուլի բողոքական եկեղեցու հովիվ է, մյուսըՙ լրագրող: Վերջինս քննադատում է Թուրքիայի կառավարությանը, բանտարկվում է ու խոշտանգվում...

Արմին Սենգյուլն արդեն նկարահանել է չորս կարճամետրաժ կինոնկար, որոնցից «Որտե՞ղ եմ ես օտար» ֆիլմն արծարծում է Գերմանիայում թուրքերի ինտեգրման հետ կապված հարցերը: Նա կապ չունի կինոարտադրության հետ, այնուամենայնիվ լավատես է, որ հովանավորներ կգտնի ֆիլմի ֆինանսավորման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ