RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2202, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿԸՙ ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մայիսի 3-ին ԵՊՀ-ի «Գեւորգ Արշակյան» ընթերցասրահում Էրիկ Գեւորգյանի անվան 200 հազար դրամ արժողությամբ «Հարգանքի եւ երախտիքի կրթամրցանակը» հանձնվեց Ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանին:

Էրիկն ավարտել է Ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետ Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանը, ծրագրավորող է աշխատել տարբեր ընկերություններում: Նրա մասին բոլոր ճանաչողները շատ դրական են արտահայտվումՙ բազմաշնորհ է եղել, համեստ ու խելացի, ընկերասեր ու հայրենասեր: Հնարավորություն ուներ տարկետումից օգտվելու, սակայն նախընտրել էր Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանում ստացած գիտելիքները կիրառել բանակում: էրիկ Գեւորգյանը 2019- ին է զորակոչվել, ծառայել է Մարտակերտում, հրետանավոր է եղել, դասակի հրամանատար: Անձնուրաց սպա է եղել, հոկտեմբերի 8-ին մարտական առաջադրանք կատարելիս, խնայելով ծառայակիցների կյանքը, ինքն է առաջ նետվել, գլխից մահացու վերք է ստացել, անմահացել է: Հետմահու Էրիկ Գեւորգյանն արժանացել է «Արիության համար» մեդալի:

«Երախտագիտության կրթամրցանակը ծնվել է խոր կսկիծից», ասում է գաղափարի հեղինակ Արմինե Պետրոսյանը , որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է: Էրիկի հետ ծանոթացել է, երբ նա 2- րդ կուրսում է սովորել, ճանաչել է, երբ «արեւային այդ պատանին» սկսել է պատրաստել իրենց հիմնադրամի կայքը: «Հայ Ձմեռ պապի» համար կրթամշակութային ծրագրերն առաջնային են, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարբեր մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում գործում են հիմնադրամի «Հավեսին սենյակները», որ հագեցնում են գյուղաբնակ երեխաների առօրյան: Էրիկն էլ իր գիտելիքը ծառայեցրել է հիմնադրամի աշխատանքը ներկայացնելու գործին: 44 օր տեւած պատերազմում հիմնադրամը կորցրել է շնորհալի երիտասարդներից երկուսին, Էրիկը զոհվել է, Գեւորգնՙանհետ կորած է: Էրիկ Գեւորգյանի ընտանիքը երկու զոհ ունիՙ հորաքրոջ տղան էլ, որ ֆիզիկայի ֆակուլտետի սան է, իր նման անմահացել է:

«Շատ խորհրդանշական է, որ մրցանակը հանձնվում է ԵՊՀ լավագույն ուսանող ճանաչված, Վազգեն Սարգսյան համալսարանի սան Գեւորգ Արշակյանի անունը կրող ընթերցասրահում, որ անմահացել է Շուշին պաշտպանելիսՙ 2020 թվականի նոյեմբերի 7-ին, ընդգծում են ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը եւ Արմինե Պետրոսյանը: «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»... հուզմունքը զսպելով նկատել է տալիս Արմինե Պետրոսյանը, որ կրթամրցանակը հակիրճ «Ոսկի սերմեր» անունով է կնքում:

Կրթամրցանակը կշնորհվի կիսամյակը մեկ, ֆիզիկայի ֆակուլտետի այն ուսանողին, որն ունի բարձր առաջադիմություն, մասնակցել է Արցախյան պատերազմին, աչքի է ընկնում քաղաքացիական հանձնառությամբ:

Մրցանակի հովանավորն է բեռլինաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքը:

Մայիսի 3-ին Ֆիզիկայի ֆակուլտետի առջեւ վեր խոյացող ծառերին ավելացավ Էրիկի պատվին տնկված կարմիր թխկին: Նա, ինչպես Գեւորգիՙ Երկրաբանականի առջեւ հասակ առած եղեւնին մեզ գեղեցիկ ուղերձ են փոխանցումՙ մենք գիտելիք տված ալմա մատերին թթվածին ենք տալիս, իսկ արմատներով շատ խորը գրկում ենք հայոց հողը, որ ապրողներիդ ոտքերի տակ երկիրը հաստատուն լինի:

Նկար 2. Էրիկ Գեւորգյանի կարմիր թխկին

Նկար 3. Գեւորգ Արշակյանի եղեւնին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ