RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1535, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄՆԱԼ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈ՞Վ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինքնադատությունը վատ բան չէ: Մի կողմ թողնելով անձնասիրությունդՙ փորձիր ես-դ դիտել ուրիշի աչքերով, պայմանով որ այդ ուրիշը առողջ միտք ու օբյեկտիվ հայացք ունենա: Դժվար բան է:

Մենք, որ ծառեր էինք անխնա ոչնչացնում, երբ ցրտի ու մթի տարիներ էին, արդարանում էինք, թե ապրելու, գոյելու խնդիր էր, հետո դարձավ սովորություն, իսկ ավելի հետոՙ մոլուցք, տենդ, փող սարքելու միջոց: Մարդու միտքը սառչում է, երբ պատկերացնում էՙ ոնց են անգամ պտուղը նոր - նոր ճյուղերին ծառը սղոցն առած մորթումՙ օրը ցերեկով, առանց աչք թարթելու: Երեւանի ծառերի հիշատակի սիմվոլիկ հուշարձանը մխիթարությո՞ւն է:

Հետո սկսեցին խժռել գետերի ջրերը. տարիներ առաջ Կիեւյան կամրջով անցնելիս մի պահ նայեցի ներքեւ, մինչեւ հիմա չեմ մոռանում. Հրազդան գետը շնչահեղձ էր լինում, ջուրը համարյա կանգ էր առել, ծանծաղ- ծանծաղ, գետը խեղդվում էր աղբակույտերի քանակությունից: Բնությունը լուռ տնքում ու համբերությամբ սպասում էրՙ երբ է մարդը խելքի գալու, բայց մարդը բացի այն որ անկուշտ է, նաեւ անհեռատես է: Նա մոռանում է, որ ամեն բանի պատասխանը վաղ թե ուշ գալիս էՙ բնության արհավիրքով, թե մարդկային ողբերգությամբ, բայց գալիս է:

Սակայն մարդը բնության դեմ չէ միայն անխնա, նա անխնա է նաեւ ինքն իր հանդեպ, հանգիստ ոչնչացնում է իրեն տրված գանձերը, ավերում, քայքայում է մարդուն մարդ պահող արժեքները, կորցնում հավատ ու խիղճ, սեր, խոնարհություն ու հարգանք, պատվանդանին բարձրացնում այլ արժեքներ (սուտն ու ցինիզմն այսօր սպառնում են ոչնչացնել առողջ բանականությունը):

Մարդու միտքը աճպարարի ճարպկությամբ խաղում է բառերի հետ, նա խորամանկ է եւ շատ հեշտությամբ է բառերն օգտագործումՙ ծածկելու ներքին մտադրությունները: Արտաքին հնարանքներըՙ զանազան մաներաները օգնում են մոլորեցնելու, մանիպուլացնելու անգամ մարդկանց մեծաքանակ խմբերի եւ նույնիսկ ուսյալ ու փորձված մարդկանց: Մենք գոնե այս վերջին տարիներին համոզվեցինք դրանում: Հոգեբանական պարզ մեթոդ էՙ լավ ուսումնասիրել օբյեկտին կամ զոհին, նրա ուժեղ եւ թույլ կողմերն իմանալ եւ նվագել այդ լարերի վրա:

Եթե մի ժամանակ մարդիկ կարողանում էին հնարավորինս թաքցնել իրենց էությունը, իրենց իրական մտքերը, ապա հիմա սոցցանցային իրականությունը նրանց ազատել է այդ կապանքներից. այս տիրույթում, մանավանդ գրավորի պարագայում, նրանք լիուլի տրվում են բնազդներին: Սոցցանցային ուռկանը հմուտ մասնագետներ են հյուսել, միջակ ունակություններով հավակնոտ մարդը ավելի շուտ է խայծը կուլ տալիսՙ ինքնաբացահայտվելու: Այս զուգահեռ իրականության ճարտարապետը շատ հնարամիտ ու խելացի է եղել, նա հաշվի է առել մարդու կախվածությունը սովորությունից, որ հաճախ բնավորություն է դառնում: Որքան էլ սպառողը ետ քաշվելու փորձեր անի, սիստեմն այնպիսին է, որ գայթակղությունը ինքնավերահսկումից, ինքնակառավարումից զորեղ է: Սա շատ ավելի հեշտ միջոց է մարդկանց հոգեբանությունն ու նախասիրություններն ուսումնասիրելու, մտքերը կառավարելու ուզած ուղղությամբ: Պատճառը մարդու այսպիսի պահվածքի թերեւս նրա ինքնարտահայտվելու բնական պահանջն է, ինքն իրեն կարեւոր զգալու, իրադարձություններին մասնակից լինելու ցանկությունը: Մի տեղ պիտի չէ՞ արտահայտեն ներքին կուտակումներըՙ սեր է, մաղձ է, ատելություն է: Ըստ դրա էլ ձեւավորվում է համապատասխան մթնոլորտ. հայկական ֆեյսբուքը հանրային մտքի աղբանոց է: Իհարկե կա մի փոքր զուսպ ու գրագետ հատված, որ համատարած անհեթեթությունների մեջ մխիթարություն է:

Ամեն օր քո գոյությունը հիշեցնելու հնարավորությունը նույնպես գայթակղիչ է, կապ չունիՙ ինչ միտք ես արտահայտում, մտածածդ ամեն բան շպրտում ես այնտեղ, որը տալիս է ազատ զգալու պատրանք, եւ օրվա սկիզբը համարում ես լավ: Անկիրթ ինքնագոհներն իհարկե չեն խնայում կարդացողին. վիրավորելու, անարգելու, ծաղրելու, արհամարհելու մասին լռենք, պակաս չկա. ի՞նչն է ավելի շատ, ամենահասանելին եւ անվճարը. իհարկեՙ բառը...

Բարեբախտաբար դեռ մնացել են մտածող, բարոյական նկարագրով ու ներքին կրթությամբ մարդիկ, դժվարին պահերին հենց նրանց ուսերին է հիմնական բեռը, կուտակված այս աղբը մաքրելու պարտականությունը: Եթե նրանք լռում են, ամբոխը ավելի է հեռանում իր առանցքից, նա ընկնում է անասելի քաոսի մեջ:

Մեր քրիստոնեական մշակույթը բաց է տարբեր մշակույթների առաջ, կարողանում է ընդունել, վերցնել, մարսել դրանք, նաեւ մեր չափով փոխադարձել, տալ, հարստացնել: Դրա առաջին վկայությունը հայ գրերի գյուտից անմիջապես հետո Աստվածաշունչ մատյանի թարգմանության փաստն է: Իհարկե թարգմանական մշակույթի ավանդույթները մեզանում այնքան էլ հարուստ չեն, նաեւ օբյեկտիվ պատճառներով, սակայն համաշխարհային գրական նշանավոր կոթողները հնչել են հայերենով, մեր լեզվիՙ մեր հոգեւոր արյան մեջ շրջանառվել են, իսկ սա որեւէ մշակույթ կենսունակ պահելու պայմաններից մեկն է: Երբ միտքըՙ մտածողությունըՙ գեղարվեստական թե մեկ այլ, մնում է սեփական շրջանակի մեջ փակված, ճահճանում է. բնատնտեսության ժամանակները վաղուց են անցել:

Այսով հանդերձ, հայ քաղաքական, քաղաքագիտական միտքը կարծես համընթաց զարգացումներ չի ունեցել գեղարվեստական-գեղագիտական մտքին, ետ է մնացել ու հիմա էլ այդպես էՙ առանձին բացառությունները չհաշված: Առհասարակ մեզանում երկուսի դեպքում էլ առաջադիմականը շատ դժվարությամբ է մտնում հանրային գիտակցության մեջ, դժվար է հաղթահարում հին կարծրատիպերն ու ընդունված ֆորմաները: Այն հիմնականում սնվում է անցյալից, երբեմնՙ հնագույն անցյալից: Անցյալըՙ մեր հիշողությունը, այսպես ասած ստվերն է մեր, անցյալը պետք է իմանալու, սովորելուՙ որպես դաս, սակայն անվերջ փոփոխվող այսօրվա աշխարհում օրինակ վերցնել կամ կառչել դրանից, փակուղային է, մանավանդ բազմաղբյուր, անընդհատ թարմացվող տեղեկատվության արագ հասանելիության պայմաններում: Անցյալում մնալն ի՞նչ էՙ ապահո՞վ է:

Մտքի, մտածողության զարգացման, լայնացման փոխարեն մեր հանրային- քաղաքական գործիչների մի մաս կա՛մ մնացել է անցյալում, կա՛մ զբաղված է ձեռնածությամբ, մանիպուլացիայով, կա՛մ էլ սեփական թիմի, սեփական ես-ի գովքն է անումՙ հընթացս մեկ ուրիշի կողմ վիրավորանքներ շպրտելով, չխնայելով անգամ իրենց գաղափարները կիսողներին: Սա մասնավորապես վերջին շրջանում վարակել է նաեւ բուն ազգային համարվող շրջանակներին: Նրանց հետեւորդներն էլ ետ չմնալու համար առաջնորդներիցՙ ավելի շիկացնում են մթնոլորտըՙ օգտվելով բառարանի ամենացածր շերտերից: (Դե իսկ ամեն պատահածին կգբ-ի գործակալ համարելը զավեշտի աստիճանի է հասել, սորոսական ու մասոն համարելն անգամ ծիծաղելի չէ): Այս պարագայում շահում է նա, ով ավելի զսպված է, ում անդրադարձը կիրթ էՙ եթե լռությունը չէ. հարգանքը նրա՛ կողմն է:

Առհասարակ յուրաքանչյուր գաղափար է համամարդկային, ինչպես համամարդկային է զգացմունքը. սերը ամեն տեղ սեր է, ատելությունըՙ ատելություն, դրանց ըմբռնումը, ապրումը, վերապրումներն են անհատական: Օդում պտտվող մտքեր կան, դու որսում, անց ես կացնում քո անհատականության միջով, կամՙ ոչ, չունես այդ հատկությունը:

Ազգայինը հակաայսինչականը չէՙ հակաամերիկյան, հակաչինական, հականիգերիական կամ հակառուսականը չէ. այս վերջինը հատկապես թրենդային է այսօր որոշ շրջանակներում: Երբ մի բան չափից ավելի շատ է ասվում, կորցնում է ազդեցիկությունը, անգամ հակառակ արձագանքի վտանգը կա. շատ պետք չէ ծեծել ծեծված տեղը, երբ ամեն բան պարզ է:

Ազգայինը ավելի լայն, ավելի խորը հասկացություն էՙ համամարդկային արժեքների մեջ: Անտառ ոչնչացնողն ու գետ ցամաքեցնողն ամեն տեղ է հակաազգային, հակամարդկային...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ