RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1204, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հանրահայտ է, որ հայաստանյան տպագիր ու էլեկտրոնային մամուլի թեմատիկայում գերազանցողը քաղաքականն է, երբ անգամ արդուկը միացնելիս կարելի է նորահայտ թե ստաժավոր քաղաքագետի ու կուսակցական գործչի զրույցի ունկնդիրը դառնալ: Կարծես դժվարին գործ չէ արածները, քանզի քաղաքական տերմինաբանությունը լիովին հնարավորություն է տալիս արդարացնել օրեր առաջ ասվածի անհնարինությունը կամ այն ներկայացնել որպես կոնտեքստից դուրս թողնված հայտարարություն: Սա դեռ քիչ է, վերջին օրերին էլ նոր կուսակցությունների կազմավորման մի իսկական շքերթ է սկսվել, երբ արդեն իսկ գործող մի քանի տասնյակ նման կառույցները մեկ դերասանի թատրոններ են հիշեցնում:

Այլ է հայաստանյան առօրյայի մյուս կողմը, տնտեսությունը, իր ոլորտներով ու ճյուղերով, թվերով ու տոկոսներով, որոնք որոշակիից մինչեւ անաչառ բծախնդրություն են պահանջում, դրանք նշելու ու հիշելու առումներով զգուշավորությունից մինչեւ հարգալից մոտեցում են պարտադրում, թեմայի հանդեպ սիրողականից տարբերվող որոշակի բարձր իմացություն եւ ունակություններ ակնկալում: Եվ հարցը` որտեղից այսօրինակ որակներ մեր բարդ առօրյայի հետ անգամ հպանցիկ չառնչված յուրօրինակ հայտատուների հետ, հնչում է ինքնաբերաբար:

Այսօրինակ մոտեցումների տրվեցի օրեր առաջ ՀՀ կառավարության նիստը դիտելու ընթացքում, որտեղ քննարկվեց հունվարի առաջին տասնօրյակի մի քանի օրերը ոչ աշխատանքայինից աշխատանքային դարձնելու հարցը: Թեեւ այն հանրային որոշակի հատվածի կողմից պարբերաբար քննարկվում է, սակայն խնդիրը երկրի բարձրագույն գործադիր մարմին էր ներկայացվել կառավարության շենքի միջանցքներից մեկում կազմված լինելու տեսքով, որին կտրուկ առարկողներ ի հայտ եկան, հատկապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը : Արդյունքում` քննարկումը տեղափոխվեց մինչեւ աշուն: Եվ ոչ մի խոսք այն հեղինակած ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ անմիջական նախարարի արածի ու չարածի շուրջ, որն էլ մեր հետագա ասելիքի թեման է:

Արդեն լրատվամիջոցները հաղորդել էին, որ Չինաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամբողջ 18.3 տոկոսի աճ է արձանագրել: Ընդունելով, որ ցուցանիշը ձեռք է բերվել նախորդ տարվա անկման պարագայում, այսուհանդերձ 18.3 տոկոսն իրոք աննախադեպ է, միայն պատկառանքի արժանի: Ստացվում է, որ որոշակի պայմաններում ու ջանքերի արդյունքում տնտեսության թռիչքաձեւ կայացման շուրջ զրույցներն անտեղի չեն, երբ Չինաստանի վերջին երկու-երեք տասնամյակների զարգացման տեմպերը կարծես դրանք պահպանելու ռեսուրսների տեղ չեն թողնում:

Կներեն մեր չինացի բարեկամ կառավարիչներն ու գործարարները նման կարծիքի համար, որն իրենք հաջողությամբ գերազանցում են: Գերզարգացած եվրոպական տարածաշրջան ու ԱՄՆ հասցնում են ինչ ասես, գնում են ինչ պատահի, արժեթղթերից մինչեւ մարզական ակումբներ եւ վայրկյան անգամ չեն հանգստանում, անգամ միլիարդատերերի քանակով են գերազանցության հասնում:

Մերոնք էլ են փորձում ինչ-որ բան շարժել, աշխատանքային երեք օրերը վերականգնել, որոնցից ակնկալվող 88 մլրդ դրամի չափը էապես գայթակղիչ ներկայացնել: Մ. Առաքելյանը տեղին հակադարձեց, որ հունվարի առաջին տասնօրյակի այդ շրջանում մեր հանրության որոշակի մասն իր հանգիստն անց է կացնում ներքին հանգստավայրերում, որից կզրկվեն օրերն աշխատանքայինի վերածվելու արդյունքում: Եվ հարցը` արդյո՞ք այս կարողունակությամբ է անհրաժեշտ դիտարկել ՀՀ համախառն ներքին արդյունքը մի քանի տասնյակ միլիարդ դրամով ավելացնելու խնդիրը, երբ պահանջվողը տասնյալ տրիլիոնների մասին է, տրվում է բնականաբար: Իշխանությունը խոսում է տարեկան 3-4 տոկոս աննախադեպ աճից, երբ գոհացուցիչ չէ անգամ 10 տոկոս աճը, որի պայմաններում ՀՀ ՀՆԱ-ն կրկնապատկվում է 2028-2029 թվականներին, եռապատկվում 2034-ին... Այսօրինակ թվերի տիրապետումից մասամբ հեռու ընթերցողի համար նշեմ, որ խոսքը ներկայիս 1 բնակչի հաշվով տարեկան 4.000 դոլար ՀՆԱ-ն կրկնապատկել-եռապատկելու մասին է, համապատասխանաբար 8.000 եւ 12 հազար դոլար գումարների մասին: Արդեն հիշատակված Չինաստանում այն արդեն 17 000 դոլար է, տասնամյակ առաջվա 6.600 դոլարի դիմաց: Ստացվում է կյանքի ու կենցաղի փոփոխություն յուրաքանչյուր տարի, երբ ՀՀ քաղաքացուն տեսանելի ոչինչ չի առաջարկվում անգամ հնգամյակի առումով: Եվ հնչում է հերթական անգամ ի՞նչ անել հարցը: Ծանոթացեք, թե մասամբ ինչ արեցին չին կառավարիչները:

Ոմանց այն շահարկումները, թե որոշիչը համայնավարական համակարգին հատուկ պլանային կառավարումն է, պարզապես յուրօրինակ ինքնախաբկանք է, որի ապացույցն է Հյուսիսային Կորեայի տնտեսության ոչ բարվոք վիճակը: Երկիրը տնտեսության վերաբերյալ բավարար տեղեկատվություն չի հրապարակում, եղածներն էլ ուղղակի ողբերգական են: Ասենք, 1 բնակչի հաշվով էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան 600 կվտժամ է, Հարավային Կորեայում` 10.000 կվտժամ, ՀՀ-ում` 2.500 կվտժամ, Չինաստանում` 5000 կվտժամ: Վերջինում կիրառվեց մեկ երկիր-երկու տնտեսակարգ սկզբունքը, որտեղ պետական պլանավորումն ու ազատ շուկայական սկզբունքները հաջողությամբ ծավալվեցին, նպաստելով 1960-ականներին սկսված պարենային անվտանգության խնդրի լուծմանը: Ընդամենը 2000-2018 թվականներին կենսական բրնձի արտադրությունն ավելացավ 25 մլն տոննայով, 1 բնակչի հաշվով հավի մսի արտադրությունը կազմեց 18 կգ, ՀՀ-ում` 4 կգ: 10 տարում Չինաստանի բյուջեն 1 տրիլիոն դոլարից անցավ 3 տրիլիոն դոլարը, 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսը կազմեց 2000 դոլար, ՀՀ-ում` 1000 դոլար:

Ասելիքը թվերով ծանրաբեռնելը մեկ հիմնական նպատակ է հետապնդում. փաստել, որ թռիչքաձեւ զարգացումը իրողություն է, այն ինչ-որ մեկի երեւակայության արդյունք չէ: Տարիներ առաջ, երբ մի տնտեսական միջոցառում էի լուսաբանում, վիետնամցի բանախոսն ասաց. եթե բարեփոխումները հնարավոր են Չինաստանի պես մեծ երկրում, այն առավել իրագործելի են Վիետնամի պես փոքր երկրում: Այս երկրում 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 10.000 դոլար է կազմում, մեր 2.5-ապատիկը: Իսկ ահա իրոք փոքր, մեր երբեմնի բախտակից Էստոնիայում նշված ցուցանիշը մոտենում է 40.000 դոլարի: Թե ինչպես են երկրները նման արդյունքների հասնում, կարող են բացի ՀՀ կառավարիչներից ու տնտեսագիտական մտքի ներկայացուցիչներից նշել նաեւ արտերկրների մեր դեսպանատների տնտեսական կցորդները, եթե իհարկե մտահոգ են ՀՀ տնտեսական կայացման առումներով: Էստոնիան, օրինակ, արտահանում է 13 մլրդ դոլարի արտադրանք, որքան ՀՀ ողջ ՀՆԱ-ն է. թե ի՞նչ, կարող են նշել հիշատակված կցորդները.... նաեւ:

Որ Հայաստանի հանրապետությունը պետք է տնտեսապես կայանա, դա ժամանակի խնդիր է: Թե ինչքան կտեւի այն, իշխանությունների գործն է, որի նախանշաններն առայժմ չեն ուրվագծվում: Լուծում է դիտարկվում երկրի ընդերքը դատարկելը, առանց հաշվի առնելու գալիք սերունդների շահերը:

Ինչքանո՞վ է արդարացված:

20.04.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ