RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 462, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԵՅՍԲՈՒՔԸ` ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

21-րդ դարի հասարակության մեծամասնությունը օրվա գերակշիռ մասը անցկացնում է համացանցում` սոցիալական կայքերում: Այդ կայքերից ամենից տարածվածը եւ մարդաշատը` Ֆեյսբուքն է: Մի շարք երկրներում ֆեյսբուքը համարվում է ժամանակ անցկացնելու, տեղեկատվություն ստանալու, ընկերների եւ հարազատների հետ շփվելու առավել լավ եւ բարձրորակ տարբերակ: Սակայն Հայաստանում ֆեյսբուքը հետզհետե վերածվում է հասարակության պառակտման, վեճերի, փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքների, կարճ ասած`ատելության հարթակի:

Եթե տարիներ առաջ հայհոյանքների եւ գռեհիկ արտահայտությունների ֆեյսբուքում կհանդիպեինք հազվադեպ, ինչը կառաջացներ մեր զարմանքը, ապա այսօր այն կրում է ամենժամյա, եւ որ ամենացավալին է` սովորական բնույթ: Հայհոյում են բոլորը`մեծից փոքր, կին թե տղամարդ:

Բարոյականությունը եւ միմյանց նկատմամբ հարգանքի վերացումը վառ կերպով արտահայտվում է հենց այս սոցիալական հարթակում: Հայաստանյան ֆեյսբուքում բացակայում է բանավեճի եւ հանրային քննարկման մշակույթը: Օգտատերերի գերակշռող մասը միմյանց հետ վիճելիս ցուցաբերում են անարգանք , հաշվի չառնելով, որ այդ ամենի ականատեսն է մի ողջ ժողովուրդ: Երբեմն ֆեյսբուքյան նմանատիպ առճակատումները ողբերգական ավարտ են ունենում: Գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ այդ խնդիրները վիրտուալ դաշտից տեղափոխելով իրական կյանքՙ վրեժխնդիր են եղել իրարից:

Ավելի դժգույն է դառնում իրավիճակը, երբ որոշ օգտատերեր պատկերավոր եւ բազմահարկ հայհոյախառն գրառումներն ու մեկնաբանություններն անում են ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Սակայն ցավալին իրականում այն է, որ այդ անմակարդակ գրառումները կարդում են հազարավոր մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ դատապարտելու փոխարեն տարածում են դրանք իրենց անձնական էջերով: Նման վարքագծով աչքի զառնող օգտատերերը չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ նույն հարթակներում իրենց ժամանցն են անցկացնում անչափահաս երեխաներ կամ դեռահասներ, որոնց մեջ ակամայից սերմանվում է այդ ագրեսիվ եւ բարոյականությունից զուրկ վարքագիծը:

Սա է այն տխուր իրականությունը, որին առնչվում ենք ամեն օր: Ֆեյսբուքը լավագույնս է ցուցադրում այն թշնամանքը, որը հասունացել է հայ հանրության շրջանում:

Սոցիալական ցանցում տիրող այս պատկերի հիմնական պատճառը`քաղաքականությունն է: Քաղաքական հոսանքները պատել են անգամ սոցիալական ցանցերը: Այս միտքը հաստատեց նաեւ ֆեյսբուքի օգտատերերի հետ մեր զրույցները:

«Փորձում եմ հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել ֆեյսբուքյան տիրույթում, իսկ օգտվելու դեպքում էլ ուշադրություն չեմ դարձնում մեկնաբանություններին, քանի որ «ֆեյսբուքահայությունը» հայհոյելով եւ մեկը մյուսին վիրավորելով փորձում է ինքնահաստատվել, բայց սխալ ձեւով ու սխալ վայրում: Ֆեյսբուքում շատերը ստատուսների ու մեկնաբանությունների միջոցով տարածում են ատելության մթնոլորտ ու մարդկանց տրամադրում մեկը մյուսի դեմ: Այս տիրույթում տիրող լարվածության պատճառ կարող են լինել նաեւ քաղաքական վատ բեմադրված «թատերական ներկայացումները»»,- մեզ հետ զրույցում նշում է օգտատեր Հասմիկը , որն արդեն յոթ տարի գրանցված է ֆեյսբուքում:

«Այս չարիքի սկիզբը, ընթացքը եւ ավարտը հենց սոցիալական կայքերն են, մասնավորապես ֆեյսբուքը, որը վերջերս դարձել է ատելության հարթակ: Եթե մինչ այսօր այն ընկերական, տեղեկատվական, շփման հարթակ էր, ապա այժմ միմյանց թշնամաբար վերաբերվելու, հայհոյելու շրջանակ էՙ հետին պլան մղելով մարդկային շփման էթիկային կանոնները: Այլեւս չկա՛ն պաշտոնական եւ ո՛չ պաշտոնական լուրեր: Չկա՛ն տիկնայք եւ պարոնայք: Չկա՛ն հարգելիներ եւ անհարգելիներ: Չկա՛ օրիորդ եւ երիտասարդ: Չկա՛ սեր եւ ատելություն: Միակ արտահայտությունը, որ կբնութագրի այս ամենըՙ «ամբոխները խելագարվածն» է: Իսկապես խելագարվելու ժամանակներ ենՙ մարդիկ հարկի-անհարկի վիրավորում, նսեմացնում ու ցավեցնում են միմյանց:

Իշխանության վարած քաղաքականության հետեւանքում ունենք «օնլայն հայրենիք», որը ղեկավարվում է ադմինների միջոցով, ու քեզ ի՞նչ է մնում անելու այդ «օնլայն հայրենիքում», եթե ոչ կարդալ այն, ինչ ադմիններն են մեզ փոխանցում հայրենիքից կարդալու»,- ասում է 21-ամյա օգտատեր Գոհարը :

«Ես ինքս օգտվում եմ ֆեյսբուքից օրվա լրահոսին հետեւելու նպատակով: Սակայն տեսնելով, թե ինչ է կատարվում, արգելել եմ երեխաներիս մուտք գործել այդտեղ: Երբեմն հանդիպում եմ այնպիսի հայհոյանքների , որոնք ինձ ապշեցնում են անգամ այս տարիքում: Կարելի է ասել, որ ֆեյսբուքը հասարակական վայր է, եւ ինչպես կարելի է թույլ տալ հասարակական վայրում նման վարք: Ուրիշ երկրներում ֆեյսբուքը հաճելի ժամանակ անցկացնելու միջոց է , իսկ մեր երկրում նյարդայնանլու, հիասթափվելու ու վատ տրամադրությունների վայր է : Կարծում եմ պետք է ամեն գնով մաքրել ֆեյսբուքը այն մարդկանցից, որոնք իրենց լկտիություններ են թույլ տալիս»,- հայտնում է 45-ամյա Արշակը :

Ֆեյսբուքի մակարդակը եւ վարկանիշը գնալով հետընթաց է ապրում մեր երկրում : Հայաստանում ֆեյսբուքը կարելի է զուգորդել քաղաքականության հետ: Այս ամենին նպաստում են նաեւ ֆեյքերը, որոնք կատարում են բացառապես քաղաքական պատվերներ կամ առաջադրանքներ, այդպիսով քաղաքականացնելով միջազգային այս հարթակը:

Ֆեյսբուքն այս ճահճից դուրս բերելու միակ տարբերակը կլինի ֆեյսբուքի գլխավոր գրասենյակի միջամտությունը, ըստ որի այն օգտատերերը, ովքեր կհայհոյեն` նույն պահին կարգելափակվեն: Միայն տեխնիկական այս գործառույթը կօգնի շտկել առկա խնդիրը:

Ուսանող

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ