RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1259, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍԹԱՓ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Մի պահ թվաց, թե ապրիլի 24-ին իսկապես առաջընթաց տեղի ունեցավ: Բայդենի բերանով ԱՄՆ-ն իր մոտեցումը ցույց տվեց ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաեւ պատասխան հղեց էրդողանին, Պուտինին եւ մինչեւ իսկ Սի Ծինփինին: Այսինքնՙ ուզեց ցույց տալ, որ կրկին նոր Ամերիկա է ասպարեզ գալիս, Վիլսոնյան քայլեր կատարող Ամերիկա: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք անդամներըՙ Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ հայանպաստ տեղաշարժեր կլինեն միջազգային ասպարեզում, որոնց արդյունքում եւ որոնց իբրեւ շարունակություն կարող է դառնալ Արցախի Հանրապետության ճանաչումը: Ամենայն հավանականությամբ Մակրոնն ու Բայդենը միմյանց հետ համաձայնել են, որ ե՛ւ Ցեղասպանության հարցը, ե՛ւ Ղարաբաղի ու Հայաստանի ապագան նոր լույսով ներկայացնեն: Հիմա մնում է դա դարձնել ֆրանսիական պետության որոշում: Վերջերս Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան եւ բավականին հայանպաստ հայտարարություններ արեց: Սակայն նկատենք, որ խոսելը մի բան է, անելը այլ բան, այսինքնՙ երկուստեք աշխատանքները պետք է շարունակվեն: Բայց քանի որ Հայաստանի կառավարությունը զգալի տկարացած է եւ ընտրություններ պետք է լինեն, ապա ինքնին հասկանալի է, որ գոնե մինչեւ ամառ դժվար է առաջ շարժվելը: Սակայն շատ կարեւոր է, որ չհանգստանանք եղածով ու շարունակենք աշխատել եւ պատրաստվել յուրաքանչյուր զարգացման: Այժմ արձանագրենք, որ նոր էջ է բացվում թե Հայաստանի, թե Սփյուռքի համար:

Իսկ զորավոր քայլեր անելու համար համախմբվել է պետք, Հայաստանի եւ Արցախի ուժեղ եւ լեգիտիմ կառավարություններ, որոնք կընդունվեն ժողովրդի կողմից եւ կվայելեն նրա վստահությունը: Քանի պատմական այս կարեւոր անկյունադարձում ստեղծվող իշխանության դերակատարությունն ավելի քան էական է լինելու: Ի դեպ, որեւէ երկրում, երբ կարեւոր ընտրություններ պետք է տեղի ունենան, բոլորը սպասում են այդ ընտրությունների արդյունքներին, որ տեսնեն, թե ով է գալիս իշխանության: Օրինակ, երբ Թրամփն ու Բայդենը պայքարի մեջ էին, գոնե երեք ամիս, այդ թվում նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ, Ամերիկայի ձայնը բոլորովին չլսվեց: Այնպես որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայանպաստ քայլը, նույն երկրի դեսպանի այցը Սյունիքի մարզ, ինչպես նաեւ նրա «ջերմ» հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին չափից դուրս մեծ հույսեր արթնացրին հատկապես մեր խանդավառ «ամերիկամետների» մոտ, որոնք անթաքույց հպարտությամբ հայտարարեցինՙ «Ամերիկան վերադառնում է տարածաշրջան»: Սակայն նրանք պետք է հաշվի առնեն մի քանի կարեւոր հանգամանքներ.

1. Հարավային Կովկասը ԱՄՆ-ի կենսական շահերին քիչ են առնչվում եւ նրա համար մեր տարածաշրջանը երբեք շատ մեծ հետաքրքրություն չի ներկայացրել:

2. Վերջին տարիներին ԱՄՆ-ը զգալիորեն պասիվացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում, որն ակնհայտ երեւում էր թեկուզ նրանից, թե որքան ցածրակարգ դիվանագետներ էին նշանակվում այդ խմբում որպես համանախագահներ:

3. Թուրքիային «դեղին քարտ» ցույց տալը մեխանիկորեն չի նշանակում, որ վերջինիս նկատմամբ ամերիկյան դիրքորոշումը փոխվել է: Ցեղասպանության մասին Բայդենի հայտարարության ձայնը դեռ չմարածՙ պետդեպը շտապեց հայտարարել, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմական կարեւոր դաշնակիցն է եւ նրան որեւէ բանում չի մեղադրում:

4. ԱՄՆ-ի իշխանությունները քաջատեղյակ են թե՛ Հայաստանի ներկա իշխանությունների լրջության աստիճանի մասին եւ թե՛ որքան են այդ իշխանությունները կարեւորում հայ-ամերիկյան հարաբերությունները: Հիշենք թեկուզ Լիլիթ Մակունցին որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան առաջադրման փաստը:

5. Տարածաշրջանի կարեւորագույն դերակատարը Ռուսաստանն է, եւ որքան էլ ամերիկամետները ոգեւորվեն, դրանից նրա դերակատարության աստիճանը չի նվազի:

6. Վերջապես թե՛ կռվող զինականը, թե՛ տունուտեղ կորցնող հասարակ մահկանացուները, որոնք այնքան էլ չեն տիրապետում քաղաքագիտական բանաձեւումներին, սակայն իրենց մաշկի վրա զգացին, թե ի վերջո իրական օգնությունը որտեղից եկավ:

Այնպես որ, առայժմ հարկավոր է սին պատրանքներով չապրել, այլ իրատեսորեն գնահատել իրավիճակը, նորից մսաղացում չհայտնվելու համար: Իսկապես Բայդենի հայտարարությունը դրական քայլ է, բայց շատ ոգեւորվել դրանով պետք չէ: Ուղղակի արձանագրենք, որ կարծես թե Արցախի անկախության ճանաչման որոշ շանսեր են առաջացել: Այդպիսիք օրինակ Ֆրանսիայում ավելի մեծ են, քան երեք ամիս առաջ: Բավական շատ ղեկավարների, պատգամավորների, սենատորների մտքում էլ այդ գաղափարը կա: Ընդհանրապես նման մարդկանց թիվը բավական աճել է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Առավել եւս, որ 44-օրյա պատերազմով խախտվել է մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը, քանի որ ԽՍՀՄ օրոք ԼՂԻՄ-)ը հանրաքվեով միացել է ՀԽՍՀ)-ին, այնուհետեւ ՀԽՍՀ-ն անկախացել է, իրեն հռչակել ՀՀ , որը ՀԽՍՀ-ի իրավահաջորդն էր, բնականաբար ԼՂԻՄ-ի հետ միասին, բայց ինչ որ բլեֆով ՀՀ-ի ճանաչման գործընթացում ԼՂԻՄ-ն «անհետացել է», անցել է 5 ամիս, սակայն միջազգային ատյաններին նմանատիպ բովանդակությամբ որեւէ փաստաթուղթ չկա ներկայացված:

Էս անտեր թագավարակ-կորոնան էլ (բնական թե արհեստական ծագմանՙ կարեւոր չէ) անցյալ տարվանից թե՛ տնտեսապես, թե՛ առողջապես կյանքներս ուտում է: Մենք էլ բանուգործ թողած կռիվ ենք անում, թե որ երկրի պատվաստանյութն է լավը, որըՙ վատը, կամ գուցե ընդհանրապես դրանցից հրաժարվելն է լավը: Բայց որեւէ մեկի մտքով չի անցնում, որ մեր գիտական միտքն էլ ի վիճակի է ինքնուրույն էս հարցը լուծել: Մոռանում ենք, որ փոքր Ազգ լինելով միաժամանակ մենք նաեւ գլոբալ Ազգ ենք: Ասվածը լավ պատկերացնելու համար բավական է նայել աշխարհի քարտեզին եւ պատկերացնել, թե աշխարհում ինչպիսի սփռվածություն ունեն հայերը: Հանրահայտ փաստ է, որ առաջին հայկական գաղթօջախները ձեւավորվեցին Հայոց պետականության կորստին հաջորդող ժամանակահատվածներում եւ ամեն անգամ պետականության բեկորը կորցնելով մեծանում էր Հայոց սփյուռքը: Գաղթականության աննախադեպ եւ կործանիչ ալիքները մեծացան հատկապես Օսմանյան կայսրությունում սկիզբ առած համիդյան ջարդերի ու երիտթուրքական ոճրագործների կազմակերպած Հայոց Ցեղասպանության հետեւանքով: Գաղթականության ալիքները ցավոք սրտի տեսանելի են նաեւ մեր օրերում: Իսկ դրանից թուլանում է տնտեսությունը, երերում ու խարխլվում է պետականության համակարգը:

Տեղին է ասված, որ բարձրագույն կրթությունից բացի մարդ պետք է ունենա առնվազն միջնակարգ պատկերացում ու տարրական դաստիարակություն, եւ ինչպես չինացիներն են ասում, յուրաքանչյուր բացասական եւս հնարավոր է օգտագործել հօգուտ քեզ, եթե միայն միանան միտքը եւ հոգին: Այսպիսովՙ մենք ունենք գլոբալ Ազգ, որը սակայն դուրս է համատեղ գործելու տիրույթից, չկան միասնական օրգանիզմ դառնալու գործիքներ եւ հայեցակարգ, բացակայում է կամքը... Հայրենիք-Սփյուռք կապը սոսկ արարողակարգային բնույթ է կրում, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանի կյանքին մասնակից դարձնելու «գաղափարները» անիրագործելի են եւ վտանգավոր հենց Սփյուռքի համար: Խոսքը նաեւ խորհրդարանի «Վերին պալատ» ստեղծելու եւ այն սփյուռքահայերով համալրելու մասին է: Ակնհայտ է, որ մեր պետությունն ու պետական համակարգը մաշվել են եւ հասունացել է արմատական փոփոխությունների ժամանակը: Ուստի ուզենք թե ոչ ստիպված ենք լինելու որոշում կայացնելՙ անցնել պետականության նորՙ առավել բարձր աստիճանին, այսպես ասած «խելացի պետություն» (Smart State) կամ «ցանցային պետություն» (Network State) մակարդակին, որը մեզ հնարավորություն կտա ո՛չ թե շնչակտուր վազել ժամանակակից աշխարհի հետեւից, այլ առաջ անցնել եւ զարգացնել նոր համակարգ, նոր արժեքներ, որոնք ապագայում նաեւ «կարտահանվեն» դեպի մարդկություն:

Մենք այսօր թերեւս եզակի հնարավորություն ունենք օգտագործելու մեր աշխարհասփյուռ ռեսուրսները եւ իսկապես ստեղծել «Հայկական ցանցային պետություն», որի առաքելությունն է դառնալ գլոբալ հայկական պետություն, որի պետականությունը կլինի հարատեւ եւ որեւէ պարագայում չի՛ սահմանափակվի ՀՀ ֆիզիկական տարածքով: Սփյուռքի հայերը, որ 70 տարի անկախ Հայրենիք էին երազում ու հայաստանաբնակ հայերին էլ վարակեցին այդ երազանքով, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստացան այդ երազանքի հայրենիքը, չեկան այդ Հայրենիքում ապրելու: Եթե 1990-ականերին աշխարհի 10 միլիոն հայերից գոնե մեկ միլիոնը տեղափոխվեր Հայաստանում բնակվելու, մենք այսօր լրիվ այլ պատկեր ու բոլորովին ուրիշ որակի Հայաստան կունենայինք: Քանի որ այդ մեկ միլիոնը կկարողանար տնտեսությունը նորովի կայացնել, ազգային արժեքներն էլ ավելի կամրապնդեր: Կարճ ասածՙ սփյուռքահայերն օրակարգ կթելադրեին: Սակայն 1990-ականներին այդ 10 միլիոն հայրենիք երազողներից ընդամենը 50100 հոգի բարեկեցիկ կյանքը թողեց ու եկավ իր երազանքի հետեւից: Ինստինքյան հասկանալի են նաեւ պատճառները եւ տեղափոխվելու դժվարություններն ու անհարմարությունները, սակայն պարզ երեւաց, որ 70 տարի Սփյուռքը թեեւ հալվում էր Հայաստանի համար, բայց երբ առիթը ներկայացավ, չբարեհաճեց գալ ու դժվարություններով ապրել Հայաստանում: Ակնհայտ երեւաց, որ ձեւականն ավելի շատ է, հաճախ մեծամասամբ զգացմունքային դրսեւուրում ունի, քան գործնական: Սա մեղադրանք չէ: Քավ լիցի: Այլ մերօրյա իրողությունների պատճառների բացահայտման փորձ: Ուղղակի մեկ ավելորդ անգամ ցանկանում եմ սթափության կոչ անել հայ հասարակությանը, որ չափից ավելի այլեւս չոգեւորվենք հայտարարություններով (անկախ նրանից, թե ում շուրթերից կհնչեն դրանք), այլ դասեր քաղենք անցյալից (մի պարզ բան, որ համառորեն չի ուզում անել մեր ժողովուրդը), հաղթահարենք հայ քաղաքական մտքի հիվանդությունները, որպեսզի կարողանանք խուսափել նախկինում թույլ տված սխալներից:

24.04-5.05.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ