RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1204, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԿԵԼ Է ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

«Իբրեւ ապրող օրգանիզմ, Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից եւ ապագայից: Գուցե նա վիրավոր է եւ արյունաքամ, բայց սպանված չէ: Նրա քաղաքական բժիշկների պարտքն է բուժել նրա վերքերն ու ցավերը»:

Նիկողայոս Ադոնց, Հայկական հարցի լուծման շուրջ:

Այսօր մեր տարածաշրջանում բարդ ու խճճված, տարատեսակ անհայտներով լի իրավիճակ է: Աշխարհի խոշոր խաղացողներն ուղղակի կամ միջնորդավորված այստեղ իրենց խաղն են խաղում եւ սեփական շահերը հետապնդում: Դարավոր սովորույթի համաձայն, միշտ հաստ վարագույրի հետեւից գործող Բրիտանիան եւ նրա կատարող ԱՄՆ-ը իրենց կամակատար Թուրքիայի միջոցով պարբերաբար մեկ սալին մեկ նալին հարվածելով ու առերեւույթ հավասարություն խաղալով անում են ամեն ինչ Ռուսաստանի դերակատարությունը հնարավորինս նվազեցնելու եւ, եթե հաջողվի, Հայաստանը Ռուսաստանից պոկելու համար: Ավելին, Թուրքիան փորձում է Ադրբեջանի միջոցով ներխուժել Հյուսիսային Կովկաս, հենվել այնտեղի թուրքալեզու ազգերի վրա եւ Ռուսաստանը ներսից քանդել: Թուրքերն արդեն անթաքույց փորձում են տնտեսական անեքսիայի ենթարկել Աբխազիան եւ ֆինանսական ներկայություն դառնալ այնտեղ: Նրանք աջակցում են Ուկրաինային Ղրիմի ու Նովոռոսիայի հարցում: Այսինքնՙ չնչին տարբերությամբ նորից XX դարավերջին բնորոշ ժամանակահատված է սկսվել: Տարբերությունն այն է, որ հիմա Ղրիմն ու Դոնբասն են, այն ժամանակ Հյուսիսային կովկասի չեչեններն ու դաղստանցիներն էին:

Իր ունեցած բոլոր միջոցներով Ռուսաստանը փորձում է հակադարձել նրանց: Արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում մեր կարծիքով տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանին հզոր Հայաստան է անհրաժեշտ, որի վրա հարվածը թուլացնելու համար նրան պետք է, որ հարվածի մի մասն իր վրա ընդունի: Դա բխում է նաեւ մեր շահերից: Հայտնի է, որ 1877-1878 թթ. ռուս թուրքական պատերազմից հետո, որին մասնակցություն ունեցան մեծ թվով հայազգի գեներալներ եւ կամավորներ, ազատագրված Կարսում կանգնեցվեց թուրքական թնդանոթներից կերտված հաղթասյուն: Իսկ պատմաբաններս լավ գիտենքՙ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Մնում է համապատասխան հետեւություններ անենք ու պատմության դասերը վերջապես սերտել կարողանանք եւ խուսափենք ճակատագրական սխալները կրկնելուց: Մի բան, որ արդեն քանի դար է մեզ համառորեն չի հաջողվում:

Օրինական հարց է առաջանումՙ իսկ կարո՞ղ է Ռուսաստանը հենվել հայաստանյան ներկա իշխանությունների վրա, այնպես, ինչպես հենվում ու վստահում էր XX դարավերջին: Միանշանակ ոչ: Իսկ ո՞ւմ են ձեռնտու ներկա իշխանություններն ու թույլ Հայաստանը: Իհարկե, նախ եւ առաջ բրիտանական թելադրիչներին, որոնք ամեն կերպ փորձում են անվնաս պահպանել իրենց ոսկեբեր նավթագազամուղերը, եւ իրենց միակ շահառու Թուրքիային: Այն Թուրքիային, որը երբ առաջին աշխարհամարտում պարտվեց, նրա փաստացի ղեկավար Թալեաթն անմիջապես հայտարարեց. «Մեր քաղաքականությունը պարտություն կրեց», իսկ 1918 թ. հոկտեմբերի 8-ին նրա կառավարությունը հրաժարական տվեց: Սակայն մինչ այդ, նա անձամբ հրամայել էր կոտրել բոլոր այն հայերի գլուխները, որոնք դավաճանել էին սեփական ժողովրդին եւ աջակցել ու հավատացել էին իրեն (մինչեւ վերջին պահը Եղեռնին չհավատացող Գրիգոր Զոհրապին ստիպված ցույց էին տվել անձամբ ընկերոջՙ Թալեաթի կողմից ստորագրված իրեն վերաբերող հրամանը): Հետագայում նա հեռակա դատապարտվեց մահապատժի: (*)

Այսօր, այսքան անդառնալի կորուստներից հետո, բոլորին նաեւ մի հարց է տանջում. ներկայիս վարչախումբն ինչպե՞ս կարողացավ պառակտել մի երկիր, որը միատարր է եւ որի բնակչության 98 % հայեր են: Այսինքն` այն Կիպրոս, Սիրիա, Լիբիա կամ Վրաստան չէ: Իսկապես, անհնար է պատկերացնել, որ նույն ազգության ներկայացուցիչները կարող են տարբեր հայացքների համար միմյանց այսքան ատել: Միշտ իշխել է այն տեսակետը, թե արեւմտյան տեխնոլոգիաները Հայաստանում պետք է որ չաշխատեն: Սակայն, չգիտես ինչպես Հայաստանում հենց այդ տեխնոլոգիաները հաջողությամբ գործեցին եւ հասարակությունը զրկվեց ամրությունից ու պարտվեց: Ու դարերի հեռվից Մովսես Խորենացու «Ողբը» կրկին արդիական դարձավ: Այսօր էլ Հայոց աշխարհը ողբալի վիճակում հայտնվեց, «վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը...»: Այսօր էլ օդի նման անհրաժեշտ է փոխել-արդիականացնել ուսուցումը եւ տխմար ու ինքնահավան ուսուցիչներին: Կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ մարդկանց, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ գիտնականներին, սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորածՙ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող աշակերտներին: Անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ զինվորականներին, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ, տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող դատավորներին:

Ողբը ողբ, բայց գոնե վերջին մի քանի տասնամյակում մենք աշխարհին ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, այսօր ազերի առաջնորդը բարբաջում է, թե Հայաստանը պարտված, «մեր առջեւ ծնկի եկած, գլուխն ու վիզը ծռած երկիր է, եւ միշտ այդպես կլինի»: Ավելին, երեկվա քոչվորը Հային բարբարոս է անվանում, «ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները եւ մզկիթում խոզեր պահում»: Աստված իմ, ով ինչից ու ինչպես է խոսում: Նույնիսկ փորձում է հեգնել ամբարտավանորեն, որ իբրեւ թե հայերը փոքրաթիվ, բայց քաղաքակիրթ, մեծ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենՙ շրջապատված վայրի մահմեդականներով: «Ես ասել էի,-լկտիաբար հայտարարում է նա,-որ հայկական առաջին պետությունը [նկատի ունի ներկայիս ՀՀ-ն] ստեղծել են մեր պատմական հողում: 1918 թ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը Իրեւանը Հայաստանին տալն ու մայրաքաղաք դարձնելն էր...»: Այսքանից հետո էլ կոչ է անում, որ երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է եւ Հայաստանին է տրվել 1920 թվականին: Գյոյկա լիճը, որ հայերը Սեւանա են անվանում, եւս մերն է եղել: Արդ, եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրեւան»:

Ինքնահավան բեղակիրը մոռանալով, որ «հաշիվն ընդամենը մեկ-մեկ է» եւ օգտվելով ժամանակավոր հաջողությունից եւ բացահայտ աղավաղելով պատմական փաստերը, ողջ հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելություն ու թշնամանք է քարոզում, անընդհատ ընդգծում ադրբեջանցիների առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, իսկ դրանք ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների, ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերն են: Դրանով նա փորձում է հագուրդ տալ իր տգետ, տխմար, հետամնաց ու վայրենի ժողովրդի բնազդներին եւ ամրապնդել իր իշխանությունը: Ակնհայտ է, որ հակառակորդը մաքսիմալ օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է այժմ եւ վարակված է հանցավոր միամտության եւ կարճատես ռոմանտիզմի վիրուսով:

Հարկավոր է սթափ գնահատել իրավիճակը եւ անպայման հաշվի առնել, որ աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքն այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան մեր հակառակորդ Ադրբեջանի հայրիկ Թուրքիայինն է: Մի առիթով այդ երկրի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին ասել է, որ «Թուրքիան եվրոպական երկիր է, ասիական երկիր է, միջինարեւելյան երկիր է, բալկանյան երկիր է, կովկասյան երկիր է, Աֆրիկայի հարեւանն է, սեւծովյան երկիր է, կասպյան երկիր է»: Այսինքնՙ պետք չէ անտեսել, որ ծովերի, մայրցամաքների եւ ռեգիոնների խաչմերուկում գտնվող այս պետության կարեւորությունը արդեն մի քանի դար գիտակցել ու գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարող բոլոր հիմնական դերակատարները: Բալկաններ, Սեւ ծով, Հարավային Կովկաս, Մերձավոր Արեւելք, Միջերկրական ջրավազանՙ ահա այն գեոպոլիտիկ ծաղկեփունջը, որը որպես մրցանակ կստանա «թուրքական թամբին» հեծնողը:

Այսպես, ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Թուրքիան օդի ու ջրի պես է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ թե՛ արտաքին բազմաթատերաբեմ պայքարը սրելու, թե՛ հենց Ռուսաստանի ներսում պանթուրքիստական եւ պանիսլամիստական անհանգստության օջախներ ստեղծելու համար: Թուրքիան նաեւ Չինաստանի գերաճող ազդեցությունը զսպելու հանգուցային դերակատար է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի շրջանակներումՙ որպես այդ նախագծի միջնային միջանցքի մարգարիտ: Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արեւմուտքն իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով եւ ոչ մի հետեւանք չունեցող հերթապահ քաղաքական քննադատություններով: Նրան ներել թե՛ ռուսական S 400 ձեռքբերումը, թե՛ մարդու իրավունքների ոտնահարումները, թե՛ քրդերի դեմ պայքարը, թե՛ Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ բացահայտ ագրեսիվ գործողությունները, թե՛ հանրային նվաստացումները: Ռուսաստանի եւ Չինաստանի համար Թուրքիան Սեւ ծովից մինչեւ Միջին Ասիա ընկած եվրասիական հսկայական տարածքը ցեմենտող եւ Արեւմուտքի ոտնձգություններից ապահովագրող գործոն է: Թուրքիայի նախագահըՙ լավ յուրացնելով իր նախորդ փայլուն դիվանագետներ Աբդուլ Համիդի եւ Մուստաֆա Քեմալի դասերը, այս ամենը հրաշալի է պատկերացնում եւ հմտորեն խաղալով մյուս դերակատարների տարաձայնությունների վրա եւ դիվանագիտության մեջ ճշգրիտ համադրելով կոշտ եւ փափուկ ուժերըՙ մեծացնում է խաղադրույքները թե՛ Արեւմուտքի, թե՛ Արեւելքի հետ հարաբերություններում եւ հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Իսկ նրա կրտսեր եղբայր ու աչքաբաց աշակերտ Ալիեւը անթաքույց հիացմունքով փորձում է կրկնօրինակել նրան եւ առայժմ հաջողում է:

Իսկ մենք: Իսկ մենք խոսում ենք ու խոսում, քննադատում յուրաքանչյուր արտաբերած խոսք, ձգտում անպայման միակ ճշմարիտ համարել մեր կամ յուրայինի ասածը: Մենք խոսող ժողովուրդ ենք եղել ու մնացել ենք այդպիսին: Նկատե՞լ եք, մերօրյա քաղաքական դերակատարների մեծ մասը լրագրողական դաշտից են, հատկապես Ազգային ժողովի պատգամավորները: Որ մեզանում սովորաբար հաջողություն են վայելում լավ խոսողները, իսկ «գործի մարդիկ» կա՛մ անտեսվում են, կա՛մՙ հետապնդվում: Մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր այսպես...: Արդյոք ժամանակը չէ՞ սթափվելու: Կարծում եմՙ դեռ մի բան էլ ուշացել ենք: Իսկապես եկել է գործելու ժամանակը: Թե չէ հիմա բոլորը զբաղված են քաղաքականությամբ եւ եթե հանկարծ փորձես որեւէ մեկին ասել, որ քաղաքականությունից չի հասկանում, խիստ նեղանում է: Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը պետք է ապացուցեն, որ հարց լուծողն իրենք են, ոչ թե երբեմն կիսագրագետ եւ որոշակի վճարի դիմաց պատվեր կատարող լրագրողները:

10-26.04.2021

P.S. Հոդվածը պատրաստ էր արդեն, երբ 106 տարի հետո վերջապես ԱՄՆ-ի նախագահը 1915-1923թթ. ողբերգական իրադարձությունները կոչեց իրենց անունովՙ Ցեղասպանություն: Ինչ կարող է դա նշանակել եւ ինչ հետեւանքներ կունենա, դժվար է ասել: Հստակ է մեկ բան, որ Թուրքիան հատել է թույլատրելի կարմիր գիծը եւ սա ապտակ-նախազգուշացում է նրան: Գնահատելի է, որ այն ա/ կարող է զսպաշապիկի դեր կատարել եւ գոնե առժամանակ կանխել Սյունիքը կորցնելու իրական վտանգը, բ/ հարկավոր է զգույշ լինել մեծերի դիվանագիտական խարդավանքների շրջապտույտի մեջ հերթական անգամ չհայտնվելու համար, գ/ կարողանալ օգտվել ստեղծված քիչ թե շատ բարենպաստ մթնոլորտից եւ վճռական քայլեր անել վերջապես սթափվելու եւ այս ծանր կացությունը հաղթահարելու համար:

*) Գրիգոր Զոհրապը, հատկապես այն պահից, երբ Թուրքիան 1914 թ.ին մտավ Համաշխարհային 1-ին պատերազմի մեջ, անընդհատ կրկնում էրՙ «ասոնք մեզ պիտի կոտորեն»: Այս մասին վկայել են շատերը, առաջին հերթինՙ Երվանդ Օտյանն իր «Անիծեալ տարիներ» հուշագրության մեջ: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ