RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4030, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՂՇՈՂԱՑՈՂ «ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ»

ՆԱԻՐ ՅԱՆ

Մեր հերոս տղերքի արյան վրա քաղաքականություն են խաղում, միջանձնային հաշիվներ են մաքրում, որոգայթներ են լարում, մի քաղաքական ուժի արյունոտ ձեռքերը մյուս քաղաքական ուժի փեշերով մաքրելու դավադիր, ստոր փորձեր են արվում: Իսկ որ ամենասարսափելին էՙ ստորգետնյա խլուրդները Հայաստանի պետականության հիմերն են քանդում: Մենք ամեն օր օդի մեջ ենք զգում, թե ինչպես է առօրյա կյանքիՙ իբր սովորական ու բնական իմիտացիայի շղարշի տակ մեր պետականության գերեզմանը փորվում: Եռաբլուրի «ճարտարապետն» ու «շինարարը» շարունակում է Եռաբլուրում դրամատիկ իմպրովիզացիաներ անել, բայց ինչպես հանճարեղ Ազնավուրն էր ասում, լավագույն իմպորվիզացիան իդեալական կերպով բեմադրված իմպրովիզացիան է: Իսկ ամեն ինչ առավել կատարյալ ու «բնական է», երբ նաեւ կուլիսներում ու կուլիսների հետեւում են տեղյակ, որ իմպորվիզացիան իբր միամտաբար նկարահանվելու է:

Ես տեսել եմ, թե ինչպես են մեր հերոս տղաների անունները դրվում կշեռքի մի նժարի վրա, որպեսզի մյուս նժարի վրա բարեգործ խաղան: Տեսել եմ, թե ինչպես են զոհված տղաների անուններով մրցանակներ ու թոշակներ սահմանվում, հետո այդ մրցանակն ու թոշակը հանձնելու արարողությունը վերածում շոուի, թոշակի ու մրցանակի արժանացածն էլ ստիպված է լինում ծրարը ձեռքինՙ կանգնել տեսախցիկների առաջ, ամաչում ու քրտնում:

Ես նաեւ տեսել եմ, թե ինչ լռությամբ են զոհված, հաշմանդամ, անհետ կորած տղաների տան սեղաններին պատկառելի գումարներով ծրարներ դրվում: Ծրարները բարեգործը չի փոխանցում, այլ ուրիշ մեկը, որպեսզի տղերքի հարազատները նրա անունն անգամ չիմանան, չամաչեն ու չքրտնեն: Շատերը ծրարները հետ են ուղարկում, որովեհեւ ամենաթանկին կորցնելուց հետո էլ ի՞նչ թանկ բան պիտի առնեն եւ ո՞ւմ համար:

Հիմա զոհված տղաների անունը շահարկելը, խոցելի ու փխրուն դարձած, շվարած ու մոլորված հանրության զգացումների վրա լարախաղացություն անելը մեկից մեկ է: Հատկապես որ օդում կախված է Հայաստանը պառակտելու-բզկտելու, Հայաստանի պետականությունը փոշիացելու ծրագիրը: Դրսի ուժերի համար կարո՞ղ էին լինել ավելի լավ պայմաններ, ավելի նպաստավոր իրավիճակ, քան այսօր է: Կույրն ի՞նչ կուզի. երկու աչք: ՙ Հայաստանը մաս-մաս անելուՙ դրսի ուժերի ձեռքերը հասել են նաեւ Եռաբլուր: Միգուցե Եռաբլուրում որդեկորույս ծնողներն անգիտակցաբար են խայծը կուլ տալիս, միգուցե անդարմանելի վշտից չեն կողմնորոշում ու Եռաբլուրի «ճարտարապետի» ու «շինարարի» փոխարեն, ցեղասպան, որդեսպան ոճրագործին այլոց մեջ են փնտրում, քանի որ այդ փնտրումներն ուղղորդողները հասցեական աշխատում են: Նրանք քաղցր սուտը, ցավակցական լալահառաչ տեքստերը գերադասում են դառը ճշմարտությունից, նրանք հավատում են կամ ուզում են հավատալ, որ իրենց որդիների գերեզմաններին ծնկողն ու խոնարհվողն «անմեղ մեղավոր է», միամիտ ու ազնիվ մեկը, որի «գրպանն են գցել» պատերազմ հրահրելն ու դեռ սերունդ չթողած հազարավոր ջահել տղաներին ցեղասպանության մատնելը: Նրանք ոչ թե դառն ու չոր խոսքով իրենց սթափեցնող, պայքարի մղող, իրենց կյանքը դժոխք դարձրածից հաշիվ պահանջող մեկին, այլ 30 արծաթի դիմաց իրենց ձեռքը համբուրողին կուզեին տեսնել:

Լավ, կարելի է պատկերացնել, որ զոհված տղաների հարազատների մի մասը, հնարավոր է, իրական հանցանքի տակ երեւակայական հանցանք փնտրենՙ քարոզչության կամ հակաքարոզչության հետեւանքով, բայց երբ հազարավոր զոհերի հանգամանքը կարող է դառնալ քաղաքական շահարկումների, քաղաքական խաղերի մեջ կամովին ներքաշվելու առիթ, դրան ի՞նչ անուն տալ:

Նման երեւույթները ակամայից, անգիտակցաբար, չմտածված, միամտաբար կամ պատահաբար չեն արվում, ցավոք. ընդհակառակըՙ ճշգրտորեն մշակվում ու ծրագրվում ենՙ քաղտեխնոլոգիական հնարքների, կարգախոսների կիրառմամբ: Ո՞րն է նպատակը, սպասե՞լ, որ նպատակը բարի է ու քաղաքական առուծախի նախադրյալներ չեն ստեղծվում, շախմատի տախտակի վրա վրա թույլ եւ ուժեղ խաղացողների պայքար չի ընթանում:

Կարելի է պատկերացնել, որ հանրության մի զանգված քաղաքական ուժերին գնահատում է իներցիայի ուժովՙ «գիշատիչ, թալանչի նախկիններ» ու «նախկինների ձեռքը կրակն ընկած խեղճ Նիկոլ» մտայնությամբ: Այդպես էլ կա: Եթե հարս ու սկեսուր բողոքում են իրենց կյանքից, թանկացումներից, անորոշությունից ու հետո հայտարարում, թե Նիկոլին են ընտրելու, որովհետեւ «նախկինները» չպիտի վերադառնան, որ չթալանան, չթանկացնեն, անորոշություն չստեղծեն, հնարավո՞ր է հույս փայփայել, թե Հայաստանի ու հայության համար ամեն ինչ դեռ վերջացած չէ:

Եթե Փաշինյանը դեռ խոսում է «նախկինների» թալանի մասին, մինչդեռ 2019-20 թվականներին իրենց պարգեւավճարը կազմել է 220 միլիոն դոլար, ակնկալե՞լ, որ այս դիսոնանսի մասին գիտեն նաեւ Նիկոլին անվերապահորեն հավատացողներն ու նրան սրբերի շարքում դասողները:

Եթե որդի կորցրած ծնողը պատմում է, որ տղաները երեք օր շրջափակման մեջ են եղել, սեփական ուժերով հետ են շպրտել մինչեւ ատամները զինված թշնամու զորքին ու օգնության սպասելովՙ թշնամու նոր ուժերի կողմից ոչնչացվել, վիրավորվել ու արնաքամ եղել, սպասե՞լ, որ հանցագործության մասին տեղեկություն հաղորդող, բայց ամեն ինչ Աստծո վրա գցող, ճակատագրի վրա բարդող հայրը մինչեւ ընտրությունների օրը կսթափվի եւ իր որդուն բախտի քմահաճույքին թողած ռազմաքաղաքական ղեկավարներից պատասխանատվություն կպահանջի:

Եթե Ադրբեջանի զորքը ՀՀ սահմանից ներս է մտնում ու դիրքավորվում Մեծ Իշխանասարի ու Սեւ լճի հատվածում, իսկ Երեւանում հայտարարում ենՙ խուճապ մի՛ տարածեք, կարող է ադրբեջանցիները շփոթվել-մոլորվել են, իրենց ու մեր սահմանները խառնել են, սպասե՞լ, որ Սյունիքի անվտանգության հարցը կդառնա օրակարգային, ու ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այդ հարցը բարձրաձայնելու համար հերթական անգամ չի թիրախավորվի ու հալածվի իշխանությունների կողմից:

Եթե բացի Փաշինյանից, քաղաքական մյուս ուժերին հանրության մի ստվար զանգված դիտարկում է որպես Հայաստանը կործանելու, թալանալու, ժողովրդին կեղեքելու ու սպանելու պատրաստ գիշատիչներ, սպասե՞լ, որ այդ նույն ստվար զանգվածը մի օր վերջապես կգիտակցի, որ Հայաստանն արդեն կործանված է, արդեն թալանված է, ժողովուրդն էլ արդեն կեղեքված ու սպանված է. կործանվածը կործանել պարզապես հնարավոր չէ:

Եթե ընտրություններից մեկ ամիս առաջ հարցման ենթարկված երկու հարյուր քաղաքացիներից միայն երկուսն են կարեւորել ազգային անվտանգության ու պետականության պահպանման խնդիրները, սպասե՞լ, որ հունիսի 21-ին չենք արթնանա Եռաբլուրի «ճարտարապետին» ու «շինարարին» վերարտադրած մի երկրում, որի չգոյության հարցը «դամոկլյան սրի» պես կախված կլինի, բայց այն շատ քչերը կտեսնեն: Իսկ ընտրազանգվածի մեծ մասի աչքերին «դամոկլյան սուրը» կթվաՙ որպես վերարտադրված «ճարտարապետի» ու «շինարարի» թավշյա սիրո ու հանդուրժողականության հերթական դրսեւորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ