RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ՔՈՂԱՐԿՎԱԾ ՕՐՀՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՂԵՏԱԲԵՐ ՆԶՈՎՔ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանում արտահերթ ընտրությունները նախատեսված են անցկացնել հունիսի 20-ին, եւ սահմանադրությունը միայն 12 օրվա ընտրարշավ է կանխատեսում մինչեւ այդ թվականը: Այդուհանդերձ, այդ արշավը արդեն երկար ժամանակ է ինչ սկսված է, եւ ընդդիմությունը մեղադրում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այդ ընթացքում կառավարական միջոցները օգտագործելու համարՙ հատկապես գյուղական վայրերում, որոնք կարծես թե կազմում են նրա իշխանության շարունակականության հիմքը:

Մթնոլորտը չափազանց լարված է: Թշնամությունը, զայրույթն ու ոխակալությունը այնքան են լիցքավորել այն, որ որ որեւէ տեսակի քաղաքական երկխոոսւթյուն հնարավոր չէ անցկացնել:

Նույնիսկ հեռավոր սփյուռքյան դիտարկումներում անկողմնակալ վերլուծությունները ցույց են տալիս, որ ընտրությունները խիստ բեւեռացված են: Ճամբարներից որեւէ մեկում հնարավոր չէ տեսնել ռացիոնալ քաղաքական մի օրակարգ: Բոլոր կողմերն էլ իրենց հույսը դրել են հակառակորդի ձախողման, կամ ենթադրյալ ձախողման վրա, եւ այդ ձախողությունն է իրենց քաղաքական կապիտալը:

Քառասունչորսօրյա պատերազմի քննարկումներն, օրինակ, ամենաթեժ թեման են դարձել: Ընդդիմությունը Փաշինյանին է մեղադրում պարտության համար, մինչ Փաշինյանը նախկին վարչակազմերին է քննադատում պարտությանը նպաստելու համար, նշելով, որ 30 տարիների անտարբերության հետեւանք էր դա, մինչ Ադրբեջանը արդիականացնում էր իր բանակի զինանոցը:

Ճամբարների մեջտեղում խելամիտ, բանիմաց ձայներ չեն հնչում, որպեսզի հիշեցնեն, որ բոլոր վարչակազմերն էլ, ներկա թե անցյալ, հոխորտում էին ամեն առիթով, որ Հայաստանն ունի տարածաշրջանում մարտունակ բանակը:

Փաշինյանի դեմ ուղղված մեղադրանքների հիմնական մասը Ղարաբաղի 75 տոկոսի ստորացուցիչ կորստի հետ է առնչվում եւ այն յոթ շրջանների հետ, որոնք ծառայում էին որպես պաշտպանական գոտի Ղարաբաղի համար: Պարզվում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի հետ բանակցությունները ընթացել են «Խաղաղության փոխարեն շրջանների հանձնում» սկզբունքի շրջանակներում, այն բանից հետո, երբ 1994-ի մայիսի 12-ին հնարավոր չի եղել ստիպել Բաքվին ստորագրելու Ղարաբաղի անկախությունը ճանաչող մի փաստաթուղթ. փոխարենը, այդ ժամանակ մի շատ հեղհեղուկ հրադադար է կնքվել, որը 30 տարիների ընթացքում դանդաղ գործող ականի է վերածվել:

2021 թվի մայիսի 10-ին, Հայաստանի սահմանադրության դրույթների համաձայն, խորհրդարանը իբր փորձեց, բայց չկարողացավ վարչապետ ընտրել, ինչի հետեւանքում խորհրդարանը արձակվեցՙ ճանապարհ հարթելով արտահերթ ընտրությունների անցկացմանը: Խորհրդարանի վերջին նիստում Փաշինյանը երկար ու կրքոտ իր ելույթում պաշտպանեց իր վարչակազմի ձեռքբերումները, նշելով հատկապես, որ մեծագույն ձեռքբերումն, այնուամենայնիվ, այն է, որ ժողովուրդն է դարձել երկրի իշխանության տերը: Թավշյա հեղափոխությունը դրա համար էր եւ դա իրականություն է դարձել, իր կարծիքով:

Ընդդիմությունը կարող է վիճարկել այս փաստը, բայց ճիշտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունից հետո, 2018-ի ընտրությունները արմատախիլ արեցին կաշառակերությունը:

Հեղափոխությունը, նրա կարծիքով, նաեւ վերջ տվեց կառավարական հաստատություններում գործող քաշքշուկներին, մինչդեռ անցյալում այդ կառույցներում աշխատող անձնավորությունները իրենց պարտականությունները կատարում էին, միայն որոշակի գումար որպես կաշառք ընդունելուց հետո:

Թավշյա հեղափոխությունը նաեւ սերնդափոխություն առաջ բերեց, իշխանության ղեկին կարգելով երիտասարդ գործադիրներ եւ օրենսդիրներ, որոնք սակայն, դժբախտաբար, աչքի ընկան իրենց անփորձությամբ, քան նորարարությունների հանդեպ ցուցաբերած իրենց ընդունակություններով:

Փաշինյանն իր խոսքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումն ու ինը երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը վերագրեց իրեն եւ իր թիմի աշխատանքին: Այս վերջին ենթադրությունն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Փաշինյանի թիմը, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանի թիմը, հայտնվելով Թուրքիայի լարած թակարդում, Մ. Նահանգներին հասկացրել էր, որ Ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ խնդիրներից չէր Հայաստանի համար:

Փաշինյանի 2018-ին տված խոստումը, թե հեղափոխությունը նախկին իշխանավորների դեմ ուղղված վենդետաներով չի զբաղվելու, շուտով փուլ եկավ, քանի որ քաղաքական հետապնդումներն ընդդեմ նախկին վարչակարգերի անդամների դարձան վրեժխնդիր հասարակությանը զբաղեցնելու հարմարագույն միջոցը: Այդ հասարակությունը խաբվեց երկու այլ պարագաներում եւս, մեկըՙ ներքին, մյուսըՙ արտաքին շուկայում:

Առաջինի դեպքում, Փաշինյանի վարչակազմը խոստացել էր երկրին վերադարձնել անօրինական ձեւով ձեռք բերված հարստությունը, որը հույս էր ներշնչում հասարակ մարդկանց շրջանում, որ ծրագիրը իրենց հնարավորություն կտար պատշաճ կերպով սնվելու, մինչդեռ որոշակի տնտեսական ծրագրի բացակայության պայմաններում այդ քայլը օգնեց, որ անօրինաբար հարստացած մարդկանց կապիտալը հոսի երկրից դուրսՙ դեպի օտար դրամատներ, մյուս կողմից առանց նոր տնտեսական ծրագիր առաջադրելու:

Ավելին, Փաշինյանն իշխանության ղեկն ստանձնեց հակառուսական թաքուն ծրագրովՙ ամբողջ ժամանակ բարձրաձայնելով, որ թավշյա հեղափոխությունը չունի արտաքին քաղաքականության օրակարգ: Ճակատագրի բերումով Փաշինյանն ինքը դարձավ Մոսկվայի պատանդը, եւ այսօր, Ռուսաստանն իր լծի տակ պահելով նրան, հնարավորություն ունի չեզոք դիրք գրավելու խորհրդարանական ընտրություններում, քանի որ պատերազմից հետո հայ քաղաքական գործիչները նույնպես Ռուսաստանի քաղաքականության գերության մեջ են հայտնվել:

Բոլորովին կարեւոր չէ, թե ով է ընտրվելու, որովհետեւ բոլորն էլ կախված են (եւ այդպես են մնալու) Ռուսաստանի ողորմածությունից:

Նիկոլ Փաշինյանը կարողացավ դիմակայել բավականին լուրջ ու ահաբեկիչ քաղաքական փոթորիկներ, եւ հիմա վստահ քայլերով առաջ է գնում դեպի ընտրությունները, որովհետեւ նրա ընդդիմադիրները չեն կարողանում գրավել քվեարկողների համակ ուշադրությունը: Որոշ ժամանակ հաջողություն արձանագրելուց հետո, «Հայրենիքի փրկություն» անունով նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի 17 կուսակցություն ներառող շարժումը անհաջողության մատնվեց: Նախագահ Արմեն Սարգսյանի կոչը Փաշինյանին, որ հրաժարի եւ տեխնոգրադների ղեկավարությամբ անցումային կառավարություն կազմավորի, պատշաճ ուշադրության չարժանացավ: Կառավարությունը կարողացավ հաղթահարել նաեւ զինված ուժերում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ղեկավարած դժվարին կացությունը: Այնպես որ, այժմ պատրաստ է դիմագրավել որեւէ խոչընդոտ իր ճանապարհին:

Նախընտրական հարցումները, հատկապես Հայաստանի նման մի երկրում, այնքան էլ արժանահավատ չեն կարող լինել: Դրանք մեծ մասամբ հիմնված են կանխակալ կարծիքի վրա: Մի քանի հազվադեպ հարցումներից մեկը, որն անցկացրել է «Միջազգային Հանրապետական ինստիտուտը», կանխատեսում է, որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է ընդամենը ձայների 33 տոկոսը վաստակելով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնելու են համապատասխանաբար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, յուրաքանչյուրը 3 տոկոսով: Դաշինքները պետք է 8 տոկոսը հաղթահարեն, որպեսզի ընտրվեն:

Ներկա դրությամբ երկու գլխավոր ուժեր են պայքարում իրար դեմՙ Փաշինյանն ու Քոչարյանը:

Քոչարյանի դաշինքը քաղաքական բավական մեծ աղմուկ է բարձրացրել, բայց դժվար է կանխատեսել, թե այն դեպի ուր է գնում: Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մոտ 30 հազար մարդ էր մասնակցել: Սա նշանակում է, որ Քոչարյանի շարժումը նոր թափ է ստանում: Այդ շարժման մեջ ներառված են ՀՅԴ-ն եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: ՀՅԴ-ի հետ առնչությունը երկսայր թուր է: Մինչ վերջինս Հայաստանում միակ քաղաքական կուսակցությունն է, որն ունի պատմություն եւ քաղաքական պլատֆորմ, նրա քաղաքական սկզբունքները ստվեր են գցում կազմակերպության վրա, քանի որ առնչվում են ժողովրդականություն չվայելող մի վարչակազմի հետ, որտեղ կուսակցությունը իր կերակրատաշտն էր հետապնդում: ՀՅԴ-ն, սակայն, նաեւ լավ կազմակերպված կուսակցություն է, ինչը կարող է գործնական օժանդակություն պարգեւել Քոչարյանի ճամբարին, եթե կարողանա բեռ չդառնալ նրա ժողովրդականությանը:

Հաջորդ առեղծվածը Սյունիքի ուժերի հետ միավորվելն է: Այդ մարզը Հայաստանի Աքիլլեսյան գարշապարն է, որտեղ Փաշինյանին արգելել էին մուտք գործել, ստեղծելով մի նախադեպ ժողովրդի կողմից ընտրված մի վարչապետի համար, որ պարտավոր է իր սահմանադրական իշխանությունը տարածել ամբողջ երկրի վրա: Մարզը նաեւ սահմանակից է Ադրբեջանին: Ինչքան շատ ներքին խնդիրներ առաջանան այդ վայրում, այնքան ավելի խոցելի է դառնում նրա ճակատագիրը: Այդ խնդիրների վրա ավելանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկն (իր Հայաստան այցելության ժամանակ) այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեն առանձին մի համաձայնագիրՙ իբր պաշտպանելու համար այդ շրջանը: Դա, ինչ խոսք, Մոսկվային ազատություն է տալու գործարքի մեջ մտնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ձեռք բերելու գործնական դիվիդենտներ Ռուսաստանի համար, սակարկելով Սյունիքի ճակատագիրը:

Քոչարյանի հետ կապված մյուս «շոուն» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունն էր: Վերջինս հանդիպել էր Հայաստանի եւ Արցախի բոլոր նախագահների հետ եւ առաջարկել դաշինք կազմել: Նրա նպատակն էր կանգնեցնել Փաշինյանին, իր նախկին հովանավորյալին, նշելով, որ նրա իշխանություն վերադառնալը աղետալի կլիներ Հայաստանի համար:

Տեր-Պետրոսյանը հայտնի է իր խայթող բնութագրություններով եւ նրանում այդ գիծը չի փոխվել: Նա հայտարարել էր, որ Փաշինյանի իշխանության շարունակականությունը ավելի վտանգավոր էր լինելու, քան որեւէ այլ սպառնալիք, որ կարող էր գալ Ադրբեջանից կամ Թուրքիայից: Նրա առաջարկը, սակայն, ուշադրության չարժանացավ:

«Բարգավաճ Հայաստանը», որն «Իմ քայլից» հետո ամենամեծ ֆրակցիան է կազմում խորհրդարանում, առանձին է մասնակցելու ընտրություններին: Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցությունը ղեկավարելու է Արմեն Աշոտյանը, որ դաշինք է կնքում անվտանգության ծառայությունների նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ: Տեր-Պետրոսյանի «Ազգային կոնգրեսը» դեռ պետք է գտնի իր պլատֆորմը, նախկին երկու նախագահներին համոզել չկարողանալուց հետո:

Ռուսաստանի երկդիմի պահվածքը դուռ է բացել արեւմտամետ ուժերի առաջ: Առայժմ երեք կուսակցություններ բացահայտորեն արեւմտամետ դիրքորոշում են որդեգրել: Ազգային ժողովրդական բեւեռ խմբավորումը, որի մեջ մտնում են Սասնա Ծռերն ու Խզմալյանի եվրոպական կուսակցությունը, ինչպես նաեւ «Հանուն Հանրապետության» եւ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունները, համապատասխանաբար Արման Բաբաջանյանի եւ Լեւոն Շիրինյանի ղեկավարությամբ: Այս կուսակցությունները վճռականորեն որդեգրել են հակառուսական պլատֆորմեր: Կան նաեւ նմանատիպ փոքր խմբավորումներ, որոնք գործընկերների են որոնում դեռ: Կացությունը հեղհեղուկ է, նոր խմբավորումներ կարող են կազմվել, կամ եղածներից մի քանիսը կարող են անէանալ:

Ժողովրդի մոտ նկատելի է համընդհանուր անտարբերությունը, որովհետւ քաղաքացիները հոգնել են չհիմնավորված խոստումներից: Իսկ բեւեռացումը հասարակությանը բաժանել է խմբավորումների: Վերոնշյալ հարցումերի տվյալերով բնակչության 44 տոկոսը ոչ մի կուսակցության էլ չի պաշտպանում, իսկ 45 տոկոսն էլ դժգոհ է կուսակցությունների ընտրած քաղաքական ուղղություններից: Բոլորի մտքում մի հարց է թեւածում: Ընտրությունները Հայաստանում քողարկված օրհնությո՞ւն են լինելու, թե՞ ներկա աղետալի վիճակի սաստկացումը:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ