RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-29 22:54:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 361, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ՈՒՐԱԼԻՑ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց Արթուր Սարոյանի հետ

37-ամյա Արթուր Սարոյանին Եկատերինբուրգում ոմանք գիտեն որպես մարզիկ, ոմանքՙ ոստիկան, շատերըՙ որպես պարող, շատերն էլՙ այս բոլորը միասին վերցված: Նա ուսանել է Ռուսաստանի ՆԳՆ Ուրալի իրավաբանական ինստիտուտի քրեական ոստիկանության եւ հանրային անվտանգության ոստիկանության մասնագետների պատրաստման բաժնում: Արթուրը ծառայում է Եկատերինբուրգի ոստիկանությունում, բայց 18 տարեկանից պարում է գիշերային ակումբներում: Հարավային դիմագծերով ու խառնվածքով մարզական երիտասարդի համար սա ավելին է, քան սոսկ հոբբին...

- Արթուր, կարծում եմ, որ կանանց համար «պարող ոստիկանը» գայթակղիչ է թվում, մինչդեռ տղամարդկանց մեծ մասի համար անընդունելի է...

- Այո, դա ոչ միայն թվում է, այլեւ հենց գայթակղիչ էՙ հաշվի առնելով ոստիկանի իմ կերպարըՙ սեւ ակնոց, սեւ համազգեստ, զենքեր, ռետինե մահակ: Աղջիկներին, իհարկե, դուր է գալիս գեղեցիկ մարմինը, ուժեղ, խարիզմատիկ անձնավորությունը, որը գիտի նաեւ շարժել ձեռքերն ու ոտքերը, պարել տարբեր ժանրերի պարեր, գումարած` եթե նա հախուռն կովկասցի է, ավելինՙ իսկական ոստիկան է: Դա հատուկ պահ է, այդպիսիք իրականում գրեթե չկան եւ պահանջարկ են վայելում: Ինչ վերաբերում է տղամարդկանց, նրանք ավելի շատ նախանձում են, նրանք եւս կուզեին այդպիսին լինել, բայց չեն կարող իրենց դա թույլ տալ: Նրանց մեջ ագրեսիան նախնական է, բայց ինձ ճանաչելուց հետո եւ իմանալով, որ ես ի սկզբանե մարզիկ եմ, ոչ թե սոսկ աղջիկներին հրապուրել ցանկացող պարող, անշուշտ, սկսում են հարգել: Նախեւառաջ, իմ խնդիրն է շահել տղամարդկա՛նց հարգանքը, որպեսզի նրանք դիտելով իմ կատարումըՙ օրինակ վերցնեն ինձնից:

- Տարիներ առաջ ես շաբաթը մեկ անգամ ակտիվորեն պարում էի Երեւանի այլեւս գոյություն չունեցող մի գիշերային ակումբում, եւ ինձ բնավ չէր խանգարում ոմանց կարծիքը, որ դա «լուրջ մարդու համար չէ»... Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ պարը միայն մարմնի շարժում չէ, այլեւ լիցքաթափում, թերապիա, մարզում, շփում...

- Հանդիմանություններն ինձ էլ երբեք չեն անհանգստացրել, քանի որ ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Հպարտ եմ, որ կարող եմ պարել: Տասնութ տարի շարունակ սա ինձ համար ասես շաբաթական կարդիո-մարզում լիներ, բայց միայն բեմական պարի մեջ կարող ես ինքդ քեզ թույլ տալ զարգանալ, հանդես գալ տարբեր նոր ստեղծագործ շարժումներով: Սա հոբբի է, որը ոչ մի կապ չունի ֆինանսական կամ այլ իրավիճակի հետ: Սա պար է, զարգացում եւ ներքին հոգեբանական ազատագրում: Ի վերջո, պարի ընթացքում մարդու գլխից ամեն ինչ դուրս է թռչում, եւ դու սկսում ես զբաղվել զարգացմամբ. մարմնիդ ցանկացած նոր շարժում ուղեղի աշխատանք է:

- Ի՞նչ սպորտով ես զբաղվել եւ ինչպե՞ս է սպորտը օգնում պարել:

- Ես սպորտի վարպետ եմ, կարատեի, ձեռնամարտի, քիքբոքսինգի Ռուսաստանի չեմպիոն: Սպորտով զբաղվել եմ վեց տարեկանից, բացառապես գրավել եմ առաջին տեղեր: Այս առումով ես պրոֆեսիոնալ եմ, եւ դա, իհարկե, օգնում է ինձ պարելիս: Պարի մեջ դու շարժվում ես, գործում եւ ցույց տալիս, թե ինչպես են ձեռքերդ ու ոտքերդ դառնում ավելի գործառույթային, դիմացկուն, պլաստիկ: Կարեւոր է, թե ի՛նչ կարող ես ցույց տալ, ներկայացնել բեմումՙ միայն գեղեցիկ կազմվածքով պարողի՞, հզոր ռազմիկի՞, որը նաեւ կարողանում է պարել: Սպորտը պարի անփոխարինելի մաս է, ապագայում կուզեի ներկայացնել մի համարՙ համադրելով պարն ու մարտարվեստը, սովորեցնելով մարտի բռնվել պարային ռեժիմում եւ պարել մարտական ռեժիմում:

- Քո որոշ կատարումների տեսագրությունները դիտելովՙ դրանք կարող են դասակարգվել որպես «Միայն 16+ անձանց համար»: Ինչպե՞ս կբնութագրես քո պարաոճը:

- Մի քանիսը նույնիսկ «18+» են, քանի որ իմ պարերի ժանրը ծագել է գիշերային ակումբներում: Ես երբեք պարասրահներ չեմ գնացել, չեմ փորձել ու չեմ սովորել, դա ինձ համար անհետաքրքիր էր: Չնայած այս հոբբին երկրորդական էր ինձ համար, ես հասկանում էի իմ առանձնահատուկ լինելը, եւ մարմինս էլ օգնում էր մարմնի լեզվով խոսելուն: Հետեւաբար, ես պարելու եմ ցանկացած ժանրում: Ես ի բնե պարող եմ, բայց ո՛չ պատրաստված: Նման բաները չեն սովորեցնում, դրանք կարելի է անել իմպրովիզացիայով, բեմում, մարդկանց հետ, ոչ թե հայելու առաջ ինչ-որ բան նախապես փորձելով:

- Մրցակցությունը բնական է սպորտում: Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում պարի մրցույթներին, մասնակցե՞լ ես:

- Պարի մեջ երբեք չեմ տեսել որեւէ մրցակցություն: Ես ոչ մեկի հետ չէի մրցում, ընդհակառակը, բեմում, գործընկերների շրջապատում աշխատում էի, որ նրանք լինեն պատշաճ մակարդակի վրա: Անցանկալի է, երբ բեմընկերդ զիջում է, եւ կորչում է ընդհանուր պատկերը: Մարդը ճնշվում է, սկսում է նախանձել, անհանգստանալ, այնպես որ ինձ երբեք դուր չեն եկել այս մրցույթները, որտեղ մեկն ուզում է ցույց տալ իր գերազանցությունը մյուսներից: Ես ինչ-որ մեկից ավելի լավը չեմ, ես պարզապես առանձնահատուկ եմ ու հաստատ գիտեմ, որ ոչ ոք ի վիճակի չէ դա անել այնպես, ինչպես ես եմ անում:

- Եղե՞լ են դեպքեր, երբ քո ոստիկանական գործունեության ընթացքում մարդիկ քեզ ճանաչել են որպես պարող:

- Եղել է, որ ինձ նախ հանդիպեն աշխատավայրում, հետոՙ ակումբում: Ընդհանրապես, արձագանքը ծայրաստիճան դրական է եղել, թեեւ միգուցե ինչ-որ բացասականություն եղած լինի ոմանց մեջ, որոնք նախանձել են ու փորձել են զեկուցել ղեկավարությանը: Ոստիկանը նաեւ մարզիկ է: Երբ մարդիկ գիշերային ոլորտներում նայում են ինձ, լուսավորվում են, գալիս են կարծես այլ տրամադրությամբ, բայց ինձ տեսնելովՙ սկսում են աշխուժանալ: Ահա՛ իմ առանձնահատկությունը:

- Դու ծնվել ես Հայաստանում եւ երկու տարեկանից ապրում ես Ռուսաստանում: Որքա՞ն հայ ես մնում կյանքում:

- Ես ծագումով հայ եմ, իմ ոգին հայկական է, բայց ես Ռուսաստանին եմ պարտական իմ կյանքի բոլոր հնարավորությունների եւ գիտելիքների համար: Ապրելով Հայաստանումՙ ես չէի կարողանա այդքան զարգանալ, դրսեւորվել գիշերային ակումբների ոլորտում: Իմ պարային ժանրը կարող է մի փոքր վայրի լինել հայ հանդիսատեսի համար, չնայած համոզված եմ, որ դա նրանց դուր կգա: Հայաստանը միշտ ինձ հետ է, եւ ապագայում ես կցանկանայի այնտեղ զարգացնել իմ սեփական նախագծերն ու գաղափարները:

- Ըստ պաշտոնական տվյալների, Եկատերինբուրգում այժմ ապրում է 5271 հայ: Մասնակցո՞ւմ ես համայնքի կյանքին:

- Առանձնապես ներգրավված չեմ համայնքի կյանքում, իմ դերի կարիքը հատուկ չկա, ապագայում մարտարվեստի դպրոց կամ պարային ուղղություններ զարգացնելով, ես, բնականաբար, դրանցում կներգրավեմ հայ համայնքին, որպեսզի իմ ունեցած ողջ գիտելիքներն ու հմտությունները մերոնք յուրացնեն... Հայերը բարի են, կամային, կարգապահ, դաստիարակված, դուք կարող եք անվերջ թվարկել այն հատկությունները, որոնք այլ ազգեր չունեն: Հետեւաբար, այս նոր գիտելիքները, որոնք ես ստացել եմ այստեղ որպես հայ, պետք է փոխանցվեն մեր երեխաներին:

- Համավարակն ազդե՞լ է գիշերային ակումբների սիրահարների կյանքի վրա:

- Իհարկե: Ակումբները փակվեցին, չենք աշխատում, չենք պարում: Ես դուրս եմ գալիս երաժշտության ներքո վազելու եւ վազելու ընթացքում կարող եմ պարել, դրանից չեմ ամաչում: Ու ես նաեւ ուզում եմ դա փոխանցել երեխաներին. Այո՛, դուք պետք է կոփեք ինքներդ ձեզ, պարտադիր չէ երաժշտությամբ կամ գիշերային ակումբում, կարող եք օգտագործել հորիզոնական ձողեր, մարզադահլիճ: Եթե ցանկանում եք, կարող եք պարզապես պարել ձեր աշխատանքի ընթացքում: Վազքից հետո ես մարզվում եմ հորիզոնական ձողերի մոտ ու մոտեցումների արանքում պարում եմ: Ու կարեւոր չէ, թե ով ի՛նչ կմտածի: Ինձ հավանողներն ինձնից օրինակ կվերցնեն, իսկ չհավանողներըՙ տխուր, նեղացած մարդիկ, ժամանակի հետ նրանք էլ կհասունանան...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ